***
Հանդարտությունն ու վստահությունը,
խանդն ու իրար տանջելը
առանձին, մեկը մյուսից զատ
չեն ստիպի սիրել,
բայց բոլորը միասին
կսովորեցնեն զգալ…

***
Մեծ տանն անկյունները շատ են,
ու հիշողությունները թաքնվելու տեղ ունեն,
դրանցից փախչելու հնարավորություն էլ կա.
պատուհաններ ուր ասես կան,
միայն թե քամին հյուսիսից չփչի…

***
Քարտեզի վրա միայն սահմաններ,
ու Հատիսը, որ եղյամից հետո
մի բուռ ջուր է տալիս ցորենին,
ծերացել է ոչ միայն տարիներից.
միշտ էլ պարզապես ծերանում են…

***
Եվ ավելի բարձր, քան արևելքը,
զգուշավոր ճանապարհներով, առանց շվաքների,
հեռավոր, գունավոր լուսնի նման.
խաղաղությունը…

***
Երկիրը ինչ-որ տեղ հիմա
ճիշտ և ճիշտ դեղին է,
սահուն կլոր, անհարթ վանդակավոր,
կապտած,
ինքնագրկումից գլուխկոնծիացած,
այնտեղ մարդիկ գարնան մասին խոսելիս
ասում են՝ կգա,
իսկ հենց ձմռան մասին է՝ եկավ,
բայց տարբեր է մերինից.
երկու մետր քառակուսու մեջ
ամեն բան տակավ առ տակավ ուրիշինացել է.
չարդուկված, զոլավոր, կարաքանդ վերնաշապիկ է կյանքը,
նման այն մարդուն,
որ պատի ծեփին բանաստեղծություններ է գրում
վանդակավոր արևների մասին….

***
Կիսով չափ լիքն եմ քեզնով
կիսով չափ դատարկ,
պարադոքսի նման,
ծարավ պահերին
աչքովդ ընկած բաժակի պես,
սահում եմ երազիդ վրայով,
կիսով չափ մրսած, բոկոտն, քնահար,
կիսով չափ խարխափելով…

***
Կեռիկով սև անձրևանոցի,
գնալու,
«քաղաքում անձրևներ են»-ի,
թաց փողոցի,
քո մասին էլ եմ գրում,
չլացես…

***
Ագռավները ննջել են էլեկտրականության լարերին
և կաղնու ճյուղերին,
շենքի տանիքից
թղթե ինքնաթիռներ են ընկնում,
վթարի ենթարկվում՝
պատրաստված քաղաքային թերթից,
որի չորրորդ էջին միշտ
մահազդներ էին լինում…

***
Դու խամաճիկ ես,
չես լալիս, երբ սիրում եմ քեզ,
պատրաստված ես կավից,
ինչպես Ադամը,
դու պարում ես, պարում ես,
ես պարել չգիտեմ,
կիսատ-պռատ գրում եմ
Եվայի ու քո մասին,
դու խամաճիկ ես,
երկար թելերով,
որ կառավարում եմ մի կերպ…

***
Ուզում էի կուլ տալ, շնչել,
սուզվել, փախչել միաժամանակ,
գնալ արագ, որ հասնեմ նավատորմին,
համբուրել ծովի խոնավությունը՝
չգոլորշացած,
ես չսովորեցի թողնել նրան
առանց փրկության…

***
Հնչում եմ ես, հոսում եմ
անվերահսկելի գետի նման,
մանում եմ սերերս, նվագներս`
մինչև ոսկորները կործանվելու արագությամբ,
քաղաքի աղմուկը ստիպում է մտածել,
որ անկանոն են երազներս…

***
Խոսելով ազնվությունից՝ քայլում եմ
փափուկ արագությամբ, պարտվածի ծածուկ
երևակայությամբ,
հոգեկան առողջության մասին
մտքեր եմ հորինում,
որ ինձ վստահեմ ճանապարհին
չմնալու հարցում,
դատարկ մտքերս նման են փայտի կտորի՝
զգայուն երաժշտությամբ փորագրված…
***
Հետո թելում եմ հեռագրասյուները,
մտածելով, որ վատ եղանակին
ձայնը լավ չի տեղ հասնում,
հոգատար, մինչև մատներս կանզգայանան,
ամեն սյան համար նոր տեղ եմ որոշում՝
ավելի բարձր, ավելի տարիքով,
հետո պարի եմ հրավիրում նրանց,
բայց հանդարտ,
որ արագիլները չարթնանան…

***
Աստղերը երեկ գիշեր պառակտվել էին,
նրանց մեջ վասալներ էին հայտնվել,
որ մտածում էին Երկիր մոլորակի մասին,
ուզում էին, որ այստեղ էլեկտրականությունը
միայն փոթորիկներից ստանան,
որ իրենք տների առաստաղներին էլ երևան,
այսօր էլ քնելիս շրջվեցի աջ ուսիս,
որ նախ սատանաներին լռեցնեմ
ու չտեսնեմ, թե ինչպես են աստղերը
իմ փոխարեն բանաստեղծություններ գրում
իրենց մասին…

***
Խեղդվել է մարմինս
օդի ծանրության տակ,
մեկն ականջիս տակ գոռում է պայքարելու մասին,
հետո հիշում եմ, որ
թելի կծիկը ծախսել եմ
հեռագրասյուներն իրար կապելու վրա
ու հիմա տերևները քամուց պատռվում են,
փշաքաղվում եմ.
տերևները կարվում են սվվոցով…

***
Նախադասություն եմ սկսել
երկխոսություններով, կետադրված,
ամեն նոր բառ գրելիս
նախորդն ապակու տակ եմ դնում,
որ հարթ մնա, ուրիշ տեղում էլ օգտագործվի,
քանի որ չգիտեմ՝
որքան ապահով կզգամ այս մեկում
հատկապես տողադարձերի ժամանակ…

***
Հարավային քամիները փողոցի վրայով անցնելիս
հպվում են երկաթյա սյուներին կապված հեծանիվներին,
որոնց զանգակները արթնանում են
ու լուրը ոտքերիս հասցնում,
ծանոթ է դուռը, աստիճաններն էլ,
գիշերն էլ, որ երբեմն երկու ոտքից կաղում է,
հատկապես, երբ իշխանությունն անցնում է կայծոռիկներին.
ու գրում եմ այս պատմությունը,
որ մի օր քեզ դատապարտեմ…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն