Գանգատուփիդ մեջ՝ երկու կիսագունդ, որոնցից ամեն մեկը ինչ-որ գործողության պատասխանատուն է։ Բարձրացնում ես ձեռքերդ, նեյրոնները սկսում են շարժվել, ասես հրաման ստացող զինվորներ, որ մեկ-մեկ գնում են, հասնում մի կետի և կատարում իրենց աշխատանքը։ Գանգատուփդ սեղմված աշխարհն է։ Նեյրոնները՝ ընկնող-թափառող աստղեր, որոնք չեն կորչում, անգամ եթե հեռանում են քո զգադաշտից։ Ուղեղիդ խաբելը պատերը քանդում է։ Աշխարհը՝ ձգում-շարժում։ Մի հաբ։ Լեզու։ Կուլ գնաց։ Հաբ։ Կուլ գնաց։ Լույսերը խառնվում են։ Բիբերդ` մեծանում-կլորանում։ Պարահրապարակը` փքվում-սեղմվում, մարդիկ` երկարում-ստվերանում։ Հաբ։ Կուլ գնաց։ Հասավ կերակրափող։ Հրամանը տրված է։ Շարժվում է։ Կիսատ-պռատ, անջատ ուղեղիցդ, մաշկիցդ, աշխարհից։ Շարժվում ես։ Անշարժ ես։ Ես՝ լույսի մեջ։ Դու՝ մթան։ Ծիածան։ Գույն։ Անգույն։ Անաշխարհ։ Նյարդաբջիջ ես, որ հոսում է ու հասնում ուղեղին։ Համատրոփ։ Համրտրոփ։ Տեսնում է ծնունդը, մահը, մահից հետո անհետանալը, անգոյանալը, մթությունը, լույսը, պայծառացումը։ Բոլորը մեկի մեջ են կամ մեկը՝ բոլորի։ Բացվում է։ Սիրում ես։ Մոտենում է։ Գրկում քեզ։ Քայլ-քայլ։ Սառած զինվորի նման, որ կորել է ծխից դուրս եկած մառախուղի մեջ։ Տատանվում ես տեղումդ։ Տատանում է ձայնը։ Պտտում վերից-վար, ձախից աջ, մեջտեղից ուղեծիր, ուղեծրից ներքև։ Ընդհատակ։ Ընդհատակից վերև` դու, հետո՝ մարդիկ` պարողներ, շարժվող-թրթռող, սև-սպիտակ, մեկ-մեկ էլ՝ գունավոր։ Փոխվում է գույնը։ Քամելեոնի նման։ Քամելեոն ես։ Հարմարվում ես շրջակա միջավայրին։ Անհոտ մարդկանց։ Գարշահոտ։ Ճահիճ։ Ներքևում՝ նրանք` անկարող դուրս գալու։ Քաշում է։ Քաշքշում է։ Ինչքան շատ ես ձգվում դեպի կյանք, այնքան կյանքը քեզ տանում է դեպի մահը։ Անհոտ-անտես մահ։ Վերցրու, վերցրու մեզ, հիմա, քանի շուտ է, քանի չի ազդել, քանի… Հաբ, լեզվիդ տակ, բիբերդ՝ փքված, քթիդ վրայի նյարդը՝ ձգված։ Աչքերդ պտտվում-գալարվում-հեռանում են։ Ոտքերդ անտակտ դմփդմփոցի տակ խռնվում են, սեղմվում, լավաշի պես երկարում, բարակում, բորբոսնում, փտում։ Ամբոխ, դմփ-դմփ-դմփ-դմփ, ետ ես գալիս։ Քեզ թվում է` հիմար տակտեր են, հետո հասկանում ես` էդ կտկտոցները նմանվում են առավոտյան ճվճվացող ծտի, որը ընկել է մոր արգանդից ու կոտրվել։ Հիմա ծվծվում է։ Ծվվոցը վերածվում է սպիտակ-սևության, մի քանի սանտիմետրը թվում է լուսային հավերժության ժամանակահատված, որը չունի սկիզբ ու չունի վերջ քո գլխի մեջ, պարողների մեջ, սողացողների, գետնին թփրտացողի, վերջին շունչը փչողի, առաջին բառը ասողի մեջ։ Գանգատուփիդ մեջ սեղմված՝ դու` միայնակ, միալար, միատոն, միագույն։ Շարժուն-անշարժ, տեղդ դոփում ես, ոտքերդ փախչում են։ Հաբ։ Կուլ գնաց։ Կոկորդ, կերակրափող, աղիքներ, ուղիղ աղիք։ Դուրս է գալիս։ Միզապարկ։ Դուրս է գալիս։ Բերանի անցք։ Դուրս է գալիս։ Շաուրմա։ Կանաչի։ Մսի հատիկներ։ Մազի հատիկներ։ Կանաչ գույնի վերածված ամբողջություն։ Կանաչ ես։ Մուգ։ Արյունդ կանաչ է։ Ներսուդրսիցդ դուրս եկողը՝ կանաչ։ Նորից։ Հաբ։ Կուլ գնաց։ Զուգարան, պահպանակներ` պսպղուն արտաթորանքով, ներսում՝ երեխաներ` ճչացող-կանչող, օգնություն խնդրող, ներարկիչներ` էլի կանաչ։ Դուրս եկավ։ Քայլ։ Երաժշտությունը բենզինի նման պարպվում է երակներիդ մեջ։ Վերջին կետն է` մետաստազի մեծանալ-ավելանալու նման։ Քայլ։ Շրջիկ նեյրոնդ կորել-անհետացել է։ Քեզ է փնտրում։ Նստած ես։ Կողքդ՝ աղջիկ։ Կամ տղա։ Չես հասկանում։ Խմում է։ Նայում դեմքիդ։ Առաջարկում։ Բառը շրթունքների շարժից է հասկացվում։ Ծխում է։ Ծուխը, կլորակ դարձած, մոտենում է։ Ներծծվում։ Բաժակիդ մեջ՝ երեք հատ հաբ։ Խմում ես։ Էլի հաբեր։ Խմում ես։ Հաբերը արևածաղկի նման ընկնում են ատամիդ տակ։ Խռթխռթում։ Ատամներդ են։ Ատամներդ չեն։ Զուգարան։ Մեկը արձակել է շալվարդ։ Բռնել ես մազերից։ Առաջ։ Հետ։ Առաջ։ Հետ։ Առաջ։ Հետ։ Սպերմատոզոիդներդ տաքանում են։ Հավաքվում են իրար վրա, կարծես մետրո նստած մարդիկ լինեն, որ առավոտ շուտ լցվել են վագոնի մեջ ու շտապում են։ Նրանք շտապում են։ Բերան։ Ատամ։ Մազ։ Կոկորդ։ Թուք։ Կրծքեր։ Պպզած աղջիկ։ Պպզած մարդ։ Պպզած դու։ Պառկած դու։ Խառնիխուռն վազող երեխաներ։ Մեռնող երեխաներ։ Մոռացվող։ Չհիշվող։ Սենյակում փակված։ Ծեծված։ Ճակատից հոսող արյուն։ Հարված։ Արյուն։ Հարված։ Մեկ-երկու-երեք-չորս։ Հատիկ-հատիկ չռթվող երեխաներ` մեկի ռեխի մեջ։ Վագոնը հասավ տեղ, բացվեց։ Դուրս եկան։ Կուլ գնաց։ Հաբի նման։ Ծծում է։ Աշխարհի հյութը։ Լճերը։ Գետերը։ Մարդկանց։ Ծծում է։ Տարիները։ Քաղաքները։ Սրբում շրթունքները։ Համբուրում պռոշներդ։ Կրծկալը ետևի մասից բերում առաջ։ Դնում բարձիկները։ Նայում հայելու մեջ։ Ստրելկաներ անում, մաքրում աչքերից հոսած ու սևի վերածված արցունքները։ Կանաչ-մանուշակագույն լույս։ Դու՝ լույսի մեջ։ Ես՝ մթան։ Երկուսով։ Երեքով։ Չորսով։ Հինգով։ Պարում եք։ Առանձին-առանձին։ Մեկ-մեկ։ Ամեն մեկդ՝ մի լույսի տակ։ Լույսն էլ է շարժվում։ Ծուխ է, բայց ծուխ չկա։ Մարդիկ չեն երևում։ Մարդիկ չկան, որ երևան։ Կամ Երևան գան։ Կամ գան ու չգնան։ Կամ գնան ու չգան։ Կամ։ Կամ։ Քեզ տեսնում ես կողքից։ Խոսում է մեկի հետ։ Արտացոլանքի։ Թեքվում ես։ Ինքը թեքվում է։ Մեծ հայելի։ Դու չես երևում։ Ո՞ւմ է պետք երևալդ։ Շարժվում ես։ Շարժվում է։ Շարժվում են։ Երգ։ Էս երգ չէ, նման չէ երգի։ Թողնում է։ Հասկանում ես։ Փոքրուց հասկանում էիր։ Հիմա էլ։ Վաղն էլ։ Մյուս օրն էլ։ Օրը հասկանում ես, բայց չես հասկանում։ Թողնում է։ Երգը հաճելի չէ։ Մարդիկ հաճելի չեն։ Պարը հաճելի չէ։ Մոտենում են։ Առաջարկում։ Գլխով ես անում։ Գունավորվում է։ Գունավորում ես։ Շարժվում։ Փոքրուց ասթմա ունեիր, ու մեկ-մեկ թվում է, թե ամեն շունչդ վերջինն է։ Հաբ։ Կուլ գնաց։ Հալվեց։ Վերածվեց փոքրիկ հաճույքաշարժիչի։ Հոսեց։ Փիլիսոփա ես։ Փիլիսոփայում ես։ Սոկրատի։ Հայդեգերի։ Ջոյսի։ Շոպենհաուերի։ Մայակովսկու պես։ Ֆլեյտա-ողնաշար։ Նվագում են։ Նվագում ես։ Քո ու իրենց ողնաշարների վրա։ Ճկվում-ձգվում։ Առաջ-հետ։ Հեդբենգ չէ։ Ուրիշ բան է։ Դեռ չեն հասկանում` ինչ։ Հասկանում ես։ Քեզ չես ճանաչում։ Տանն ես։ Կիսամութ-կիսալույս։ Դրսից ողողված մեքենաների ձայները ներխուժում են պատուհանից։ Վրայովդ անցնում։ Հետիոտն ես, որի վրա կանգնում են, վազն անցնում։ Շունչ։ Խորը շունչ։ Ավելի խորը։ Թոքերի մեջ։ Քո մեջ։ Սենյակի։ Գլխի։ Ուղեղի։ Միայնակության։ Մենակության։ Սրտիդ աշխատանքը դադարում է։ Տկ-տկ-տ՞կ։ Վերադառնում ես։ Միմիկա։ Մարդկային։ Ավելի մարդկային, քան երեկ։ Նևրոզ։ Մտածմունք։ Վինիլային ձայնապնակ։ Մատներդ խոթում ես սկավառակների մեջ, ինչ-որ սևություն է քեզ հետապնդում։ Բիբդ սկավառակի պես մեծ է։ «The Dark Side Of the Moon» ալբոմն ես գտնում։ Դիսպերսիա։ Ձայնային գունապնակը ներխուժում է։ Բարձրացնում օդ։ Վերադառնում ես ակունքներին։ Սիրում ես։ Մոտենում է։ Երերում է։ Պտտվում է։ Պտտում է։ Պտտվում եք վինիլային սկավառակի նման։ Գրկում իրար։ Նստում ես աթոռին։ Ձեռքումդ՝ վերջին հաբը։ Բերան։ Թքում ես։ Կուլ չես տալիս։ Կիթառի ձայները ողողում են։ Ընկնում ես հաբի ետևից։ Ընկնում են։ Մարմին։ Ճախրող մարմին։ Գույները մուլտֆիլմի նման գահավիժում են հետդ։ Աշխարհը գահավիժում է։ Մարդիկ վիժում են։ Գալակտիկան գահա-վիժում է։ Վիժում է։ Վիժում եք` մոլորակի կապույտ հատվածներից կախ ընկած, կախված, անկախ։ Իրարանցումներ։ Լոմկա։ Մեքենաներ։ Դռներ։ Մարդկանց շերտեր։ Աչքդ՝ բաց։ Վրան՝ ճանճ։ Պտտվում է ակնաբիբիդ շուրջ։ Սրբում դեմքը։ Մարմնիցդ ծորալով դուրս է գալիս արյունը։ Հաբերը։ Մեզը։ Գարշահոտությունը։ Ծուխը, որ հավաքվել է էս ընթացքում։ Մեքենաներ։ Մարդիկ։ Ընկերուհիդ։ Ընկերներդ։ Լուսինը` հակառակ կողմից։ Սև։ Արնաշաղախ։ Թափվում է։ Հալվում է։ Երկինքն է խրտնել։ Երկիրն է գալիս դեպի քեզ։ Մտնում ներս։ Հոսում։ Վերջին նեյրոնները։ Փակված։ Տեղ չունեն գնալու։ Հոգնել են գնալուց։ Դու լույսի մեջ։ Ես լույսի։ Սենյակումդ՝ վինիլները։ Բաց պատուհանը։ Սփրթնած — սառած ճանճը։ Աչքի միջից կատարվածը։ Կատարսիսը։ Կատարածուն։ Թմրամոլը։ Թմրանյութը։ Ընկճվածը։ Գանգատուփդ` առանձնացված։ Ուղեղիցդ դուրս եկող գույներ` թաց ասֆալտի վրա։ Սև-սպիտակ մղձավանջ։ Կոնտրաստային։ Ականջներդ` ջրի մեջ ճպճպացող։ Քիթդ չկա։ Աչքերդ չկան։ Աշխարհը չկա։ Ոչինչ չկա։ Ոչ ոք չկա, չկար, երբ սև շորերով կինը եկավ։ Ձեռքը դրեց ուսիդ ու տարավ։ Հիմա մեկը տարուբերվում է չորս կողմդ։ Մեկը՝ նկարում։ Մեկը՝ գրում։ Մեկը՝ անցնելիս նայում, գլուխը կախում։ Վախենում։ Վախեցնում։ Կպչում մարմնիդ։ Ուղեղիդ։ Գանգատուփիդ, որից ծորում է րոպեական աշխարհը։ Վայրկյանական աշխարհը։ Միլիվայրկյանական աշխարհը։ Միլիվայրկյանական կյանքդ։ Գանգատուփդ սեղմված-վայրկյանացած աշխարհն է։ Սկավառակը դեռ պտտվում է։ Դեռ պտտվում է։ Դեռ։