***
Ամեն։
Իջան ուսերիս ձեռքերը մեկի
շրջվեցի։
Ցնցոտիները մաշվել էին, չկային,
ժանգոտ գամերն էին ճոճվում դանդաղ
ոտնաթաթերին՝ արյունների մեջ
ձեռքերս տարա` բռնեմ փեշերը,
(շապիկը ինչ-որ խեղճի էր տվել)
ու մնացել մերկ…
Ձգում եմ` ճերմակ մաշված սավանս
ժպտում է թեթև…
Խռովք կար հոգում,
ալեկոծվում էր խաչակնքելիս,
գնաց, խոստացավ, որ էլի կգա,
խավարի միջից ձայն տվեց նա ինձ,
թե դուռդ փակիր, Հուդաներ շատ կան։

***
Եթե արձակեիր բոլոր կապանքները,
ու քո ներկայությունը ցնցեր,
աստվածավախությունը կորցրած
մարմնիս և հոգուս
թվացյալ անհաղորդությունը
եթե բիբերս խառնեի բիբերիդ,
իսկ ջերմությունդ`
ջերմությանս հետ
(այնքա՜ն վախվորած),
եթե օղու չափաբաժինը
մի քիչ շա՜տ լիներ,
հիմա անքուն, անձրևի տակ` ցեխոտ
գրպանումս չէի պահի օրվա հուշը,
մատներս՝
ծայրին շուրթերիդ հպումը…

***
Մինչ միտքս կհատեր կարելիի ու անկարելիի սահմանը,
Հետո կկանգներ թվացյալ դատաստանի առջև,
Լքեցի ճմրթված մարմինս,
Դարձա այնտեղ, որտեղ թողել էի իմ անցյալ ներկան:
Ես մատչելի էի ու թափանցիկ
Եվ մերկությունս հրամցնում էի
Ու համեմում կիրքս
Զգայարաններիս տարբերակումներով:
Հետո ստինքներովս վար հոսող
Գինեհամ բույրն զգացի
Ու…
Մարմինս ծանրացել էր…
Վերադարձա կիսատ թողած կեսգիշերային անիրականությունից,
Հասա իրականության մեջ լքած իմ կրքին,
(Խելագարի պես թավալվում էր անկողնում)
Ու հասկացա, որ համընթաց չենք քայլում ես ու մարմինս:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն