Արևիկ ՉոբանյանԱՐԻ ՈՒՂՂԱԿԻ….

Սիրուց ատելություն քայլերը հաշվել ենք,
Սթրեսից հետո անզգայանում են վերջույթները,
Ես այնքան թույլ եմ,
Արի ուղղակի լուծվենք օդի մեջ,
Թրջվենք սառնությունից,
Ինձ կյանքի զգացողություն է պետք,
Ատելը դարձել է բնավորություն,
Հիստերիկությունից հանգստացած հայացքները ծնվում-մեռնում են թարթելուցս,
Իրարից զզվելը սիրո ապացույց է ուղղակի,
Նեղանալ չկա,
Որովհետևներից հետո արի աչքերով խոսենք,
Ձայնդ կարոտել եմ ուզում,
Մի քանի րոպեով կմեռնես,
Քեզ կորցնելը գիտակցելուց մեռնել եմ ուզում,
Արյանս մեջ շատացել ես դու,
Ինձ թվում է վարակել եմ քեզ,
Արի ուղղակի լուծվենք օդի մեջ, ուղղակի գրկվենք, վառվենք զգացմունքների հետ,
Սիրելու ձևերն են տարբեր,
Զարմանալ չկա,
Սիրուց ատելություն քայլերը հաշվել ենք,
Արի ուղղակի քայլենք:

ԵՐԿՆՔԻՑ ԹԱՔՈՒՆ…

Հորինածդ հրեշտակները ներվերս կերան
ամբողջ գիշեր,
Քո նման հրեշտակների վրա
ջղայնանալս չի գալիս,
Քունս պառկել էր կողքիս. սիրահարված
նայում էր ինձ,
Էլի հանդիպել էինք գիշերը,
Քունս սանրում էր մազերս,
Հորանջում էինք,
Երկնքից թաքուն հրեշտակներդ հանկարծ սկսեցին անմեղ, անդիպչել համբուրվել,
Մի պահ երկրային դարձան երկնքից թաքուն,
Ու ինչ-որ հորինված էր գիշերս,
Ինչ-որ ֆրանսիական դրախտ կար սենյակում,
Ֆրանսիական երաժշտություն,
Անծանոթ ֆրանսիական բառերով,
Ինչ-որ թևերի շարժ կար,
Համբույրներ ֆրանսիական,
Ու հրաշալի էր ..
Ու հրաշալի է,
Երբ դու ես հորինում գիշերս,
Երբ դու ես փակում աչքերս,
Երբ խանդում է քունս քեզ,
Ու երբ ամենինչ ֆրանսիական է:

ԱՐԵՎԱՄՈԼ ԵՄ

Վազիր արևիս վրայով, միջով, տակով,
Ես շողքդ եմ,
Կապիր թևերս. հրեշտակներից վախդ
դեռ չի անցել,
Համաձայն եմ երկրային եմ,
Փոխիր ինչ ուզում ես,
Օդային, ջրային, ցամաքային,
Մարդկային անմարդկային,
Նորմալ աննորմալ,
Համաձայն եմ,
Ինձ քանդիր հավաքիր,
Գտիր իմ մեջ ինձ,
Կուզես սպանիր նորից ծնիր,
Համաձայն եմ,
Լսել ես, որ արևամոլությունից մեռնում են,
Ինձ քիչ է մնացել,
Համաձայն եմ:

ՋՈՒՐ ԴԱՌՆԱՄ…

Մի բուռ ջուր կսահի վրայովս,
Կկաթեմ գետնին,
Օդի հետ կշփվեն շուրթերս,
Ներքինն ու վերինը կխառնվեն,
Կհամբուրվեն,
Կչորանան օդից,
Շնչից,
Մի տեսակ կորցրել եմ հերթականությունս,
Արտաշնչիր գոլորշանամ մարմնիդ,
Կաթեմ աչքերիցդ, այտերիցդ,
Գնամ ձեռքիցդ,
Ջուր դառնամ, համբարձվեմ,
Կաթեմ ամպերից,
Գլխիդ, ուսերիդ,
Թրջեմ շուրթերդ,
ՈՒ անհետանամ ծիածանի հետ:

ՓՇԱՔԱՂՎԵՑԻՆՔ…

Աննկատ բարձրանում էր արևը երկինք,
Աննկատ վառվում էր,
Մի պահ նայեցինք իրար կկոցվեց հայացքս,
Առավոտը ցող էր դրել,
Կաթում էր աչքերիցս,
Շողերը աննկատ թափանցեցին հայացքիս մեջ, մազերիս մեջ, զգացին մարմինս,
Ուշաթափվեցին սպիտակությունիցս..
Չհավատացին աչքերիս,
Վառեցին ծխախոտս,
Ծուխի հետ բարձրացան, իջան, պտտվեցին շուրջս, հալվեցին ոտքերիս տակ,
Ես չհավատացի,
Սառը ջերմությունից փշաքաղվեցինք,
Մի պահ դողացինք, սիրեցինք ու ատեցինք միանգամից,
Արևը վառվում էր երկնքում,
Առավոտը ցող էր դրել,
Արևի աչքերից էր կաթում:

աղջիկ կամ տղա...

Մենք ձեռք ձեռքի տվեցինք,
Վազեցինք ծիածանների եզրագծով յոթ գույնանի,
Կլոր, կիսակլոր,
Թաթախվեցինք բոլոր գույների մեջ,
Համտեսեցինք,
Հերթով սիրեցինք գունավոր անձրևներ,
Որ ծիածաններ են ծնում,
Իսկ ծիածանները աղջիկ կամ տղա…
Մենք ուս ուսի տվեցինք,
Բարձրացանք երկինք փակ աչքերով,
Անցանք բոլոր կապույտների միջով,
Ամենամուգ երկնագույնից մինչև
ամենաբաց ծիրանագույն,
Երկնքի շերտերի մեջ,
Փետրավոր ամպերի արանքում
հրեշտակներ տեսանք.
Նրանք աղջիկ կամ տղա են լինում…
Յոթերորդ երկնքում մերկացանք,
Շորերը ազատ անկման մեջ ընկան
աշխարհի երեսին,
Մենք քայլեցինք դեպի արևը,
Ոտքերով գրկեցինք իրար,
Կրակվեցինք,
Սիրեցինք ճառագայթները հերթով,
Դու ճառագեցիր իմ մեջ,
Ծագեցինք,
Մայր մտանք գիշերով,
Արևը կուլ գնաց…
Համբույրները շուրթերից իջան դեպի փորս,
Ձեռքերը տաքացած ուսերից իջան
գրկեցին փորս,
Ամբողջ սերս ծորեց, քամվեց ընկավ փորս,
Աշխարհը փոխեց ուղղությունը,
Բռնեց փորիս կլոր, փքված եզրագիծը:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն