Սիրում եմ
Ես սիրում եմ օրը՝ լցված քեզնով,
Մայրամուտն եմ սիրում քո շնչով լի,
Եվ հայացքդ՝ թաքուն հույզ ներշնչող,
Գալարումն եմ սիրում քո աչքերի:
Գալարումն եմ սիրում քո աչքերի,
Եվ տանջող է դառնում սպասումը,
Այս գարունն էլ կանցնի, չի համբերի,
Ու կպարի գունեղ մեր աշունը:
***
Վեղարեցիր երազներս բոլոր,
Ճամփաներս մոլոր շղթայեցիր,
Խուճուճ-մուճուճ սեր էր, որ տվեցիր,
Որ տվեցիր դու ինձ ու խլեցիր:
Սեթևեթ պար էր՝ շորոր-մորոր,
Խնդմնդացիր անհոգ ու գնացիր,
Եվ մեզնից ո՞վ է, որ գլխիկոր
Կանգնել, սպասում է վերադարձի:
Բաժանում
Աչքերումդ թեյի փունջ,
Մարող բոհեմ նշմարեցի,
Եվ տարավ ինձ քո համրությունը,
Քեզ՝ իմ լռությունը ցավածին:
Այտերիս արցունքի կաթիլ էր սովորականից թունդ,
Որ հոսում էր
Թեյի փունջ քո աչքերից:
***
Ինձ չբերես սպանված վարդեր,
Մորթված մարգարտածաղիկ,
Մեռնող շուշաններ…
Ես ծաղիկներն անքաղ եմ սիրում,
Երբ ապրում են և ապրեցնում:
Եվ երբ հեռանաս և գան նոր սերեր,
(Գուցե և չգան)
Նույն հորդորն եմ նրանց հղելու.
Ես կակաչների և նարգիզների
Հրեշտակը չեմ…
***
Բարև:
Սա ես եմ՝
Տեղ-տեղ երջանիկ,
Քիչ-քիչ հարմարվող,
Մեկ-մեկ չարացող,
Շուտ-շուտ զղջացող,
Մի քիչ նորարար,
Ընդմիշտ սիրահար,
Վախից դողացող,
Կարոտից կիզվող,
Ցնդող, համբարձվող,
Եվ փյունիկի պես
Վերստին հառնող: