Իմ հին ընկեր
Կրծքերիցդ կախված բալեք
Անցնում ես դու իմ կողքով
Բարև ասում
Ինչպես անծանոթ
Առաջ առաջ առաջ
Տղամարդիկ ամենաառաջ
Մոտիկությունը մնում է վախից սենյակում փակված
Քունքիս զարկերակը ապաշնորհ դհոլ է զարկում
Ներվերիս վրա անցյալիս սպիները էն կողմում
Ջութակ են ածում
Մարդիկ հարբած
Իսկ մնացածը հոգնած աշխատանքից
Քնած
Բոլորն էլ երջանկության կարմիր փուչիկը մտքի թելով պահած
Առաջ, առաջ, առաջ
Ալադինը կողքիցս սլանում է առաջ
Իր գեղեցկուհի հնդկուհուն
Կողքում դրած
Դե իհարկե
Շամպայնի բաժակի մեջ ադամանդե օղը
Նա կստանա
Իսկ ես վարեմ հողը
Որ վաղը չէ մյուս օրը
Ձեռքերիս զնգզնգացնեմ
Մի քանի կոպեկ փողը
Առաջ, առաջ, առաջ
Գարնանն ընդառաջ
Ձնծաղիկը նոր բուսնած
Աղջիկը օրիորդ չդարձած
Պապայի ընկերոջ ձեռքերի կողմից մի լավ շոշափված
Ոստիկանությունը ծառի հետևում թաքնված
Արևն արդեն չեկած շատ հոգնած
Դատավորի մուրճը օդում կանգնած
Ի պաշտպանություն
Մեծամեծերի հավիտյան թագավորության
Դարեր շարունակ նույն
Փակ շրջան
Իսկ ներքևում
Սուպերմարկետի գանձապահը
Սեղանի տակ նկարում է երազանքները
Տեսակ տեսակ բազմերանգությամբ եղունգները
Առաջ, առաջ, առաջ
Ձիերը վարգում են առաջ
Անասելի աղմուկը տերևների
Քամուց առաջացած
Ու փոշին
Իմ աչքերից արցունքներ է սղացնում ցած
Պատկերը Քո ամբողջությամբ
Ցավի գույնով է լղոզված
Բաժանվում է զույգը դեռ իրար չմտերմացած
Գլադիատորների պես իրենց վանդակում
Փակված կմնան
Աջ ու ձախ քայլերով, կատաղած ոռնոցներով,
Մինչ` մյուս սիրային մարտ
Աֆրիկացու կրունկը դեռևս ամբողջությամբ ճաքճքված
Հրապարակում` անարգանքի սյունին իմ հերոսն է կապկպված
Ուսուցիչս լոլիկներ է շպրտում նրա վրա կատաղած
Անկյունում մայրը փոքրիկ տղայի քթի տակ թափթփում է
Ցուցամատը` բարոյասաց
-Տղամարդ եղիր, արցունքներդ մաքրիր
Տղան մտքում որոշում է ապագայում դառնա մարդասպան
Էդիպը էն հեռվից բերանով ճիշտ պատասխանն է հուշում
Ֆրոյդը կողքին գոհունակությամբ վանիլի համով սիգարն է ծխում
Առաջ, առաջ, առաջ
Դժկամ վարորդը մթության մեջ ինձ քշում է առաջ
Ավել վաճառող պապին
Իր քրտնքակաթիլներն է հաշվում
Աշխատանքային մաշված, չար օրը վերջացրած
Օսկար մրցանակաբաշխության ժամանակ
Անջելինա ջոլիի ոտքն է «ծիկ» անում աշխարհին
Վառվում է լույսը
Բազմահազարանոց դահլիճը հրահանգով
Ողջունում է հեռուստացույցի մեջ հայտնվածին, ծա’փ-ծա’փ-ծա’փ
Ես գումար չունեմ մարշրուտկու
Յարս գումար չունի
Ֆայտոնով ինձ տուն ճամփելու
Սոմալիում մայրը ջուր չունի երեխայի բերանում քամելու
Առաջ, առաջ, առաջ
Տարիները գնում են առաջ
Ապագա` ութոտնուկը, մարմնիս է փաթաթվել
Խեղդում է
Անցյալ` խարիսխը, ավազների մեջ խրվել է, դիտակետում ցամաքը չքվել է
Կաղում եմ
Առաջ առաջ առաջ
Աշխարհը գնդակի պես հրման ուժից գնում է առաջ
Ներսում ամեն ինչ ստատիկ կանգնած
Սարերը մնում են նույն տեղում կարված
Ինքը հեռվում կանգնած
Մտքերը հեռվում կանգնած
Անելիքները հեռվում կանգնած
Հաջողությունները հեռվում կանգնած
Երազները հեռվում կանգնած
Համբավը հեռվում կանգնած
Խաղընկերները հեռվում կանգնած
Տառերը հեռվում կանգնած
Ես դռան հետևը թաքնված
Սլանում եմ առաջ
Առաջ առաջ առաջ