Նախանձն էլ, ինչպես մարդը, լինում է սև, սպիտակ, կարմիր, երկնագույն… ու… մարդուց տարբեր, լինում է նաև կանաչ, շագանակագույն, դեղին, փիրուզագույն, նարնջագույն: Կարծես թվարկեցի բոլոր հայտնի գույները: Դե, հնարավոր է, չէ՛, ոչ թե հնարավոր է, այլ հաստատ կան դեռ գույներ, որ չեմ թվարկել, բայց նրանք, վստահ եմ, այդքան էլ հաճախ չեն օգտագործվում, որքան վերը թվարկված չորսը… թե մարդու կյանքում, թե նախանձի կյանքում: Այո, հենց այդպես…
… Ես շատ տեղ չեմ զբաղեցնում: Այսինքն ուզում եմ ասել` չեմ խանգարում ոչ մեկին, դրա համար էլ տեղ չեմ զբաղեցնում: Իսկ եթե ինչ-որ տեղ ես զբաղեցնում, նշանակում է, որ արդեն խանգարում ես ինչ-որ մեկին: Այսինքն` պետք է… ոչ թե պետք է, այլ պարտադիր է տեղ չզբաղեցնելը: Ապրում եմ սովորական, ինչպես բոլորը: Շնչում եմ, ուտում եմ, քնում եմ, արթնանում եմ: Առավոտյան պարտադիր լոգանք եմ ընդունում, հետո հագնում եմ թեթև, թափանցիկ ու գույնզգույն ծաղիկներով խալաթս ու գնում խոհանոց: Արագ միացնում եմ հեռուստացույցը, միացնում եմ սրճեփը ու ձեռքս առնելով մի փոքրիկ քաղցրավենիք` պատուհանից դուրս եմ նայում: Ու մեկ րոպե հետո լսվում է սրճեփի չխկոցը:
… Չը՜ըըխկ…
Սուրճս պատրաստ է: Լցնում եմ բաժակը ու հենվելով սեղանի ծայրին` լսում եմ առավոտյան լուրերը: Ուշադիր նայում եմ հեռուստացույցի ներքևի աջ անկյունում խոսող աղջկա փոքրիկ գլխին, ով բացում և փակում է բերանը, ձեռքերով վարժ շարժումներ է անում ու գեղեցիկ գույնի շրթներկ է քսել շուրթերին: Ո՛չ խուլ եմ, ո՛չ էլ համր, բայց հետաքրքիր է, թե ինչ է ասում: Այնքան եմ կլանվել նրա շարժումներով, որ ընդամենը կարող եմ իմանալ, թե ինչ է ասվում լուրերով` պարզապես լսելով հեռուստացույցից դուրս եկող ձայնը: Ու սկսում եմ ծիծաղել: Պատահաբար վրաս եմ թափում սուրճը: Լավ է եռման չի: Սեղանին եմ դնում կիսատված բաժակն ու գնում ննջարան: Բացում եմ պահարանն ու սկսում թերթել կախիչներից կախ տված շորերը: Հանում եմ մի գեղեցիկ շրջազգեստ: Հետ ու առաջ եմ անում: Հոտ եմ քաշում: Մաքուր է: Հագիս կեղտոտված խալաթը հանելով` գցում եմ գետնին ու հայելու մեջ սկսում եմ ուսումնասիրել թարմ ու թմբլիկ մարմինս: Սպիտակ է, շատ է սպիտակ մարմինս: Իմ մարմինը, իմ ու չգիտեմ… իմ, թե…
Ձեռքս սահեցնում եմ կլորիկ կրծքերիս վրայով, կմճտում եմ: Ցավում է: Նշանակում է` իմ մարմինն է: Իսկ ումը պետք է լինի, եթե ոչ իմը: Չգիտեմ: Նորից եմ սահեցնում ձեռքս: Կմճտում եմ փափուկ ազդրս: Նորից է ցավում: Նշանակում է` իմ մարմինն է: Եթե ցավում է, ու դեռ ուրախանում եմ մարմնիս ցավը զգալով, նշանակում է` դեռ ամեն ինչ կորած չէ: Հետ եմ շրջվում: Նայում եմ մեջքիս ներքևի հատվածում գտնվող երկու կարմիր խալերին: Հարթ են, ուռած չեն: Ասես մաշկիս հետ ձուլված լինեն: Իմ մաշկի հետ: Ձեռքս սահեցնում եմ խալերի վրայով: Նորից եմ կմճտում: Փշաքաղվում եմ: Ձեռքերիս ափերով շփում եմ մարմինս: Տաքանում եմ: Ուրախանում եմ, որ դեռ զգում եմ մարմնիս վրա ջերմաստիճանի փոփոխությունները: Ձեռքս նորից եմ սահեցնում մարմնիս վրայով: Համաչափ կլորիկ հետույքիս փափկությունից ոգևորված` քիչ ավելի ուժեղ կմճտեցի: Փափուկ է: Ծիծաղեցի: Նորից ցավաց: Նորից` նշանակում է` իմ մարմինն է: Ուրախությունից սկսեցի թռչկոտել այս ու այն կողմ: Վերցրի պահարանից հանած շրջազգեստն ու մոտեցնելով մարմնիս` սկսեցի պտտվել: Հագա: Գեղեցիկ է: Շատ գունավոր ու ուրախ: Շատ է սազում: Երկար, գանգուր մազերս թափվում են ուսերիս: Կարմիր են մազերս, անգամ հոնքերս են կարմիր ու թարթիչներս, բայց բնական կարմիր եմ… ներկած չեմ: Հայրս էլ, մայրս էլ կարմրահեր են եղել: Հիմա չկան: Ես եմ մնացել:

Պատրաստվում եմ գնալ հանդիպման:
Շրջվում եմ, որ տեսնեմ ինչպես եմ նայվում հետևից: Գեղեցի՞կ է նստած արդյոք շրջազգեստը մարմնիս: Կոնքերիս վրա այն ասես ինձ շնորհակալություն հայտնելիս լինի: Նորից շրջվում եմ: Մոտենում եմ հայելուն, որը մեծ է ու օվալաձև: Նայում եմ դեմքիս: Ավելի եմ մոտենում հայելուն: Մատներով սկսում եմ շոշափել, տրորել դեմքս: Հարթ է, տաք… Վերցնում եմ դիմահարդարման պարագաներով տուփն ու հանում եմ միջից` շրթներկ, դիմահարդարման փոշի ու էլի ինչ-որ բան: Կլոր ու հաստ շուրթերիս վրայով անցկացնելով շագանակագույն շրթներկը` ժպտում եմ: Վերադառնում եմ խոհանոց: Նորից միացնում եմ սրճեփը: Սպասում եմ մինչև չխկա: Հետո նորից լցնում եմ բաժակը, նորից հենվելով սեղանի անկյունին` լսում եմ լուրերը: Բայց այս անգամ արդեն քիչ ավելի ուշադիր եմ լինում, որ չկեղտոտեմ շրջազգեստը: Առավոտյան ժամը ինն է: Դեռ շատ ժամանակ ունեմ: Մինչ երեկոյան ութը կա ուղիղ 11 ժամ: Կհասցնեմ: Հորանջում եմ: Սուրճով բաժակը դնելով սեղանին` քայլում եմ դեպի միջանցք: Սկսում եմ մրսել: Ցուրտ է տունը: Սկսում եմ դողալ: Մոտենում եմ միջանցքի վերջում` պատի մեջ ներկառուցված պահարանին: Բացում եմ ճռռացող դուռն ու սկսում փնտրել: Փնտրում եմ շալ: Շալ, որ վրաս գցեմ: Հանկարծ պահարանի խորքում ձեռքս կպնում է փափուկ ինչ-որ բանի: Սկզբում չեմ հասկանում, թե ինչ է: Ինձ թվում է` շալերի, գլխարկների ու ձեռնոցների կույտ է: Բայց էդ դեպքում, մտածում եմ, ինչո՞ւ է սառը ու կարծես թե թաց: Միջանցքում լույս չկա: Մութ է պահարանի խորքում: Ձեռքիս մատները լայն բացելով` փորձում եմ վերցնել և դուրս հանել պահարանի խորքից այդ փափուկ ու սառը թվացող իրը: Որքան դեպի ինձ եմ քաշում, այնքան ավելի է փափկում ու թաց թվում: Իրար վրա դրված շորերի սյունը մի կողմ հրելով` վերջապես կարողանում եմ դուրս հանել նրան…
— Բայց սա ի՞նչ է:
Գցում եմ հատակին: Վախենում եմ: Հետ-հետ եմ գնում: Տրորում եմ աչքերս: Չեմ հասկանում կամ չեմ հավատում: Աջ ու ձախ եմ նայում զարմացած, ասես փորձում եմ ինչ-որ մեկին գտնել, որ հարցնեմ, թե ինչ է կատարվում… Փորձում եմ համարձակ լինել և չտրվել երեխա լինելուն: Քիչ-քիչ մոտենում եմ նրան…
Ավելի եմ մոտենում…
Գլուխս մոտեցնելով նրան` փորձում եմ հասկանալ` նա իրո՞ք շնչում ու շարժվում է…
Այո… կենդանի է: Շնչում է: Նա ամբողջությամբ փքվում է, հետո իջնում, փքվում է, հետո իջնում: Նորից հետ-հետ եմ գնում: Շուրթերս չորանում են: Բերանս բացած` ուզում եմ մի բան ասել, բայց ինչ` չեմ գտնում:
— Ի՞նչ է սա, ինչպե՞ս է շնչում, ո՞վ է նա, որտե՞ղ են նրա թոքերն ու աչքերը… ու… ու… ընդհանրապես, ինչպե՞ս ստացվեց… որտեղի՞ց սա հայտնվեց իմ պահարանում ու…
Նորից մոտենում եմ: Ձեռքերս եմ մոտեցնում նրան: Ուզում եմ ափերիս մեջ առնել: Դողում են ձեռքերս: Գրկում եմ: Հանկարծ ճչում է: Ցած եմ գցում ձեռքիցս: Գլորվում է դեպի դուռը: Հարձակվում եմ ու բռնում նրան: Գիրկս եմ առնում ու գալիս խոհանոց: Էլ չի ճչում, հանգստացավ կարծես: Թեթև է, շատ թեթև: Կլոր է, թաց է, բայց ձեռքերս չեն թրջվում: Ինձ թվում է` վախեցած է: Սկսում եմ շոյել գլուխը, բայց ինչ իմանամ, թե դա նրա գլուխն է, շատ հնարավոր է, որ դա նրա մեջքն է, փորն է, անգամ սիրտն է: Այսինքն այն ամբողջությամբ օրգան է: Միայն չեմ կարողանում հասկանալ, պարզել, թե ինչ նյութից է: Շոշափում եմ զգուշորեն` հանկարծ չվնասեմ: Ռետինից չի, կտորից չի ու ոչ էլ խաղալիք է: Թափանցիկ է ու մեջը դատարկ: Այն դնում եմ խոհանոցի անկյունում տեղադրված փոքրիկ բազմոցին ու սկսում տրորել գլուխս: Մոտենում եմ ծորակին, բացում եմ ու մի մեծ բաժակ ջուր եմ խմում ու մի փոքր էլ ափովս դեմքիս եմ ցանում` սթափվելու համար: Շրջվում եմ այն սպասումով, որ այդ ամենն ընդամենը իմ երևակայության արդյունքն է եղել: Բայց ոչ: Նա նստած է նույն տեղում, որտեղ թողել էի: Ու հանկարծ տարօրինակ մի ձայն է հասնում ականջիս: Չեմ կողմնորոշվում, թե որտեղից է: Շփոթված չորս կողմս եմ նայում` նորից այդ ձայնը լսելու ցանկությամբ: Ու այն երկար սպասեցնել չի տալիս: Նորից… նորից այդ ձայնը: Թվում է, թե միայն ձայն է, բայց չէ: Ձայն չէ, այլ բառեր են հնչում… նրանից: Նա բերան չունի ու կարողանում է ձայներ ու անգամ հստակ բառեր արտասանել: Աչքերս կկոցած մոտենում եմ նրան: Ծնկելով հայտնվում եմ ուղիղ նրան դեմ դիմաց: Ինձ հետ է հրում, ընկնում եմ մեջքիս վրա: Ցավում է…
— Բայց նա ձեռքեր չունի… ինչպե՞ս արեց…
Նորից եմ մոտենում: Նստում եմ ծնկներիս վրա ու այս անգամ դեմքս ավելի եմ մոտեցնում նրան: Լսում եմ նրա շնչառության ձայնն ու այս անգամ արդեն տեսնում եմ աչքերը, հոնքերը, թարթիչները, աչքերի գույնը, բերանը, շուրթերը, սիրտը… Նա մարդուց է կտրված, նա մարդու մի օրգանից է պոկված…
Նա ինքն է մարդ…
Նա իմ… իմ պահած, մոռացված…
Ես բարի եմ, շատ եմ բարի: Անցած տարվանից եմ բարի, հա, հա… անցած տարվանից: Երբ կարողացա հաղթահարել ինքս ինձ ու չդառնալ նախանձ… չար… չչարանալ աշխարհի վրա, մարդկանց վրա, ինձ վրա, բնության վրա ու… ու նրա վրա: Սկսեցի պայքարել: Սկզբում դժվար էր, չէի կարողանում ու օգնություն էլ չէի խնդրում: Սկսեցի չմեղադրել ու հասկանալ… Հասկանալ ոչ թե ինձ, այլ` նրան: Ընկերանալ ոչ թե ինքս ինձ հետ, այլ` նրա: Սկսեցի հասկանալ, որ ստիպելով ոչինչ չի լինում: Սկսեցի լսել նաև նրան, այլ ոչ թե միայն ինքս ինձ: Սկսեցինք շատ խոսել, զրուցել…
Ամուսնացած չէինք ես ու նա, բայց ապրում էինք միասին` արդեն երեք տարի…
Ու մի օր նա հասկացավ, որ ես իրենը չեմ…
Սիրահարվել էր…
Գաղտնի ամուսնացել…
Ու հեռացավ…
Պատրաստվում եմ գնալ հանդիպման…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն