Երևակայություն
Փա-կիր կոպերդ
Հոգնած են… փակիր,
Կապիր ձեռքերդ
Լուռ ու մունջ, կա-պիր,
Փա-կիր բերանդ,
Դուրս չգա
Ոչ մի բառ
Ոչ մի տառ
Դուրս չգա
Վտանգավոր է
Նըս-տիր, չշարժվես,
Միայն դավով է
Նա եկել կարծես,
Դա հարկավոր է:
Գլխարկավոր է
մոտենում գիշերը,
Գիշերը դրժել է այն ինչ
վերհիշել է.
Մրսել է սարսուռը,
դրսում սարսռում է,
Արևը այրվում է արևամուտին,
Աստղերը բաշխվում են,
Աստղերը բախվում են,
Աստղերը թաղվում են,
Կատարյալ մթին
Փա-կիր, անուրջ է,
Ամենն այս անլուրջ է,
Կապիր կամուրջը
Գույներով կա-պիր.
Թա-փիր այդ սուրճը,
Թա-փիր քո շուրջը,
Միայն չթափես
Եվ ոչ մի կաթիլ,
Կա-թիր… Վերև ես,
Իջիր ցած,
Սթափ-վիր…
Դու ուշաթափվիր,
Ամենն այս երազ է,
Երազում երազում են
Երազ տեսնողները,
Բա-ցիր կոպերդ,
Այս սնողները
Կրկին ստում են,
Քեզ չեն սնելու,
Սնահավատ ես,
Քեզ սպանելու են,
Ես անհավատ եմ,
Քեզ ստանալու են
Սերասպանները
Ու սպանելով
Կշտանալու են
Շատանալու են
Շուտ արա
Փա-խիր:
Միայն ասում են
Ասում են` դրսում սաստիկ տոթ է:
Իսկ ես ասում եմ.
— Այդ մթնոլորտն է ինքն իր ներսից
Ճառագայթ տալիս,
Որ չմրսի այս անզոր օդը:
Ասում են երկինքը այսօր աղոտ է,
Իսկ ես ասում եմ, որ այդ աղոթքն է
Աստղերը սփռում վեր
բարձրանալիս,
Հիմա իմ վերքն էլ ասես աղոտ է,
Այն մրմռում է ու սաստիկ լալիս,
Իսկ մարդիկ ասում են՝ ամոթ է:
Թե ավելորդ է սիրելը անգամ,
Ատելը նույնիսկ անչափ ցավոտ է,
Իսկ սիրո հանդեպ աշխարհը արդեն
Վաղուց անտարբեր ու անհաղորդ է:
Օտար ու խորթ են
աչքերը մարդկանց,
Երբ նայում են լուսավոր կետի,
Գուցե նախընտրել՝ մեկմեկու մորթել
Քան հավասարվել այս
«բարձր» գետնին,
Բազում թրթուրներ` անցյալի որդեր,
Թիթեռներ դարձած գնում են, գալիս,
Տուր ինձ որևէ գունավոր թել
Որպես նշան վառ ապագայի,
Եվ ես կներկեմ նրան ամրությամբ,
Կփորձեմ ամբողջ գույները ոթել՝
Միայն թե այդքան գույների մեջ
Սև ու սպիտակը եսիս չուղորդեն:
Աստղազարդ գիշեր
Աստղազարդ գիշերը
Պարզ չէր այս գիշեր,
Թաթախված էր
Սև գույնով վախի,
Արթնացնում էր
Սև ու մութ հուշեր
Նվիրում էր քեզ
Արյունով թախիծ…
Աստղազարդ գիշերը
Մերկ էր այս գիշեր
Աստղե՞ր էին վառ
Թե՞ երկնաքարեր,
Գուցե գիշերն էլ
Սևանց մշուշ էր
Որը տևում է
Տարիներ, դարեր…
Աստղազարդ գիշերը
Լուռ էր այս գիշեր
Այն ողողված էր
Լռության ճիչով,
Այս մի գիշերը
Լրիվ ուրիշ էր,
Կարծես անցնում էր
Աչքերիդ միջով…
Աստղազարդ գիշերը
Սառն էր այս գիշեր
Թափանցիկ էր
Ինչպես մի սարսուռ,
Գուցե գիշերը
Քեզ է վերհիշել,
Եվ քեզ է փնտրում
Ընկած դռնեդուռ…
Աստղազարդ գիշերը
Չկար այս գիշեր,
Թաքնվել էր
Հեռու ճամփեքին
Օգնիր ինձ կրկին
Նրա հետ հաշտվել
Նա է ընդունակ,
Դեղ լինել վերքիս…
Աստղազարդ գիշեր,
Կգա՞ս այս գիշեր
Կթակե՞ս դուռս
Արևածագին,
Թող գիշեր լինի
Միշտ, օրուգիշեր,
Թող արևն էլ հենց
Գիշերը ծագի…