ասում ա
արդեն էդ աղջկանից հույս չկա
ասում եմ ինչի
ասում ա ծխում ա
երկու երեխա ունի
ընկերը նստած ա
(մատին ոսկե մատանի ունի
Լաքապատ պայուսակ
մի երեխան մյուս երեխան
սևացած մի թավա
ու էժանով գնած մահճակալ)
ջուրը ասում ա
թափվում ա
գլուխս առավոտից տրաքում ա
մեյդ ին արմենիա ա
հա հենց էլ
ասում ա
անտեր ենք
մեկը մի բան չի անում
մենք ինչ անենք
ոչ ոք ոչինչ չի ուզում մի բան անել
վերևից ա գալիս սաղ
էս
ուրիշ բառ չկա գրելու
քաքաջուրը
վերևից ա գալիս
ու մի օր հիմքից շենքը փտելու ա
մենք էլ մեջը
ասում ա
երկիրը
մի օր հիմքից
փտելու ա
ճերմակ
եւ հոսում է գիշերն առավոտվա հետեւից
ու առավոտը գիշերվա
ու հոսում են օրերը մեկը մյուսի հետեւից
շաբաթները ամիսները տարիները
մազերս ճերմակում են հատիկ-հատիկ
մեկը մյուսի հետեւից
դրանց ներկել թե թաքցնելն է ճիշտ
բացահայտորեն բոլորին դեմ գնալը
ցույց տալը
որ մեծացել եմ
որ առաջվա լակոտը չեմ
ու ձրի այսուայնկողմ վազելու ժամանակ էլ չունեմ
ու որ կարեւոր բաներ ունեմ անելու
ու որ պետք եմ պիտանի եմ
ու որ ապերախտի մեկը չեմ չէ
կարեւոր բաներ կան անելու
պետք է գնամ
կարոտել եմ
մազերս
հատիկ հատիկ
օրերը
հոսում են
առավոտը գիշերվա
գիշերն առավոտվա հետեւից
երազները մոռացվում են երեկվա
ցնդում են
բառերը
պարզ են ու սովորական
դրանք իմ ու քո հորինածը չեն
դրանք իմ ու քո հորինածն են
դրանք իմն ու քոնն են
ու կածիկինը
որ դեռ
բառեր չգիտի
ու հոսում են
գիշեր առավոտ
մեկը մյուսի հետեւից աննկատ
լցվում մազերիս մեջ
վերածնունդ
կաշառեմ քեզ հայրենիք
գրպանդ մի երկու կոպեկ գցեմ
բերանդ մի երկու բաժակ կոնյակ
հայկականն ա
իսկականից իսկականը
ու ֆռֆռամ ազատ երկնքիդ տակ
ծախեմ քեզ
ծախեմ ամեն ինչ
ինչ իմն ա ու իմը չի
ինչ ընդհանուր ա
ինչ քոնը չի
մոռացա
վայ ոնց մոռացա
ամեն երեխայի ճիչ
ծերունու աղոթք
ում են պետք հիմա բառերը
հայրենիք
դու վաղուց իմն ես
ինչ ուզեմ
ինչպես ուզեմ
թե ուզեմ երազումս էլ կգաս
պորտապար կպարես
ուզեմ անձնական վարորդս կդառնաս
ուզեմ քեզ կհեռացնեմ գործից
ուզեմ կհղիացնեմ
կծննդաբերես
ոչ մի կոպեկ չսստանաս
ես գրում եմ տողերն այս հայրենիք
զզվելով ինձնից
քեզնից
ամենքից
կրկնելով
ինձ ու քեզ
սեղմելով կոկորդս
թռնելու տեղ չունեմ հայրենիք
կողոպտեմ քեզ հայրենիք
փակ սահմաններիդ մեջ խեղդամահ անեմ
տրվեմ քեզ
ստանամ քեզ
վաճառեմ քեզ
ինչքան ուզեմ
փարիզում հողամաս առնելու համար հերիք լինի
մի կղզում տառապելու համար հերիք լինի
տոմսի համար հերիք լինի
հերիք հայրենիք
որ հերիքում ես ամենքին
խաղարկեմ քեզ հայրենիք
երկու թվով շահում
հինգ հարյուր դրամ
քաղաքներդ բաժանեմ քեզնից ու տամ
շուն ու գելերի
մուկ ու կատուների
գերեմ քեզ հայրենիք
կերակրեմ քեզ
չաղացնեմ
կլորացնեմ
թաղեմ քեզ
հայրենիք
աման հայրենիք գնացիր ինչ եղար
աման հայրենիք թողեցիր ինձ մենակ
աման գլուխս տամ պատերին
աման մարմինս տամ գելերին
աման ես էս դարդին չեմ դիմանա
աման ամեն ինչ տեսա
շատ բան տեսա
շատ բանից դարդոտեցի
ցեցոտեցի մեռա
բայց
աստված վկա
քեզնից հեռանալ
աման աման աման
ծնկներիս մազերիս մարմնիս հարվածելով աման
դու հայրենիք
ներում
ներում ես
բոլորին
ներում
ներում ես
բոլորին
ինչու դու
ներում
ներում ես բոլորին
հայրենիք
աքլորականչ
աքլորը պիտի կանչեր որ լույսը բացեր
առավոտը գար
ես պիտի մի կերպ քնաթաթախ զարթնեի
մի կերպ վերմակի տակից դուրս գայի
մի կերպ դուրս նայեի ու չուզեի չուզեի չուզեի
սուրճը դնեի վրան
ձեռքս վերցնեի մի օրաթերթ ու ծույլ ծույլ թերթեի
ես մի կերպ պիտի կարդայի մի երկու թեթև լուր
պիտի ոտքերս քստքստացնելով գնայի բաղնիք
ու մի կերպ լվացվեի
չուզեի որ ջուրը քսվեր դեմքիս
կախվեր դեմքիցս
մաքրեր դեմքս
հետո պիտի հագնեի թեթեւ մի զգեստ
ես պիտի նիհար լինեի ու զգեստը պիտի կախվեր վրայիցս
ես պիտի էդ գիշեր լավ երազ տեսած լինեի
երազեի երազեի երազեի
հետո պիտի նստեի տրամվայ
ու նայեի մարդկանց դեմքերին
կամ գլխարկս քաշեի աչքերիս որ չտեսնեի
քանի որ պիտի փորձեի երազս մի քիչ մի քիչ էլ ձգել
ես պիտի մի երգ լսեի տրամվայում
կողքիս նստած տղայի փլեյերից մի երգ
ու պիտի հետո ամբողջ օրը երգեի էդ երգը
ես պիտի պիտի պիտի հոգնած լինեի նախորդ օրվանից
զզված լինեի աշխարհից
կամ պիտի դատարկ լինեի կամ պիտի թեթև թեթև թեթև
էն որ միայն առավոտները կարող ես տենց թեթև լինել
պիտի պիտի պիտի գնալու տեղ ունենայի
ուղղություն
պիտի մնալու տեղ ունենայի
աքլորը կանչե՞ց
երազ
ես դու կածիկը թափթփված տունը
աստիճանները տանում են չորրորդ հարկ
վարագույրները
պատերին նկարներ
կածիկը
էջմիածնի շուկայում արկղի մեջ մի հարյուր ճուտ
ես
շուկան
հավերը
ձկան գլխին դանակի բութ մասով մի քանի անգամ հարված
թպրտոց
ու վերջ
գլուխս թեքում եմ կողքի փռշտում
էդքանն էլ ճիշտ
վարպետ վաղարշակը երեք տարիների ընթացքում ծերացել ա
ձայնը
մեջքը
աչքերը
ինքը ամողջովին
անգամ նրա թիթեղյա աշխատանքները երեք տարվա ընթացքում
ծերացել են
երեք տարի առաջ
էլի նույն տեղում լուսանկարում էի
ու նա պատմում էի ձորի միրոյի մասին
էջմիածնում պանիրն ավելի էժան է քան երևանում
ու ես մի կիլո առա շուկայից
որը
մաշվել է
տարիների ընթացքում մաշվել է
շուկայի պատերը
վաճառողները
սեղանները
մաշվել են
ես
ծուլորեն նկարում եմ
էդ մաշվածությունը
հայաստանը միայն մի կենտրոն ունի
երևանը միայն մի կենտրոն ունի
մնացածը երազ են
իմ վատ երազը
որ ուզում եմ ջնջել անհապաղ ջնջել անհապաղ ջնջել
բայց այն մնում է դիսկի մեջ
դիսկի վրա
դիսկի ներսում
դիսկ դիսկ դիսկ
որն է իմ կենտրոնը
գլուխս թեքում եմ կողքի
դիմացս պատ է
ինքնակարոտում
կարոտել եմ
էն որ գիշերները գնում էինք խմելու
հետո կենացներ
հետո թռվռալեն սթրիփ քլաբերով
ինձ օտարի տեղ դրած
հայ տղերքի աչքները վրես չռած
աղջիկների կրծքերին էի աչքս տնկում
դոլարը տրուսիկի մեջ դնում
կարոտել եմ
ռուբեն քեզ կարոտել եմ
գիշերները ժապավենների հոտի մեջ խեղդելով
լուսանկարներիս վրայով քայլելուն կարոտել եմ
կարոտել եմ դրանց հոտը
կարոտել եմ հեռվից աշխարհին տիրանալուն
մեզ կարոտել եմ
հեռվից հեռու փողոցները հիշելը
կարգուկանոնն ու անկարգությունը
գրողը տանի մի տեսակ խառնվել եմ
դեմքս կորցրել եմ
կարոտել եմ
կարոտել եմ անցյալս մի տեսակ
ասում եմ անահիտ
հետո ինչ կածիկի մաման ես
ինքը կածիկն ա դու անահիտը
դու դու ես ինքը ինքն ա
դու ինքը խառնվել եք իրար
դու ինքը միասին
դու դու ես
ինքը ինքը
էդպես շարունակ ասում եմ
ինձ կարոտում եմ
կածիկին կարոտում եմ
քեզ մեզ սրան նրան
աշխարհը
ռուբեն քեզ կարոտում եմ
մի տեսակ կորել եմ
դեղնել եմ
հնացել եմ
հեռացել եմ
հեռացել եմ
կարոտում եմ
քեզ կարոտում եմ