Անտառում
Ես, որ նկարելուց հետո գրեթե ուժասպառ ընկնում եմ բազմոցին ու ննջում` այդ օրը որոշեցի զբոսնել: Արվեստանոցից վերցրի հնամաշ ուսապարկս և հավաքելով ինձ անհրաժեշտ պարագաները` գնացի քաղաքից դուրս հանգստանալու: Անտառածածկ մի գեղեցիկ ձորակ գտնելով` իջա մեքենայից ու հաստաբուն ծառի հովին բաց երկնագույն ծածկոցները փռելով` պառկեցի, որ քնեմ: Առօրյա լարվածությանն այլևս չդիմակայող աչքերս անմիջապես փակվեցին ու անջատեցին ուղեղս իրականությունից: Գարնանային նորելուկ կանաչի հոտը ըմբոշխնած համարյա քնել էի, երբ մեկը թփթփացնելով ուսիս արթնացրեց ու սկսեց վազել: Հազիվ հասցրի նկատել տարօրինակ սիլուետը, որ ամբողջ ուժով վազում էր ծառերի արանքով և կանչում ինձ: Ապահովության համար վերցրի որսորդական դանակս ու վազեցի ետևից: Նա վազում էր, անդադար վազում: Ես հազիվ էի կարողանում ծառերը շրջանցել և նրան աչքիցս բաց չթողնել, իսկ նա վազում էր, խենթի պես վազում ու կանչում, կանչում…
Այլևս անկարող էի, շնչահեղձ էի լինում, չէի դիմանում նրա վազքին, հայացքս լողում էր ու մթագնում, երբ հասա ցորենագույն մառախուղին ու թմրած ոտքերս տարուբերվելով` վերջապես ինձ տապալեցին գետնին: Տերևածածկ գետինը գրկաբաց ընդունեց մարմինս ու մառախուղը քաշելով վրաս` թողեց, որ քնեմ: Երազներիս գիրկը գնալով` հանդիպեցի այն արարածին, ով կանչում էր ինձ ու վազում, վազում… Նա եկավ, շոյեց մազերս, նստեց կողքիս և շշնջաց.
-Երանի քեզ, որ տեսար ինձ, հավատացիր, ու եկար իմ ետևից, քանզի ես ոչինչն եմ և հետևելով ինձ դու հասար ամեն ինչի:
Երանի քեզ, որովհետև…
* * *
Ես, որ նկարելուց հետո գրեթե ուժասպառ ընկնում եմ բազմոցին ու ննջում` այդ օրը որոշեցի զբոսնել: Արվեստանոցից վերցրի հնամաշ ուսապարկս և հավաքելով ինձ անհրաժեշտ պարագաները` գնացի քաղաքից դուրս հանգստանալու…
ԾՂՐԻԴԸ
Ամենն, ինչ տրված էր ինձ` անհետացավ մեկ վայրկյանում: Ամեն ինչ շուրջս քարացավ, ամեն ինչ պատվեց փոշով: Անիմաստությամբ շրջապատված` ես լուռ նստել էի սենյակիս անկյունում և գծում էի մաքուր թղթերի վրա:
Մութ էր… Սենյակս աղոտ լուսավորում էր լուսինը: Հատակին ցրված մաքուր թղթերն անդրադարձնելով լույսը` անիրական միջավայր էին ստեղծում շուրջս, սակայն դա էլ չէր հետաքրքրում ինձ, և ես որոշում էի որոշում կայացնել: Ճիշտն ասած չգիտեի ինչ որոշում եմ ուզում կայացնել, բայց երկար ժամանակ մտածում էի` կայացնե՞մ, թե՞ ոչ…
Չգիտեմ դեռ որքան պիտի այդպես նստեի, երբ պատուհանիս բաց փեղկից ներս մտած ծղրիդը սկսեց ճռճռացնել: Սկզբում թվաց, թե ձայնը դրսից է, բայց քիչ անց հասկացա, որ այն իմ սենյակում է, և ես այլևս մենակ չեմ: Ուրախությունից ոգևորված ծղրիդին բռնեցի ու տեղավորելով ապակե տարայի մեջ` դրեցի սեղանիկին:
Երկար ժամանակ ծղրիդը ձայն չէր հանում, հետո սկսեց ճռճռացնել և այս ու այն կողմ թռչկոտել: Կիսախավար սենյակում նրա ձայնն ավելի էր զրնգում ու սենյակը լցնում խինդով: Ես, որ այդպես էլ որոշում չկայացրի, որոշեցի կերակրել ծղրիդին ու չորացած գաթայի փշրանքները թափեցի տարայի մեջ: Ծղրիդը լռեց…
Առավոտ էր…
Արթնացա` բազկաթոռին նստած: Դիմացս` փոքրիկ սեղանին, ապակե տարրայի մեջ ճռճռում էր ծղրիդը: Քնաթաթախ գնահատեցի նրա ներկայությունն ու բաճկոնը ուսերիս գցելով` դուրս եկա տանից:
Անձրևիալճակները շրջանցելով` հասա խանութ, գնեցի նախաճաշի համար անհրաժեշտ մթերքը և արդեն կիսաթաց` վերադարձա: Մրսում էի և ինձ թվաց, թե ծղրիդն էլ է մրսում: Իսկույն միացրի սալօջախն ու ապակե տարան դրեցի նրա մոտ:
Մութ էր…
Անիմաստությամբ շրջապատված` ես լուռ նստել էի սենյակիս անկյունում և գծում էի մաքուր թղթերի վրա: Սենյակս աղոտ լուսավորում էր լուսինը: Հատակին ցրված մաքուր թղթերն անդրադարձնելով լույսը` անիրական միջավայր էին ստեղծում շուրջս, սակայն դա էլ չէր հետաքրքրում ինձ…
Սալօջախի մոտ դրված ապակե տարան վաղուց պայթել էր ու բեկորները շպրտել սենյակով… Ծղրիդն այլևս չկար…
Ամենն, ինչ տրված էր ինձ` անհետացավ մեկ վայրկյանում: Ամեն ինչ շուրջս քարացավ, ամեն ինչ պատվեց փոշով…