Արեգի հետ նստած ենք խրամատում, տղաները գնացին ջրի ետևից, թնդանոթի հարվածների ձայների տակ, ջրի պաշարներն ավարտվում էին, հեռվում երևացող պայթած ռումբերի ծխին չնայելով, արագ քայլերով՝ ջրի ամանները ձեռքներին: Արեգը վիկինգների մասին հեռախոսով գիրք էր կարդում, ես էլ որոշեցի գրել մինչ այս կատարվածի մասին՝ փորձելով ժամանակ սպանել և ինչ-որ կերպ ազդել իրականության վրա, ինչքանով կստացվի՝ հետագայում կերևա: Պետք է կյանք տեսնես, թոռներ ունենաս, պատերազմի մասնակցես, շատ ճամփորդես, որ գիրք գրես, է՜խխ, այսպես մտածողները շատ են սխալվում, պատերազմի մեջ ոչ մի հետաքրքիր բան էլ չկա, միակ դրական կողմն իսկական ընկերներ ձեռք բերելն է, որն էլ իր բացասական կողմն ունի՝ վախենում ես բոլորի համար, ինչպես քեզ համար. պատկերացնում նրանց հարազատների անհանգստությունն ու ավելի լարվում: Ի՞նչ կցանկանաս պատմեմ քեզ, ընկեր իմ, այս 38 օրերի ընթացքում սկսել ենք գնահատել մեր ունեցածը, վերարժևորել ամեն բան, ներել բոլորին և հասկացել մի կտոր հացի և մի բաժակ ջրի արժեքը: Հացն աշխատում են ամեն օր բերել, բայց չենք կարող երեկոյան կրակ վառել, աշխատում ենք ցերեկը տաքացնել կիսաֆաբրիկատներն ու սնվել: Նորմալ ծածկ չունենք, քնում ենք բաց երկնքի տակ, վերջին օրերին անձրևում է, արդեն ծածկեր ենք սկսել սարքել, ամեն արած բան էներգիա է խլում, հաց տաքացնել, փայտ հավաքել, անընդհատ շոր փոխել՝ տաք շորից բարակ և հակառակը, գնալ հեռվից ջուր բերել և այլն: Անընդհատ ուզում ենք քնել, գիշերը հերթափոխ ենք անում, բոլորս ամեն գիշեր 2 ժամ նվիրում ենք լարվածությանը: Վերջերս տեմպը թուլացրել է թշնամին, բայց մենք մեր զգոնությունը չենք թուլացնում: Ինչը կհետաքրքրի քեզ, երևի թե այն, որ ժամանակները փոխվել են, նախկինում մարդիկ իրար մոտիկից տեսնում և թրերով կռվում էին, հետո էլ զենքով վազում իրար մոտ ու կրակում, հիմա մենք կռվում ենք անտեսանելի հակառակորդի դեմ, մենք տեսնում ենք նրանց ռումբերն ու անօդաչու սարքերը, թաքնվում անտեսանելի վտանգից, երբեմն այդ ամենը շատ ծիծաղելի է, երբեմն էլ՝ ահավոր ահաբեկող, երբ լսում ես ինչպես է քեզ և ընկերներիդ վրա թռչում անօդաչուն և բաց թողնում ռումբերը, որոնց վժժոցի ձայնից բոլորը կորչում են խրամատի փոշու և հողի մեջ, մինչ այդ ով վախենում էր կեղտոտել շորը, հիմա արդեն կորել է հողի և կեղտի մեջ, բայց, ի ուրախություն մեզ, մեր թշնամիները «շատ դիպուկ» են, նրանք չեն խնայում իրենց սպառազինությունը և կրակում են առանց լուրջ հաշվարկների, հիմնականում՝ շեղ:
Օր 2-րդ
Հասել ենք կյանքումս հանդիպած ամենադեպրեսիվ վայրին, համար… զորամաս, այստեղ անօդաչուն հարվածել և ոչնչացրել է զորամասի տարածքի մեծ մասը, ինչպես նաև պահեստը, որտեղից շատ բեկորներ ցրվել էին ամբողջ տարածքով և ոչնչացրել այն ամենը, ինչին կպել էին: Լուսամուտները փշրվել էին, մենք քնեցինք մի տարածքում, որտեղ ապակիները ջարդվել և լցվել էին վերմակների վրա, ամեն ինչ այստեղ իր տեղում էր, բացի զինվորներից, որոնց արագ հեռացրել էին, որ չվնասվեն, իսկ տարածքը դարձել էր դժոխային մի վայր, որտեղ լռությունը սպանում էր, սպասումը՝ խեղդում:
Օր 40-րդ
Անցած գիշեր լարված էր, ամբողջ գիշեր պայթյուններ էինք լսում, ուժեղ անձրև եկավ, թաքնվել էինք փոքր ծածկի տակ, երբ անձրևը կտրվեց, նորից քնեցինք, նորից սկսվեց, բայց արդեն մի քիչ թրջվեցինք: Առավոտյան պայթյունները քչացան, ու մնաց միայն թաց հողն ու ցեխը: Պետք է պատրաստ լինել անձրևոտ գիշերներին: Հրամանատարը գնաց մոտակա գյուղ՝ նոր ծածկ և ուրիշ անհրաժեշտ իրեր բերելու: Ով կմտածեր, որ մեկ օրում կհայտնվի խրամատի մեջ, պայթյունների և արկերի շվոցների տակ, զենքը կողքին՝ պատրաստ կռվի: Ոչ ոք չի ուզում թողնել իր հանգիստ կյանքն ու մտնել հողերի մեջ, բայց ընտանիքդ ո՞վ պաշտպանի, եթե ոչ դու: Այս տարի երկու պատերազմ ունեցանք, սկզբում կռվում էինք պանդեմիայի դեմ, հետո՝ թշնամական զորքերի: Երբ աղջիկս ծնվեց, խնջույք անելու փոխարեն դիմակով գնացի կնոջս և երեխայիս պաշտպանելու, խնամելու, իսկ հիմա, նրանցից հեռու, պաշտպանում եմ նրանց մի ուրիշ վտանգից: Պատերազմում գեղեցիկ դրվագներ էլ կան, բայց դրանք կան և սովորական ժամանակներում, ուղղակի կյանքի և մահվան եզրագծում սկսում ես նկատել կապույտ երկինքն ու ամպերը, ճախրող թռչուններին, իհարկե, առօրյա կյանքում էլ ես տեսնում, բայց երբ կյանքիդ վտանգ է սպառնում, ամեն ինչ ավելի գեղեցիկ է դառնում, ամեն արևածագ թանկ է, ամեն մտնող արևից հետո սպասում ես լուսնի լույսին և վառվող աստղերի նոր պատկերներին:
Օր 3-րդ
Ստացանք զինվորական համազգեստը և մեզ արդեն ծառայության մեջ զգացինք ու ավելի վստահ, երբ ստացանք զենքերը: Այդ պահին զգացի մարդու՝ իր նմանին ոչնչացնելու անհասկանալի ձգտումը, փոխվեց հոգեվիճակդ՝ պատրաստ ես ամեն ինչի: Հաճախ է փոխվում այդ հոգեվիճակը, երբ 3-4 ժամ լռություն է, մոռանում ես ամեն ինչ, կտրվում իրականությունից, սկսում մտածել կյանքիդ մասին: Հիշում ես նպատակներդ, երազանքներդ, ու թվում է՝ տարիներ են անցել: Եղիր երջանիկ ունեցածովդ՝ կասեն նրանք, դա լինում է միայն, երբ վտանգն աչքիդ դիմաց է, ու զգում ես ունեցածիդ արժեքը, գնահատում ամեն մանրուք, երբ վտանգն անցնում է՝ նորից նույն մարդն ես, նույն թուլություններով: Արդյոք փոխվե՞լ ենք, չգիտեմ, ես իմ մեջ փոփոխություն չեմ զգում, արտաքինից նմանվել ենք գրոհայինների, մազերը երկարել են, մորուքներով ենք, արևահարված, մի քիչ հոգնած ու նիհարած: Արդյոք ա՞յլ կլինի մեր պահվածքը, երևի թե այո, ամեն դեպքում հողի վրա քնելուց և կողքիդ արկի պայթյուն լսելուց հետո պահվածքիդ մեջ մի բան պարտավոր է փոխվել:
Տեսե՞լ եք նկարներ, որտեղ տղաների նկարներ են պատերազմից առաջ և հետո, միշտ վախեցել եմ 2-րդ նկարի տղաների աչքերի արտահայտությունից, հուսով եմ՝ այդ աչքերով չեմ նայի կնոջս աչքերին, հուսամ հայացքս չի փոխվել:
Օր 42-րդ
Գնացինք մոտակա գյուղը, որտեղ 92 թվականի կռվից հետո լքված մի տարածք կա, ընդամենը մի տուն էր կանգուն, դրսում՝ ջրի խողովակ, այստեղ զինվորները վաննա էին տեղադրել կրակի վրա, տաք ջրով լողացանք և մեզ մի պահ տանը զգացինք, հետո մի քիչ մրսեցինք: Շուշիում լարված է, բոլորս ենք լարված:
Օր 4-րդ
Ուզում եմ ձեզ Վահանի մասին պատմել: Վահանն իմ կուրսեցին է, որին հանդիպեցի զինկոմիսարիատում՝ մեկնելուց 2 ժամ առաջ: Երկուսս էլ ուրախացանք, քանի որ առանց ընկերոջ պատերազմ գնալը նման է գիշերով անդունդի մեջ նետվելուն, հույսով, որ ներքևում ջուր է, այլ՝ ոչ թե ժայռ։ Մի քիչ պաթետիկ է հնչում, բայց երբ տղաները համաձայնում են կրել մի զենք, որն առաջին անգամ են տեսնում, միայն նրա համար, որ չբաժանվեն ընկերոջից, արդեն հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը։ Իհարկե, բոլոր հայերս էլ իրար հետ լեզու ենք գտնում, արագ ընկերանում, բայց դժվար պահին ուզում ես կողքիդ ծանոթ, մոտիկ մարդ լինի, որին արդեն ճանաչում ես։
Այո, անընդհատ բոլորի ուղեղում դա էր պտտվում, կռվի ժամանակ կողքինս կփախչի՞, թե՞ չէ, բայց չէ, դրա մասին չէ խոսքը, այլ՝ ավելի սովորական բանի մասին, երբ, օրինակ, քեզ թուլացած զգաս, կողքինիդ զենքդ կվստահե՞ս, թե՞ ոչ, տաքություն ունենաս՝ քեզ վրա տաք շոր կգցե՞ն, թե՞ ոչ: Կռվի ժամանակ չգիտես՝ ով ինչ կանի, ոնց իրեն կպահի, դա արդեն ուրիշ կինո է։ Մարդիկ ամեն տեղ փորձում են հարմարություն գտնել: Պատկերացնո՞ւմ եք, 800 հոգի օգտվում էին Վահանի արևային վահանակից, ուրիշները գաղտնի կպահեին և միայն մի քանի հոգու հետ կկիսվեին կամ ավելի խիստ կգտնվեին մարդկանց նկատմամբ, իսկ Վահանը՝ ո՛չ, իր ամբողջ ժամանակն ու էներգիան չէր խնայում և օրվա ընթացքում հերթով 15-60 րոպե բոլորի հեռախոսները դնում էր լիցքավորման, օգնում էր, փորձում բոլորին օգտակար լինել։ Գիտե՞ք, ես մի քիչ էգոսիտ եմ, քանի որ տան փոքրն եմ եղել, և ինձ միշտ երես են տվել: Վահանի շնորհիվ ես ինձ 51 օր զգացել եմ ընտանիքից չկտրված, քանի որ Վահանը փորձում էր բոլորի սրտով գնալ: Համոզված եմ՝ ինձ հետ կհամաձայնեն մեր բոլոր տղաները: Առանց Վահանի մեր կյանքն անհետաքրքիր ու մի քիչ անհույս կլիներ։ Ես չեմ փորձում առանձնացնել Վահանին, ո՛չ, սխալ չհասկանաք, ես կարծում եմ, որ մեր ջոկի տղաներից 8-ն էլ ընտրված էին իրար լրացնելու ու կյանքը հեշտացնելու համար, մենք բոլորս գիտակցում էինք, որ բոլորիս կյանքը կախված է մյուս 7-ից, եթե մեկը սխալվեց, մնացածն էլ են կորած, ուղղակի այս անգամ ուզում եմ պատմել Վահանի մասին: Վահանը շատ լավ հոգեբան է ու հիմա աշխատում է հիվանդանոցներում պառկած մեր վիրավոր զինվորների հետ, իսկ պատերազմի օրերին մեզ հետ էր աշխատում։ Նա փորձում էր բոլորին լսել: Ես հաճախ չէի հասկանում՝ ինչպես է կարողանում այդքան համբերատար լսել, բայց հետո հասկացա, որ ինքն էլ է հանգստանում՝ մարդկանց օգնելով։ Թույլ կողմեր բոլորն էլ ունեն, Վահանն էլ բացառություն չէ, գիտեմ, որ ունի, բայց այդ թույլ կողմերը ես չեմ տեսել։ Վահանը հերոս է ինձ համար, առաջին հերթին այն պատճառով, որ վախն աչքերում, զենքը ձեռքին՝ վազում էր դեպի ավտոբուս, որը տանում էր առաջնագիծ։ Շատերը եկել էին մեռնելու, իսկ ես եկել էի Մարիիս նորից տեսնելու հույսով, ամեն վայրկյան սպասումով, որ շուտով կտեսնեմ աղջկաս։ Ես էլ եմ հոգեբանություն ուսումնասիրել և գիտեմ, որ 20 տարեկանից բարձր ամուսնացած տղամարդը, մանավանդ երեխա ունեցող, այնքան էլ չի ուզում մեռնել, չի ուզում հերոսանալ, իր պարտքը կատարելով՝ նա իր կնոջ ու երեխայի մոտ է ուզում վերադառնալ ու գրկել նրանց, բայց, իհարկե, ամեն ինչ փոխվում է, երբ վրադ մի քանի արկ են գցում ազերիները, գիտե՞ք ինչ ցասում է արթնանում, չեք պատկերացնում: Սասունցի Դավիթը հիշո՞ւմ եք՝ ինչպես էր Մսրա Մելիքին ուզում մեջտեղից կիսել, ա՛յ էդ ցասումն է արթնանում, ու չես հիշում արդեն ո՛չ մոր վիշտ, ո՛չ մանկան արցունք, ներսիդ գազանն արթնանում է, ու ուզում ես հերթով սպանել բոլոր թշնամիներին, սեփական ձեռքերով խեղդել, ոտքերիդ տակ առնել: Վտանգավոր մի ուժ է արթնանում մեջդ, կանգնում ես կրակոցների տակ ու ամբողջ ձայնով գոռում։ Չգիտեմ ինչպես նկարագրել այդ զայրույթը, երբ ասացի այդ մասին Վահանին՝ ախխխխ, ջղայն եմ, Վահա՛ն, ահավոր ջղայն եմ, Վահանը հանգիստ պատասխանեց.- Իսկ ո՞րն է խնդիրը, ջղայնացի՛ր, կարծում ես՝ վա՞տ է ջղային լինելը, ջղայնացիր, դա էլ հենց պետք է։ Մի անգամ առավոտյան Վահանն ասաց.- Արմե՛ն, առավոտյան, որ արթնանում ես, սոված, ոնց որ բաևիկ-սնայպեր լինես։ Ասում եմ՝ բայց տղերք, ես լավ չեմ տեսնում, չեմ կարող սնայպեր լինել, ասում են՝ դե հարցը էդ չի, հարցը տեսքդ ա։ Չարաբաստիկ պայմանագրի ստորագրվելուց մի քանի օր հետո Վահանը հարցրեց.- Արմեն, բա ո՞նց տենց կլինի, բա առավոտը զարթնեմ, ու դու ներվերս չուտես, տենց չի լինի։ Ինչ լավ կլիներ, չէ՞, Վահան, որ Շուշին մեզ մնար, թեկուզ մենք չլինեինք-չտեսնեինք:
51 օրվա ընթացքում, երբ ինչ-որ բան էի ուզում, զարմանալի կերպով իրականություն էր դառնում, օրինակ մի օր ասացի,- Տղե՛րք գարեջուր լիներ՝ խմեինք, էս տղերքը, թե՝ լավ էլի Արմեն, էս խառը պահին, մեզ մի կերպ էսօր անօդաչուների վտանգի տակ սուխոյ պայոկ հասցրին, գարեջուր որտեղի՞ց։ Մեկ էլ 20 րոպե հետո, կողքի ջոկից մեր Արտակի պապան եկավ:- Տղերք, հլը տեսեք ձեզ ինչ եմ բերել,- ձեռքին՝ մի 5 շիշ գարեջուր: Էսպիսի շատ դեպքեր եղան, ու երևի տղերքը մտածում էին իմ բախտից է, որ մեզ բան չի լինում, բայց չէ՛, տղե՛րք, էդ մեր ընկերության պաշտպանական վահանն էր, որ մեզ օգնեց:
Օր 9-րդ
9-րդ օրը, Տիգրանակերտի ամրոցից ոչ շատ հեռու, գիշերով ավտոբուսից իջանք մի բլրի մոտ ու բարձրացանք մեր տեղակայման վայրը: Սկսեցինք քայլել խրամատների միջով ու նկատեցինք, որ շատ գործ կա անելու։ Կրակոցների ձայները շատ մոտ էին լսվում: Մինչ այդ զորամասում պայթյունները հեռվից էինք լսել, անսովոր էր, թվում էր՝ պատերազմական ֆիլմի մեջ ենք ընկել ու վախ չէինք զգում, մի քիչ անորոշություն կար. դեռ չգիտեինք ինչո՞ւ ենք էստեղ։ Բոլորիս մեջքին լիքը իրեր կային, ուսապարկից բացի ծանրացնում էր զրահաբաճկոնը, սաղավարտն ու զենքը։ Մեզ շտապեցնում էին, որ արագ հասնենք մեր դիրքին: Ես փոսի վրայով թռա ու բլրից գլորվեցի. քիթս քերծվեց; Վահանն էլ սաղավարտը կորցրեց: Մի կերպ հասանք տեղ, դեռ չգիտեինք, որ ծանր իրերով տեղաշարժվելը սովորական է դառնալու, իսկ կրակոցներն ու պայթյուններն այլևս չեն ահաբեկելու։ Գիշերն ահավոր ցուրտ էր, որովհետև սարից ուժեղ քամի էր փչում, սարի վրա էլ ձյուն կար, ու ձմեռային ցուրտը մտավ մեր ոսկորների մեջ: Որքան էլ տաք էինք հագնված, միևնույն է` բոլորը մրսում էին: Մի ժամ քնելուց հետո արթնացա ու տեսա, որ տղերքը դիրքերն են փորում-ամրացնում: Հանկարծ Սուրենը բարձր գոռաց.- Տղե՛ք, խփեց, տղե՛րք, կրակեց, թաքնվե՛ք: Սուրենն Ապրիլյանին էլ է մասնակցել, ու բոլորս էլ լուրջ էինք վերաբերվում նրա ասածին: Անընդհատ կրակոցներ էին, ինչո՞ւ հենց այս մեկին այսպիսի արձագանք տվեց: Պարզվեց՝ ճանապարհն էին թիրախավորել։ Մի քանի վայրկյան անց գրադի արկը պայթեց մեզնից ընդամենը 100-150 մետր հեռավորության վրա: Առաջին անգամ աչքիս դիմաց գրադ պայթեց, ասես կարմիր հրաբուխ լիներ։ Ձայնն ավելի ուշ հասավ մեզ ու ստիպեց հասկանալ, որ ֆիլմը, որին մենք հետևում ենք, իրական է, ու պետք է թաքնվել, իսկ խրամատն այնքան էլ խորը չէր, ու հասկացանք, որ պետք է արագ փորել, որ թաքնվելու տեղ ունենանք և, միևնույն ժամանակ, տաքանանք։ Մի քանի ժամ փորելուց հետո, փոսերի մեջ մի կերպ տեղավորվելով, քնեցինք, 2-ը մնացին հերթապահ։ Չգիտեմ՝ ինչ յուրահատուկ բան կար հերթապահ լինելու մեջ, բայց ես ամեն անգամ սպասում էի իմ ժամին: Իհարկե, ժամը լրանալուն պես ուզում էիր սառնասրտորեն քնից հանել ընկերոջդ ու քնել: Բայց ամբողջ խորհուրդը՝ հեռվում կանգնած մթությանը նայելն էր, նայել վտանգին՝ զենքը կողքիդ, մեջքիդ ետևում մի ամբողջ երկրի քունը հսկելով ու զգալով, որ հենց այդ պահին դու ես երկրիդ պահապանը։
Իմ հերթապահության ընկերը Սուրոն էր: Սուրենը մի հրաշք տղա է, որն ունի զինվորական բազում գիտելիքներ: Մեզ համար աստիճաններ էր փորում, նաև ճարտարապետ է, հասկանում է զենքից, խրամատ փորելուց, ճիշտ օգտագործելով զրահաբաճկոնը՝ հողին հարմար քնելու ձևերից: Շատ կարևոր մանրուքներ, որ սովորեցինք Սուրոյից, մեզ դեռ շատ պետք կգան։ Գիշերը, մեր հերթապահության ժամանակ, Սուրենի հետ հաճախ վիճում էինք տարբեր հարցերի շուրջ, երբեմն լուռ էինք, իրարից խռոված, հետո ջան էինք ասում, ջան լսում: Բարձր ծիծաղում ու տղերքին քնից հանում էինք: Հետո լուռ հետևում էինք ամեն մի շարժման, ուշադիր լսում բոլոր ձայները: Պատահում էր, որ ստիպված բոլորին քնից հանում էինք, քանի որ հրետանի էր աշխատում, գոռում էինք,- տղերք թաքնվե՛ք: Իրականում թաքնվելու շատ տեղ էլ չկար, բայց պարտավոր էինք զգուշացնել։ Սուրենը մեր ջոկի իսկական զինվորի կերպարն էր, Kill dim-ում հայ զինվորի կերպար կա, տեսած կլինեք, օրինակելի, լուրջ, չի ծխում, չի խմում, ճշտապահ և խիստ է: Էդ մեր Սուրենն է, լավ ու հավատարիմ ընկեր, պատրաստ կռվի, պատրաստ զոհողության, միայն թե պաշտպանի իր հողը: Սուրոյին պատերազմից 2 ամիս առաջ էին վիրահատել, բայց երբ զանգել էին, 5 րոպեից եկել էր զինկոմիսարիատ: Նույնիսկ մտքով չէր անցել, որ կարող է հաջորդ օրը ներկայանալ կամ ընդհանրապես չներկայանալ:
Հաջորդ օրն արթնացանք բռնված մկաններով ու սկսեցինք շարունակել փորելու գործը։ Հենց առաջին օրը հասկացանք, որ միահամուռ պիտի լինենք՝ ընտանիքի պես:
Զգացինք, որ միասնական լինելով, իրար օգնելով ու իրար ուժ տալով միայն կարող ենք հասնել ընդհանուր նպատակին: Ապրել հանուն մարդկանց, որոնց սիրում ենք ու իրար օգնել տուն վերադառնալ:
Մինչ խրամատում հայտնվելս մտածում էի, որ Երևանը շատ փոշոտ է, ալերգիա ունեի փոշուց: Թեթև փոշուց փռշտում էի, իսկ այստեղ այնպիսի փոշի էր, որ կարծես անապատում լինեինք, անընդհատ քամի էր, ու փոշին ամենուր էր, էնքան շատ էր, որ չէինք կարողանում մի բան ուտել: Ես ու Սուրոն նույնիսկ ծխախոտի ծխից վատանում էինք, ամեն արած քայլից փոշի էր բարձրանում, նյարդայնանում էինք, բոլորի հետ վիճում, տղերքը ստիպված գնում, հեռվում էին ծխում: Մի քանի օրից այդ նոպան էլ անցավ։ Իմ միստիկ երազանքներից մեկը նորից իրականացավ՝ «Տղերք մի հատ դուշ չլիներ, մտնեինք տակը»։ Մի քանի ժամից եկավ վաշտի հրամանատարը։ «Երեկ տղերքը ջրի տեղ են գտել, մի քիչ հեռու է, բայց անվտանգ է, գնացեք, լողացեք, եկեք, քանի հանգիստ է»։ Ոչ ոք չէր ուզում գնալ, բոլորը փոշուց ու անհասկանալի իրավիճակից մի տեսակ անջատվել էին, դեպրեսիայի մեջ էին: Ես հենց ջրի անուն լսեցի, ներսումս լույս վառվեց, փորձեցի Սուրոյին վարակել էդ լույսով, երկար ժամանակ չպահանջվեց, մի կես ժամից արդեն սառը ջրի տակ լողանում էինք, ուրախ ու մաքուր դեմքերով ետ վերադարձանք: Մեզ տեսնելով՝ տղերքն էլ ոգևորվեցին ու մյուս օրն էլ իրենք գնացին, բայց հաջորդ օրն էլի բոլորս նույն վիճակում էինք՝ նորից փոշու մեջ կորած։ Մեզ ասել էին, որ էստեղ երկար չենք մնալու, դրա համար անընդհատ սպասման մեջ էինք, ամեն ժամ սպասում էինք նոր դիրք տեղափոխվելու լուրին։
Օր 36-րդ
Հնարավոր է՝ արդեն շփոթում եմ օրերը: Պառկած եմ իմ խրամաբջջի մեջ, ձայներ չկան, մի քանի ժամ տևող զինադադարներից է: Հետո էլի ամեն ինչ սկսվում է, ու մտածում ես՝ ախր անպայման չէ, որ մարդ իր կյանքում պատերազմի մասնակցի, չէ՞ որ կյանքն այնքան կարճ է: Փորձում էի խառը մտքերը վանել, պատրաստվել ամենավատին, պատրաստ լինել վատթարագույնին։
Չեմ հիշում օրվա որ ժամն էր, բայց երևի երեկո էր, երբ լսեցի,- Արեգ ջան, Կուկուշկան դիր լսենք էլի,- հարյուր քառասունյոթերորդ անգամ ասաց գռանատամյոտչիկ (նռնականետորդ) Արտակը, լուռ լսեցինք ու երգի կեսից հեռվում նկատեցինք հրետանու լույսը. արկը մեզ վրա էր ընկնելու: Արագ գնացինք մեր դիրքերի մոտ, արկերը սկսեցին մոտ պայթել, հետո կասետային ռումբեր պայթեցին, սկսեցինք սաղավարտ փնտրել, հետո ջոկի հրամանատար Արտակի ձայնը լսեցինք,- Տղե՛րք զրահաբաճկոն հագեք, արա՛գ։ Կասետայինից բեկորներ էին թռչում՝ զզզզզզզզզպպպ, զզզպ.- Գլխիս կողքով անցավ էս մեկը, տղե՛րք, ոտքիս կողքն ա մեկը, ուղիղ պատին՝ 2 միլիմետրի վրա։ Արդեն սովորական դարձած ձայներ էին, մեկ էլ,- էս ինչ՞ ա տղերք, նայե՛ք, Մարտունու կողմն ա, ֆոսֆոր ա, տղերք, էն սպիտակ ֆոսֆորն ա։ Սկսեցինք Արտակի հետ ջուր բերել, քննարկել, թե ինչ ենք անելու, եթե մոտ պայթի, բոլորիս աչքերում առաջին անգամ անհուսություն նկատեցի, սկսեցինք իրար դուխ տալ։ Աստված միշտ օգնում է նրան, ով ուժեղ է և մտածում է իր անվտանգության մասին։
Մի գաղտնիք ասեմ Ձեզ, բոլորս պատրաստ էինք մեռնել հենց տեղում, երևի մենք չգիտեինք այդ մասին կամ չէինք հասկանում: Ես նոր եմ հասկացել, տղե՛րք, բոլորս գնացել էինք կյանքներս տալու մեր հողի ու մեր ընտանիքների համար ու միևնույն ժամանակ հաղթելու ու վերադառնալու էլի նրանց համար, բայց այդքանը բավական չէր, փաստորեն, ապրելով պետք է հաղթել, փորձել փոխել իրականությունն ի նպաստ մեզ:
Պատերազմն էն չի, ինչ դուք պատկերացնում եք, էդ էն ա, ինչ մարդիկ ուզում են տեսնել: Մարդիկ ուզում են իրենց տանը զգալ: Արտակը 2 աղջիկ ունի, հաստատ տանը հոգին ուտում են: Երևի ինձնից ու մյուս մեր գռանատամյոտչիկ Արտակից, որ հոգու հետ խաղում էինք, կարոտն էր առնում, երբեք ձայն չէր հանում, ինչքան նյարդերի հետ խաղայինք, ինչքան էլ չդիմանար՝ ժպտում էր ու ասում, որ հանգստանանք, իսկ տանը, երևի, ձայնը գլուխն էր գցել: Արտակը, որի հետ նույն բակում ենք մեծացել, որի մասին իմացանք միայն Արցախի ճանապարհին, մեր ջոկի հրամանատարն էր: Համեստ, ֆիզիկապես շատ ուժեղ, բարի, համբերատար մեր հրամանատարը, որի ձեռքից ամեն ինչ գալիս էր։ Չեղած տեղից մեզ համար թաքստոց էր փորում, ծածկ հավաքում: Քանի անգամ անձրևից փրկվեցինք իր սարքած ծածկի շնորհիվ։ Ծածկը սարքելուց ասում էինք.- Արտակ ջան, ինչի՞ ես տանջվում, իմաստ չունի, հեսա տուն ենք գնում, ինչի՞ ես էդքան տանջվում։ Երեք խոզուկների Նաֆ-Նաֆի նման իր նպատակին հասավ, մեզ համար կարգին ծածկ սարքեց։ Բոլորս շատ հարգում ենք Արտակին, իր նման հրամատարներ եթե շատ լինեն, մեր բանակը մեծ առաջընթաց կունենա: Արտակը մեզ համար լավ օրինակ էր, որի շնորհիվ անգործ չէինք մնում և մեզ թիմի անդամ էինք զգում։ Պատրաստ էինք գնալ Արտակի ետևից և իրարից չբաժանվելու համար մի քանի անգամ հրաժարվեցինք ավելի ապահով վայր տեղափոխվելուց: Մնացինք բաց երկնքի տակ, բայց իրարից չբաժանվեցինք։
Առավոտյան ուղիղ ժամը 06։30-ին, ներքին ձայնի նման՝ ՀԱՄԱԶԱՐԿ… Մեր հրետանին աշխատեց: Երբ մեր հրետանին աշխատում էր, հպարտություն ու մեծ ուժ էինք զգում, զգում էինք մեր կազմակերպվածությունը։ Տեսնում էինք, որ ճիշտ ուղղություններով ենք հարվածում, գծած և հավասար։ Երբ մեր հրետանին աշխատում էր, զգում էինք, որ հաղթանակը մոտ է, բայց…
Խոջալուից Աղդամ
Մի քանի օր կեղծ ահազանգ եղավ, իբր անօդաչու է ընկնելու մեր զորամասի վրա, Ստեփանակերտը հրետակոծվում էր, ու մենք մեզ անընդհատ վտանգված էինք զգում, ճաշարան գնալն անհնար էր, սուխոյ պայոկ էինք ստանում, ամեն օր սպասում էինք առաջնագիծ գնալուն, էստեղ կարծես թիրախ լինեինք, ոչ թե զինվոր։
Գիշերը մեկի կողմերն ասացին.
— Հավաքվե՛ք, գնում ենք մի կես ժամից։ Տղերքն արդեն հազար անգամ լսել էին էս տողերն ու էլ չէին հավատում, այդ պատճառով այս անգամ չհավաքվեցին, տեսնելով, որ ես հավաքվում եմ, զարմացան.
— Չէ՛, էս անգամ չեն խաբում, տղերք, զգում եմ, գնում ենք։ Քիչ անց լսվեցին ավտոբուսների շարժիչների ձայները։ Լեռնագնացների նման բեռնված լցվեցինք ավտոբուսը, լարվածություն կարծես չկար, բոլորը ոնց որ ուրախ էին, գլադիատորների պես պատրաստ մահվան, անցնելու էինք բոլորի կողմից արդեն մտքում վերապրած ճանապարհով՝ անօդաչուն անձայն (հետո, իհարկե, իմացանք, որ անօդաչուն անձայն չի, անձայն միայն հետախույզ անօդաչուներն են, մնացածը լավ էլ աղմուկ են անում) գալիս-ընկնում է ավտոբուսի վրա։ Լարվեցինք, երբ մեքենայի շարժիչը կանգնեց, ու լույսերն անջատված՝ մթության մեջ ոչինչ չէր երևում։
— Անօդաչու է՞։
— Չէ հա, ճանապարհը չգիտի։
— Էս մթին երևի ճամփեն խառնել է։
Նորից շարժիչի ձայնը լսվեց, քիչ հետո հասանք մեր դիրքեր։ Չգիտեինք՝ ո՞ւր ենք ընկել, ի՞նչ ենք անելու, լսեցինք Կամբատի ձայնը.- Տղերք, եկե՜ք, առաջին ջո՜կ, երկրորդ ջո՜կ, ո՞ւր եք, եկե՛ք, արաաա՛գ։
Երբ զորամասում ես կամ դիրքում, սկսում ես մտքում հնարավոր տարբերակներ գծել, կռվի ժամանակ ի՞նչ կլինի, ով ոնց իրեն կպահի, երբեմն սցենարներ ես գծում, ա՛յ էս տղան իրեն շատ վստահ է պահում, արդյոք կռվի ժամանակ նույն ձևո՞վ կպահի իրեն։
Հանդիպում ես նիհար, հայացքը վախվորած աջ ու ձախ տանող մոտ քսան տարեկան տղայի, մտածում, որ կռվի ժամանակ իրեն կհավաքի, և կարթնանա ներքին կրակը, առյուծի պես կկռվի։
Դիրքերում արդեն ուրիշ սցենարներ ես գծում, ֆիլմի սցենարիստի նման մտքիդ մեջ հերոսական կերպարներ են, քեզ տարբեր իրավիճակներում ես պատկերացնում, բայց սցենարը, որն իրականացավ, իմ գծած, մտքում գրած սցենարներից ոչ մեկին նման չէր։
Սլանում էինք ավտոբուսով: Վերադարձի ճանապարհը ընտանիքների մոտ և՛ ուրախալի էր, և՛ ծանր։ Ճանապարհը այնքան գեղեցիկ էր, բայց երեկոյան էինք գնում, մթնշաղ էր, տներից բացի ոչինչ չէինք տեսնում։- Տղե՛րք, էս ճամփեն շատ լավ ա սարքած: — Հա՛, ընտիր գնում ենք։
Վարդենիսում ձյուն եկավ, կապը միացավ։ Տան դուռը բացվեց, քույրս գիրկս թռավ, կնոջս կողմ նայեցի, այնքան նուրբ թվաց ինձ, կարծես ծառի տերև լիներ, նիհարել էր սպասումից։ Հայրս գրկեց, մեջքս ցավեցրեց ինչպես միշտ, մայրս նստած լաց էր լինում հուզմունքից։ Երբ աղջիկս բացեց աչքերը ու ինձ տեսավ, սկզբից չճանաչեց, երկար նայեց, հետո այնպես ժպտաց, որ ներսումս ջերմություն զգացի։ Պատերազմն ինձ համար հենց էստեղ ավարտվեց։


