բաղնիքում տկլոր աղջիկներին
սովորեցնում էին մերկանալու արվեստը
արհեստ- ավելի շուտ ու ավելի ճիշտ
կասեր պապս ապուպապս
կնոջը հնձվորի հոգնած
կրքից նվաղած աչքերով նայելով
գերեզմանի մեջ
գերեզմանից առաջ
ինձ հասկացան եկվորները
այլմոլորակայինների աչքերով
սրտով մազաչափ չտարբերվող
գնացածների
հավերժ բաբախողմեռած
այսքան ապրել կլինի
մեռածների կողքին ողջ
ողջերի մեջ մեռած

աղջիկը աման լվանալ
արդուկ անել գիտեր
բացի այդ նայում էր այնքան
համեստ
տուն տանելու ապրանք
փեսա ջան բարով վայելես

հետո ըստ սցենարի գրված
ծափահարություններ
մի քիչ լաց որովհետև
աղջիկը շատ էր համեստ
ու կուսությունից զրկվելու
տարբերակը թվում էր անպարկեշտ
թվում էր
չէ իրոք թվում էր

ունքերը կարկինով գծած
երգչուհին
շատ էր անպարկեշտ
ասեցի բարի երեկո
ասեց բարև քուրո

գիշեր էր
երգչուհին ավելի սև էր
քան գիշերը

մտածում էի
աշխարհը չի վերջանա
առանց ինձ զգուշացնելու
գոնե մի sms
սուրհանդակ քամի
էլ.փոստով ուղարկված
երկու բառ
Աստված
Տեր
Փրկիչ
լսում ես
ձայն հանիր

հեռախոսս էր
գիտեի Աստված էր
պարզվեց ընկերուհիս է
-սիրահարված սփյուռքահայ
սիրիր դու ինձ մինչև մահ
տուր ինձ դու քո ողջ սերը
ես քո տիրոջ

թվում էր սիրում եմ
բայց շատ էր ճիշտ
կանաչ լույսի տակ
չէր անցնում փողոցը
չէր գոռում չէր բարկանում

ես էլ քաղաքավարի
տղա էի տեսել
չտեսի պես սիրահարվեցի

ասում են ինչն ես սիրում
ինձ հարցնում եմ ինչն եմ սիրում
ու
աշխատանքից կգամ տուն
կհարցնի ինչպես անցավ օրդ սիրելիս
ճաշ կպատրաստեմ
կասի շնորհակալ եմ սիրելիս
կքնեմ
առավոտյան կարթնանամ կասի
բարի լույս հոգյակս

չէ շատ է լավը
ինձ համար չէ

չի ծխում
չի խմում
չի հայհոյում
չի ստում
չի շնանում
չի սպանում

չի հասկանում թե ինչպես կարող է
աշխարհը պլստա ոտքիդ տակից
ու դու մնաս մենակ
մենակ նրանց մեջ
մենակ նրանց կողքին

մետր վաթսուներկու հասակով
երկար թարթիչներով
բնականից սևահեր շիկահերը
ինձ նայում էր տնավորված շան
ապահով տաք փայլելու
հակում ունեցող աչքերով
ու չէր հասկանում
թե ինչ գործ ունեն աշխարհում
թափառական շները

փոքրիկ տան օդանցքից
ծիկրակող աշխարհը
այնքան բարի էր
տնավորված հարսների
սփյուռքահայ տղաների համար

գիշեր էր
սև ավելի քան երգչուհին

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն