«Ռոբինզոն և 13 պատմվածք» ժողովածուն
2007 թվականին գրական մամուլում երևացին Արամ Պաչյան ստորագրությամբ պատմվածքներ: Արդեն 2009 թվականին Արամ Պաչյանը արժանացավ «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի ամենամյա մրցանակին տարվա լավագույն պատմվածք անվանակարգում, իսկ 2010-ին գրական մամուլում տպագրված պատմվածքների հավաքածուն արժանացավ ՀՀ նախագահի գրական-երիտասարդական մրցանակին:
2011 թվականին լույս տեսավ Արամ Պաչյանի պատմվածքների անդրանիկ ժողովածուն` «Ռոբինզոն և 13 պատմվածք» խորագրով (Երևան, «Գրական էտալոն»):
Ամբողջական ու հավաք գիրք, և այս դեպքում ողջունելի է, որ Արամ Պաչյանը դեռևս 2009-ին գիրք հրատարակելու հնարավորություն ունենալով, հրաժարվել է այդ պատեհ առիթից և սպասել իր գրքի ժամանակին, աշխատելով ու ամբողջացնելով բնագիրը:
Արամ Պաչյանի պատմվածքները աչքի են ընկնում անպաճույճ պատումով, նուրբ զգայական շերտերով ու հոգեբանական հարուստ ընդգրկումներով: Արձակագիրը յուրահատուկ տեքստ է ստեղծում: Գրողը օգտագործում է պատումային տարաբնույթ եղանակներ. կա նամակագրական ժանրին բնորոշ պատում, օրագրային գրառում, վերհուշապատում և այլն: Ամեն դեպքում պետք է նշել, որ Արամ Պաչյանի տեքստը առաջին հերթին ներսի հոսքով է առանձնանում: Ներսի գործոնը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ գիրը ինքնագնացի պես զարգանում է բնագրային մակարդակներում: Հեղինակի միջամտությունը մտքի, կենսազգայության, գործողության ընթացքի զարգացումներին գրեթե բացակայում է: Այսինքն բնագիրը կայանում է իր ներքին օրինաչափությունների համաձայն:
Արամ Պաչյանի պատմվածքների մեջ մի քանի էական կնճիռներ կան, որոնք հեղինակի համար գիր անելու դրդապաճառ պետք է համարել: Այո, այս դեպքում պետք է կարևորել գրի հոսքը: Խոսքը ներքին եփման մասին է, որը կայացման մի ամփոփ փուլ է անցել և եռքին հաջորդել է ստեղծագործական ընթացքը: Ես վստահ եմ, որ Արամ Պաչյանը չի նստում ուղղակի պատմվածք գրելու, չի «մենամարտում» սպիտակ թղթի դատարկության հետ. նա պատմվածք է գրում ամեն պահի ու ամեն վայրկյանի, ներքին եռքից մղված, ասենք` փողոցում քայլելիս, սրճարանում սրճելիս, թե գրախանություն գիրք գնելիս և մնում է սոսկ կատարումը: Վստահ եմ, որ կատարման ընթացքում ինչ-որ բան կորչում է, բայց ի պատիվ Արամի պետք է նշել, որ նա կարողանում է սոսկ իր համար գրվածի հիմնական սերուցքը պահպանել, փոխանցել թղթին և էներգետիկ լիցք հաղորդել ու ամբողջացնել-ամփոփել պատումը:
Արամ Պաչյանի պատմվածքների հիմքում ընկած հիմնական կնճիռներից է արժեքի, բացարձակի քայքայումը: Տոտեմի արժեզրկվելուն արձագանքում է հեղինակի ցավը, որն էլ վերածվում է գրի: Մարդկային գիտակցության մեջ նախնական գոյի ժամանակներից ի վեր ձևավորվել են արժեքներ, որոնք բացարձակ են, անձեռմխելի, և ամբողջացնում են մարդու հոգևոր կեցութակերպը:
Այն ինչը բացարձակ է եղել, գրեթե պաշտամունքի է արժանացել, ինչից ակնածանք է ունեցել մարդը, խորին հարգանք, Արամ Պաչյանի պատմվածքներում հանկարծ դառնում է սովորական. շոշափվում է անշոշափելին: Այստեղ առկա է նաև ստեղծագործ մարդու մի ներքին-հոգեբանական ազդակ որին հետաքրքիր ձևակերպում է տվել Վաչե Եփրեմյանը. «Մարդը չի վստահում անփոփոխին, հավերժին, անսահմանին, շարունակ ձևափոխվողը որևէ բան, ասենք` արժեկարգ, չի պարտադրում, այդ պատճառով էլ սիրելի է ու թանկ…»[1]: Կարելի է ասել Արամ Պաչյանի պատմվածքները այս պատճառով էլ սիրելի են ու թանկ:
Պատմվածքից պատմվածք քայքայվում են հազարամյակների ճանապարհ անցած մարդու պատրանքներով կառուցված արժեքները:
Դրանք ավելի շուտ պետք է համարել արքետիպեր, քանի որ այնքան ամուր են հաստատված մարդու ենթագիտակցական ոլորտներում, որ հաճախ չեն ենթարկվում բանականության քննությանը: Արամ Պաչյանը մարդու ենթագիտակցական շերտերն է բացահայտում և բախում է ստեղծվում բանականության և ենթագիտակցական հոսքի ու հոգեկան արժեհամակարգի ընկալման միջև:
«Ճանապարհ հեծանիվով» պատմվածքում թել-թել, մազանոթ-մազանոթ կազմաքանդվում է պատանեկան սիրո պատրանքը: Սրտի նուրբ թրթիռները, շիկնանքը հասունացող պատանու կենսափորձով անցնելով վերածվում են բնազդային ակտի: Իրար են բախվում ցնորքն (ենթագիտակցություն) ու իրականությունը (բանականություն), որոնք եզրեր չունեն միմյանց հետ.
Ցնորքը` «Իմ խախուտ հեծանիվը փոխել էր իր ուղղությունը, 21 փողոցից հենց դուրս էր գալիս, ասֆալտին փոխարինում էր Լիայի կաթնագույն մաշկը… Նա գլորվում էր Լիայի մարմնով, ելնում–իջնում նուրμ ակոսները, հեծանիվը ինքն իրեն ղեկավարելով` մոռացել էր ինձ` իր հավատարիմ տիրոջը…»էջ 28:
Իրականությունը` «Նա գրկեց վիզս, ու էլ չեմ ուզում հիշել, թե ինչ կատարվեց… Սիրեցի նրան` սիրեցի ինձ… Հիմա էլ չէի մտածում, ուր որ է ներս կմտնի հայ արդարադատության մարտիկը ու… Միայն թե չկտրվեր քարկապված թելը… Ես պատմեցի նրան իմ քաղցր երազախաμությունների ու թաքուն արարքների մասին, որոնց գլխավոր կերպ արը նա էր… և սիրեցի, սիրեցի, սիրեցի ինչքան ուժ ունեի… Նա ինձ ասաց, որ տասը տարի իր կյանքում տղամարդ չի եղել, ներողություն խնդրեց և երկար լաց եղավ…» էջ 37:
«Շախմատային նովել» պատմվածքում հերոսի ստեղծած հերոսի մահը սոսկ ֆիզիկական կորուստը չէ, այն մահ է ամեն առումներով:
Պարզ է, որ յուրաքանչյուր ոք իր կյանքում ճանաչողության նախնական փուլում հերոս է կերտում իր համար, բայց պարտադիր գալիս է այն օրը, երբ նա առոք-փառոք թաղում է այդ հերոսին: Այդ հերոսի կործանումն է ընկած պատմվածքի հիմքում, և գրողի խորունկ ցավը, կարեկցանքը ոչ միայն հերոսին, այլև իր անձին և ընդհանրապես մարդկությանն է ուղղված:
«Աշխատանք-աշխատանք», «Թռչուններ», «Վերադարձս», «Տխուր նավակներ» պատմվածքներում արձակագիրը պատկերում է մերօրյա մարդկային սոցյալական հարաբերությունները և դրանց ազդեցությունը մարդկային ճակատագրերին: Աշխատանք փնտրող ու այդ պատճառով թափառականի վերածված երիտասարդը, «Աշխատանք, աշխատանք» ակամա մարդասպան զինծառայողը «Թռչուններ», հանուն երեխայի օրվա հացի մարմնավաճառությամբ զբաղվող աղջիկը «Վերադարձս», մարտի մեկին կույր փամփուշտի զոհ դարձած պատանին, ով չէր հասցրել անգամ գրպանի բուլկին ուտել «Տխուր նավակներ» այն երևույթներն են, որոնք աներևույթ տեղից տեղացող հարվածների պես քայքայում են գեղեցիկ պատրանքը և վերածվում են դաժան իրականության: Սա Արամ Պաչյանի բողոքն է կյանքի թերությունների, անարդարությունների դեմ: Իր նոբելյան բանախոսության մեջ Վարգաս Լյոսան մի հետաքրքիր միտք է հայտնում, որը տեղին է մեջբերել Արամ Պաչյանի պատմվածքների առիթով. «Ով պատրանքների մեջ է փնտրում այն, ինչ չունի, առանց այդ բանն ասելու անհրաժեշտությունն ունենալու, չգիտակցելով անգամ ասում է, որ կյանքը, այնպիսին, ինչպիսին կա, բավարար չէ հագեցնելու բացարձակի հանդեպ մեր ծարավը՝ մարդկային էության հիմքը, և որ այն պետք է ավելի լավը լիներ»[2]:
Պատրանքի կարևոր մասը կազմող բացարձակի, արժեքի, կատարյալի, քայքայումը կամ անկատարացումը Արամ Պաչյանի պատմվածքներում մի քանի ածանցումներ ունի:
Ամենաընդգծվածը` հավերժորեն հայր-որդի բախման, որդու աչքում ամենազոր հոր մարդեղենացման, ճանաչողական-փիլիսոփայական շերտերով հարուստ հարաբերությունների ու ներքին բախումներով հագեցած զգայական բնագրի ստեղծումն է հեղինակի կողմից: Կա հոր մասին պատրանքը և կա մարմին-հայրը: Դրանք հիմնովին տարբեր երևույթներ են:
Արձակագիր Վահագն Գրիգորյանը «Թագավորի կրտսեր որդին» վիպակում գրում է. «Մենք երբեք մեզ չենք կրկնում, մենք միշտ կրկնում ենք մեր հայրերին»[3]. ժառանգական-գենետիկ ամենաուժեղ կապը մարդկանց միջև: Չեմ հավակնում պատասխանել, թե ինչու են անհամատեղելի հայրը և որդին: Շատ մտածողներ բազում դարեր են վատնել այս կնճռոտ հարցին տարբեր մեկնաբանություններ տալով, բայց ի վերջո ոչ սպառիչ:
Մանկահասակ որդու աչքին հայրը ամենա—ամենա—ամենա-ն է: Բայց ահա տարեց տարի ճանաչողության հետ մեկտեղ մանուկ-որդու աչքի առջև հասունացման փուլերով պայմանավորված, կամաց-կամաց բացահայտվում են հոր մարդկային թուլությունները: Տեղի է ունենում արժեքի տևական քայքայումը, որի ընթացքը հոգեբանական լուրջ ազդեցություն է գործում որդու (մարդու) վրա: Մարդու անկատարությունը սկիզբ է առնում հե՛նց հոր անկատարությունից: Սովորաբար այստեղից հետո մարդը սկսում է կրկնել հորը` ծառայելով աշխարհին: Սակայն կա մարդու մեկ այլ տեսակ, որը իրեն է ծառայեցնում աշխարհը: Այստեղ գործում է հայտնի «բիճ»-ի ֆենոմենը: Բայց աշխարհի կարգն այնպիսին է, որ հորը պարտադիր կրկնելու այս գոյակերպը տարածվում է ամենքի վրա: Բիճն էլ իր հերթին պարտադիր ինչ-որ նոր բիճի ծնունդ է տալիս, կրկնելով հորը և պահպանելով կյանքի տրամաբանական շղթան: Սակայն բիճը պարտադիր ապահովվածության զգացում ունի, քանզի ականատես չի եղել ու չի մասնակցել բացարձակ պատրանքի քայքայման ընթացքին:
Վաչե Եփրեմյանը վերոհիշյալ հոդվածում առանձնացնում է գեղարվեստական տարածության մի կատեգորիա, որը անվանում է «հնարավոր իրականություն»: Արամ Պաչյանը ևս ստեղծում է իր «հնարավոր իրականությունը», որը սակայն պետք է համարել ապահով կենսատարածք: Արժեքների նման արագընթաց քայքայումը առաջացնում է ապահովության բացակայության զգացողություն: Հեղինակը փնրտրում է մի տարածք, որտեղ մարդն իրեն ապահով կզգա: Եվ քանի որ «հնարավոր իրականության վերադարձը, ըստ էության և ըստ երևույթին, հնարավոր չէ, հետևաբար բոլոր փորձերը ձախողվում են»[4], ուստի Արամ Պաչյանը ինքն է ստեղծում ապահով տարածականությունը իր բնագրում:
Ապահով տարածության վառ օրինակներ են ճամպրուկը, որտեղ երեխաներ են ապրում, տատիկի անբաժան տուփը, ուր գտնվում են երիտասարդ տարիքում մահացած պապի ճերմակող մազերը «Երկու պատմություն սիրո մասին», շախմատի խաղատախտակը, ուր տեղավորվել պատանի շախմատիստը, մեկուսանալով արտաքին կյանքից, թափանցիկ շշերը, ուր հերոսը տեղավորում է հորը «Թափանցիկ շշեր», Տորոնտոն, որը պատրանքից դուրս մի սովորական նկուղ է, Ռոբինզոնի կղզին որին անընդհատ ձգտում է մարդը` օտարվելով աշխարհից: «Ծանր սրտով հեռացա կղզուց, տեր իմ, հետո եղա բազմաթիվ այլ կղզիներում, որոնք չէին տարբերվում միմյանցից, ամեն տեղ մարդիկ էին, ովքեր պատերազմում էին տխրության դեմ, իսկ ամենասարսափելին մինչև տիեզերք հասնող աղմուկն էր, որի ներքո սովորել էին հանգիստ ննջել: Մի տեղ չկա աշխարհում, որ նավակ պատրաստեմ ու գամ քո ետևից, գիտեմ` տարիներով անհամբեր սպասում ես, հավատով, որ մի օր թակելու եմ պատուհանդ: Ես դեռ հույսս չեմ կորցրել: Այստեղից մեկնելու եմ Կանադա` «barka»-յի համար ծառ փնտրելու, բայց տեր իմ, թեկուզ և հնարավոր լինի այն պատրաստել, մտածե՞լ ես, արդյոք, ո՞ր ուղղությամբ ենք կողմնացույցը թեքելու, ի՞նչ ենք անելու, որտե՞ղ ենք կղզին փնտրելու: Հարցերը մտահոգիչ են. ես ամեն օր աղոթում եմ քո խաղաղության համար»: Տեր իմ, հուսով եմ` հանդիպման ժամը մոտ է, դու պատրաստ պահիր անհրաժեշտ սնդուկները» էջ 8: Թերևս սրանով է պայմանավորված նաև գրքի վերնագիրը` «Ռոբինզոն և 13 պատմվածք»: Ռոբինզոնը, որքան էլ կտրված լիներ աշխարհից ու մարդկությունից, և որքան էլ իր վիճակը այդ պատճառով ողբերգական համարեր, ամեն դեպքում ուներ իր ապահով տարածությունը, ներքին ազատությունը, որը գուցե «հնարավոր իրականություն» է մեկ ուրիշի համար: Այսպես Ռոբինզոնի համար իր ներսն ու կղզին նույնական են իբրև արժեհամակարգ:
Արամին հաջողվում է իր գրի մեջ ստեղծել այն ապահով կենսատարածքը, որի բնակիչն է դառնում նաև ընթերցողը: Ֆանտաստիկ-ցնորային պատկերումները այնքան զգայական ճշգրտություն ունեն, որ ապահով տարածությունը իրական ու շոշափելի է դառնում: Սա գրողի կարևոր բացահայտումներից է, որը ենթադրել է տալիս, թե հանձին Արամ Պաչյանի հայ արձակը նոր տարածականություններ է բացահայտում ու նոր երանգ է ձեռք բերում: Մնում է Արամը ավելի ընդլայնի իր բնագրի աշխարհագրությունը, ավելի հարստացնի միջավայրը, բնակեցնի նոր հյութեղ հերոսներով:
[1] Տե՛ս, Վաչե Եփրեմյան, «Հնարավոր իրականություններ», «Նարցիս», թիվ 2, 2010, էջ 23:
[2] Վարգաս Լյոսա, «Գովք գրականությանն ու պատրանքին», «Նարցիս», 1, 2011, էջ 6:
[3] Տե՛ս, Թագավորի կրտսեր որդին, Երևան, 1974, էջ 132:
[4] Տե՛ս, Վաչե Եփրեմյան, «Հնարավոր իրականություններ», «Նարցիս», թիվ 2, 2010, էջ 23: