Լավ բանաստեղծելու համար
երբեմն պետք է
կեղտոտ ֆանտազյոր լինես,
հաճախ հերքես
իրականությունը,
երևակայես, թե՝
այլմոլորակային եկվոր ես:
Կարգին բանաստեղծելու համար
պիտի հավատաս
անհավատալիին:
Պիտի չլինես ոչ մեկի սիրելին,
լավ բանաստեղծելու համար՝
արժե քաշ ավելացնել՝
էմոցիոնալ դիսբալանսը
զսպելու համար
եւ վերջապես,
լավ բանաստեղծելու համար
պիտի մոռանաս
որ դու բանաստեղծ ես…
***
Ես քեզ սիրում եմ,
երբ դու անտանելի ես,
նյարդային,
մուննաթ,
տեղ-տեղ` զզվելի։
Ես քեզ սիրում եմ,
երբ ժամերով կորչում ես
և Աստված գիտի` ո՞ւր,
ինչպե՞ս և ո՞ւմ հետ քնեցիր։
Ես քեզ սիրում եմ.
թեև երբեմն հոգնում եմ
ահավոր,
իսկապես,
դա բնույթս է,
համակերպվիր,
բայց ինչ էլ լինի
օրվա վերջում
գլուխս էլի
դնում եմ խաղաղ ծնկներիդ։
Ես քեզ սիրում եմ`
երբ մեր տարբերությունները
շփում ես դեմքիս,
երբ կոնֆլիկտային ենք,
երբ չենք գտնում մեր տեղը,
երբ թունավոր ենք,
պոռթկուն ու տոքսիկ։
Իմ քայլող կատաստրոֆա,
իմ իսկական
և անտանելի,
ես սիրում եմ քեզ ՝
ինձանից անկախ
գուցե անտեղի.
Էլի ու էլի…
***
Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է
կամ գտնվում է
մաշկածածկույթից դուրս:
Երրորդ ազդանշանից հետո
կարող եք թողնել ձայնային
հաղորդագրություն։
Ուշադրություն,
կապի խափանում:
Տեխնիկական խնդիրների շնորհիվ
կամ պատճառով
այս պահին չենք կարող
իրականացնել սպասարկում։
Անկում…
Ախր մեծ բան չէր ուզածս,
լսել ձայնդ,
զգալ շունչդ՝ սառած դեմքիս,
իմանալ, լա՞վ ես:
Ես պարզապես ուզում էի հարցնել,
դեռ տեղ կա՞ ինձ համար:
Բաժանորդը ժամանակավորապես անհասկանալի է,
կամ գտնվում է
մաշկածածկույթից դուրս,
երրորդ ազդանշանից հետո
Կարող եք մեռնել…
***
Ես ուզում եմ
ինչ-որ մեկի տաք ուսերին դնել
հոգնած գլուխս:
Ուզում եմ ինչ-որ մեկի
հողոտ ոտքերին
շարել բույսեր՝
արևին տալ,
ջրել,
ջրել ու շոյել մազերովս այնքան՝
մինչև
կենդանանան:
Ես ուզում եմ ինչ-որ մեկին
նրբորեն շոշափել ափերիս տակ՝
հանց խուտուտ,
զգալ հոսանքը մերձեցման
Ուզում եմ մի անգամ
լաց լինել կարգին՝
անձրևի նման:
***
հակապոեզիա,
անխելք պոեզիա,
անտիպ պոեզիա,
վայր,
տարածք,
հարթակ կամ հարթություն,
որտեղ և որտեղից
չեն ծորում,
չեն հորդում
տոննայանոց սին
և վաղամեռիկ՝ հին դրամաները,
չափազանցությունները`
խորտակված,
խորտիկված,
խոշտանգված,
եւ այլն:
Հակադարձ պոեզիա,
ինքնաորոնման լաբիրինթ,
ինքնաժխտման,
ինքնամաքրման,
ինքնասպասարկման:
Ծորուն- վարդագույն,
dark պոեզիա,
պուպուշ պոեզիա,
ապուշ պոեզիա
դյուրամարս,
հիշվող…
ինչ էլ գրես
պարտվում ես բառին…