Հորիզոնը կարճում է լայն աշխարհը,
ես տեսնում եմ գետերը՝ բաց թողնված մարգագետիններում,
լսում առանց մանգաղի աշխատող իտալացիների երգերը,
որ մեղեդի են դառնում՝ վանկն իսկ չարտասանած,
գնացքների կայարանները՝ գերբեռնված հեռացողներով,
սպասողների գետնաքարշ հերթերը հանդուրժող,
նրանց ճամպրուկների դժկամորեն պայթող ճռռոցը
և ականջներից դուրս թափվող բառերը հնչուն։
Հորիզոնը կարճում է լայն աշխարհը,
ես տեղից տեղ եմ թռչում շվվացող վագոնում,
փորձում որսալ ուղղությունը՝ թիկունքին հակառակ,
որ սիրտս դուրս չթռչի Ջենովա-Վենետիկ գնացքում,
մինչդեռ կարգավարը անթաքույց սաստում է ինձ՝
սովորեցնելով կարդալ ուղետոմսը՝ ինձ ոչ ձեռնտու,
և հարմարվել ընթացքին, որ անջատվում է մեկնակետից,
գնում, գնում, գնում և ճանապարհ է դառնում։
Հորիզոնը կարճում է լայն աշխարհը,
ես տեսնում եմ Տիգրան Մեծի գահակալությունը,
մեռնող աստղերի հեռացումը և հարսանիքը ծնողներիս՝
անգնահատելի հեռվից ու անսահման հնարավոր,
Գյոթեի հետ ճամփորդությունը Վենետիկում, օրագրից հետ մնալը,
Փինք Ֆլոյդի համերգին գոռալս Սան Մարկո հրապարակում,
արմնկաչափ փողոցներում սփռված դիմակների տակ թաքնվելը
և վազելը նավերի հետևից՝ կուլ տալով հոսանքը տամուկ։
Հորիզոնը կարճում է լայն աշխարհը,
ես տեսնում եմ նռների ճայթոցը բրեզենտե կոշիկների տակ,
խաղողի օշարակի վառոցը՝ կոկորդներում զինվորների,
փակվելը ճանապարհների, խանութների դարակները դատարկ,
անուշեղենը՝ ձեռքից ձեռք խլվող, կարկատանները ապրումների,
վախից կկոցվող աչքերը, փամփուշտների արձակվելը հասցեական,
բացվող ոտքերը հրանոթների, արկերի ընդվզումը թռիչքից առաջ,
հրետանավորների խրոխտ հրամանը՝ մարտի՛, մարտի՛, մարտի՛։