Երբ ստվերիս ինչ-որ բան պատահի,
կիմանամ, որ ինչ-որ բան եմ կորցրել,
և որ աշխարհը արդեն ստվերների ձևով եմ ընկալում:
Բայց ես համառորեն
մինչև վերջ չեմ հավատում ստվերներին,
որ ամեն տեղ հանդիպում են,
համառորեն հրաշքների էլ չեմ հավատում,
չնայած գիտեմ, որ դրանք կան,
համառորեն հետաձգում եմ քայլելը:
Երևի նույնն եմ,
այն օրերի նման
և այն մարդկանց նման,
ովքեր անշեղորեն գնացին,
բայց չարժանացան տեսնելուն
կամ շեղվեցին կես ճամփից
ու չմտան Երկիրը:
Սովորական բարձրության գլուխներ ենք:
Իսկ նրանք,
որոնց վրա խաղաղություն իջավ
դանդաղեցված,
ճերմակ,
ինչ-որ բանի նման թեթև,
երկար ժամանակ այդպես թեքված մնացին
նազանքով:
Հետո կատարվեցին բոլոր մյուս բաները…
Երեկոյան ես սիրում եմ իմ սենյակի ստվերները`
սպիտակ ու դեղնավուն շորերով,
մինչև ուշ գիշեր արթուն,
ամենաանորոշ շոշափելիքներով,
որ ուղղահայաց վայրընթացներ
ու վերընթացներ են
աչքերը փակելուց անմիջապես հետո…
Մոտենում է այն ժամը,
որը ես հատկապես շատ եմ սիրում:
Քնելիս գլուխս դնում եմ պրոցեսորի կողքին
և վերջին անգամ մտածում եմ,
թե ով կասի վերջին ցտեսությունը,
ե՞ս, թե՞ նա:
Մարդիկ, որ աշխարհի սկզբից
իրար հետ պիտի լինեին,
հիմա կարող են լինել իրար հետ,
մարդիկ, որոնք մենակ են մնում վերջում:
Այդ ժամին հանգչում են
առանց այդ էլ քնած գլուխները,
և կարելի է քնած-քնած լռել:
Մազերը ճերմակում են, ու ցավում է:
Բեռնատարների ձայնից բարձր
լսվում է մարդկանց հազը,
երկիրը կորցրած մարդիկ մեռնում են,
ինչպես Մովսեսը,
և սա պարզապես արև է,
ոսկի թվացող ստվերներ են,
որոնց վրա արևն է…

***
Եթե հիմա ջուր թափվի վրաս,
թվում է` կաճեմ:
Դուգլաս Դուն
Իմ հորինովի բուսական անցյալից,
որ չգիտես ինչու` հենց նոր անցավ մտքովս,
պետք է որ ինչ-որ հուշեր ելնեն:
Ուզում եմ հին բաների մասին մտածել:
Օդի այն քանակությունը,
որ անհրաժեշտ էր նվազագույն ներշնչումի համար,
և քնի շարունակությունը` առավոտն այգում:
Արևը ստիպում էր, որ իրեն գրկես:
Քամին քո մեջ մտնելու համար էր
(Դա ուղիղ արմատի վրա աճող,
ուղղությունից թեքվող մի բան է,
ինչպես ոտքերի վրա աճող, պարող մեջք):
Ծաղիկները լցնում էին տարածությունը:
Դու սիրում էիր,
և չգիտես ինչու թիթեռներ էին գալիս միտքդ,
երբ պատկերացնում էիր նրանց, ում սիրում էիր:
Դա անցյալի անցյալն էր:
Եվ դու կարող էիր ինչ-որ մեկի արևը լինել,
և կարող էին բարձր ձայներ լինել
(նրանք չէին մտածում, որ երեխաները քնած են),
Դու կարող էիր քո երազանքների մասին խոսել,
քո հին ու ծանոթ երազանքների մասին,
դու կարող էիր սիրել քաղաքի քո բոլոր տները…
Հիմա քաղաքի քրտինքն է,
ու դրանով արդեն չես պրծնի:
Դա անցյալի անցյալն էր:
Եվ ի՞նչ կանեի ես, եթե հիմա լիներ:
Ոտքերը կլվայի՞ արցունքներով
                            ու մազերով կսրբեի՞:
Հիմա ես ուղղակի գրկում եմ Նրա պատմությունը,
գրկում ու կրծքիս եմ սեղմում:
Դա անցյալի անցյալն էր`
հեշտ, բաղեղային ոլորում,
հիմա բոլոր ծառերի մասին գրվել է:
Ես երևի կարող եմ ամբողջ  կյանքում պահել այն արևը
ու չվախենալ այն արևից,
ես երևի կարող եմ ամբողջ կյանքում պահել այն ծառերը
ու չվախենալ այն ծառերից,
ես երևի կարող եմ…
Օրերը կհերիքե՞ն, որ մինչև վերջ ապրենք
բույսից մինչև քաղաք
նորից…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն