Նվիրում եմ
ԷԼՖԻՔ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ…
Խավարից հոգնած երկինքը ապաստան է գտել քո աչքերում: Իր արևը հեռվում թողած` ջերմանում է քո երազանքով, որը լողում է` առավոտը առագաստ դարձրած:
ՕԱԶԻՍ
Մի օր, տարիների սպասումից հոգնած իմ աչքերում կուտակվող վիշտը կշարժի բախտի խիղճը և նա իբրև ողորմություն կժպտա ինձ անամոթաբար: Ու գլխի նարոտը ուղելուց հետո, զարմանքով գրանցելով հույսի առկայության փաստը, կստորագրի իմ երջանիկ լինելու թույլտվության թերթիկը: Եվ ես երջանիկ կլինեմ, կլինեմ երջանիկ ինչպես առաջ…
…Հայացքներին, համբույրներին, հանցանքներին կհետևի կրկին սպասումը, սպասումը հանուն…
…և իմ աչքերում նոսրացող վիշտը տեսնելով իմ նարոտազարդ« երախտամոռ հոգին, կժպտա ինձ ներողամտորեն` զգալով աչքերս բարուրած Փոքրիկ աստվածային աչուկների ջերմությունը…
Որոնումներ, թափառումներ, սեր, հայացքներ, համբույրներ, երջանկություն, հանցանքներ, երջանկություն, փոքրիկ աստվածային աչուկներ, ջերմություն…
Մի օր, տարիների սպասումից հոգնած իմ աչքերում հեղեղվող արցունքները կշարժեն բախտի խիղճը, բայց, ավա՜ղ, ես չեմ լինի……
ԳՆԱՄ, ԱՐԵՎԻՆ ՄԵՐ ՏՈՒՆ ԲԵՐԵՄ
Դեռ ողբում է կյանքը, երբ ամեն անգամ այցելում է բաղձանքների արցունքե գերեզմանին: Ծխում է հոգին ու թոշնած սիրտը թողնելով հեռանում է…
ՆՎԻՐՎՈՒՄ Է ՄՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ
«… Եթե կուզես հաղթել մահվան` ծիծաղիր վրան և նա ամոթահար կլինի: Ու եթե, այսուամենայնիվ, կամենա հոգիդ առնել, ներսում ափսոսանք կզգա: Իսկ դա մարդու հաղթանակը պիտի համարել»:
Լեռ Կամսար
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱՆ
Երբ աշխատանքից տուն եմ վերադառնում, բարևից հետո առաջինը հարցնում եմ.
-Մա՜մ, խանութից առնելու բան չունե՞ս:
Դրական պատասխանը հավասար է երջանկությանը:
Սուլո՜ց:
Շը՜խկ, շըխկ, շըխկ…,- ու այդ պահին ժպտաձև կաղապարվում են նրա աչքերը:
— Խանութ ենք գնում:
Նա անհամբերությամբ է սպասում իրար զարնվող գարեջրի շշերի ձայնին, ինչպես հավատացյալը` եկեղեցու զանգերի ղողանջին:
Շըխկ, շըխկ, շըխկ …,- Ես եմ կոչնակը. Այդ պահին ժպտաձև կաղապարվում են նրա շրթունքները:
Նա առաջինն է փողոց նետվում, առաջնորդի դրոշը թափահարելով ` պոչը վերև ցցած, մերթ ընդ մերթ գլուխը իմ կողմ դարձնելով:
Ամեն անգամ, տուն վերադառնալուն պես, նա չի մոռանում լիզել իր գլուխը շոյող ձեռքը:
Շը՜խկ, շը՜խկ, շը՜խկ …