Լուսանցքում*

Թվում է` 2004 թ. դեկտեմբերի 7-ին Էլֆրիդե Ելինեկը բանախոսություն կարդաց ոչ միայն իր ստացած նոբելյան մրցանակի, այլ նաև Լուսինե Վայաչյանի «Բալագոյե» վեպի առիթով (Երևան, «Լուսակն» 2008), չնայած «Բալագոյեն» տպագրվելու էր այդ բանախոսությունից չորս տարի հետո միայն: Ելինեկը խոսեց գրի մասին Լուսինեի անունից, խոսեց լեզվի մասին, լեզվի համար ու լեզվի կողմից բարձրացած աղմուկի մասին պատմեց:
Մինչ Լուսինեն դուրս է թքում լեզուն այնպես, ինչպես այն եկել ու կանգնել էր կոկորդին` դուրս թափվելու-պատմելու, ոչ թե բերանի մեջ բորբոսնելու կամ դառնալու արհեստական ծաղիկ ու հերթական վեպում բսնելու, մյուսները կուլ են տալիս խորխը` հիվանդանալով տարբեր տեսակի գրական հիվանդություններով, բացի այդ` փչացնելով ստամոքսը:
Այդպես խոսող լեզուն ինչ-որ բան է ասում ոչ թե իր, այլ մեր մասին, ինչ-որ բան է ցույց տալիս ու թաքցնում` հոգատարաբար խնայելով մեզ, իրեն վերագրելով փողոցի ապականությունը: Գրական լեզվի ստվերում անկենդան էջեր սվաղողներին հանում է արևի երես` ցույց տալու, որ այս լեզվով այլևս հնարավոր է ոչ միայն գրել-ձև բռնել-ակտուալ լինել, այլ գրականություն գրել, և այս լեզվով է միայն, որ կգրվեր նրա գրականությունը:
Այսպիսով` թե ինչ էր ասում Ելինեկը այս ամենի մասին իր նոբելյան ճառում, որը կարդալու համար չէր ներկայացել Շվեդական Ակադեմիա, այլ ուղարկել էր տեսաձայնագրությունը` պատճառաբանելով, որ ունի տարբեր տեսակի ֆոբիաներ, այդ թվում` վախ ինքնաթիռներից (Ելինեկի մեծագույն երազանքը Նյու Յորքի երկնաքերները տեսնելն է, որոնք, կարծում է, երբեք չի տեսնի սեփական աչքերով): Ծնվել է 1946 թ. Ավստրիայում: Ավարտել է Վիեննայի Կոնսերվատորիայի երգեհոնի բաժինը, Վիեննայի Համալսարանում սովորել է արվեստի պատմություն: Գրում է վեպեր, պիեսներ: Ամենահայտնի վեպերից են «Սիրուհիները» (1975), «Դաշնակահարուհին» (1983), «Մեռածների երեխաները» (1997): «Դաշնակահարուհին» վեպի հիման վրա նկարած Միխայիլ Հանեկեի համանուն ֆիլմը 2001 թ-ին շահել է Կաննի գլխավոր մրցանակ` աստղանիշով, որը նշանակում է ֆիլմը կարող է հոգեկան անհավասարակշիռ մարդկանց մոտ սթրեսների, դեպրեսիայի, այլ խախտումների պատճառ դառնալ:

Աննա Դավթյան

հատված նոբելյան ճառից

Արդյո՞ք գրելն իրականությունը գանգրացնելու շնորհն է: Գանգրացնելն, իհարկե, հաճելի է, բայց այդ դեպքում ի՞նչ եմ անում ես: Ի՞նչ են անում նրանք, ովքեր
իրականում չգիտեն` ինչ է իրականությունը: Այն արդեն այնքան խճճված է, ու չկա սանր, որը կարողանար քանդել այս թնջուկը: Գրողներն հուսահատորեն սանրում են իրականությունը ու նրա գլխին ստեղծում ոճային սանրվածքներ, որոնք մութ գիշերներին մղձավանջի նման ճշտապահորեն հետապնդում են նրանց: Իրականության արտաքինի հետ ինչ–որ բան այն չէ այլևս: Գեղեցիկ հավաքված մազերը կարող են իրենց երազային ամրոցներից դուրս թափվել և այլևս չհնազանդվել կամ թուլացած կախվել` քող դեմքի վրա, մինչև որ վերջնականապես չեն ենթարկվի կամ իրենց կամքից անկախ սարսափով կտնկվեն գլխի վրա` տեսնելով կատարվածը: Նրանք պարզապես կարգի չեն գա այլևս: Չեն ուզում: Կապ չունի, թե քանի անգամ է կոտրված ատամներով սանրը սահում նրանց միջով, չեն ուզում և վերջ: Ինչ–որ բան արդեն առավել այնպես չէ, քան առաջ: Գրելը, որ գործ ունի այն բանի հետ, ինչը տեղի ունենում–կատարվում է, ժամանակի նման սահում է մատների միջով և ոչ միայն այն ժամանակի, որի ընթացքում գրվել է, այլ նաև այն մեկի, որի ընթացքում կյանքը կանգ է առել: Ոչ ոք ոչինչ բաց չի թողել, եթե կյանքը կանգ է առել: Բաց չի թողել ոչ ապրված ժամանակը, ոչ չապրվածը, իսկ մեռածների մասին էլ չեմ խոսում: Ժամանակը գրվում է, և քանի դեռ գրվում է, սպրդում է այլ գրողների գործերի մեջ: Իսկ քանի որ նա ժամանակն է, կարող է ամեն ինչ միանգամից անել` մտնել քո գործի մեջ ու միաժամանակ ուրիշների, փչել նրանց սարքովի սանրվածքների մեջ` ինչպես իրականության կողմերից անսպասելիորեն բարձրացած թարմ ու, ինչու չէ, չարամիտ քամի: Իսկ երբ ինչ-որ բան բարձրանում է, ապա այլևս հեշտորեն չի իջնում: Ջղային քամին փչում ու իր ճանապարհին ավլում է ամեն ինչ, թռցնում այսուայնկողմ, բայց ոչ երբեք հետ` դեպի այս իրականություն, որը հարկավոր է պատկերել: Ցանկացած տեղ, բայց ոչ հետ` այնտեղ: Իրականությունն այն է, ինչը մտնում է մազերի տակ, փեշերի տակ ու միայն դա, այն է, ինչը քանդում է դրանք ու փոխակերպում: Ինչպե՞ս կարող է գրողն իմանալ իրականությունը, եթե այն մտնում է իր մեջ ու մի կողմ քշում իրեն, դեպի լուսանցքը, մայթը` հավետ: Մի կողմից, նա կարող է այնտեղից ավելի լավ տեսնել, մյուս կողմից, նա ինքը չի կարող մնալ իրականության ճանապարհին: Տեղ չկա այնտեղ նրա համար: Նրա տեղը միշտ դրսում է: Միայն այն, ինչը գրողն ասում է դրսից, կարող է ներս տարվել, և սա այն պատճառով, որ նրա ասածը երկիմաստ է: Արդյունքում ստացվում են երկու հնարավոր, երկու ճիշտ տարբերակներ, որոնք զգուշացնում են, որ ոչինչ տեղի չի ունենում, ու սա մեկնաբանում են երկու տարբեր ուղղություններով, հասնում են անհամազոր հիմքերի, որոնք վաղուց նմանվել են կոտրված ատամներով սանրի: Կամ, կամ: Ճիշտ կամ սխալ: Ուշ թե շուտ դա տեղի էր ունենալու, քանզի այդ հողի վրա հնարավոր չէ ոչինչ կառուցել: Ինչպե՞ս կարելի է կառուցել անտակ փոսի վրա: Բայց այն անհամապատասխանությունը, որ հայտնվում է գրողների տեսադաշտում, դեռ կարող է համապատասխանել ինչ-որ բանի, ինչը նրանք կարող են նաև թողնել: Կարող են վերցնել կամ թողնել, և նրանք թողնում են: Չեն սպանում: Պարզապես նայում են իրենց մշուշոտ հայացքով, չնայած մշուշի միջով նայվածը չի դառնում այն, ինչ ինքն է կամենում: Նրանց հայացքը գիտի` ուր է ուղղվում: Այդ հայացքի տակ հայտնվածը, նույնիսկ եթե հայացքն այդ թեթև հպվել է իրեն, նույնիսկ եթե հանրության սուր աչքը երբեք չի հառվել նրան, ընկղմվելու պահին նույնիսկ չի ասում այն մասին, որ կարող էր նաև մեկ այլ բան լինել, եթե չդառնար այս միակ նկարագրության զոհը: Ասում է հենց այն, ինչը ավելի լավ է չասված մնար (միգուցե որովհետև կարող էր ավելի լա՞վ ասվել), այն, ինչ պետք է միշտ անորոշ ու անհող մնա: Շատ-շատերն են արդեն խրվել սրա մեջ մինչև կոկորդները: Սա արագ քաշող ավազ է, որը, սակայն, ոչինչ չի տանում առաջ: Անհող է, բայց ոչ առանց հիմքի: Ձեր ուզածով է, բայց ոչ երբեք սիրելի:

Կողմերը ծառայում են կյանքին, որը հստակորեն այնտեղ` լուսանցքում չի տեղի ունենում, այլ դեպքում մենք բոլորս կենտրոնում չէինք լինի` լիքության մեջ, մարդկային կյանքերի լիքության: Կյանքին հետևելը կողմերի ծառայությունն է, կյանքին, որը միշտ մեկ այլ տեղ է իրականանում: Այնտեղ, որտեղ մենք չկանք: Ինչու՞ վիրավորել նրան, ով չի կարողանում վերադառնալ կյանքով ճամփորդելու արահետներին, կյանքին, կյանքի ճանպարհին, եթե նա տարել-կրել է այս ամենն իր վրա, որն ինչ-որ մեկին տանելը չէ կամ ընդհանրապես կյանքը հանդուրժելը, այլ կյանքը պարզապես պատահականորեն տանելը, ինչպես կոշիկներն են կրում փոշին իրենց վրա, որ այնպես անխղճաբար մաքրում է տանտիրուհին, գուցե մի փոքր պակաս անխղճորեն, քան տեղացիներն են մաքրում իրենց բներն օտարներից: Ինչպիսի՞ փոշի է դա: Ռադիոակտի՞վ է, թե՞ պարզապես ակտիվ: Ես հարցնում եմ, որովհետև այն իր հետևից տարօրինակ լույսի հետք է թողնում: Գուցե այն, ինչը հոսում է կողքով` երբեք նորից չհանդիպելով գրողին, ճանապա՞րհն է, կամ գուցե գրողն այն մեկն է, որը դեպի մա՞յթն է վազում: Նա դեռ չի հեռացել կյանքից, բայց, այնուամենայնիվ, արդեն անցել է լուսանցքագիծը: Այնտեղից նա` իրենց ամբողջ բազմազանությամբ տեսնում է նրանց, ովքեր բաժանվեցին իրենից, բայց նաև միմյանցից, տեսնում է, որ պատկերի, որ նրանց ձևի մեջ դնի, որովհետև ձևն ամենաճշմարիտն է. նա, այնուամենայնիվ, ավելի լավ է տեսնում այնտեղից: Բայց այս ամենը նույնպես կավիճով գծում են` ընդդեմ նրա. փաստորեն այս գծերը կավճե նշաններ են, ոչ թե լուսավոր հետքեր` գրի ճանապարհին: Ամեն դեպքում, դա նշագծում է, որ միաժամանակ ցույց է տալիս ու բացահայտում, ապա հետևից զգուշորեն ծածկում իր իսկ թողած հետքը: Գրողն այնտեղ երբեք չի եղել: Փոխարենը գիտի ինչ է կատարվել: Գրողի բառերն իջնում են հեռուստաէկրաններից, ցավից աղճատված դեմքերից, շպարված, ծիծաղող բերաններից, հենց շպարից առաջ սիլիկոնով փքված շուրթերից կամ մյուսներից, ովքեր արագ տրված հարցերից մեկին են ճիշտ պատասխան տալիս, կամ Մայրիկ ծնվածներից` կանայք, ովքեր ոչնչի դեմ չեն և ոչնչի կողմ չեն, ովքեր կանգնում են ու տեսախցիկի առաջ հանում վերնազգեստը` ցուցադրելու իրենց թարմորեն ձգված կրծքերը, որոնք մի ժամանակ պողպատից էին ստանում, ու պատկանում էին տղամարդկանց: Սրանց ավելացրած կոկորդների ցանկացած քանակ, որոնցից երգը դուրս է թափվում` ինչպես գարշահոտ շնչառություն, միայն ավելի բարձր: Այս ամենը կարելի կլիներ տեսնել ճանապարհին, եթե նա դեռ այնտեղ լիներ: Գրողը գնում է ճանապարհից դուրս եկած ճանապարհով: Հեռվից է նայում, որտեղ հաճույքով մնում է մենակ ու հետևում ճանապարհին, բայց չի ուզում քայլել դրանով: Այս արահետից նո՞ր սկսեց գալ այս
աղմուկը: Մի՞թե այն ուզում է իր վրա ուշադրություն հրավիրել նաև աղմուկով, ոչ թե միայն լույսերով, բարձրագոչ մարդկանցով, բարձրագոչ լույսերով: Այն ճանապարհը, որով չեն կարող քայլել, վախենու՞մ է արդյոք, որ իրենով չեն քայլում, երբ այդքան մեղքեր են գործվում ի վերջո` տառապանք, բռնություն, գողություն, սպառնալիք, որոնցով չափվում են աշխարհի ճակատագրերը: Ճանապարհն անտարբեր է այս ամենի հանդեպ: Այն տանում է ամեն ինչ հաստատակամորեն, անհող: Առանց հող: Կորցրած հողի վրա: Մազերս, ինչպես արդեն նշվեց, սարսափից տնկվել են, և չկան նյութեր, որոնք կարող են հարդարել դրանք: Իմ մեջ նույնպես հստակություն չկա: Ոչ ներսից, ոչ դրսից: Մայթին եղողը պետք է պատրաստ լինի մի քիչ կողքի քաշվել, հետո էլի մի քիչ, դեպի դատարկություն, որը հենց մայթի կողքին է: Իսկ մայթերն իրենց հետ ունեն մայթային փոսեր, որոնք ամեն վայրկյան պատրաստ են ավելի ու ավելի մոլորեցնելու իրենց զոհին, որպեսզի կուլ տան: Չգայթակղելը գայթակղելն է: Ոչ, ես չեմ ուզում աչքից կորցնել այն ճանապարհը, որով չեմ քայլում: Ես շատ կուզենայի անկեղծորեն ու ճշգրտորեն նկարագրել այն: Բայց դե եթե ես նրան եմ նայում, նա էլ ինչ-որ բան կանի ինձ համար: Բայց այս ճանապարհն ինձ չի խնայում: Ինձ ոչինչ չի թողնում: Ի՞նչ է մնում ինձ: Ինձ չեն թողնում գնալ իմ ճանապարհով, ես հազիվ թե կարողանամ գնալ որևէ ճանապարհով: Ես դրսում եմ հայտնվել, չնայած դուրս չեմ եկել: Բայց այնտեղ նույնպես իմ սեփական անվստահությունից ինձ պաշտպանություն է հարկավոր, նաև հողի անվստահությունից, որի վրա կանգնած եմ: Իմ կողքով գալիս է, ոչ միայն ինձ վստահություն ներշնչելու, ոչ միայն ինձ պաշտպանելու, իմ լեզուն, որ նաև ստուգում է, թե արդյո՞ք անում եմ ամեն ինչ, պատկերու՞մ եմ իրականությունը տեղը տեղին սխալ, որովհետև այն միշտ պետք է սխալ պատկերվի, այլ տարբերակ չկա, ուղղակի այնքան սխալ, որ ով կարդա կամ լսի, միանգամից զգա կեղծիքը` Սու՛տ է: Եվ այս շունը` լեզուն, որ նախատեսված է ինձ պաշտպանելու համար, ինչի համար, ի վերջո, ես ունեմ նրան, խոսքահաչ է կապել հետևիցս: Իմ պաշտպանն ուզում է կծել ինձ: Լեզուն` միակ պաշտպանս, որ չի ուզում պատկերվել, այլ, ընդհակառակը, գոյություն ունի պատկերելու մի բան, որ ես չեմ – ահա ինչու եմ այսքան թուղթ լցնում – իմ միակ պաշտպանը շուռ է գալիս իմ դեմ: Հավանաբար ես պահում եմ նրան, որ նա, ձևացնելով, թե պաշտպանում է ինձ, հարձակվի վրաս: Որովհետև ես փնտրել եմ պաշտպանություն գրի մեջ, և լեզուն, որ համաքայլ գալիս է ճանապարհովս, որ շարժման մեջ, խոսքի մեջ ապահով ապաստան էր թվում, շուռ է եկել իմ դեմ: Զարմանալի չէ: Ես երբեք էլ մեծ վստահություն չեմ ունեցել նրա հանդեպ: Ի՞նչ քողարկում է դա, որ գոյություն ունի ոչ թե մարդուն անտեսանելի, այլ ավելի տեսանելի դարձնելու համար:
Երբեմն լեզուն սխալմամբ հայտնվում է ճանապարհին, բայց էլ չի շեղվում ճանապարհից: Լեզվով խոսելն ինքնակամ պրոցես չէ, այլ ինքնակամ է իր կամքից անկախ, ուզես, թե չուզես: Լեզուն գիտի` ինչ է ուզում: Լավ է, որովհետև ես ինքս չգիտեմ: Խոսելը, ընդհանրապես խոսելը, անսկիզբ ու անվերջ խոսելը, որ կյանքում ամենուր է, դժվար է ինչ-որ բան ասելու հետ համեմատել: Այսպիսով խոսելն այնտեղ է, որտեղ բոլորն ուզում են մնալ` առանց ոտքերը կախ գցելու, այնքան որ զբաղված ժողովուրդ են: Նրանք բոլորն այնտեղ են` ճանապարհին: Ես` չէ: Միայն լեզուն, որ երբեմն հեռանում է ինձնից, գնում է մարդկանց մոտ, ոչ բոլորի, այլ իրական մարդկանց` ոչ կեղծ, գնում է այն ճանապարհով, որն ունի լավ տեղակայված ճանապարհային նշաններ (ո՞վ կշեղվեր այստեղ), տեսախցիկի նման հետևում է նշանների բոլոր շարժումներին այնպես, որ գոնե ինքը` լեզուն գտնի, թե ինչպիսին և ինչ է կյանքը, որովհետև պարզվում է, որ այն հստակորեն այն չէ, ինչ է, և այդ ամենը պետք է պատկերվի, նույնիսկ եթե այն հստակորեն եղածը չէ: Եկեք պարզապես խոսենք այն մասին, որ մեկ անգամ ևս պետք է այցելել բժշկի: Մինչդեռ մենք բոլորս միասին հանկարծակի խոսում ենք` պատշաճ ուժգնությամբ, մեկի նման, ով նաև չխոսելու ընտրությունն ունի: Ինչ էլ տեղի ունենա, միայն լեզուն է հեռանում ինձնից, ես ինքս հեռու եմ մնում: Լեզուն գնում է, ես մնում եմ, բայց հեռու: Ոչ ճանապարհի վրա: Ես անբարբառ եմ:

*Թարգմանությունը կատարված է Նոբելյան Հիմնադրամի պաշտոնական կայքից վերցված բանախոսությունից.

http://nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/2004/jelinek-lecture-e.html

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն