ԱՐՑԱԽ
Ինձ չներես, երկի՛ր,
Թե քո գիրկը չգամ,
Հայրենի տան շնչին
Ականջ չանեմ անհոգ,
Որպես գերդաստանիս
Վերջին պանդուխտ վկան,
Չխառնեմ քո սիրուն
Կարոտներ ու մորմոք։
Ինձ չներես, երկի՛ր,
Թե քեզ կարոտ ընկնեմ
Մռայլ քաղաքների
Ճամփաներին երկար,
Եվ վերքերին քո սուրբ
Ես չդառնամ ընկեր`
Որպես վշտից պոկված
Քո լեռների մի քար։
Ինձ չներես, երկի՛ր,
Թե անունդ տալուց
Իմ մարմինը ցավից
Չկծկվի հանկարծ,
Արցունքերիս միջից
Խոր հավատը գալու
Չխառնվի մարմնիս
Դողին` որպես մի կայծ։
Ինձ չներես երկի՛ր,
Թե ետ չգամ մի օր,
Եվ չվառեմ օջախն
Հայրենական իմ տան,
Գերեզմանին չընկնեմ
Իմ վաղամեռ եղբոր…
Եվ ծնկներիս վրա
Վերջին շունչս չտամ։
***
Գրկիր ինձ մայրի՛կ, գրկիր ինձ ամուր,
Մանկության հեքիաթն իմ առջև բացիր,
Լացելու համար աշխարհում անհուն
Ուրիշ տեղ չունեմ քո գրկից բացի։
Գրկիր ինձ մայրի՛կ, գրկիր ինձ ամուր,
Պատմիր ինձ անցած օրերի մասին,
Հիշո՞ւմ ես այնտեղ քնքշանք էր մաքուր…
Կապույտ երազ էր ու կապույտ լուսին։
Գրկիր ինձ մայրի՛կ, գրկիր ինձ ամուր,
Կանչիր ինձ նորից իրիկնահացի,
Օրերս վաղո՜ւց տվել եմ քամուն
Եվ հնար չունեմ հետ վերադարձի։
***
Կապույտ լեռներից հոսում է առուն,
Ցոլում է նրա հայացքը երկինք.
Ծննդավայրի բերկրանք ու գարուն,
Նախահայրերի օրհնանք ու կնիք։
Խարխլված հավատ
կյանքի պայքարում,
Ժայռերում ծնված լուսեղեն ծաղիկ,
Մանկության անհաս կարոտը բարու
Եվ տխրությունից արարված աղջիկ։
Ցորյան արտերի շշուկ ու արյուն,
Վերադարձի կանչ, եզերք հայրենի,
Ամեն ինչ՝ այնքա՜ն պարզ ու մնայուն,
Ամեն ինչ՝ այնքա՜ն սեր ու հայրենիք։
Արևը որպես կարոտ ու տենչանք,
Անհասից կախված երազանք լուսե,
Մահը՝ տխրության նաիվ հառաչանք,
Թե հայրենիքի սերը չի հյուսել։
Անհասի մասունք և պայքարի ջանք,
Հույսերից ծնված բախտի առասպել,
Թևերը կտրած թռչունի տանջանք,
Որ ոգով երկնի անհասն է չափել։
Խավարին ընդդեմ լույսի ներշնչանք,
Ընդդեմ արցունքին հաղթություն վսեմ,
Ամեն ինչի մեջ՝ տառապանք ու կյանք,
Ամեն ինչի մեջ՝ հայրենիք ու սեր։
Խաղաղության մութ ճանապարհի երգ,
Գարնանաբույր տենչ ու հույսի անուրջ,
Հոգու մեջ՝ կարոտ,
վերքի մեջ՝ նոր վերք,
Անթեղից հառնող երազանք ու շունչ։
Հոգևոր խոսքի չմարող խարույկ,
Հավատի աղոթք՝ արցունքից սերված,
Ողբի օվկիանում մոլորված մակույկ
Եվ տառապանքից խռովված Աստված։
Բնությամբ օժտված արարչական ուժ,
Որ կյանքի հանդեպ երազ է հյուսել,
Ամեն ինչի մեջ՝ տխրություն և հուշ,
Ամեն ինչի մեջ՝ հայրենիք ու սեր։
***
Չէ՛, աշխարհում շեղ է մի բան
Եվ խորթ է ինձ այնպե՜ս…
Տառապանքս առնեմ, գնամ
Հեռուները անտես։
Ասում են, թե այնտեղ տխուր
Աղբյուրները իմ ջինջ
Կարոտի մի թել են հյուսել,
Սպասում են դեռ ինձ։
Ասում են, թե կորած սիրո
Երազներից մաքուր
Մի ծաղիկ է բացվել նորից
Խորհրդավոր այգում։
Ամպը քամուց փախել թաքուն,
Ձորի մեջ է իջել,
Եվ մանկության մի երազ է
Քամին նորից հիշել։
Ո՞վ է այստեղ ինձ հասկանում.
Որբություն է հոգու…
Գնամ հեռու անտառները
Եվ հոտն առնեմ մարդու։
Քնեմ հողի փափուկ կրծքին,
Ուր մոշ էի քաղում,
Քաղց է այստեղ հոգևորի,
Երազների թաղում։

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն