Գիշեր է
Անտարբեր ցավին գիշեր,
Անաղմուկ, զգուշավոր ու նենգ,
Անտես։

Ոչ ձայն, ոչ ծպուտ գիշեր,
Մոլագար գիշեր,
Անզգույշ,
Մոտավոր։

Մատս դնում եմ վերքին,
Մատս դնում եմ բիբին՝
Համատարած գիշեր,
Դավին օտար գիշեր,
Ավերակ տան գիշեր,
Անգերեզման գիշեր։

Բոլորը դուրս են եկել,
Դանդաղ քայլում են,
Անբիբ,
Ծորացող վերքերով
Ստվերներ են,
Ինչպե՞ս մոռանալ։

Գիշեր է,
Գետը հունը փոխել,
Բաց սիրտս է լցվել,
Գոռում եմ։

Սարերի սարերի գրկում սարերին լեռների գագաթին
Ձորերում ձորերում ամեհի ու
հին փոսերում քարքարոտ
փռել ես վարսերդ վայրի

Ձյուն դառնայի
Լվայի
Սանրեի
Սնեի
Ցավդ տանեի
Ցավս տանեիր

Ցավերում ցավերի գրկում
լացից լաց վազեցիր
Բոթերում ահարկու շաղախվել
Տառապել տառապել տառապել ես

Ու
Հիմա
դեղին
աշուն է

Ինչի համար

Դեղին քամի
Դեղին հմայք
Տերևների հետ սիլի-բիլի
անելով եմ ման գալիս
Քառասունն անց կին եմ
Տերևները ոտքով տշում եմ
Ջհանդամը կողքից
նայողն ինչ կասի
Ծառերը բարդիներ չեն
Ճիշտ է
Քաղաքը Աբովյանը չէ
Ճիշտ է
Ես նախկինը չեմ
Ճիշտ է
Դու էլ նախկինը չես
Հենեի գլուխս դարպասին
Խրեի ոտքերս քարի մեջ

Ահա տատս
Բազուկի թևերը շալակին՝
Աննահիտ, հավեն կոտը տվալ ը՞ս,
Ծանր, փայտե դարպասից ներս մտնելով՝
Ահա տատս՝
Աննահիտ, հոլերը եկա՞լ ըն,
Բեռն ուսից ցած դնելով՝
Ահա տատս,
Որ փոքր ժամանակ ինձ համար արտասանում էր
«Տատի տանձը տանեմ տուն,
Թե չէ կուտի գող կատուն,
Միտքդ ասա, այ ճուտիկ,
Կատուն տանձը ո՞նց կուտի»
Բանաստեղծությունը,
Իսկ ես փորձում էի հասկանալ, թե ինչու է սուտ տողեր հորինում տատս.
Մեր գյուղում տանձը չէր հասնում,
Իսկ տատս կատուներից զզվում էր,
Հավի ճտերից էլ էր զզվում,
Ձվից նոր դուրս եկածներից,
Ու եթե հանկարծ մեկի կտուցը չէր կարողանում ջարդել կեղևը,
Ապա ես էի ձեռնամուխ լինում ճտին կեսարյան հատումով լույս աշխարհ բերելուն,
Հիշողությանս մեջ գյուղի արահետները հալվել են տատիս պես,
Տարիների քայլերը,
Անիվների հետքերը,
Կովերի սմբակների,
Տանկերի ու ծանր մեքենաների ծանրությանը դիմանալով՝
Հալվել,
Հեռացել,
Անհետացել են
Արահետները,
Որոնց մեջ տատիս ստվերը թեթև տարուբերվում էր ամառվա տապին,
Իսկ երեկոյան խառնվում դրանց,
Որոնք դեպի Թեղուն սորբ,
Դեպի Ղուրուղեն դուզ,
Շկոլը,
Շենին կլոխ,
Պոտուց թաղ,
Ներքե թաղ էին տանում,
Արահետները,
Որոնց վրա ես քայլել եմ սովորել,
Սար բարձրանալ,
Սիրել,
Տիրել,
Ամենաուժեղն ու
պաշտպանվածը զգալ,
Հատվում են ինչ-որ տեղ,
Լացելուց կնճռոտած աչքերիս արանքում,
Երբ ամուր փակում եմ դրանք,
Ոլորուն-մոլորուն ինձ տանում,
Տանում են տուն,
Տատս գյուղի ծերերին հավաքել,
Նուրա տոտուց տան բանդում մեզ է սպասում,
Կորել էինք,
Կորել էինք Սահունասարի ծալքերում,
Ես,
Քույրս,
Հորեղբորս տղան,
Նրա ընկերը,
Որ պատերազմից հետո էլ չի ապրում,
Միայն երբ փակում եմ լացելուց կնճռոտած աչքերիս կոպերը,
Մթնշաղին գյուղ է իջնում մեր զվարթ քառյակը։

Նոր տարվա օրավ լաց մի ինիլ
Ասում ա մորական տատս
Ում ծննդյան օրն ա էսօր
Քույրերս
Մայրս
Մորաքույրներս
Ու նրանց երեխաները
Բոլոր բոլորը ինձնից բացի
Հավաքվել են տատիս տանը
Մայրս ցույց է տալիս Պլեթանցից փրկված մի քանի արժեքավոր իրեր
Մեկը
Տատիս ձեռագործ խուրջինն է
Որ էնքան սիրուն է
Ոչ ուտես ոչ խմես նստես մտիկ անես
Լաց մի ինիլ
Ասում է ինձ երկու տուն կորցրած տատս
Մեկն այրել են
Մյուսից ստիպել հեռանալ
Հանց ա աշխարհը էլլա խռնվալ ա
Ասում ա ինձ տատս
Խե կյամ չըս տըսնամ քեզ
Բեդի մըռնիմ վեր կյաս

Անտառ է
ու լիճ է
Ճախրող ագռավներ են
Ցավում է
նվվում է
գամում
Խոսել չգիտեմ ես
Քարից են բառերը
Երդվել են հաղթել թշնամուն
Ազդու լռություն է
Ցուրտը սղոցում է
Աչքերս ուռել են աղից
Գնում են
Գնում են
Գնում են ժայռերը
Մարտի են ելել ամեհի
Հոսում է արյունը
Ամեն տեղ մահ է
Երկնքից թափվում է լեղի
Գրել չգիտեմ ես
Պողպատ են տառերը
Երդվել են հաղթել թշնամուն

Որ…
Պատերազմի օրերին
Մի կերպ քարշ էի տալիս գոյությունս Ֆրանկֆուրտում,
Կարմիր լույսի տակով անցնում փողոցները,
Լուռ հեծկլտում ու բոլորի զարմացած հայացքներին պատասխանում,
որ…
որ……
որ………
որ…………
պատերազմ է Արցախում
ու նրանց խուլ ու անհաղորդ հայացքից մեխվում տեղումս,
պատերազմի օրերին երկինքը քարի պես կախվել էր գլխիս,
ու ավագ որդիս, որ ամեն օր ճշտում էր զոհվածների թիվը,
մի օր սկսեց լացել`
մամա, դու չես հասկանում,
որ…..
որ……..
որ………..
որ։
Պատերազմի օրերին բազմազգ ընկերներիցս միայն մի քանիսը գրեցին` անահիտ, ոնց ես, անահիտ, դեռ գոյություն ունե՞ս, անահիտ, ձերոնցից ինչ լուր կա, անահիտ, էս ոնց հանկարծ,
նրանք բոլորը բերանները ջուր էին առել ու ոչ ոքի պետքը չէր,
որ…..
որ……..
որ………..
Պատերազմի օրերին դադարել էի զանգել, գրել, հարցնել,
որ……..
որ………..
մտածում էի
որ……..
որ………..
մի բան լինի, կիմանամ,
որ……..
որ………..
որ
որ
որ
օրերին պատերազմի ուզում էի որդ լինել ու փորել հողը, փորել հողը, փորել հողը, աննկատ անել էդ գործը, դե անել մի բան,
որ……..
որ………..
աչքի չընկնեմ ու
որ……..
որ………..
էդ օրերին հազիվ ապրում էի,
ու էդ օրերից մի քանի տարի անց սևանի ափին
միջնեկ տղաս բերեց ծաղկասերմ,
որ……..
որ………..
որ
որ
երազանք պահեմ ու փչեմ,
ես համառեցի,
ինքդ պահիր,
շատ երազանք պահիր ու փչիր,
ասացի,
իսկ երեկոյան հարցրի, թե էդ ինչ երազանքներ էին սավառնում օդում ու հետո սահում կապույտ անվերջին,
մամա, ես մտածել եմ,
որ……..
որ………..
որ
որ
որ
Հայաստանը հաղթի իր թշնամիներին։
Պատերազմի օրերին, մենք դեռ չգիտեինք, թե ինչ շատ են նրանք, ու ինչ քիչ են բարեկամները,
նրանք,
որ……..
որ………..
կանգնած են կողքիդ։
Ո՞վ էր կանգնած մեր կողքին պատերազմի օրերին։

Կաթ կաթ
Պատերազմից հետո լացը ներս է կաթում,
կաթ, կաթ, կաթ, կաթ, կաթ,
մաշել է ձայնալարերը,
ուզում ես գոռալ,
ուզում ես զռռալ,
ուզում ես ձայն հանել,
թացը ներս է կաթում ու
ծակ, ծակ, ծակ, ծակ,
անտակ մի փլատակ,
բարձր ծիծաղելիս ամաչում ես,
հանկարծ հիշում, որ բարձր ծիծաղում էիր գյուղի սարերին,
իսկ սարերը`
տաք, տաք, տաք, տաք,
կենդանաբանական այգում կարծես ուղտի մոտ մի թթենի կար,
մայրս ուղտին նայելու փոխարեն թթենին էր զննում՝
տեսնես ով է թափ տալիս մեր գյուղի թթենիները…
կենդանաբանական այգու մուտքը անվճար է պատերազմի գործողությունների մասնակիցների համար,
իմիջիայլոց,
միգուցե կարդում են,
միգուցե չգիտեն։

Զարդունախշիկ իմ
Քույր իմ
Էսօր ավելի ամուր քան երբևէ գրկում եմ
Էսօր ավելի ամուր քան երբևէ սիրում եմ
Սիրամրուր իմ
Սիրամուր իմ
Ճամփեքդ օտարին տված
Զավակներդ աշխարհին պահ տված
Որ աստված մի արասցե մի կետում բան լինի
Մյուս կետում եղածները ողջ մնան
Էնքան երկար-բարակ մտածեցիր
Էսուէն եկան տիրացան սպառեցին առան արբեցան ապրեցան
Մենք անտուն մենք օտար մենք հեռու
Մնացինք
Ժիրուծիծաղ իմ
Աչքդ թաց
Սիրտդ ծով
Քողերով ամուր կապեցիր ինձ ու քեզ
Լարերով ամուր ամրացրիր ինձ ու քեզ
Ես մայր դու մանուկ
Դու մայր ես մանուկ
Բոլոր ուժերից ամենահզորը
Աչքս թարթում եմ
գառներն առաջս արած ասմունքելով հոգնած սպասումով լի ապագա ու անհաշիվ ցանկություններ մանկական սղլիկ մազերիս
Գլորվում եմ
Քերծվում եմ
Ոտքի եմ կանգնում
Էս ինչ բույն էր
Էս ինչ գույն էր
Էս ինչ համ էր
Էս ինչ տուն էր
Էս ինչ հում էր
Էս ինչ նամ էր
Էս ինչ սաս էր
Ցանքուսիրուն իմ
Կորստաբույր իմ

Սիրամզզիկ իմ
Որ բռնում ես կոկորդիցս
Քիչ է մնում խեղդվեմ
Առանց քեզ ես չկամ բայց դու կաս ու կլինես
Երակներովս հոսում ես դու
Միտքս
Սիրտս
Հոգսս
Տխրությունս ու ուրախությունս դու ես
Հա
Տուն-տեղ
Հա
Երեխաներ
Հա
Մասնագիտություն
Հա
Առողջություն
Բայց ես կիսամարդ եմ երբ դու վատ ես
Արնաքամ եմ
Երբ քեզ հարվածում են
Բզկտված եմ
Երբ քո լուսաբացներն ու իրիկուններն այլ լեզվով են սկսում
Դու գոնե հասկանում ես թե ինչ պատահեց
Դու գոնե գիտես թե ոնց հեռացանք իրարից
Դու գոնե ներում ես
Կարոտում ես
Երբ Արարատ լեռան չորսը հազար երկու հարյուր մետր բարձրության վրա թաց հագուստով դողում էի
Խելագարի պես զառանցում էի
Սարն ինձնից նեղացած է
Սարն ինձ չի ընդունում
Սարն ինձ հետ չի խոսում
Ես հո հասկանում եմ սարերի լեզուն
Ես հո գիտեմ ինչ է տեղի ունենում երբ երկուսն էլ սպասում են միմյանց
Ես հո գիտեմ որ մերժված էի
Գիշերվա կեսին ձյունը հալվեց մարմնիս ջերմությունից
Հոսեց քարերի վրայով
Մարմինս տաքացավ
Բարև
Ասացի
Բարև
Արարատ
Ես եմ
Հուռուց Ըշոտեն թոռն ըմ
Աննահիտը
Խծըպերթա
Բարև
Ասաց արարատ սարը
Բարով ես եկել
Դուք չգիտեք թե դա ինչ է
Երբ երակներովդ հոսում են սարեր
Ցավոտ
Խելագար
Ապրեցնող
Ախ
Սիրամզզիկ իմ
Սրտիս ամեն զարկի հետ ես ոնց կարող եմ քեզ տանել բերել

Սրտակերիկ իմ
Սրտամաշ տեքստերի պակաս չկա
Կողքից փայ մտնողների պակաս չկա
Սիրաշենիկ իմ
Գլխիդ արկեր
Գոգդ կրակ
Գլուխդ վեր
Հայացքդ վեհ
Անվախուքաջ իմ
Հաստատակուռ իմ
Երանի վաղը չէ մյուս օրդ լինի երեկ չէ առաջին օրվադ պես
Տեսնես էլի տանուլ ենք տալու այլոց երազները
Տեսնես էլի խարխուլ ենք տալու այլոց արածները
Տեսնես էլի լուռ տերևաթափ ենք լինելու
Հայելում փաստելով մազերի սպիտակելը
Հայելում հաշվելով կնճիռների խորանալը
Պատուամուր իմ
Տեսնես էլի թևաթափ ենք լինելու կողքից հետևելով բզկտումը
Թե արբուծիծաղ տոնելու ենք պայծառ լուսաբացները քո
Թե խինդուանհոգ ծփալու ենք քաղաքներում քո
Թե գոհուլեռնոտ գրոհելու ենք
Հաղթելու ենք
Խաղաղվելու ենք
Սիրելու ենք
Ամրանալու ենք
Քո հին մատուռ ու վանք քար ու սար ծառ ու թուփ արմատների շուրջ պար ենք բռնելու
Մաքրվելու ենք
Վերածնվելու ենք

Լուսատտիկ իմ
Որ լույս ես տալիս մութ սրտերին ու դավադիրներին քո կողմը ձգում
Սիրակիզիկ իմ
Որ տաքացնում ես ձմեռվա անձուկն ու քո կողմը ձգում բոլոր սառը և տաք զենքերը
Որդեկորույս իմ
Ինչպես մերս է ասում ծերքումդ աղ չկա
Հուր հինչ լավություն ըս անում
Մին ա քեզ տրանա օգուտ չկա
Մեննը քցող չկա
Ձգողականությանդ ուժն այնքան մեծ է
Որ երկրների վրայով սիրտս ամեն առավոտ արթնանում է Սահունասարի գլխին
Գլուխս հենում եմ մեր հին ծանր դարպասին
Որի վրա տատս է հենել գլուխն իր
Պապս
Թամամն ու գերդաստանը,
Հորեղբայրս,
Մեր բոլոր կովերը գալիս հասնում էին դարպասին ու սկսում մեջքները քորել,
Մեր բոլոր հավերը անցնում էին էդ նույն դարպասի տակով
Պապս նրանց համար հատուկ անցակետ էր բացել
Ոտքերս խրում եմ քարերի մեջ
Որ արմատ տամ
Մեծացար տուն-տեղ դրեցիր
Քշեցին
Սպանեցին
Տուն-տեղ դրեցիր
Քանդեցին վառեցին
Տուն-տեղ դրեցիր
Սիրեցիր
Սերունդ տվեցիր
Գողացան
Խաբեցին
Տարան
Մեջ — մեջ արեցին
Սիրատտիկ իմ
Ողջագուրիկ իմ

Վարսավիրանոց
Մազերս ներկած,
Սևանի ջրերում այրված ու բազմակի մայրությունից գիրացած,
լացից խունացած,
խորացող կնճիռներով մի դեմք,
որ վախենում է իրեն հայելում նայել,
նայելիս արագ սահեցնում է աչքերը էս ու էն կողմ,
հետո էն ու էս կողմ,
հատակից առաստաղին,
Սահունասարից Դիզափայտին,
աչքերումս կախած անթիվ լուսանկարները արագ-արագ թարթում են,
ռադիոյի ձայնը սղոցում է քիչ ներկոտած ականջներս,
դիմացի շատ սիրուն կնոջ կապուտակ աչքերից շփոթվում եմ,
քաղաքական հայացքների պատճառով ազատվել է աշխատանքից,
ասում է ռադիոն,
քաղաքական,
հայացքներ,
ազատվել,
ինչի՞ պատճառով,
քաղաքական հայացքների,
փորձում եմ բառերին հատ-հատ հարց տալ ու կռահել, թե որը ինչ խոսքի մաս է,
վարսավիրանոց,
սովորական,
զրնգուն,
սիրուն կանայք,
ջերմ,
սև,
դառը սուրճ,
սև,
դառը երկիր իմ,
մոլորված,
սիրելի,
սիրելի

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն