Արթուր ՄիկոյանԻրենց հարմարավետ իշոտնուկներին նստած՝ միլիոնավոր աղքատներ լսում են երկրի տերերի ելույթները և հուսավրեպ, հուսախաբ տնքում ցավից:
«Ականջալուր եղեք, հարգարժան աղքատներ, ձեզ սպասվում են նոր հաճելի անակնկալներ, ձեր այս տաղտկալի կյանքին կփոխարինեն նոր լուսավոր օրեր, և ձեր կյանքը շուտով կլավանա»:
Ինձ ասում են՝ նյարդերդ թուլացրու, միտքդ հանգստացրու և ձայնավարժություններով մի զբաղվիր. դա աննպատակ պայքար է: Սակայն ես շարունակում եմ միտքս տանել այնտեղ, որտեղ ինձ կդիմավորեն իբրև իրենց ազգակցի, այլ ոչ թե հերթական հաճախորդի: Բայց ես աչքս չեմ կտրում բիզնեսի խորքերը թափանցած և ուղեղները մթագնած այդ գիշանգղերից: Միշտ մտահոգվում եմ՝ ե՞րբ է մեր ժողովրդի ուղեղներից ժանգը թափվելու, որ նրանք մտածեն սովորական մարդկանց նման: Սիրտս արագ է բաբախում, մարմնովս սրսռացնող քամի է անցնում, ատամներս նույնպես սկսում են տհաճորեն սրսռալ և անհասկանալի ու բութ մի ցավ է թափանցում մարմինս:
Գաղափարներ, լուսավոր մտքեր, կյանքի օրենքներ, հայրենասիրություն, բարոյականություն, վախ, հուսահատություն. այս ամենն ինձ համար անտանելի է դարձել և ջղաձգությունների է հանգեցնում: Փողկապավոր պաշտոնյաները շարունակում են խոսել, ճառեր ասել: Նրանց լավատեսական հորդորներն ու խոստումներն այնքան անիմաստ են դարձել, որ մահացու ազդեցություն են ունենում իմ գիտակցության վրա: Նշանավոր դիզայներների մոտ կարած իրենց նրբաճաշակ կոստյումները հագած՝ այդ հրեշները շարունակում են իրենց բառատարափներով, ժամկետանց դեղահաբերով թունավորել մարդկանց էությունը՝ նետելով նրանց անհուսության ճիրանները, չհաշված անճարակությունն ու բազմաթիվ հիվանդությունները: Ելույթն ընդհատում է նրանցից մի պարոն, միջնադարյան թաթարակերպ բռնապետ-դեմոկրատի հրամայողական ձայնով դիմում է փոքր հրապարակում հավաքված, ամռան տապից ուժասպառ ու հոգնած մարդկանց. «Հարգելի ժողովուրդ, ստիպված ենք մեկ ժամով ընդհատել մեր ելույթները, քանի որ քաղցած ենք և գնում ենք ճաշի: Իսկ դուք մնացեք այստեղ և զմայլվեք բնության հրաշալիքներով: Ի դեպ, մեր մարդասիրությունն ու հայրենասիրությունն այնքան մեծ է, որ նույնիսկ թաշկինակներ ենք դրել բեմահարթակի եզրին: Վերցրեք և կարող եք սրբել ձեր քրտնած ճակատն ու մարմինը, ինչո՞ւ ոչ, կարող եք օգտագործել նաև որպես հովանոց: Դե լավ, սեղանն արդեն պատրաստ է, մենք պետք է ժամանակավորապես հեռանանք»:
…Պարոնները հեռացան ինքնավստահ ու հաղթական քայլերով՝ խփշտելու իրենց սպասող ճոխ կերակուրները: Մարդիկ լուռ էին: Անսովոր էր և տարօրինակ, որ լուռ էի նաև ես, բայց հասկանում էի նրանց լռության պատճառը. նրանք ուղղակի մահացու հոգնել էին՝ միմյանց հետ իրենց պրոբլեմների ու անվերջանալի պարտքերի և բանկերի տոկոսների մասին խոսելուց: Նրանք նախընտրում էին լռել և մտածել: Դա ավելի օգտակար էր՝ իրենց հոգսախեղդ վիճակից ելնելով: Բոլորին թվում էր, որ շուտով հեղձուկի կափարիչը կբացեն, և մի քիչ օդ կխաղա: Այդ անտանելի անորոշ լռությունը խախտում էին բազմաթիվ մեքենաների շարժիչների տարատեսակ ձայները: Մարդիկ հոգնած, կարծես վերջին հույսով, նայում էին առաջ: Թվում էր՝ սպասում էին Հիսուսի երկրորդ գալստյանը:
Խառնիխուռն, ուղեղներ լափող մտքերը զրկել էին նրանց մտածելու աստվածաշնորհ ունակությունից: Նրանց մեջ նյարդաուռուցքն այնքան էր մեծացել և բեղմնավորվել, որ մի քանի հարյուր տարի էր հարկավոր, որպեսզի աշխարհի լավագույն հոգեբույժները, թերապևտները և մի քանի միլիոն հատուկ մասնագիտացված սպիտակ խալաթավորները կարողանային գոնե մասամբ բուժել, վնասազերծել այդ նյարդաուռուցքը: Ես էլ էի նույն վիճակում, գուցե փոքր ինչ ավելի վատ կամ լավ: Հեղձուցիչ տոթից արդեն շնչահեղձ էի լինում, իսկ ոտքերս ծալվում էին: Որոշեցի նստել գետնին, թեև գետինն այնքան տաք էր, որ թվում էր, թե նստում եմ կրակի վրա: Մի խոսքով, հոգնածությունն այնքան էր ճնշում մարմինս ու գիտակցությունս, որ որոշեցի ինչ էլ որ լինի՝ նստեմ գետնին: Նստեցի և մատներով սկսեցի շոշափել փոքր քարերը: Մերթընդմերթ գետնին պատկերներ էին երևում: Դրանք կարծես իմ հոգում կուտակված սև նյութերի արտապատկերներն էին, որոնք նշմարվում ու փոփոխվում էին: Արդեն մեկ ժամ էր անցել, բայց պատվելի պարոնները դեռևս չէին եկել: Աչքերիս առջև մթնում էր արևի անտանելի ճառագայթներից: Գլուխս մոտեցնելով գետնին՝ աչքերս կկոցում էի՝ կարծես առանց վրձնի օգնության փորձելով պատկերներ ստեղծել: Մինչ գույներ էի որսում և փորձում աչքերս կկոցելով հարազատ, հոգեպարար պատկեր ստեղծել, ականջիս տակ զգացի անհանգիստ մարդկանց մարմինների շարժը: Կամացուկ շշուկներն իմ ուշադրությունը լարեցին դեպի ամբոխը: Նայելով նրանց՝ տեսա բազմաթիվ սպասող աչքերի մոխրակոլոլ գնդիկներ սևեռվել են դեպի արևմուտք: Հասկացա, որ գալիս էին նրանք՝ ազնվահոգի պարոնները՝ ստամոքսները ուռցրած, բխկոցներով և իրենց հնոտի կատակներով: Հարգարժան տերերը փողկապներն ուղղելով՝ բարձրանում էին բեմահարթակ, ժողովուրդը հայացքը սևեռեց նրանց:
Հաստափոր մի պարոն մոտեցավ բարձրախոսին և եզրափակիչ կոչը ուղղեց ժողովրդին. «Ուրեմն, հարգելի ժողովուրդ, մենք անակնկալ ունենք ձեզ համար: Այն մարդիկ, ովքեր ավելի ճարպիկ ու արագավազ կգտնվեն, կարող են համտեսել մեր սեղանի ուտելիքների մնացորդները: Մենք նախօրոք խոսել ենք ռեստորանի տիրոջ հետ, նա էլ տեղեկացրել է իր աշխատակից-ենթականերին, որ ձեզ անարգել թողնեն ռեստորան: Տեղեկացնեմ նաև, որ այդ ռեստորանը կարող են մտնել ամենաշատը 15-20 մարդ: Դրանք կլինեն ձեր միջի ամենաարագավազները և ճարպիկները: Իսկ ռեստորանի մնացած դահլիճները և սենյակները փակ կլինեն, որովհետև դրանք նախատեսված են մեզ նման այլ պատվավոր հյուրերի համար: Մենք եզրափակում ենք մեր այս տարվա ելույթը, և հերթական անգամ ապացուցում ենք, որ մենք ենք բոլորից ազգասեր և հայրենասեր: Մենք շատ ենք մտածում ձեր մասին: Այն մարդիկ, ովքեր դժգոհում են մեզանից, խոսում մեր դեմ, ազգադավ, հայրենադավ, երկրում տիրող դրությունը ապակայունացնող մարդիկ են: Նրանք չեն մտածում ժողովրդի և պետության մասին: Ահա և վերջ, մենք եզրափակեցինք մեր ելույթը, մնացեք բարյավ: Հիմա ես կհաշվեմ մինչև երեքը և կկտրեմ մեկնարկի ժապավենը, իսկ դուք պետք է վազեք ռեստորանի ուղղությամբ: Կրկնում եմ՝ ձեզանից միայն ամենաարագավազները կարող են ճաշակել ուտելիքի մնացորդները»: Հաշվելով մինչև երեքը՝ ազգասեր պարոնը կտրեց ժապավենը, ժողովուրդը խելակորույս նետվեց դեպի ռեստորանը՝ ճանապարհին հրելով ու կոխկրտելով միմյանց: Կարծես այնտեղ էր փրկության, անմահության արահետը: Ես վախեցած, կարմրած, ուռած աչքերով նայում էի վազքին: Պարոնները նայեցին իրար, ապա քիթները խուճուճացնելով՝ նայեցին ինձ ու վազող ժողովրդին, ծիծաղեցին՝ անդուր ու մեծ բերանները բացելով: Կարծես մրցելիս լինեին, թե ում բերանն է ավելի լայն բացվում: Նրանք հեռացան իրենց երկաթե նժույգների ուղղությամբ: Իսկ ես մնացի՝ չտրվելով սովի գարշելի ապտակներին: Ատամներս կրճտացնելով մնացի իմ տեղում՝ բեմահարթակի դիմաց՝ սփոփվելով իմ բարոյական փոքրիկ հաղթանակով: Նրանց դատարկ ու անդրդվելիության աստիճանի բութ հայացքները նույնիսկ մի քանի մետր հեռավորությունից հեռարձակում էին իրենց մտածումների խավարակալած պատկերը:
… Ես չեմ խորանում նրանց կենդանական հայացքներում և քայլերս ուղղում եմ դեպի ամբոխի՝ վազքով դղրդացող ճանապարհը: Ամբոխն ինձանից արդեն շատ էր հեռացել, և աչքերիս առջև փոքրացել, դարձել էր քոչվոր ցեղին բնորոշ մի զանգված: Նրանց շնչանոթների ձայնը ականջիս հնչում էր շատ բարձր: Կարծես նրանց շնչանոթները տեղադրված լինեին ականջիս մեջ, հնչում էին անկանոն և անհամաչափ: Ես որոշեցի դանդաղ քայլել նրանց ետևից ոչ այն պատճառով, որ դա ինձ համար զավեշտալի էր, պարզապես հետաքրքիր էր նրանց գործողությունների ընթացքը: Անկեղծ ասած՝ ուշադիր չէի լսել և չգիտեի այդ ռեստորանի տեղը: Ուղղակի քայլում էի նրանց ետևից: Հետո չնկատեցի, որ նրանք արդեն իմ տեսադաշտից վաղուց կորել են: Առանձնապես չանհանգստացա: Թեև արդեն անասելի տոթից շնչառությունս ծանրացել էր, բայց հետաքրքրասիրությունս հաղթում էր: Որոշեցի քայլել և միտքս զբաղեցնելու համար երևակայել: Օրինակ՝ իմ դիմացով տասը մեքենա պետք է անցնի, և ես այդ ընթացքում ինչքան շենք, շինություն անցնեմ. դա մտովին կդարձնեմ իմ սեփականը:
…Ես նայում եմ աջ ու ձախ փռված շենքերին ու մտքումս պահած ծրագիրը հաշվի առնելով՝ սկսում եմ քայլել՝ ուշադիր նայելով փողոցի կողմը, թե ինչքան մեքենաներ են անցնում՝ արագ հաշվելով դրանք և միաժամանակ նայելով այն շենքերին ու շինություններին, որ անցնելու եմ: Ահա և անցավ առաջին մեքենան և ես արդեն անցել եմ մեկ շենք, մեկ կրպակ և երկու խանութ. վատ չէ: Սակայն առաջին մեքենային հաջորդում է մեքենաների արագընթաց շարանը, հազիվ կարողանում եմ հաշվել, մեքենաների քանակը 4-ը կամ 5-ն էր, բայց ես ընդամենը կարողացա անցնել մեկ խարխուլ շենքի և աղբարկղի մոտով: Դեռ չեմ կարողանում ուշքի գալ, բայց նկատում եմ արագընթաց և անհամաչափ եկող մեքենաների շարքը, փորձում եմ արագացնել քայլերս, սիրտս տագնապում է, ձեռքերս սկսում են դողալ նյարդայնությունից: Նայում եմ փողոցին, մեքենաներն արդեն հավասարվում են, նայում եմ շենքերի ուղղությամբ. անցել եմ երկու հանդիպակած շենքեր: Արագ աչքի տակով հաշվում եմ դրանք, ընդամենը 3-ն են: Մնացածն անհետացել էին: Նայում եմ ետ, բայց դատարկ փողոցում ոչինչ չեմ տեսնում: Քայլերս դանդաղեցնում և շարունակում եմ ճանապարհը՝ ուշադիր նայելով կողքերս, որպեսզի բաց չթողնեմ վերջին՝ 10-րդ մեքենան: Անցա ևս 200 մետր և, ահա, հասնում եմ խստադեմ բանկերի շարանին: Իրար կպած երեք բանկերի երևակայական բաղձալի սեփականաշնորհումը ոգևորում է ինձ: Եվ ահա գալիս է շքեղ տիրուհի՝ C կլասի «Մերսեդեսը» չէ, պետք է արագացնել քայլերս, ընդամենը 15 մետր է բաժանում ինձ և «Մերսեդեսին», բայց դեռևս կա 7 մետր, որ անցնեմ բանկերը: Ու որոշում եմ վազել, վազում եմ՝ ինչքան ոտքերիս մեջ ուժ կա, ձեռքերս խառնափնթոր թափ տալով, գլուխս փոքր ինչ առաջ գցած վազում եմ և կարողանում 3-4 սանտիմետր տարբերությամբ անցնել բանկերն ու դիմացի մայթի բարձրահարկը: Ինչպիսի՜ երջանկություն. ես կարողացա հասնել իմ երազանքին. ես հարուստ եմ:
Կարող եմ հանգիստ շունչ քաշել, մի ծխախոտ ծխել: Ծխում եմ հաղթանակած՝ գլուխս բարձր ու հպարտ: Ահա և հասա ռեստորանին: Նայում եմ անվանմանը, աչքերս կկոցում, մոտենում, հեռանում և չեմ հասկանում` լատինական տառերով այս ինչ երկար անուն է գրված: Փորձում եմ կարդալ վանկ առ վանկ, տառ առ տառ՝ «Bu-man-na-zi-ba»: Բումաննազիբա. այո, ճիշտ կարդացի, բայց այս ի՞նչ անվանում է, ոնց որ աֆրիկական անուն լինի: Գուցե այս անունը դրվել է աֆրիկական ծագում ունեցող, բայց ամերիկացի մտավորական Բումաննազիբայի պատվին և նրա հովանավորությամբ էլ կառուցվե՞լ է: Բումաննազիբան ուներ բարձր ինտելեկտ և հզոր երևակայություն, նա տեղյակ էր գիտական այնպիսի ուղղություններին, ինչպիսիք են մետաֆիզիկան, դիալեկտիկան, գնոստիկան և այլն, և դրա համար պարգևատրվել էր զանազան կառավարական պարգևներով: Նաև առևտրական էր նա, զբաղվում էր աղջիկների առք ու վաճառքով:
… Մինչ ես երևակայում ու գուշակություններ էի անում այս մարդու ծագման և մասնագիտության մասին, երկհարկանի ռեստորանի պատուհաններից և դռնից ժայթքեց ամբոխը: Մարդիկ իրենց ձեռքերին էին բարձրացրել ուտելիքի մնացորդները և վազում էին հիացական ճիչերով ու հրճվանքով: Կարծես նրանք նվաճել էին արվեստի, գրականության, սպորտի և երիտասարդության բոլոր մրցանակները: Ամբոխն արագ վազում էր իմ կողմը: Ես էլ շփոթված` որոշեցի ծափահարություններով ճանապարհել մարդկանց: Նրանք իմ կողմ չնայեցին և վազեցին տարբեր ուղղություններով: Փորձեցի ոտքերս շարժել, սակայն զգացի, որ ահավոր հոգնել եմ: Ատամներս սեղմած, դեմքս ծամածռելով քայլեցի դեպի ռեստորանի ետնամասը: Տեսա ռեստորանի հարևանությամբ փռված շանը: Այնքան էի հոգնած, որ այդ փողոցային սպիտակամազ շունն ինձ թվաց փափուկ բարձ: Քայլերս ուղղեցի դեպի շունը, նստեցի գետնին, ուզում էի գլուխս դնել «բարձին»: Շունն անմիջապես գլուխը բարձրացրեց, ես վախեցա նրա անճոռնի տեսքից. «Այ քեզ բա՜ն. այս տիպի շուն էլ է լինում,- ինքս ինձ խոսեցի:- Սա նման չէ շան ոչ մի տեսակի»: Իմ խոսքերը դուր չեկան շանը, և նա սկսեց գռմռալ:
— Դե լավ, հանգիստ, հանգիստ, ես չէի ուզում նեղացնել քեզ,- անմեղ տեսք ընդունելով՝ ասացի նրան:- Ես քեզ թշնամի չեմ, մի չարանա, ուղղակի կյանքիս մեջ նման շուն չէի տեսել:
— Դե լավ, սպասիր՝ քշեմ նրանց, հետո կխոսենք,- վանկավորված բառերով, հաչոցախառն ասաց շունը:
Հանկարծակիի եկած՝ ես վախեցա նրա խոսքերից, սակայն արագ ուշքի եկա և հարցրի.
— Բայց ո՞ւմ ես քշում:
— Դե սրանց, էլի,- ասաց շունը:
— Սրանց՝ ո՞ւմ:
-Դե էս պարազիտներին,- ասաց նա:- Ես նրանց թույլ էի տվել բնակվել իմ մորթու մեջ, քանի որ մենակ եմ: Պայման էի դրել, որ նրանք պետք է միշտ ինձ հետ զրուցեն, բայց արյունս չափից շատ չխմեն: Համաձայնվել էին: Բայց ժամանակին ես տեսա, որ մարմնիս քորն օրեցօր անտանելի է դառնում և որոշեցի ազատվել նրանցից: Սկզբից ընկերաբար խորհուրդ տվեցի՝ գնալ, սակայն նրանք արդեն հարբել էին իմ արյան համով և չէին պատրաստվում հեռանալ: Օրեցօր, ամիս առ ամիս ես զգացի, որ խելագարվում եմ անտանելի քորից: Զգացի, որ արդեն ոսկորներս են մնացել: Որոշեցի գնալ դեղատուն և խնդրեցի աշխատողին՝ մաշկային մակաբույծների դեմ դեղ տալ, փոխարենը խոստանալով շնային ծառայություն կատարել նրա համար: Նրանք ինձ պլաստմասե շշով մի դեղ տվեցին, ես էլ ուրախացած եկա և սկսեցի օգտագործել այն օրեկան 2 անգամ, ինչպես ասել էր դեղատան աշխատողը: Անցավ մեկ ամիս, բայց ոչինչ չփոխվեց, քորն ավելի ուժգնացավ և մի քանի անգամ ջրափոսի մեջ ինձ նայելով՝ հասկացա, որ դեմքս փոխվում, այլանդակվում է, աչքերս, ականջներս, բերանս մեծացել, անճոռնիացել են: Միանգամից չհուսահատվեցի, մտածեցի, որ դա ժամանակակից բժշկության նորամուծություն է՝ այդպիսով նախատեսված է վախեցնել մակաբույծներին: Բայց ժամանակի ընթացքում այդ մտքերից էլ հրաժարվեցի: Իսկ հիմա արդեն անցել է մեկ տարի, ու ես ի վիճակի չեմ քայլել և նույնիսկ նորմալ շարժվել,- գլուխն իջեցնելով՝ շունն ավարտեց իր պատմությունը:
— Ոչինչ, ես քեզ կօգնեմ,- ինքնավստահ ասացի նրան:
— Չէ, արդեն ուշ է, նրանք լրիվ խմել են իմ արյունը և գնացել: Ահա էս մի փոքր պարազիտն է մնացել, ապա նայիր սրան,- ասաց շունը:
Մորթին ետ քաշելով՝ նայեցի այդ փոքրիկ պարազիտին, ջղայնացա և այնպես գոռացի վրան, որ քիչ էր մնում թոքս պայթի.
— Շուտ հեռացի՛ր, անուղեղ ոջիլ:
— Չէ, մի կում էլի՜, մի կում էլի՜,- ճղճղան ձայնով ասաց ոջիլը:
— Չէ, հեռացի՛ր, հերիք է, այս շանը կյանք չի մնացել, շուտ, հեռացիր, թե չէ կճզմեմ մատներիս արանքում:
— Դե լավ, վերջին չորս կումն էլ խմեմ ու գնամ,- ասաց նա:
Ուղեղս հանկարծ ճառագայթեց շան հեկեկացող ձայնից.
— Կարո՞ղ ես վերջին խնդրանքս կատարել: Ես գիտեմ, որ քեզ համար ընդամենը մի քոսոտ շուն եմ, բայց հույս ունեմ, որ գոնե խղճահարությունից դրդված՝ կկատարես այն:
— Ասա, իհարկե, խնդիր չկա,- հուսադրեցի ես՝ շոյելով շան գլուխը:
— Ռեստորանից երկու կանգառ այն կողմ մի աղբանոց կա. կգցես ինձ այնտեղ, որպեսզի հետո աղբահավաք մեքենայով տանեն ընդհանուր աղբավայր: Այդպես գոնե գերեզման կունենամ,- ասաց շունը:
— Այո, խոստանում եմ,- ասացի ու անմիջապես վերցնելով՝ գցեցի նրան պատառոտված պարկի մեջ ու վազեցի դեպի աղբամանը: Պարկի միջից շունը վերջին ճիգերը գործադրելով՝ շշնջաց.
— Շնորհակալություն, բարեկամ, դու ինձ չթողեցիր, որ հոտեմ այստեղ:
Ես հանկարծ կանգ առա ու բացականչեցի.
— Չէ, էս ի՞նչ ենք անում, աղբարկղը լիքն է առնետներով ու մկներով: Նրանք կհոշոտեն քեզ, ավելի լավ կլինի քեզ թաղեմ ռեստորանի ետևում: — Այո, այո, քեզ կթաղեմ այնտեղ, դա կլինի ավելի պատվաբեր:
— Դու լավ մարդ ես, ես հիմա քեզ համար փոխարենը ոչինչ չեմ կարող անել, բայց խոստանում եմ, որ այնտեղ՝ անդրշիրիմյան կյանքում, կբարեխոսեմ շների աստծուն, որպեսզի քեզ համար անփորձանք կյանք ապահովի: Նա կլսի ինձ, չկասկածես, կլսի,- վերջին բառերն ասաց շունը և փակեց աչքերը:
Փոսերից մեկի մեջ տեղավորեցի շանը, փափուկ հող լցրեցի վրան և փոքր նշան արեցի, որպեսզի տեղը չկորչի: Հետո ոտքի կանգնեցի, տխրությամբ նայեցի շուրջս և ինքս ինձ հուսադրեցի.
— Չէ, ես պետք է երջանիկ լինեմ. շների աստվածը միշտ պահապան կլինի իմ կյանքին: Ես այսօրվանից պետք է պաշտեմ միայն նրան՝ ամենակարող աստծուն՝ Աֆոլաբին: Կյանքը չի արձագանքի իմ հույզերին ու զգացմունքներին, մարդիկ` նույնպես: Ես անպայման կգնամ շների հոգիների ետևից, նրանց մոտ, իմ բարեկամ շան մոտ: Կապրեմ շների աստծո հովանու ներքո՝ իմ բարեկամ շան ընկերակցությամբ:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն