Գիտե՞ս, բարեկա՜մս, ես թիթեռ եմ, մի փոքրիկ, գունավոր թիթեռ, ծնողներիս չեմ տեսել երբեք, անցած կյանքում երևի մարդ եմ եղել կամ կենդանի: Բայց երեկ, երբ թռչում էի և ուրախանում իմ այս օրվա լցվածությամբ, արևով, քամիով, կենդանիների ձայներով, անձրև սկսեց.  շատ մեծ կաթիլներն ինձ էին դիպչում, և ես հազիվ կարողացա փախչել, մտնել ինչ-որ մեկի պայուսակի մեջ, որ անձրևից չվիրավորվեմ: Պայուսակում ինձ անծանոթ շատ իրեր կային, ինչ-որ լույս էր վառվում: Նկար տեսա.  մի գեղեցիկ աղջիկ էր` ժպտում էր: Ես հասկացա, որ նա է ինձ փրկել, տեղ տվել իր պայուսակում: Ասում են` թիթեռները շատ քիչ են ապրում` երեք օր.  դա քիչ չէ, քիչ է մարդու համար, բայց` ո՛չ մեր: Այդ ժամանակահատվածում մենք ծնվում ենք, մեծանում ենք, սիրահարվում ենք այնպես, ինչպես մարդիկ, սիրում ենք, ամեն ինչ կարողանում ենք անել մարդկանց պես, պարզապես մեր կյանքը շատ կարճ է` համեմատած մարդկային կյանքերին: Գիտե՞ս` ես նույնպես սիրահարվեցի, երբ տեսա այս աղջկան, փորձեցի դուրս գալ պայուսակից.  չէր ստացվում, այն միշտ շարժվում էր և ինձ խանգարում: Վերջապես կանգնեց շարժումը, ես սպասեցի` երբ նա կբացի պայուսակը, որ դուրս գամ և շնորհակալություն հայտնեմ նրան համբուրելով: Բացեց, դուրս եկա, տեսա նրան, ավելի սիրահարվեցի.  նա նման էր արևի փայլի, լուսնի կորություն ուներ նրա դեմքը, մարմնից բնության հոտ էր գալիս, մազերը կարծես ծառեր լինեին` երկա՜ր և արևային, շատ գեղեցիկ էր, կարծես հեքիաթից լիներ: Նա տեսավ ինձ, բաց թողեց, բայց ես չէի ցանկանում նրան լքել, նա թրջված էր և չորանում էր, կյանքում այսպիսի գեղեցիկ մարմին չէի տեսել: Ես հասկանում էի նրա խոսքը, հասկանում էի` ինչ է մտածում, նայում էի և հիանում: Դիմեցի թիթեռների աստծուն` խնդրանքով, որ եթե հաջորդ կյանքում նորից ծնվեմ, լինեմ կենդանի կամ մարդ, որպեսզի նորից գտնեմ նրան, գրկեմ, ասեմ, որ միշտ հետևել եմ, միշտ սիրել եմ: Հուսամ` կգա ժամանակ, երբ նորից կտեսնեմ նրան.  իմ ժամանակը ավարտվում է, չեմ ուզում լքել նրան, նրա դեմքը, նրա հայացքը: Ինչո՞ւ եմ ես թիթեռ, ինչո՞ւ ես պառկած չեմ նրա կողքին: Ժամանակս սպառվում է, մոտենամ, նրան համբուրեմ: Համբույրս շատ կարճ տևեց, նա պառկել էր անկողնում, խորհում էր.  տեսնես արդյոք մտածո՞ւմ է իմ մասին, գիտի՞, որ իրեն սիրում է մի փոքրիկ թիթեռ, երբևիցե մտածե՞լ է, որ կարող է թիթեռ դառնալ և ճախրել ինձ հետ ամպերի, անտառների միջով, կամուրջներին կանգնելով: Աչքերս փակվում են, զգում եմ աշխարհի ծանրությունն ինձ վրա, զգում եմ վերջին օդը, վերջին հայացքը, վերջին մարդուն, որ տեսա իմ այս փոքրիկ կյանքի ընթացքում:

 

Մարս, երրորդ դարի 8-րդ կիսամյակ: Աստղագնացը, ոտքերը տմբտմբացնելով, հասավ թիթեռին, որ հայտնի ընկերոջ կորուստը, թիթեռը թևերը բացել և նայում էր երկրին, կապույտ-կանաչին, հիշում առաջին սիրահարվելը, հետո որդու ծնունդը, որը փոխակերպվեց գեղեցիկ տղամարդու: Աչքերից աստղային արցունք էր հոսում և, չէր լսում, թե ինչ է ասում գործընկերը: Նա վեր կացավ, տմտմբացրեց գործընկերոջ ուսին, հագավ աստղագնացի շորը, բացեց լուսամուտը և նետվեց: Օդի մեջ գահավիժում էր մարմինը, թևերի մեխանիզմը չէր աշխատում, իսկ գործընկերը գոռում էր հետևից, որ նրա օդը չի հերիքի անգամ կեսը անցնելու: Նրանք դեռ չգիտեին, որ Մարսում օդ կա, նրանք դեռ չգիտեին, որ Մարսի միջից մի փոքր անցքով կարող ես գնալ Երկիր և քո մի քանի տարվա կյանքը կրճատես, բայց գնաս, որովհետև կարոտը չի փոխարինում թվերը:

 

Երկնաքերը ամբողջ ուժով շարժվում էր դեպի Երկիր մոլորակ, մարդիկ, ուտիճների պես, գլուխ գլխի էին տալիս, կենդանիները քննարկում լուծումները, Արջը, Առյուծը, Արծիվը տարբեր մայրցամաքներից հավաքվել և մտածում էին երկրի` երկնաքերին բախվելու մասին: Արջը տնքում էր, չէր կարողանում արտահայտվել, մարդ էր ուզում դառնալ, որ ցավը այդքան վշտով չընդուներ, Առյուծը մլավում էր, վերադարձել էր պապերի մոտ, խոսում էր և գիտակցությունը լավայի պես ժայթքում դուրս, Արծիվը հավաքել էր բոլորին և հաջողություն էր ասում, գրկում, համբուրում և մի կտոր մարդ շպրտում ընտանիքի բերանը, որ կուշտ մեռնեն, իսկ երկնաքերը գալիս էր` անտեսելով նրանց Աստծուն, անտեսելով աղոթքները, անտեսելով նրանց հոգնած ու պարտված աչքերը, բայց ինչ-որ ուժ գաղտնի, թաքուն սողոսկում է կենդանիների ենթագիտակցության մեջ, և նրանք միասին` թաթ թաթի բռնած, ոչնչացնում են երկնաքերին: Նրանք առաջին աստղագնաց են ուղարկում մարդուն:

 

Որտեղ էլ որ աչքերդ հրապուրանքով բացես ու նկատես, թե ինչի ես վերածվել, ես կմոտենամ քեզ քո փոքրիկ կատվի նման և կսկսեմ գուրգուրել, կարծես դա մեր վերջին հանդիպումն է: Կատուների համար չկա վերջին հանդիպում, նրանք, մի քանի կյանք ապրելով, փորձում են իրենց հոգին մի քանի տեղ կիսել, ինչ-որ մեկին բուժել` մռմռալով: Կատու ժամանակ ես շատ խոհեմ էի, օրվա կեսը քնում էի, կեսն էլ, իմ հիշելով, մլավում, որ կեր տան: Նստում էի ինձ արհամարհող մարդու գիրկը: Գողանում ինձ համար չնախատեսված ուտելիքները: Ջարդում սպասքը: Կարճ ասած` դրախտ` ինձ պես չաղոյի համար: Չար կատու էի, իմ տերերը ինձ շատ էին սիրում, մինչև մի օր նրանք երեխա ունեցան և ինձ մոռացան: Գազազում էի, երբ այդ փոքրիկ սատանային էի տեսնում: Զոռով հետը խաղալ էին տալիս, բայց ե՛ս սիրո կարիք ունեի, իմ տերերի ձեռքերի կարիքն ունեի, ոչ թե այդ փոքրիկ գազանի, որ բռնում էր ինձ և լղճորում: Մի օր որոշեցի ազատվել նրանից, կանչեցի բոլոր ընկեր-թշնամիներիս, որոնց մեջ կային մուկ-զինվորներ և աղունիկ-հոգեբաններ: Խորհրդից հասկացա, որ պետք է խաղալով նրան դուրս հանեմ, և Աղունիկը նրա հետ հոգեբանական զրույց կանցկացնի, ու նա էլ չի վերադառնա: Եվ ես նորից կլինեմ նրանց սիրեցյալը: Պլանը կազմեցի, նրան խաղալիքներով խաբեցի, իսկ երբ դուրս հանեցի, արծիվը նրան բռնեց ու տարավ: Ներսումս մայրական հոգի արթնացավ և փորձեցի փրկել նրան մուկ-զինվորների և աղունիկ-հոգեբանների հետ: Գտա Արծվին, տեսա, որ նա երեխային օգտագործում է որպես իր երեխաների համար նախատեսված խաղալիք: Մտա բույնը, նրա ձագերը սկսեցին կչկչալ, ֆշշացնում էի, որ ձայները կտրեն, և այդ պահին նրանց մայրը դանդաղ իջավ` այն ժամանակ, երբ ես բռնել էի երեխային:

— Նա ի՛մն է,- ասաց Արծիվը:

— Ո՛չ, դու գողացել ես նրան:

— Հա՛, բայց ինքդ էիր փորձում ազատվել նրանից:

— Ոչ թե ազատվել, այլ այնպես անել, որ նրան չսիրեն շատ:

— Հասկանում ես, չէ՞, որ ես քեզ չե՛մ տա երեխային:

— Իսկ դու հասկանում ես, չէ՞, որ ես մենակ չեմ եկել:

Մուկ-զինվորները լցվեցին բույնը, աղունիկ-հոգեբանները օդից իջան և բռնեցին նրա ձեռքերը:

— Ես ձեզ պարտական եմ, ընկերնե՜ր,- ասացի ես ու երեխային հասցրի տուն:

Իսկ տանը խառնաշփոթ էր.  տերերս փնտրում էին երեխային, դրեցի նրան դռան դիմաց, խազեցի դուռը և փախա: Լուսամուտից նայում էի, թե ոնց են գրկում և սիրում իրենց փոքրիկին, ներսումս ուրախության կայծ հայտնվեց, և այդ օրվանից ես երբեք չխանդեցի երեխային:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն