ԾԱՆՐ ԼՌՈՒԹՅՈՒՆ
* * *
Մթի մեջ ճչաց-կորավ
ծղրդիկն աղերսաձայն…
Ապակին կրծքիս տակ փշրվեց…
* * *
Այս պապանձված աշնան,
այս ճաքած քարի պես`
ես ներս եմ արտասվում…
* * *
Մխում եմ,
և էլի կրծքիս
անձրևը կսկիծ է ծեփում…
* * *
Քո մորմոքն` անուշահոտ,
քո սիրտը`
քարե խնկաման…
* * *
Ետ քաշվեմ, ետ քաշվեմ ամենքից,
ամփոփվեմ, ամփոփվեմ,
դառնամ կետ…
* * *
Ծունկի գամ,
ինձ սեղմեմ պատին
ու մնամ. ծնկներս մաշեմ…
* * *
Պոկված մետաղալարը
էլեկտրասյան վրա մեկ աջ, մեկ ձախ է անում…
Էլ այնպես մեկ է այս քամին…
* * *
Ժայռացել է Բառը:
Անձա՜յն, անձայն մուժում
Բառը` ճա´ք… ճքում է…
ԿԱՆՉԵՐ ՑՆՈՐԱԿԱՆ
* * *
Պարանոցիս ակոսներով շիկացած
թախծի առուներ են հոսում…
Ծածկում եմ դուռը, պառկում անկողնուն,
փակվում սրտիս մեջ…
Ճչալ չի կարելի: Իհա´րկե: Հիշում եմ:
* * *
Թիկնել եմ սենյակիս պատին,
հայացքս մեխել եմ ա՜յն տեղ…
Հայացքս չեմ մեխել. չկա:
Ձախ այտիս արցունքի կաթիլ կար. ո՞ւր կորավ.
սրբե՞լ եմ արդեն…
Տե´ր, այսպես բառերս ցրվել,
քարացել-կախվել են պատին…
* * *
Կանգնած է պատուհանի կողքին:
Թեք: Թեք է կանգնած`
կախ կաթիլի պես,
մերկ ձեռքին ցցված երակի նման…
Լուռ դուրս է նայում…
* * *
Թերևս ոռնայի՞ր
որպես մի խոցված երիտասարդ գայլ`
ձմեռվա բքին…
Չէ՜, լո՜ւռ ես կաղում…
Ու քո հետևից ձյուների վրա
լոկ արյան անձայն հետք է նկարվում,
որ ոչ ոք երբեք չի էլ տեսնելու
անտեր սարերում…