Երկու հարց վերջերս շաաաատ ծիծաղելի են դարձել ինձ համար, մեկը, երբ ատամնաբույժի մոտ ես ու բերանդ լիքը գործիք կա ու ատամնաբույժն անընդհատ հարցեր է տալիս, օրինակ, թե վաղո՞ւց էր այդ ատամդ ցավում, ու դու աչքերով ու գլխով մի կերպ փորձում ես պատասխանել, քանի որ կարծում ես՝ այդ պատասխանը կարևոր է բժշկի համար, ավելի կոնկրետ՝ ատամիդ համար, և երկրորդ, երբ հարցնում են՝ ինչու չես ամուսնանում…

Առաջինի դեպքում, պատասխան կա, բայց ի վիճակի չես արտահայտվելու, իսկ ահա երկրորդ հարցը…

— Կամուսնանա՞ս ինձ հետ:

— Իսկ դու ո՞վ ես, ի՞նչ ունես:

— Ես գիտես ի՜նչ բիզնես ունեմ Մոսկվայում…

— Ի՞նչ:

— Հացի փուռ ունեմ, ռեստորա՜ն, ֆաստֆուդի կետ, ծաղկի սրա՜հ…

— Իհարկե՝ կամուսնանամ…

Պսակեցին Մանոյին, տվին մոսկվաբնակ Գարոյին… Ծլին, ծաղկին, զարգացա՛ն… ու մի ամառային օր Մանոն 20 կիլո չաղացած եկավ Երևան՝ երկու գմփլիկ տղաների հետ…

— Ո՞նց «կպցրիր» Գարոյին,- վրա տվեցին հարևանի աղջիկներն, ովքեր դեռ հույսները չէին կտրել ու հավատում էին, որ իրենց ասպետները նույնպես յոթ սարից անցել են ու շուտով, ուր որ է տեղ կհասնեն…

— Կպաաաաաաաաավ, էլի՛…- լայնարձակ ժպիտով պատասխանեց Մանոն ու, մի հեգնոտ հայացք գցեց հարևանի «տանը մնացած» աղջիկներ վրա,- տեգրս ուզում է պսակվի, տեսնեմ որ մեկդ եք ձեզ արդարացնում՝ կգանք հարս կտանենք…

Մարինե, Կարինե, Անուշ… ահա, թե ում միջև սկսվեց անհաշտ մրցակցությունը՝ ոչ միայն ամուսնանալու, այլև «տանը մնացած»-ի կարգավիճակից փախչելու համար, ու ոչ թե Մանոյի տեգրոջ հետ, այլ՝ Մոսկվայի…

ՄԱՍԿՎԱ ՅԱ ԻԴՈՒ Կ ԾԵԲԵ… նարնջագույն սայթի իր էջում գրեց քույրերից ամենափոքրը՝ Կարինեն, ու միանգամից դարձավ Մանոյի ձախ ձեռքը՝ սուրճ եփել- խմելու ընկերուհուց, մինչև հագուստի խանութներում թափառելու ընկերուհի…

— Ի՞նչ սիրուն աչքեր ունես, հրեշտա՜կս,- առաջին անգամ տեսնելով Կարինեին, ասաց Մանոյի տեգրը՝ Վարդանը, երբ միասին, հատուկ առանձնացված սենյակում փսփսալու էին գնացել,- կամուսնանա՞ս ինձ հետ:

— Իհարկե՛,- պատասխանեց Կարինեն ու չկարողանալով զսպել ուրախությունը՝ դուրս նետվեց սենյակից՝ քույրերին պատմելու իր «անսպասելի» երջանկության մասին:

Քույրերը կիսեցին նրա «երջանկությունն» …. ու ամառային մի կրակախեղդ օր Մանոն եկավ Կարինեին խորհուրդ տալու, թե ինչպես պատրաստվի հարսանիքին, ավելի կոնկրետ՝ առաջին գիշերվան…

— Դե ասում եմ, պետք չի, էլի, լսիր մեծին…

— Ինչո՞ւ …- զարմացավ դեռատի Կարինեն:

— Որ հետո երեսովդ չտա…

— Ոնց երեսով չտա…

— Հենց ըտենց… Չե՞ս հասկանում, Կարին, ախր որ միանգամից թողնես, հետո երեսովդ կտա, որ գոնե մի հատ չեմուչում չես արել…

— Օօօօօ՜ֆ, Ման, ինչեր ես ասում,- նեղսրտեց Կարինեն, մի քիչ չեմուչում արեց, ու հետո հանդարտվեց,- դե լավ՝ ոնց կասես: — Հավատաց և վստահեց Մանոյի փորձին, խոնարհաբար լսեց Կարինեն, և հետագայում էլ այդպես արեց՝ առաջին գիշերն այնքան չեմուչում արեց, որ խեղճ Վարդանի համար 15 օր շարունակ «առաջին գիշեր» եղավ… մինչև որ ամբողջ ազգը խառնվեց այս հույժ կարևոր ու «տարօրինակ» դարձած գործընթացին:

Մինչ Վարդանը փորձում էր բռնել ու «համտեսել» Կարինեի աջ ձեռքից ձախ ձեռք նետվող կարմիր խնձորը, Մանուշը նախաձեռնեց մի նախագիծ՝ ամուսնացնել ու «անառակների» ձեռքից փրկել թոռանը՝ Աշոտին:

— Ձեր աղջկան ենք եկել ուզելու,- Մանուշը հեգնանքով նայեց տան գլխավորին՝ անկողնու մեջ պառկած 80-ամյա Հերիքնազ տատին,- թոռս շատ լավ տղա է, նոր է եկել Ռուսաստանից,- Հերիքնազ տատը չթողեց Մանուշը խոսքը վերջացնի:

— Աղջի՛, բայց մենք մարդի տալու աղջիկ ունե՞նք,- բարձր ձայնով դիմեց նա իր հարսին՝ տան մի անկյունում կանգնած ու ձեռքերը կրծքին խաչած Սրբուհուն,- էս կընկանն ինչի՞ ես մեր տուն բերել:

— Ե՞ս եմ բերել,- մռթմռթաց Սրբուհին,- ինքն ա եկել. ես իսկի չգիտեի ինչի է եկել, հարցրեց տան մեծն ով է, ես էլ քեզ մոտ բերի:

— Մտքինդ ասա՛,- չար հայացք նետելով հարսի ուղղությամբ՝ շպրտեց Հերիքնազն ու փորձեց շուռ գալ պատի կողմը՝ ցույց տալու, թե ինչքան է արհամարհում թե՛ հյուրին, թե՛ հարսին…

— Բայց մեզ ասել են, որ դուք ջահել աղջիկ ունեք,- իր հերթին շպրտեց Մանուշն ու մի աթոռ վերցնելով՝ նստեց:

— Չունե՛նք, այ կնիկ, հըսկանում չե՞ս,- շուռ գալով Մանուշի կողմը՝ գոռաց Հերիքնազը,- մեր ջահելին տարե՜լ են, փախցրե՛լ են…

Մանուշը, գիտակցելով իրավիճակը, լուռ վեր կացավ տեղից, բայց քանի որ անչափ վիրավորված էր տանտերերի ընդունելությունից ու անտարբեր վերաբերմունքից, մտքում փորձեց համոզել իրեն՝ ավել-պակաս չխոսելու, բայց չստացվեց, խոսքն առաջ ընկավ.

— Այ կնի՛կ, դե բան ասեք՝ բան իմանանք, թե չէ էնպե՜ս ես խոսում, կարծես մենք էլ եկե՜լ ենք, հավանե՜լ ենք ձեր աղջկան, ընկել ենք ոտքներդ՝ ուզում ենք տանել, դուք էլ ձեզ թանկացրել եք… Հըլը մի տես ես էլ էս օջախից հարս կտանե՞մ, ձե՛զ նայեք, մե՜զ նայեք… հյուրին էլ չեք կարում նորմալ ճամփու դնեք…

Ու էս խոսքի վրա Մանուշն օդում նկատեց իր ուղղությամբ եկող ձեռնափայտն ու ձեռքը հազիվ հասցրեց գցել դռան բռնակին, բայց չհասցրեց դուռը բացել՝ նետվել դուրս: Ձեռնափայտի ուժգին հարվածից Մանուշը փռվեց գետնին ու անշնչացավ: Ութսունամյա պառավը, որ մինչ այդ պահը մի ոտքից կաղ էր, այդ տեսարանից մոռացավ, թե կոնկրետ որ ոտքն էր կաղ ու երկուսն էլ օգտագործելով՝ հարձակվեց պատի տակ ապշահար կանգնած հարսի վրա.

— Սպանի՛ր, այ անամոթ, սպանի՛ր էս կընգանը, տերդ թաղե՛մ, որտեղից որտեղ քեզ բերեցի էս օջախս հարս… օջախս հարամեցիր քիչ չի, էս կընկանն էլ սպանեցիր, այ անաբո՛ւռ… կորի՛ աչքիցս, երե՛սդ չտեսնեմ…

— Ես ի՞նչ արեցի, այ կնիկ,- փորձեց պաշտպանվել Սրբուհին, բայց երբ նկատեց, որ կեսուրը ձեռքը գցում է ձեռնափայտին, իսկույն դուրս վազեց սենյակից… Գիտեր գլխի գալիքն ու անտանելի ցավի փոխարեն նախընտրեց լուռ հեկեկալը: Դեռ նոր էր հասել աստիճաններին, երբ մի քանի օր առաջ մարդի փախած աղջիկը կանգնեց առջևը.

— Մա՞մ… էս ո՞ւր ես վազում,- հարցրեց աղջիկն ու վախեցած նայեց մոր աչքերի մեջ: Մոր լռությունից զգալով, որ տանն ինչ-որ վատ բան է կատարվում, վազեց աստիճաններով վեր: Բացեց տատի սենյակի դուռն ու միանգամից էլ փակեց ու հետ վազեց դուրս՝ բակում կանգնած ամուսնուն և նրա ընտանիքին հայտնելու տեսածը:

Մի քանի րոպեից ամբողջ գյուղն արդեն խոսում էր Հերիքնազի ձեռնափայտի հարվածի ուժգնության մասին: Դեպքի վայրում՝ տանը, սպասում էին շտապ օգնության մեքենային, հետաքրքրասերների մի խումբ էլ հավաքվել էր Հերիքնազենց բակում, որպեսզի առաջին ձեռքից ստանա կատարվածի մասին տեղեկությունն ու կարճի ապատեղեկատվության տարածումը: Վերջիններս, սակայն, թերագնահատում էին տանտիկնոջը, կարծելով, թե նա դեռևս կաղ է, ու նույնիսկ անկողնուց մեկ մետր այն կողմ չի կարողանում գնալ: Ու քանի դեռ նրանք փորձում էին մեկը մյուսից կորզել որոշակի հավաստի տեղեկություն, Հերիքնազ տատի անմիջական մասնակցությամբ մի քանի դույլ ջուր հերիքնազական անեծքներով երկրորդ հարկի պատշգամբից լցվեց նրանց վրա: Հետաքրքրասեր գյուղացիները, ծեր կնոջ վրա բարկացած, լուռ հեռացան՝ ամեն մեկն իր սրտի խորքում փորձելով սպանել տանջալի հարցերի ծնունդը:

Մանուշն այս դեպքից հետո այլևս ոչ մեկի խորհրդով ոչ մեկի տուն ոչ մի թոռի համար աղջիկ ուզելու չգնաց, երեք տղա թոռն էլ ամուսնացան իրենց հավանած աղջիկների հետ: Մանուշն ուրիշ ելք չունենալով՝ երեքի ընտրությանն էլ հավանություն տվեց:

Եվ այն ժամանակ, երբ Մանուշի ավագ թոռը՝ Աշոտն ու նրա հետևից Հայաստան եկած ռուսախոս, բայց հայազգի հարսը գյուղի խոտհարքի դաշտերում վայելում էին իրենց մեղրամիսը, գյուղում լուր տարածվեց, որ ոստիկանները, ընկած գյուղի տները, փնտրում են Սմբոյի Հարութին:

Ի՞նչ էր արել Հարութը, ումի՞ց էր գողացել, ի՞նչ էր գողացել, որտե՞ղ էր թաքցրել գողոնը, ե՞րբ… Նման շշուկներ էին պտտվում գյուղում, բայց պատասխան չկար: Ոչ ոք կարծես ոչինչ չգիտեր, բայց բոլորն էլ սրտի խորքում հավատում էին, որ Սմբոյի որդու ձեռքերը հաստատ մաքուր են:

— Հարութը երբե՛ք էլ գող չի եղել,- ասում էին նրանք համազգեստով մարդկանց՝ չիմանալով, թե իրականում ԳՈՂ ասելով ոստիկաններն ինչ նկատի ունեն…

Հարութը գող չէր, բայց կյանքում մեկ անգամ որոշեց գողանալ, ու առանց երկմտելու հարսանիքից մի քանի ժամ առաջ գողացավ իր սիրելի աղջկան՝ Անուշին, ով ապրում էր մի քանի գյուղ այն կողմ, բայց հասցրել էր շուտափույթ կազմակերպվող հարսանիքից մեկ օր առաջ խաբար ուղարկել սիրելիին, որ գա իր հետևից…

Ահա այդ նամակ-խաբարը.

«Հարութս, ջանիդ մեռնեմ, խոստացել է հերս ինձ հարևան գյուղի տրակտորիստին մարդու տալ, ամեն ինչ պատրաստել են, ինձնից ոչ ոք ոչինչ չի հարցրել. տնից դուրս չեն թողնում. շուտ հասիր»

Անուշենց գյուղ Հարութը հասել էր լուսադեմին, ու նրանք միասին փախել էին աստված գիտե, թե ուր…

Իսկ «գողոնը» փնտրելու համար ոստիկանություն էր դիմել տրակտորիստի հայրը՝ Մուկուչ Մ.-ն, ով փորձում էր ոստիկանության օգնությամբ վերադարձնել տարիների ընթացքում խնայած գումարը, որը ծախսել էր տղայի հարսանիքը կազմակերպելու համար:

Անուշի հայրը չէր էլ մտածում մի կոպեկ անգամ վճարել, նա նույնիսկ ծիծաղելի էր համարում Մուկուչ Մ.-ի պահանջները.

«Մի աղջիկ գտի, հենց էսօր էլ պսակի տղիդ, որ առածդ էդ ապրանքը չփչանա»,- ասում էր նա խնամի չդարձած Մուկուչ Մ.-ին ու լայնարձակ ժպտում,- «Հիմի էս ի՞նչ անեմ, որտեղի՞ց քո տղի համար աղջիկ գտնեմ… իմը մեկն էր, էդ էլ գնա՜ց»:

Տրակտորիստ Վաչեի հայրը, չնայած որդու թախանձագին խնդրանքներին, չէր կարողանում կուլ տալ այս վիրավորանքն ու ամեն ինչ անում էր, որ «օրինական» ճանապարհով հետ վերադարձնի տարիների ՔՐՏԻՆՔԸ.

— Ես քեզ դեռ ծիծաղել ցույց կտա՛մ, վիրավորել ցույց կտա՛մ,- գոռում էր նա ամբողջ կոկորդով մեկ ու դիմում ոստիկաններին, որ ձերբակալեն մեղավորներին, այնինչ ոստիկաններն իրենք էին հազիվ զսպում իրենց ծիծաղը, քանի որ այս պատմության մեջ մեղավորներ ու անմեղներ չկային:

Ու մինչ Վարդանը փորձում էր բռնել ու «համտեսել» Կարինեի աջ ձեռքից ձախ ձեռք նետվող կարմիր խնձորը, իսկ Աշոտն ու նրա հետևից Հայաստան եկած ռուսախոս, բայց հայազգի հարսը գյուղի խոտհարքի դաշտերում վայելում էին իրենց մեղրամիսը, Անուշն ու Հարութը գյուղի տավարած Կարո պապի լեռներում ծվարած բինայում ստեղծագործում էին իրենց առաջնեկին…

Անուշը վայելում էր բազմաբովանդակ սերն ու նրա համար միևնույնն էր, թե գյուղի իրենց տան բակում չստեղծված խնամիական դաշինքից ով ում «քաչալ շուն» կանվանի կամ ով կլինի «անտեր փիսոն»:

Մի քիչ անհանգիստ էր Կարո պապը, ով հինգ տարեկանից ապրել ու մեծացել էր լեռներում, քաղաքակիրթ աշխարհից երբեք ոչինչ չէր իմանում, ով հոգով ու սրտով դեռ ջահել էր այնքան, որ որոշել էր ջահելների կնքահայրը լինել ու նրանց առաջին գիշերը հսկում էր հեռվից.

«Ով գիտե,- ասում էր նա իր հավատարիմ շանը՝ Սարսափին,- մեր հարազատ լեռներում էլ կարող են այս ջահելների միությանը չուզողներ բուսնել»:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն