***
Քո վերնաշապկի ճերմակը անխոս,
Իմ կարմիր գինին՝ դրված սեղանին,
Եվ աչքերը քո կապույտով լցված
Հիշել եմ այսօր…
Օծանելիքիդ բույրը արբեցնող,
Որ գերեց սիրտը կարմիր իմ գինու,
Եվ այն լուսնին՝ երազաբեմում
սերենադ երգող,
Հիշել եմ այսօր…
Իսկ թե այդ օրը ինչը գրավեց սրտիդ
կամակոր,
Հիշել չեմ կարող…
Միգուցե ոչի՞նչ, միգուցե գինի՞ն,
օծանելի՞քդ
Կամ էլ միգուցե դու գրավեցիր քեզ՝
եսասերիդ…
***
Ես հարդարում եմ վարսերը սրտիս,
Դու խանգարում ես իմ սանրի շարժը,
Բռնել ես սանրս…
Ուզում եմ սանրել բոլոր հույսերը,
Փոթորկված, թրջված իմ անուրջները
Չէ՞ որ չես սիրում, ես չեմ հասկանում,
Ինչո՞ւ ես բռնել սերդ սանրող
վախկոտ մատներս…
***
Աշնանաբույր թեյ ու
աստղոտ զեփյուռ,
Մի վառ լուսամփոփ…
Իմ պատուհանը թակող ջինջ երկինք,
Իր գիրկը կանչող լուսին հեռավոր:
Նա միշտ գալիս է,
Քամոտ համբույր է ուղարկում
մեկ-մեկ
Ու սեր է ուխտում…
Բայց արդեն գիտեմ,
Իսկական սերը վառվում է միայն
Լքված փողոցի լուսամփոփներում…
***
Շատ քամիներ կողքովս անցան
Կանգնեցի հպարտ…
Բոլոր հովերի կամքին հակառակ
Չսասանվեցի…
Բայց մի խենթ քամի,
Որ սեր է կոչվում,
Երկինք բարձրացրեց
Ու հեգնեց այսպես.
— Հե՜յ, հպարտ օրիորդ,
Քեզ և՞ս հասավ սերը խելահեղ…
Արև տենչացող ճյուղերը իմ մերկ
Լուռ էին, պարտված…
Մի քիչ տարուբեր,
մի քիչ խոնարհված…
Սպասումներիս փոթորկուն ծառը,
Այսօր գլխիկոր կանգնած է, ավա՜ղ,
Օրորվում է լուռ հովերից օտար,
Սպասում սիրուն՝ ծանոթ ու քամոտ:
***
Աստղերը սիրո շրջան են կազմել,
Ինձ համար աստղոտ
ծաղիկ չե՞ս բերի…
Քամուն թևանցուկ աշունն է գալիս,
Ինձ տերևային տաք թեյ չե՞ս բերի…
Գիտե՞ս, սիրում եմ բնության պարը,
Ուր որ է բեմին քամին կպարի,
Ու կհաջորդի մեր սիրո պարը,
Ա՜խ, սեր-աշունը թող չդադարի…
***
Երբ ամեն անգամ լույսով
թակում ես պատուհանը իմ
Ու շոյում ես կոպերն իմ քնատ,
Երբ ամեն անգամ զարթուցչից առաջ
Արթնացնում ես ինձ
համբույրով քո տաք,
Լուսեղեն սիրով եմ
վեր կենում այդժամ…
Դեռ քնատ երկու բաժակ եմ բերում,
Դնում քո սիրած պատուհանի մոտ,
Ե՛կ, բարիլույսենք միասին, արև՛,
Սրճենք միասին, զարթուցիչ իմ սեր:
***
Քամոտ սերերը գալիս գնում են
Ու չեն կրկնվում…
Սիրո գնացքից ելնում-իջնում են
Կանչում ու կորչում…
Լուսնի նվագը հնչում է երկար
Ու չի ծերանում.
Ա՜խ, այդ սերերը, գրո՛ղը տանի,
Շատ են ուշանում…
***
Հետևում էի բնության խաղին՝
Ամեն շշուկին ականջ դնելով,
Կարծես բնության սիրով ջերմանում,
Անձրևի ներքո քամու հետ պարում:
Թրջվել էի ես, բայց չէի մրսում,
Քամու քմայքից
կախարդված ժպտում,
Ինքնամոռաց պարո՜ւմ էի, պարո՜ւմ
Այս աշնան լուսե բեմահարթակում,
Տերևներն են մեզ ծափահարում:
Աշնան դիցուհին գունագեղ այգում
Պարահանդես է բոլորին կանչում,
Քամին մերթ սուլում և մերթ լռում է,
Մերթ էլ ինքնիրեն
քահ-քահ ծիծաղում,
Մերթ մերկ ծառերին
պարելու կանչում.
Ա՛յ սա է կոչվում խենթ
պարահանդես,
Խենթ պարահանդես հե՛նց
անձրևի տակ…
Նա դեռ պարում է,
Ու ես էլ կարծես չեմ զիջում նրան,
Եվ ահա քամին մի վերջին անգամ
Հեգնորեն սուլեց ու անհետացավ…
Քամին կգնա՝ ինձ պես երազկոտ,
Ինձ պես, բայց ուրիշ
Մեկ այլ աղջկա պարի կկանչի…
***
Ով մեծն ֆալաք, անունդ եմ կանչում.
Ի՜նչ ես ճակատիս գրում ու ջնջում,
Դարձել եմ ծաղրիդ գրատախտակը:
Ո՜վ ես դու, ֆալա՛ք,
Աստծո խզբզա՞նք…