***
Եղունգներիս ծայրերին ավարտվում է գոյությունդ,
Որոշել եմ չկտրել դրանք, քեզ երկա՜ր ունենալու համար
Էս անտեր կարոտի սարքը ճզմում, քամում է ինձ,
Ես մանգո չեմ…
Էսօր խնջույքի էինք հրավիրված` ես, մանգոյի հյութն ու եղունգներս,
Որոնց ծայրերին նստած ես դու,
Չխմեցի…
Գլուխս ցավում էր, երեկ կարոտահյութի շշեր էի դատարկել.
Կարոտահյութից համ չեմ առնում, բայց մի տեսակ հեռավորություն է բուրում,
Հարբեցնող բույր է…
Ծարավեմ, եղունգներիս երկարության ու քո պատճառով չեմ կարողանա վերցնել բաժակը
Ի՞նչ անեմ
Քեզ կտրե՞մ կյանքիցս
Թե՞ խեղդվեմ…

***
Քաղաքը դատարկվել է,
Բայց ավելի է դատարկվելու քեզնով երբ հեռվանաս
Քեզնից ես պակասված եմ
Քչացած եմ ու կիսատված
Լույսերը սպասվածից շուտ են անջատվում,
Ասես վառված չեն էլ եղել:
Չկաս…
Ու քաղաքը ամեն օր բացակա է դնում
Հոգնել է զիջելուց,
Ախր անփույթ աշակերտ դուրս եկար…
Լույսերը վաղուց մարված են հանգում եմ արդեն ո՞ւր ես…

***
Ծխախոտից մնաց մոխիր մոխրամանում
Ու լյարդում գուցե ցերոզ
Իսկ քեզնից ի՞նչ մնաց
Չգիտեմ:
Դու հայելիների մեջ անհետացար
Ատամներդ սեղմած, դիմագծերիդ դաջած հայացքիդ խստությունը:
Մկանների լարումից դեմքդ կնճռոտվեց,
Բայց ատամներիդ ցուցադրությամբ փորձեցիր քեզ համոզել, որ ժպտալ գիտես:
Իսկ ե՞ս
Ես ինձ ստիպեցի հավատալ, որ ամեն ինչ լավ է,
Որովհետև ես առաջինը չեմ,
Գրողը տանի ոչ էլ վերջինն եմ, այս բազմության մեջ,
Որ կապկպված է մենակության զսպաշապիկով:

Ամաչում եմ…
Աշխարհում ավելի մեծ ցավեր կան
Իսկ ե՞ս
Ես հիմարաբար կարծում էի,
Թե իմ ցավը մահացու է:
Գրում եմ այդ «մահացու» ցավով:
Իմ բոլոր գրածները այն մեկի համար են,
Այն միակի, ով վերջին հաշվով չգիտի իմ գոյության մասին,
Չի կարդացել նույնիսկ մի բառ,
Ու չի քրտնել, ո՛չ կարոտից, ոչ էլ իրեն` տողերիս մեջ գտնելուց.
Էլ չգրե՞մ,
Թե՞ դադարեմ ամաչելուց…

***
Քո ինքնագոհ էությունից
Որ վաղուց շատ է նկատելի
Ես հոգնել եմ…
Դանակները բթացել են
Ինչո՞վ պատռեմ հազարավոր դիմակներդ,
Իմ ունեցած 10 մատներով…
Բայց դու գոնե խոստացիր ինձ
Որ դեմքդ կա
Ու չի կորել դիմակների թերթերի տակ:
Գուցե թատրոնում քեզ համար տեղ լինի՞…
Երևի:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն