ԳՐՔԵՐԸ
ԴՊՐՈՑ ԵՆ ԳՆՈՒՄ
Սկզբից գրքերը փչացրին ամեն ինչ.
Դրանից առաջ գրքերը չկային.
Կար գրքերի ստեղծած աշխարհը…
Հետո ըստ գրքերի,
Ոչխարների փոխարեն,
Մարդկանց մորթեցին.
Հետո գրքերը վառելու
Ժամանակը եկավ`
Ըստ գրքերի…
Հետո գրքերը չքմեղացան
Մեր գրքային
պատկերացումների առջև…
Մեղավորները գլխատվեցին
Ըստ գրքերի…

***
Բոլորը տուն գնացին,
Ես էլ…
Հրապարակը էլ ոչ ոքի
Չի սպասում,
Եվ տոնածառն է
Հրապարակում
Տարեցտարի
Տարեց դարձնում ինձ,
Իսկ ձյան փաթիլները
Մաքրում են օդը ժամանակից`
Զավակներիս համար
Իմ ժամանակի
Անեծքը որոնելով…
Ես խմբագրում եմ
Բոլոր սպիտակ էջերը
Հեղափոխությամբ
Եվ սպանում եմ
Օրհնանքի լեզուն,
Որը լռությամբ
Հասունանում
Եվ աղետի
Զանգեր է դառնում…

***
Բոլորն էլ գիտեն
Անցնելիք ճամփեն.
Ինչո՞ւ են
Վերադարձը
Ինձ ու քեզ թողել…
Մի՞թե մահը սովորություն է…

***
Դուք կարծում եք
Թե ես փոքր եմ Ուոլթ Ուիթմենից
Ցանցառներ
Փնտրեք ինձ Գուգլով
Եվ կհամոզվեք
Որ ես հենց Ուոլթ Ուիթմենն եմ
Ոչ պակաս, ոչ ավել
Այն մարդկանցից,
Ում սովորեցրի հավատալ
Ուոլթ Ուիթմենին:

ՁԱՆՁՐՈՒՅԹ
Երեք կանաչ խնձոր
Ամանի մեջ

ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ
Քեզ սպանում են.
Քեզ բանտարկում են.
Քեզ լռեցնում են.
Քեզ արժեզրկում են:

ԲԱՌԵՐԻ ՀԻՍՏԵՐԻԱՆ
Բոլոր զանգերը ահազանգ են,
Լուրերը բոլոր`
Գույժ,
Երբ
Ոչ թե անկողնում ենք,
Այլ մահճում…

ԱՆԳՈՅԱԿԱՆ ԲԱՅԵՐ
Սիրել սիրելու համար.
Ատել հանուն ատելության.
Պատերազմել վասն պատերազմի.
Կարդալ…
Մարդը վերադառնում է Սկիզբ,
Որտեղ արարումն է…

***
Այլևս ոչ ոք չի ստիպի քեզ սիրել,
Ու դու այլևս չես հավատա սրտին.
Նույն գնացքը նույն
ճանապարհն է անցնում
Ծերացած ու զսպող ռելսերով`
Գյուղից քաղաք,
Քաղաքից գյուղ,
Եվ թվում է,
Թե քո ընթացքը վաղուց անցել ես…

Արձակ տողեր ես մոգոնում`
Ընդարձակելով սրտի չափման տարածքը…
Եվ ընդվզում ես,
Որ սիրտդ թողել ես
Բանաստեղծության չափերի մեջ,
Ուր բոլոր ռիթմերը դադարներ են գուժում…

Մեռնելուց առաջ,
Երբ մի հատիկ խոսք ուզեն,
Ես ի՞նչ եմ ասելու…

E-MAIL ՆՐԱՆ,
ՈՒՄ ԷԼ
ՉԵՄ ԳՐՈՒՄ
Ինչ լավ է`
Հիմա իմ ուղարկած նամակներից
Անփութությունս չեն զգում.
Ո՛չ թունդ ծխախոտի հոտը կա,
Ո՛չ թափված սուրճի հետքը,
Ո՛չ էլ ներվերս…

Լատինատառ պատասխաներն են փաստում,
Որ ինձ մոտ ամեն ինչ լավ է…

Չբացված նամակներն եմ ուղարկում
Գրողի ծոցը…

Թուղթ ու գիր եմ խաղում…
***
5 տարեկան. Կյանքի համար
դեռ խակ եմ…
10 տարեկան. Կյանքի համար
դեռ խակ եմ…
15 տարեկան. Կյանքի համար
դեռ խակ եմ…
20-25 տարեկան. Կյանքի համար դեռ խակ ու խակ եմ…
25-35 տարեկան.
Խակ եմ…
35-45. Երբ ենք հասունանալու…
60. Պապերդ էլ չհասկացան…
70-ից հետո. Որոնելն անիմաստ է…
…Երբ կավարտվի…
Ով է ինչ հասունացում`
չհասկացա…

ԱՐՏԱԳԱՂԹ ԸՍՏ ԳԱԼՇՈՅԱՆԻ
Ջրի կորուստ` անդարձ կորուստ չէ,
Գազի կորուստ`
անդարձ կորուստ չէ,
Էլեկտրաէներգիայի կորուստ՝ անդարձ կորուստ չէ:
Ջուրն ու գազը էլի մի օր կհանդիպեն:
Մարդու կորուստ` կորուստ է:

ՉԿԱՅԱՑԱԾՈՒԹՅՈՒՆՍ
Շատ տխուր է.
Էլ տիեզերագնաց
չեմ կարող դառնալ.
Ֆիզիկոս չեմ կարող դառնալ այլևս,
Աճառյանի չափ լեզու չեմ
կարող իմանալ.
Սպորտի համար
վաղուց արդեն անպիտան եմ:
Թերևս հաջողվի
Ու դառնամ ամենահարուստը.
Բայց ինչ նշանակություն ունի,
Երբ արդեն սպառել են
Վաղամեռիկ բանաստեղծ լինելու
Ժամանակը…

***
մի պատասխանիր
ինչ իմաստ ունեն
սիրո խոսքերը
երբ ամեն ինչ
կարող ենք
նորից սկսել

չէ որ ինձ
ինձ համար ես
դավաճանում

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն