Գաղթ
Կերգի քամին,
Կպարի տերևը,
Փողոցը կլցվի ձայներով էլի,
Խանութը կեռա հաճախորդներով,
Այգին՝ մարդկանցով՝ բազմագույն, բարի,
Կսուլի բախտը
(Մեկ-մեկ էլ անախորժ կսուլի),
Բայց ոչ ոք չի նկատի,
Որ մեկն էլ չկա էլի…
Կարոտիս քառակուսին
Սիրտս ճչաց
Ու դուրս ցատկեց պատյանից,
Ուղեղս ապահարզան ուզեց ինձնից,
Իրերն հավաքեց, որ հեռանա,
Բայց սիրտս ճչաց նորից,
Հոգիս վայր ցատկեց քնից,
Երազանքս ջնջեց երազիս միջից,
Եվս մի օր գլորվեց՝
Մտրակվելով կարոտից:
Մենակություն
Շատ հաճախ ինձ թվում է,
Որ ես մենակ եմ
Հողագնդի վրա խակ:
Շատ հաճախ ինձ թվում է,
Որ ես օտար եմ,
Մի ասուպ եմ երկնքից պոկված,
Ջերմությունը հավերժ սպառած…
Հաճախ թվում է ինձ,
Որ ինձ դադարել է ինչ-որ բան թվալ:
Իմը չեն աչքերը որդուդ
Աչքերիդ մեջ շունչ կա,
Կա կյանք ու սեր կա,
Աչքերումդ՝ կրակ,
Երգ ու աղոթք կա…
Աչքերումդ՝ ուրիշի աչքեր՝
Օտարի աչքեր կան,
Որ չեն ծխում սեր…
Աչքերումդ փոքրիկ մանկան՝
Քո մանկան, աչքերն են, որ կան,
Որ իմը չեն բնավ…
Ուզում եմ
Ուզում եմ, որ մեր տան դուռը բացվի,
Հայրս իր տեղը զբաղեցնի,
Մորս ժպիտը հեքիաթից
տեղափոխվի իրականություն,
Ուզում եմ,
Որ եղբայրս տուն դառնա,
Ուզում եմ աշխատանք գտնի հարևանս,
Եվ հաց՝ շունը հարևանիս…
Ուզում եմ բժիշկը բժշկի,
Երգիչը երգի իրապես,
Պոետը ապրի իր գրածի պես,
Նկարիչը նկարի վերջապես,
Ուզում եմ քաղաքիս դարպասները բացվեն,
Ու փակված մատուռները գործեն…