Ա
Սրտիցս ձայն տուր շուրթերիս.
Սիրտս համաչափվում է մոլորակի ու տիեզերքի կանոնակարգմանը…
Ես, որ քեզ տեսել եմ,
                   բայց չեմ զգացել,
Ես, որ քեզ զգացել եմ,
                   բայց չեմ տեսել,
Չլուծված խնդրի հանգույն անբովանդակ,
Թաքցրած բովանդակ
                   մի գիտություն`
Ինձ հանգիստ չես տալիս…
Մարդուց այն կողմ
    քո երազն է իմ ուրվականի մեջ,
Քո բանաձևի անհայտ
                   մասնիկն եմ`
Խաչակնքված x-ով,
Ինձ գնահատող բազում տեսությունները
Հաճոյանում են ինքնահաստատմամբ`
Ինձ անտեսելով…
Իսկ ես ժամանակ եմ փնտրում
Սրտիս ու տիեզերքի համաչափության կենտրոնում…
Բ
Քեզ հանիր իմ միջից
Եվ լցրու ունայնությունս ինձանով,
Մարմինս հոգուս թող.
Այն հրաշալի կպահպանի
Երկրային դժոխքից
         կնճռոտված նկարագիրս`
Որպես մեղքհատուցում…
Քեզ հանիր իմ միջից
Եվ ինձ թող իմ էությունը,
Եվ դու կվայելես
Կամքի արարումը,
Եվ կյանքդ հետաքրքիր կլինի…

Գ
Քո էությանը չեմ կասկածել,
Հաստատակամությունդ չի
         տարանջատված,
Քո սնափառության
         անդրդվելիությունը
Ու սեփական եսիս
         սնափառությունը
Միահյուսվում են Քաոսի արարչատենչությամբ
         անգիտակից…
Որոնիր ինձ քո մեջ,
Ես քո մեջ իմ արարումն եմ
         արդարացնում,
Բայց այս ընթացքը, որ իմն է,
Քո ունայնությամբ պիտի
         արդարանա…

Դ
Չեմ սպառվել,
Եվ անսահմանությունս է,
         որ չի թողնում խոսել…
Խոսքը ժամանակ է,
Իսկ էությունս`
         անպարագիծ ընթացք…
Ես ասեղով պիտի կրկտեմ քո էության մասնիկները
Մինչև սպառեմ Քեզ…
Ես Մարդ եմ`
         Քո ամենատես ոգին…

Ե
Կարող ես ինձ չհավատալ,
Կամքը քոնն է,
Քո կամքը, որ ակամայություն է
         հիշեցնում,
Հաստատագրված
         ակամայություն…
Քո հաստատագրված
         ակամայությամբ
Չես կարող հավատալ ինձ,
Որովհետև իմ աղոթքները
Իմ սնափառությունը մխիթարող
Միակ աղերսներն են,
Որ ապտակ են հայցում
         հոգեթափության համար…
Հավատա ինձ`
Ես քո մեղքն եմ…
Նկատե՞լ ես երեխայի
Արտասվախառն աչքերի
         ըմբոստությունը
Արդարության համար…

Զ
Աղոթիր ինձ համար
Ու սիրիր իմ ցավը,
Խլիր ինձանից իմ չարությունը,
Որպեսզի ներեմ քեզ, ո՜վ Ամենաներող,
Եվ փրկություն հայցիր
         քեզ համար,
Ու ես կծնկեմ քո առաջ`
Փրկությունս քեզ փրկելը
         համարելով…
Աղոթիր ինձ համար,
Գուցե ինքդ քեզ գտնես
Իմ հոգու մեջ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն