***
Դու կարող ես ապրել մնացած կյանքդ.
խմել, ծխել, բարևել, ամուսնանալ:
Ու կյանքը քիչ-քիչ կնմանվի ժեստերի լեզվի:
Հետո գրիչի վարքը թղթի վրա
Բրայլյան այբուբեն կթվա.
հարված ուղիղ, ծակիր թուղթը, էլի ծակիր,
թուղը շրջող չկա:
Օրերը կշարունակեն երկարել կամ կարճանալ
բանաստեղծության նման:
Բանաստեղծության նման:
***
Ծաղկանոցների և աղբամանների
արանքում կորած քաղաք:
Տրոլեյբուսի երթուղիներով
մասերի բաժանված:
Ասֆալտի տակ կքած:
Իմ քաղաքն է,
որտեղ ոչ մի մահացու մեղք չեն գործել:
Որտեղ Չաքմաքչյանը պարզապես
պիտի թույլտվություն ստանա,
որ կարողանանք տեսնել իր Քայլող մարդը:
Իմ քաղաքն է,
որտեղ ատրճանակներն անհանգիստ են
մարդկանց ձեռքերում:
Որտեղ բոլորը խաղադրույք են անում
և միշտ պարտվում երջանկության հարցերում:
***
Դու չես կարող մտնել ծածկի տակ,
երբ անձրև գա ու փախչելու տեղ չլինի:
Չես կարող պատասխանել նրանց,
ովքեր որոշել են քո փոխարեն ամեն բան:
Չես կարող պառկել մահճակալին,
և թաքնված դառնությամբ հետևել՝
ինչպես է օրը փակվում պատերի հետևոմ:
Երբ մենակ ես,
դու ժամանակի զգացողություն չունես:
Ես չեմ կարող գրկել քեզ:
Դու բանաստեղծություն ես:
***
Բառերը միշտ լիքն են,
ու միշտ վաղ է խոսելու համար:
Արդեն ժամանակն է խոստովանել,
որ մենք մնացինք բանաստեղծության տակ:
Դժվար է բեռնաթափել բառերը: