***
ինձ ավազի հատիկներից եմ հավաքել
կամաց կփչես
քամի
ինձ նոր եմ գտել
տես չկորցնես
ինձ ես եմ տնկել
ջուր տուր
ծարավ եմ
ես սխալվել եմ։
ինձ ո՞վ է տեսել
ինձ ո՞վ է գտել
ինձ ի՞նչ են արել
ես սխալվել եմ։
ինձ հետ տվեք ինձ
ինձ շուտ տարեք տուն
ճամփին չկորցնեք
հարմար տեղ դրեք
որ չկոտրվեմ
ինձ ավազի հատիկներից եմ հավաքել
քանդիր թե կարող ես
քամի
ոչ մի նորություն չկա
ականջներում լսվող ոտնաձայները
նույնն են
ինչ մեկ տարի առաջ
ծանոթների դեմքերը
անունները
կորչում են գլխում
մտնում ինչ-որ տեղ
դուրս չեն գալիս
սուր ծակող ցավը աչքից հասնում է
աջ ու ձախ ուսը
ծակում թուղթը
պատը
ձեռքը
ափը
գամում փայտին
ոչ մի անգամ չլինելով
լինելուց հետո փորձում ես
ոչ մի անգամ չմոռացվել
ոչ մի տեղ չլինելով
լինելուց չես կարող հեռանալ
ոչինչ լինելով
ուզում ես դառնալ ամեն ինչ
չկան բառեր
որով գրվի ցնցված հոգու մագնիտուտը
չկա մեկը
որ հասկանա
քո աչքերով
քո զգացած
աղբանոցի բլուրների
անապատի ու քաղաքի
անհնարին համակեցման
թթված կյանքի
պլաստմասի
կերակուրի մնացորդի վառված հոտը
ու թվում է ոչինչ չկա ինձնից բացի
ռեքվիեմ 
ինչքան հնարավոր է ինձ բարձր կրակեք
ճամփեն քանդած
ավտոն քանդած
շունը քանդած
նեռվը քանդած
ինձ բարձր կրակեք
եթե հնարավոր է
ազատությունը քանդած
մարդը քանդած
գիրքը քանդած
մա
եթե այսօր քնեմ
կարթնանա՞մ վաղը
մա
եթե ինձ ներես
կսխալվե՞մ վաղը
մա
մի թող գնամ
այնտեղ այնքան մութ է
մա։
ինձ բարձր կրակեք
ես սխալվել եմ
ուզում եմ ընկնել։
ինձ բարձր կրակեք
չեմ ուզում ընկնել։
մա
եթե հետ գնամ
կօգնե՞ս։
ինձ նետեք բարձր
հասնել եմ ուզում
անցնել եմ ուզում
ծակել եմ ուզում
ծռվել եմ ուզում
քանդվել եմ ուզում
հալվել եմ ուզում
տեսնել եմ ուզում
ՔԵԶ
ՔԵԶ
ՔԵԶ

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն