անահիտի մասին մաս առաջին
շորերս էստեղ էնտեղ ցրիվ տալով
հասա էն ցեցոտ եսիս
էն որ ֆոտոն միջից հանում ես
տակն անահիտ չի մնում
մի քիչ շատ հեռվում ինչ-որ երկու գիրք
թաբու
ինչ-որ գրողական ձիրք
հիմա երևի կաֆեներում նստած
ազգիս ջահել քննադատներն ասում են
վախտին լավ էլ գրում էր
իսկ հիմա
հիմա ինչ
կողքից հիմա երևի երջանիկ
կողքից երևի հիմա ֆռֆռում եմ ինձ համար
կողքից երևի հիմա արդեն
դե եվրոպա ապրած աղջիկ ա
սիրուն ու խելացի
ընկեր էլ ունի
կողքից երևի
էս ոնց եղավ անահիտն էլ գտավ բանալին ու մի սիրուն օր օդակայանից
պուուուուկ
նույն կանաչ մանիկյուրով համբուրգ-ստամբուլ
ստամբուլ-կարս
կարս-դիարբեքիր-ստամբուլ-երևան
թռա
ոչ մի բան
Երևան-ռիգա-կոպենհագեն
արռդեն պիտի
քոսոտ-փակ-տրաքած երկրից
օ, իմ վեհ հայրենիք,
երբ քեզ արդեն պիտի լքեի էլի
հոնքերդ ոլորեցիր վրաս
աշխատողին ասացի` հաճելի ա երբ հայերեն եք խոսում
լաաաաաայն ժպտաց,
թե հայրենիք ես գնում գալիս ռուսներն են քեզ բարլուս հաջող ասում
ոնց որ սովետը դեռ չի վերջացել իմ հայրենիք
այո
դու դեռ կարիք ունես ռուս սահմանապահների
ես քեզ գուցե արդեն ձանձրացրել եմ իմհայրենիք
քեզնից արդեն ձանձրացել եմ իմհայրենիք
երևի էլ չեմ լսվում իմ դաղերով
դուվ քեզ համար քո թաղերով
բաղերով
խաղերով
իմ կծու հայրենիք
իմ օպերա
իմ աբովյան փողոց
իմ պոլիտեխնիկ
իմռուբեն, իմխանջյան, իմվահան, իմմամա, իմպապա, իմբոլոր,
իմ հրապարակ ու իմ ալիսայի ճտեր
սպիտակ աշխույժ, սեվ պուտիկներով
վաճառվում են շտաաաաաաաաապ
առանց միջնորդի…
անահիտի մասին մաս երկրորդ
Ու երբ կոպենհագենի բարձր կարուսելն էր
էլի լեզու թափելով
ձրի մտնաք
ֆռռացրինք գլուխներս ու թռռանք դուրս
լավ ցուրտ էր
իմանտոնիա
ինչ-որ ախմախ պատմության համար իրար կերանք
որովհետեւ սովորաբար ես ուտում եմ իմ նյարդերը
հասկացա
եվրոպայից ահագին վատ բաներ էլ եմ սովորել իմ քրչոտ հայրենիք
իմ առատաձեռն հայրենիք
իմ սիրտը բաց հայրենիք
կոպոկ կոպեկի հաշվում եմ
ավտոբուսից որոշում եմ պլստալ առանց մուծելու
մի խոսքով
քեզ մեկ ա հետս տանում բերում եմ
լվացք եմ փռում
ճաշ եմ եփում
ֆոտո, գիրք,
կինո
ինչ որ ա է կապ չունի
սաղ եվրոպայում յութուբին կտացնում ես երգում ա,
տանը
օդեղեն
հողեղեն
գաղափարական հայրենիքում
դայլայլ, ես երգում վերջացնում եմ,
դեռ առաջին նախադասության կեսին ա
ստոպ ու մի երկու վայրկյան
ստոպ ու մի երկու վայրկյան
զզվանքդ քեզնից էլ ա գալիս
ինձնից էլ
սաղից գալիս ա
անահիտի մասին մաս երրորդ
ու երբ ամբողջ օրը ավտոբուսում նստած
ինչ-որ հիմար մահվան գաղափարներ են գլխումս պտտվում
մտածում եմ
ինչի հանկարծ ինձ թվաց
չեմ ուզում ապրել
ինչի հանկարծ մտածում եմ
ամեն ինչ արել եմ ու պատրաստ եմ գնալ
ինչ-որ տարօրինակ բաներ
ասես ես չեմ բայց ես եմ ախր իմ չոր գլուխն է մտածում ախր
երբ դիմացիս պառավը
հագնված կապնված
էն որ նենց ժպտուն են է
հա հենց տենց
ժպտում է
ու ես իր փոխարեն ծերանում եմ
ավելի կուչ գալիս
պատուհանից դուրս նայում
մեկ է
միեւնույն է այս անգամ ավտոբուսի համար վճարել եմ
բայց էլի հետաքրքիր է կգան ստուգողները թե չէ
ինչ կլինի
ու աչքս հա էլի զոլավոր շալվարով մարդու է ման գալիս
ինչպես կկարոտեմ
քեզ դանիա
որ ինձ պահեցիր վեց ամիս
որ ինձ տվեցիր պաշտպանված լինելու զգացողություն
որ ամենուր փնտրում էի
որ ինձ տվեցիր մաքուր փողոցներիդ գեղեցկությունը
երբ առաջին անգամ տեսա քեզ
մտածեցի
օ ինչ ձանձրալի ես
գիտես
հենց այդպես էլ եղավ
բայց ինչ եղավ
դու գնալով բացահայտվեցիր
քո խնդիրներով
քո կերպարն ավելի սիրեցի
հիմարիկ գժուկ
թիթիզ
անտարբեր
բաց
փակ այնքան
օ այնքան փակ
մի խոսքով կկարոտեմ
քեզ իմ վերժին տատիկ
կոտորածից մազապուրծ եղած
բուլղարիայից դանիա հասած
ինձ բազմիցս ժպտացած
հիմա հիվանդանոցում կոմայի մեջ
կամ ողջ ես կամ մեռած
չգիտեմ
կեսօրին դեռ ողջ էիր
ու ես ավտոբուսի մջ
քո փոխարեն հաշվարկներ էի անում
չիմանալով
որ պիտի մեռնես
իմ վերժին
դու կլինես հերթականն ում հրաժեշտ չտվեցի
հերթական ով հեռանում է ինձնից
մնում իմ նկարների մեջ
դու քո խորհուրդներով
ինչպես չհղիանալ
ընդամենը աղի մի հատիկով
ինչպես մնալ հայասեր
ինչպես ժպտալ ու լինել այնքան գեղեցիկ
ինչպես ուզել այն ինչ ուրիշները վախենում են ուզել
ինչպես ուղղակի անել հանուն ուրիշի
ինչպես սիրել որդուն
ինչպես կարել գեղեցիկ զգեստ ու եռանդուն ափսեները լվալ իննսունինը տարեկան հասակում…
վաղը ես հեռանում եմ
հայրենիքը
որի մասին այդքան հարցեր էիր տալիս
հեռանում եմ քեզ տանելով ինձ հետ
եթե միայն օդակայանում իմանային
թե քանի ավել կիլոգրամ եմ ամեն անգամ հետս քարշ տալիս…
Երևան Ռուբեն
Փարպեցի
բարով-խերով աշխատում էի, այսինքն ճորտություն
սկզբում 250 հետո 450 դոլարով
ծախում ամիսս
միշտ ունենալով չբավարարվաոության զգացում
ինքս ինձնից դժգոհ
անտրամադիր
անփող
Փարպեցուց Կողբացի
Սի Էմ Այ
Ռուբենի մոտ
Մանգասարյան
վազքով հիմնականում
հոգեւոր սննդիս պակասը լրացնելու համար
հևիհև
միայն ես գժի պես
արագ
թեթև
սրընթաց
Փարպեցուց Կողբացի
Բուզանդի կողքով
պատմիչից պատմիչ
դարերի միջով
տասը րոպեում
շնչասպառ ներս
Ռու-բեն
ա-նա-հիտ
-կոֆե դնեմ
Ռուբենը
ֆոտոյիս դասատուն
կյանքիս դասատուն
որ հոժարակամ պապայություն արեց ինձ
ավագ սերնդի ընկերներիցս ամենահասանելին
ջերմագին
ժպիտով`
վազել ես,
հաաաաաաաա,
Ռուբեն, ինչ կա,
ոչինչ, քեզ մոտ,
ու ես արագ
եղած-չեղածս դարսդարսելով
սկսած մասնագիտականից գործից,
հետո արդեն նեղանձնական ընտանեկան
խռովքներս
գրականություն ֆոտո
թափում եմ
Ռուբենի
լիքը լուսե ժպիտի մեջ
Ռուբենը հոժարակամ ինձ մեջք կանգնեց
ասաց անահիտը լուսանկարիչ ա, երբ ես դեռ չէի էլ
մինչ էդ Էդուրդ Պալասանյանն ասել էր անահիտը պոետ ա
հետո պոետ լուսանկարիչ անահիտը
դասատու ընկեր պապա ռուբենին
պատմում պատմում պատմում է
Ռուբենը ավարտականիս օրը ձեռքս պինդ սեղմեց
երբեմն կատակով սուրճի բաժակ էինք շրջում
ու ես հիմար ու երջանիկ
երազում էի լուսանկար ֆոտովեպ իրական հերոսներով
դեռ չեմ արել
կանեմ գրենլադիայում
Ռուբեն
Ստամբուլի գիշերները հիշում ես
հյուրանոցի կտուրին
ղարսը բեյրութը
էսօր էրեխեքին պատմում էի
թե ոնց գիշերեցինք շիա արաբի տանը
զեյնաբենց
ռեստորանները
գիշերները
էս անահիտը որտեղ պատահի քնում ա
Ռուբեն օրորոցայինը
ուր մնաց
մեր հարբած երջանիկ օրերը խրատները խորհուրդները
գիտես կարոտել եմ
ախր
Կողբացուց Իսահակյան
կարող էի ոտքով էլ գնալ
բայց ճամփին մի երկու բան խոսում էինք
հիմա
պատուհանիս մոմ է վառվում
ու դեղին ծաղիկներ կան
քեզ համար են
չեմ հիշում
դեղին սիրում ես…
անահիտի մասին մաս չորրորդ
հետո էլի
կապ չկա
բայց միեւնույն է փորձում ես անհույս
բայց էն թաքուն հույսով որ կգամ անպայման
մեկ էլ հանկարծ կպնի
ու միանա ջիմեյլը
դու միջից ինձ գրես
գրես սկյուռ բարեւ ուր հասար
ես էլ մի վայրկյանում գռռալեն գրեմ
բարեւ հասա հիմա պրագա
շուտով կթռնեմ երևան
գալիս եմ
էս էս էս եմ հագել
կամ հակառակը
ուֆ
հերթական քո չսիրած քո ուֆը
դեռ մի քանի ժամ էստեղ եմ
չգիտեմ էլ ինչ անեմ
գալիս եմ իմ նույն հնամաշ գաղափարներով
բայց մի րոպե
ստոպ
չէ
հեչ էլ այդպես չի
այդպես չի էլ եղել
ես միշտ տեղից տեղ պոկվելիս տոգորվել եմ այնքան
այնքան ուրախացել
ամեն անգամ գնալուց առաջ հուզվել
սովածացել
հետո կորցրել ուտելու ախորժակս
փորձել հրաժարվել մարիայի պատրաստած համով թխվածքից
հայկական գլազուրով
ես չասացի էլ
որ դա հազիվ թե հայկական լինի
քանի որ ինձ դուր եկավ
գլազուրն հայկականացնելու գաղափարը
ու ես բազմիցս բազում բաներ չեմ ասում
չեմ իմանում ասել թե չասել
հուսամ աչքերս չեն ենթարկվում
իմ հրահանգներին
ու տալիս են սերը
հայացքում
ես ընկերներ եմ ձեռք բերում
փորձում պատմել պատմությունհներ
երբեմն մոռանալով մասնագիտականի մասին
անում եմ բաներ
շալը որ նվեր էի ստացել իմ շատ կարոտելի պայծառ տատից
ով դիարբեքիրրի էն երեք հատիկ հայերից մեկն է
սարգիսի կինը
սարգիսը
ինչպես փորձեց դողդոջուն ձեռքերով գրել հայերեն տառերը
ինչպես որ կտրատում էր հացը
եկեղեցում պատարագի ժամանակ
ու շարում այն ոսկեգույն ափսեի մեջ
փոքրիկ պատառիկներին տալով խաչի տեսք,
որը վերջում կերանք
սարգիսը տառերին նայեց զմայլանքով
ասես փորձում էր սովորել
այդ տարիքում
նոթատետրը
որտեղ բազում նշումներ ունի թուրքերենով չեմ կարող հասկանալ
այսպես իմ շալը
ինձ համար անգնահատելի
բայց հասարակ մի բան
ես նվիրեցի գյուլնարային
գյուլնարան
շատշատշատ խելացի աղջինակ է
ապրում է բագարանում,
հիմա գյուլնարան գիտի պայծառ տատին
հիմա գյուլնարան մի անգամ իր հերթին կպատմի
պայծառ տատի մասին
ահա ֆոտոժուռնալիստիկան
թե չէ մաստեր կլասեր
կապեր
ծանոթություն
առաաաաաաաաջ գնալ
կարիերա
առաջ
քնել սրա նրա հետ
տպվել այստեղ այնտեղ
էհեեե
ես տպում եմ պարզ հայկական հիշողությունում…
անահիտի մասին մաս հինգերորդ
հետո գալիս ես ու հայրենի կողպված փողոցներ
նոր կանաչ տռտռիկ ավտոբուսներ ու վտանգի չափն անցած բարձր նստարաններ
հիմա հիմա դուրս կթռչես պատուհանից
հհ վարչապետը կարող ա ասի
դե փոքր նորաստեղծ հայրենիք
դեռ աշխատողներ չկան
ու երևի նախնական հայրենիքին իր տան հասցեով գրանցի մինչեւ
գրասենյակ
աշխատողներ
ունենան
իսկ մինչ այդ տեսակցել ցանկացողները
պետք է զսպեն իրենց ցանկությունները
վերեվից ներքեվ փակ պրոսպեկտ
փակ նախագահի նստավայր
հետո
պատերազմի դաշտ դուրս եկած միլիցիոներներ
արագ արագ
աջ մտի աջ
անասունի ծնունդ ում հետ եմ
արագ
լեզուդ էնտեղ կոխած լուռ ու հնազանդ տանել կարողանաս բոլոր վիրավորանքները
հայրենիք ջան
մինչ նոր հասցե ունենաս ու եթե բախտներս բերի
մի երկու կիրթ աշխատող
աբովյանից երևան իջնելու համար գազել չկա
մենթերը ճամփեքն են փակել
իմ նման խեղճ մահկանացուները կանգառի ստվերում կանգնած երկար կսպասեն
հետո
հիշելով նստվայրը
հիշելով
հրապարակում իր հերթական ճառն ասող իբր ընդդիմադիր տնաքանդին
ու խեղճորեն հեղափոխությանը հավատացող ռոմանտիկներին
երազեցի
երանի դեռ դանիայում լինեի
ավազներին պառկած
ու չնայած երրորդ տեսակի մի ազգ
բայց գոնե մաքուր ավազ
ու ծով
անահիտի մասին մաս վեցերորդ
վերջապես հետ եկա
ուղեղս մտքերս հոգիս ու ես
միայն հայաստանինն են
միայն ղարաբաղ աբովյան երեվան
միայն մամա պապա
քույր եղբայր ընկեր բարեկամ
միայն արտերկրում ապրող բարեկամներ
միայն արվեստագետների երբեմն ձանձրույթի աստիճան ոչ պրոֆեսիոնալ անհամ գործեր
միայն
կանաչ լույսի տակով անցնողին քրֆող վարորդ
միայն
միայն անահիտ հայրապետյան
ինքն իր մեջ կռիվ տալով
ախր
մենք էսպես չէինք խաղում
ախր ես բիզնեսից հեռու մարդ
ախր ես էփող թափող
ավլող սրբող դասավորող
ախր ես
ինչպես վեր կենամ գնամ
ախր ուրիշ տեղ ասֆալտի մեջ այսքան կարկատան չկա
ու կարկատանի մեջ այսքան ասֆալտ չկա
մի խոսքով անցնում էի
չգիտես ինչի հենց այդ փողոցով
չգիտես ինչի տեսա նրան
չգիտես ինչի
ամաչեցի
չգիտես ինչի
գրողը տանի
ախր մենք այսպես չէինք խաղում
դու իզուր հեռացար
ես իզուր չհղիացա
ես իզուր գնացի հետ եկա գնացի հետ եկա
սպառնացի վերջին անգամ որ էլ հետ չեմ գա
որ էլ երեսս չես տեսնի
որ ասածս ասած է
ու էլի առաջվա պես գողտրիկ կամացուկ
եկա
վերջապես հետ եկա
ուղեղս մտքերս հոգիս ու ես
միայն հայաստանինն են…
անահիտի մասին մաս կարծեմ յոթերորդ կամ տաղ անձնական
ես ներվային
ես մենակ
ես իմ մեջ գլխով ականջներով ոտնաթաթերով
փաթաթված
բաց կանաչ վերմակ ու բարձ
պատուահնի տակ քայլող զույգեր
տղաներ տղաներ տղաներ
քուրո անցիր տեղ մի տեղ սպասիր
գազելի վարորդին դիմելու պես
չգիտեմինչ ակնկալիքներով
սեւ անթրաշ
մամայի դեմքին թռնող հաստատ
երկու կոպեկ չաշխատող կամ չգիտեմ գուցե հարուստ էշի մեկը
քայլում եմ երեւանի փողոցներով
արդեն ուշ ա
էնքան ուշ
որ դեռ փողոցում լիքը անցուդարձ կա
գիշերային շներ
փողոցային ու անտեր
փսփսոցով անուշ են անում մեր կերակրի մնացորդները
քաղաքում միեւնույն է աղմուկ է
էնքան շատ
որ հազիվ լսելի է սրտիս բաբախյունը
հազիվ լսելի են հեռախոսիս զանգերը
իսկ քաղաքում արդեն մութ է
էնքան մութ
շատ մութ
դու մայթին
վաղուց արդեն
դեմքիդ մեղմ լույս է
վաղուց արդեն դու մենակ
դու ներվային
իմ մեջ գլխով ականջներով ոտնաթաթերով
փաթաթված
բաց կանաչ վերմակ ու բարձ
պատուահնի տակ քայլող զույգեր
տղաներ տղաներ տղաներ
հատված անահիտի մասին մաս ութերորդից
նա սիրում է իր գեր էգին
օ լյա լյա
լիքը մրգեր սոված էշին
տրա լյա լյա
ամպը սպիտակ գունատ երկնին
դղրդաց
ես մի օր էլ քեզ մոտ կգամ
տրա լյա լյա
անահիտի մասին մաս իններորդ
գիրանում եմ
առավոտյան պաղպաղակ
հետո գարեջուր
լուսանկարչական ապարատս փոշու մեջ կորած
հալից ընկած
իմ ախպերն ու մարդը
իմ սիրածն ու կիրքը
հիմա անտեր
ես գրում եմ տեքստեր
ինձ թողնւմ են զանգեր
դրսում
դրսում դե փոշու ամպեր են
դրսում արև
դրսում կարճ շորտերով ես փորձում միզել որձի պես
ինչպես սովորեցրեց անտոնիան
ես
քո հիմարը
ում կարելի է խաբել շոկոլադի մի սալիկով
իմ սիրտը
իմ մազերը
իմ գլուխը
լցված հևոցներով
փակ աչքերս
ագահորեն կրծած շուրթերս
պոկած լեզուս
ուտեմ ինձ
հետո լվամ ափսեներս
հետո դասավորեմ դրանց իրենց տեղերում
հետո հավաքեմ եղած չեղածը
դուրս գամ էս ֆեյսբուուքից
ու մոռանամ որ ես գրում եմ տեքստեր
որ ինձ թողնում են զանգեր
անահիտի մասին մաս տասներորդ
հալվում եմ անձրեից
բայց
շոկոլադ չեմ
թռնում եմ քամուց
բայց
աշնանային ծառին դեղնած տերև չեմ
վառվում եմ
հուզվում եմ
մաշվում եմ
պոլի շոր չեմ
սեղանի սփռոց չեմ
էլի կանգնում փողոցի մեջտեղում մեկին ասում
կանաչ ա դեմդ նայիր
ինքն էլ ինձ տուտուտու
եռահարկ սիրուն
տեղային ու հարեվանախառը լեզվով
էն որ տանը չես ասի
էն որ կնկադ չես ասի
էն որ աղջիկդ լսի ամոթ ա
բայց ես իր աղջիկը չեմ
ես
մեռնում եմ սովից
կարոտում գիրը
ես տրվում եմ անմնացորդ
բայց
ես տրվում եմ անմնացորդ
դու չես հասնի մյուս ափ
նավդ շուռ կգա
սիրտդ կխառնի
մազերդ քամուց կծածանվեն
ներս մտնես տոթից կվատանաս
դու
ձուկ չես
տանը
պատերի արանքում
հատակի ճաքերում
մի կում ջրի համար
մթան միջով
արաջ
փախած
կուրորեն
դու
խավարասեր
սեվ մեջքով
երկար բեղիկներով
օ այնքան սեքսուալ
բայց ես խավարասեր չեմ
ու քեզ չեմ սիրում
ու ես
ավելով
քյալլիդ
դըդըխկ
հետո սավոկի մեջ
հետո
զուգարան
շըռռռռռ
ջուրն էլ հետեւից
մաս հերթական
բոլոր պերսոնաժները հորինված են որեւէ մեկին նմանեցնելու դեպքում հեղինակը պատասխանատվություն չի կրում
ուրեմն
հերթական անիրական զառանցանք
որ կարող էի լսել քեզնից իմհայրենիք
մեղադրել մեղադրյալին մեղադրելու համար
զրպարտել զրպարտչին զրպարտելու համար
չսիրել քեզ սիրողին
քո խեղճ որդիներին հասնողներին
լինել ինչպես միշտ արդեն դարեր շարունակ
հաստաոռների
կաշառակերների
էն անտերը տնկվածների կողքին
ախր իմհայրենիք
ախր ինչքան
ախր ինչքան քո թշվառ
մայրական զգացմունքները
տարածես
քո ստոր զավակների
քո լերկ լեռների
քո հոտած բնության վրա
ախր ինչի էսպես պիտի լինի
ախր եվրոպացին անտառներ ունի
ախր քո հպարտ անցյալը քեզ մոտ միայն
հիվանդի
սուր
տձեւ
ապուշ
մի խոսքով
սեվակ ականջդ կանչի
վթարները միշտ մոդայիկ են
ոստիականները միշտ խելացի են
միշտ ճիշտ են ուժեղները
ու թույլերի մոտ անմեղ
հասկանում եմ
գրածս անգամ ոտանավոր չի
ոչ էլ գրական փառատոնին մասնակցելու գործ
ոչ մի բան
բայց քո վիշտը
ինձ են տվել
քո ցավն իմն է
քո դատն իմն է
մենք բոլորս մեղավոր ենք
մենք բոլորս միայնակ
անզոր
մենք բոլորս քո անտեր երկրի անտեր քաղաքացիներն ենք
շարունակություն
դու սիրում ես փլավն ուտել թավայի միջից
դառնում եմ թավա
աչքերդ պլշած
տեսնում եմ բերանիդ խոր խոռոչը
տեսնում եմ ատամներդ ողջ ճարմակությամբ
տեսնում եմ քթիցդ հոսացող ջուրը
քանի որ իմ միջի փլավը տաք է
շատ տաք
դառնում եմ բրնձի հատիկ ու գնում ներև
այնքան ներքեվ
որ լսում եմ հեռվում սրտիդ բաբախյունը
բերանդ բացում ես որ խոսաս
մոռանում
ուտելիս խոսել չի կարելի
մանկապարտեզյան ճշմարտությունը
որ էդպես էլ չհասկացա
մոռացա
հիմա բրինձն էի
իջնում եմ ներքեւ ու կորում քո խմած ջրի մեջ
հահահա
ինչ կայֆ ա լողալը ստամոքսիդ պատերի մեջ
ես
քո մեջ եմ
էն պահից հենց ինձ տեսար
հիմա արդեն հեռանալ չես կարող
քանի որ դուրսն անձրև է
շուտով աշուն ու ձմեռ
հետո գարուն ու ամառ
այս չորս եղանակներին հեռանալ չի կարելի
պետք է մնալ
ես
մենակ
դու
հիմա սերիալ ես նայում
սերիալի երկրպագու
պարում սերիալի աղջկա հետ
իսկ ես լուսանկարում եմ սերիալի հերոսին
ու չեմ պարում նրա հետ
նա միայն ինձ հրաժեշտ տալիս համբուրում է ձախ ականջս
ասում մնաս բարով