Գրեթերթին, գրեթերթին, իմ ամենալավ երկը 

ԲՈՒՅՆ

Իմ մատից փուշ կհանեմ, քո հյուսից մազ կքաշեմ
ու բույն կհյուսեմ մեզ համար,
նանիկս:

Ինքնիշխան երազապետություն –
հասցեն`
Գարնան դողդոջ անձրև, ծաղկած դեղձենիների թավուտ, կամ —
Գնացքների գերեզմանոց, նախկին Երևան-Վան վագոն, կամ —
Ծիլի-ծով, եղեգնյա փողերի ծոց, կամ —
Մեր տուն:

Ես բույն կհյուսեմ մեզ համար – այնպիսին,
որի բոլոր կռնակները, բռնակները, դռնակները
անկողինները, բազրիքներն ու հատկապես պատուհանագոգերը
սիրո հարմար կլինեն, նանիկս:

Բույնն իբրև արթնանալու ամենահրաշալի վայրը,
բույնն իր առավոտվա թարխունա-թեյա տաք բնահոտով:

Չէ որ կրկնվելու չափ դանդաղ թերթվող օրերի էվոլյուցիան
առաջ են տանում աշխարհի բոլոր բնակյալները, որ
շնչելու ժամանակ չունեն, հոգնելու ժամանակ չունեն,
ապրելու ժամամանակ չունեն և հատկապես
ժամանակ չունեն մասնակցելու
ընթացիկ բոլոր հեղափոխություններին:

Այս գարնանը,
որ ոչ մի կերպ չի ուզում բաց թողնել
իր բնաստեղծության տարիքը,
ես բույն կգրեմ մեզ համար, նանիկս
իբրև հավերժական ժամադրավայր,
ուր ամեն ինչ առաջին ու վերջին անգամ է լինում:

Ես բու պապա, դու մամա բու, մի բուն լիքը բու-բվեճ`
իր հարակից լվացքի անվերջանալի պարանով,
որից կախ կգիշերի քոռ բուերի մեր ընտանիքը`
շարված ըստ հասակի, փռչոտության աստիճանի, գույնի ու նշանակության:

Վախ, դեռ ինչքան ջրեր են հորդելու մեզանից,
Նանիկս:

 

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն