Թարգմանությունը ՎԱՀԵ ԲՈՒԴՈՒՄՅԱՆԻ
Հինգ անգամ անընդմեջ` շաբաթ առավոտյան Ջինի Մանոքսը թենիս էր խաղացել տիկին Բեյսհոարի դպրոցի իր դասընկերուհու` Սելենա Գրաֆի հետ, Իսթ Սայդի կորտերում: Ջինին Սելենային բացեիբաց համարում էր մեծագույն ապուշը տիկին Բեյսհոարի դպրոցում, որտեղ խոշոր ապուշներն ասես վխտում էին, բայց միևնույն ժամանակ երբեք չէր տեսել մեկին, ով Սելենայի պես թենիսի նոր գնդակներով ամաններ կբերեր: Սելենայի հայրն էր դրանք սարքում կամ նման մի բան: (Մի անգամ երեկոյան` Մանոքս ընտանիքի լիակազմ բարոյախոսական ընթրիքի ժամանակ, Ջինին պատկերացրել էր ընթրիքի տեսարան Գրաֆների տանը, որտեղ իսկական մատուցողը բոլորին մոտենում է ձախ կողմից` տոմատի հյութով բաժակի փոխարեն` թենիսի գնդակների ամանով): Բայց թենիսից հետո Սելենային տան մոտ իջացնելու ու ամեն անգամ տաքսու ամբողջ գումարը մենակ վճարելու պատմությունը Ջինիի ներվերին սկսում էր ազդել: Ի վերջո, կորտերից ավտոբուսի փոխարեն տաքսով տուն գնալու միտքը Սելենայինն էր: Ինչևէ, հինգերորդ շաբաթ օրը, երբ տաքսին Յորք պողոտայից հյուսիս շարժվեց, Ջինին հանկարծակի արտահայտվեց:
«Լսի՛ր, Սելե՛նա…»:
«Ի՞նչ»,- հարցրեց Սելենան, ով զբաղված էր տաքսու հատակը շոշափելով. «Չեմ կարողանում ռակետիս ծածկոցը գտնել»,- բողոքեց նա:
Չնայած տաք մայիսյան եղանակին` աղջիկները վերարկուներ էին հագել կիսատաբատների վրայից:
«Գրպանդ ես դրել»,- ասաց Ջինին. «Լսի՛ր… »:
«Աստվա՛ծ, կյանքս փրկեցիր»:
«Լսի՛ր»,- ասաց Ջինին, ով բնավ չէր սպասում Սելենայի շնորհակալությանը:
«Ի՞նչ»:
Ջինին որոշեց ամեն ինչ ուղիղ ասել: Տաքսին Սելենայի փողոցի մոտ էր. «Չէի ուզենա տաքսու ամբողջ գումարն այսօր էլ մենակ վճարել»,- ասաց նա. «Միլիոնատեր չեմ, գիտես»:
Սելենան զարմացած նայեց, հետո նեղացավ. «Ես միշտ կեսը չեմ վճարու՞մ»,- անմեղորեն հարցրեց նա:
«Չէ՛»,- կտրուկ ասաց Ջինին. «Դու առաջին շաբաթ օրն ես կեսը վճարել: Դեռ անցած ամսվա սկզբում: Ու դրանից հետո` ոչ մի անգամ: Չեմ ուզում վատամարդ լինել, բայց, իրականում, շաբաթական քառասուն-հիսունով եմ գոյատևում: Ու բացի դրանից ստիպված եմ…»:
«Բայց ես միշտ թենիսի գնդակներ եմ բերում, չէ՞»,- տհաճությամբ հարցրեց Սելենան:
Երբեմն Ջինին ուզում էր սպանել Սելենային. «Հայրդ է սարքում դրանք կամ տենց մի բան»,- ասաց նա. «Դրանց համար կոպեկ էլ չես տալիս: Ես պետք է վճարեմ ամեն փոքր…»:
«Լա՛վ, լա՛վ»,- ասաց Սելենան` բավական բարձր, վերջնականորեն առավելություն ստանալու համար: Ձանձրացած տեսքով նա վերարկուի գրպանները փորփրեց. «Ընդամենը երեսունհինգ ցենտ ունեմ»,- ասաց սառը. «Հերի՞ք ա»:
«Չէ՛, կներես, բայց ինձ պարտք ես մեկ դոլար ու վաթսունհինգ: Ես հաշվում էի ամեն… »:
«Պետք ա բարձրանամ ու մորիցս վերցնեմ: Մինչև երկուշաբթի կհամբերե՞ս: Կարող եմ հետս մարզադահլիճ բերել, եթե դա քեզ կգոհացնի»:
Սելենայի վերաբերմունքը ներողամտություն էր հայցում:
«Չէ՛»,- ասաց Ջինին. «Պետք ա կինո գնամ այսօր, պետք ա»:
Թշնամական լռության մեջ աղջիկները հակադիր պատուհաններից սևեռված դուրս էին նայում, մինչև տաքսին կանգնեց Սելենայի բազմաբնակարանային շենքի դիմաց: Հետո Սելենան, ով ճամփեզրին ավելի մոտ էր նստած, դուրս եկավ: Կիսաբաց թողնելով տաքսու դուռը` Սելենան աշխույժ քայլերով մտավ շենք` ինչպես Հոլիվուդ այցելող թագավորական ընտանիքի անդամ: Ջինին այրվող դեմքով վճարեց ուղեվարձը: Հետո նա հավաքեց թենիսի իրերը` ռակետը, ձեռքի սրբիչը, արևային գլխարկն ու քայլեց Սելենայի հետևից: Տասնհինգ տարեկանում Ջինին մոտ մետր յոթանասունհինգ էր իր 40 համարի թենիսի կոշիկներով և երբ նա մտավ նախասրահ, ռետինե ներբանների անդյուրաշարժությունը նրան սիրողական-սպորտսմենուհու վտանգավոր որակ հաղորդեց: Դա ստիպեց Սելենային նայել վերելակի վերևի ցուցիչին:
«Արդեն մեկ դոլար իննսուն ես պարտք»,- ասաց Ջինին` մեծ քայլ անելով դեպի վերելակը: Սելենան շրջվեց. «Գուցե քեզ կհետաքրքրի»,- ասաց նա. «Մայրս ծանր հիվանդ է»:
«Ի՞նչ ա եղել»:
«Ինքն իսկապես թոքերի բորբոքում ունի ու, եթե քեզ թվում ա` ինձ հաճելի ա իրան ընդամենը փողի համար անհանգստացնել…»: Սելենան անավարտ նախադասությունը փոխանցեց հնարավորինս վերամբարձ:
Սելենայի համար այդ տեղեկությունը տհաճ էր ոչ թե ճշմարտացիության աստիճանի, այլ անտեղի սենտիմենտալության պատճառով. «Ես չեմ իրան վարակել»,- ասաց նա ու Սելենայի հետ մտավ վերելակ:
Երբ Սելենան սեղմեց իր բնակարանի զանգը, աղջիկներին ներս թողեց, ավելի ճիշտ` դուռը կիասաբաց արեց սև աղախինը, ում հետ Սելենան, կարծես, խոսելու բան չուներ: Միջանցքում Ջինին աթոռին գցեց թենիսի իրերն ու հետևեց Սելենային: Հյուրասենյակում Սելենան շրջվեց ու ասաց. «Ոչի՞նչ, որ էստեղ սպասես, ես, երևի, պետք ա մորս արթնացնեմ ու տենց բաներ»:
«Լավ»,- ասաց Ջինին ու շրմփաց բազմոցին:
«Կյանքում չէի մտածի, որ այսքան մանրախնդիր կարող ես լինել»,- ասաց Սելենան, ով բավական ջղային էր «մանրախնդիր» բառն օգտագործելու համար, բայց բավական խիզախ չէր այն շեշտելու համար:
«Հիմա գիտես»,- ասաց Ջինին` իր դեմքի առաջ բացելով «Վոուգի» համարը, այդպես պահեց այն մինչև Սելենան դուրս եկավ սենյակից, ապա հետ դրեց ռադիոյի գլխին: Նա զննեց սենյակը` մտովի վերադասավորելով կահույքը, դեն նետելով սեղանի լամպերը, հեռացնելով արհեստական ծաղիկները: Իր կարծիքով, դա սարսափելի սենյակ էր` թանկ, բայց խղճուկ:
Հանկարծակի բնակարանի մյուս ծայրից տղամարդու բղավոց լսվեց. «Է՞րիկ: Դու՞ ես»:
Ջինին ենթադրեց, որ դա Սելենայի եղբայրն է, ում նա երբեք չի տեսել: Նա խաչեց իր երկար ոտքերը, կարգի բերեց պոլո վերարկուի փեշը ծնկների մոտ ու սպասեց:
Սենյակ ներս ընկավ ակնոցով ու ննջազգեստով մի երիտասարդ` առանց մաշիկների ու բաց բերանով. «Է՛հ: Մտածեցի Էրիկն է, Աստծու սիրուն»,- ասաց նա: Առանց կանգնելու ու ծայրահեղ խեղճ քայլվածքով նա անցավ սենյակը` ինչ-որ բան կրծքի ստորին մասում սեղմած: Նա նստեց բազմոցի չզբաղեցրած ծայրում. «Անիծված մատս կտրեցի»,- բավական վայրենաբար ասաց նա. նայեց Ջինիին` կարծես նա այդտեղ էլ պետք է նստած լիներ. «Մատդ կտրած կա՞ս: Մինչև ոսկորն ու տենց»,- հարցրեց: Նրա աղմկոտ ձայնում իսկական խնդրանք կար, ասես Ջինին իր պատասխանով կարող էր փրկել նրան չափից դուրս մեկուսացնող ինչ-որ առաջնեկությունից:
Ջինին սևեռված նայեց նրան. «Դե, մինչև ոսկորը` չէ՛»,- ասաց նա. «Բայց կտրել եմ»: Նա Ջինիի տեսած ամենազվարճալի տղան էր կամ տղամարդը (դժվար է ասել, թե որ մեկն էր): Նրա մազերը գզգզված էին, դեմքին մի քանի օրվա նոսր, բաց գույնի մորուք էր: Եվ ամենաիսկական ապուշի տեսք ուներ. «Ո՞նց ես կտրել»,- հարցրեց Ջինին:
Նա, ճլորուն բերանը կիսաբաց, աչքերը ներքև էր հառել` վնասված մատին. «Ի՞նչ»,- ասաց:
«Ո՞նց ես կտրել»:
«Անիծված լինեմ, թե գիտեմ»,- ասաց նա, նրա կռանալը ենթադրում էր, որ հարցի պատասխանը անհուսորեն մշուշոտ է. «Բան էի ման գալիս աղբարկղում ու մեջը լիքը ածելիներ էին»:
«Դու Սելենայի եղբա՞յրն ես»,- հարցրեց Ջինին:
«Հա՛, Աստված, արնահոսելու եմ, մեռնեմ: Էստեղ մնա: Կարող ա անիծված փոխներարկում պետք լինի»:
«Մի բան դրե՞լ ես վրան»:
Սելենայի եղբայրը վերքը դանդաղ հեռացրեց կրծքից ու բաց արեց Ջինիի համար. «Մենակ անիծված զուգարանի թուղթ»,- ասաց նա. «Կանգնացնում ա արյունը: Օրինակ` եթե թրաշվելու ժամանակ կտրում ես»,- նա նորից նայեց Ջինիին. «Դու ո՞վ ես»,- հարցրեց. «Լակոտի ընկերուհի՞ն»:
«Նույն դասարանից ենք»:
«Հա՞: Անունդ ի՞նչ ա»:
«Վիրջինիա Մանոքս»:
«Դու Ջինի՞ն ես»,- հարցրեց նա` ակնոցի հետևում կկոցելով աչքերը. «Դու Ջինի Մանո՞քսն ես»:
«Հա՛»,- ասաց Ջինին` ոտքերն ուղղելով:
Սելենայի եղբայրը շրջվեց դեպի իր մատը, որն ակնհայտորեն միակ ու իրական ֆոկուսային կետն էր սենյակում. «Քրոջդ գիտեմ»,- հանգիստ ասաց նա. «Անիծված սնոբը»:
Ջինին կորացրեց մեջքը:
«Ո՞վ»:
«Լսեցիր` ով»:
«Ինքը սնոբ չի՛»:
«Գրողը տանի, թե սնոբ չի»,- ասաց Սելենայի եղբայրը:
«Տե՛նց չի»:
«Գրողը տանի, թե տենց չի: Ինքը թագուհին ա: Անիծված սնոբների թագուհի»:
Ջինին նայում էր` ինչպես է նա քանդում զուգարանի թղթի հաստ շերտերն ու նայում մատին:
«Դու նույնսիկ չգիտես քրոջս»:
«Չէ մի չէ` չգիտեմ»:
«Անունն ի՞նչ ա, ի՞նչ ա իրա անունը»,- պահանջեց Ջինին:
«Ջոան… Ջոան Սնոբ»:
Ջինին լուռ էր. «Ի՞նչ տեսք ունի»,- անսպասելիորեն հարցրեց նա:
Պատասխան չկար:
«Ի՞նչ տեսք ունի»,- կրկնեց Ջինին:
«Եթե իր մտածածի կեսի չափ լավը լիներ, բախտավոր կլիներ, գրողը տանի»,- ասաց Սելենայի եղբայրը: Ջինիի թաքուն կարծիքով` դա հետաքրքիր պատասխանի էր նման:
«Չեմ հիշում, որ քո մասին խոսեր»,- ասաց նա:
«Դա ինձ անհանգստացնում ա: Գրողը տանի, շատ ա անհանգստացնում»:
«Ամեն դեպքում, ինքը նշանված ա»,- ասաց Ջինին` նայելով նրան. «Մյուս ամիս պատրաստվում ա ամուսնանալ»:
«Ու՞մ հետ»,- հարցրեց նա` հայացքը բարձրացնելով:
Ջինին առավելություն ստացավ, երբ նա հայացքը բարձրացրեց. «Չես ճանաչի»:
Նա վերսկսեց իր առաջին օգնության գործն անել. «Մեղք ա»,- ասաց:
Ջինին փնչացրեց:
«Դեռ կատաղած արնահոսում ա: Ասում ես` մի բան չարժի՞ վրան դնել: Ի՞նչ ա ճիշտ դնել: «Մերկուրոքրոմ»1 լա՞վ չի»:
«Յոդն ավելի լավ ա»,- ասաց նա: Հետո, զգալով, որ այս հանգամանքների համար իր պատասխանը չափից դուրս քաղաքավարի է, ավելացրեց. ««Մերկուրոքրոմն» ընդհանրապես լավ չի տենց բանի համար»:
«Ինչի՞, ինչի՞ լավ չի որ»:
«Տենց բաների համար պարզապես լավ չի ու վերջ, քեզ յոդ ա պետք»:
Նա նայեց Ջինիին. «Բայց մրմռացնում ա, չէ՞»,- հարցրեց. «Մեռնելու չափ չի՞ մրմռացնում»:
«Մրմռացնում ա»,- ասաց Ջինին. «Բայց չես մեռնի կամ տենց բան»:
Ակնհայտորեն չվրդովվելով Ջինիի տոնից` Սելենայի եղբայրը շուռ եկավ դեպի իր մատը. «Չեմ սիրում, որ մրմռում ա»,- ասաց նա:
«Ոչ մեկ էլ չի սիրում»:
Նա գլխով արեց. «Ըհը»:
Ջինին մի րոպե նայեց նրան. «Հերիք ա ձեռ տաս»,- հանկարծակի ասաց:
Սելենայի եղբայրը հետ քաշեց չվնասված ձեռքը` ասես էլեկտրական հարվածից: Նա մի փոքր ուղղվեց, ավելի շուտ` պակաս ծռված նստեց, ինչ-որ առարկայի էր նայում սենյակի մյուս մասում: Նրա անկանոն դիմագծերը գրեթե երազկոտ արտահայտություն ստացան: Նա անվնաս ձեռքի ցուցամատի եղունգը մտցրեց առջևի երկու ատամների արանքն ու հեռացնելով ուտելիքի մնացորդը` շրջվեց դեպի Ջինին. «Հաց կերե՞լ ես»:
«Ի՞նչ»:
«Լանչ արե՞լ ես»:
Ջինին գլուխը թափ տվեց. «Երբ հասնեմ տուն, կուտեմ»,- ասաց նա. «Մայրս միշտ իմ համար լանչը սարքած ա լինում, երբ տուն եմ հասնում»:
«Կես կտոր հավով սենդվիչ ունեմ սենյակումս: Կուզե՞ս: Մատով չեմ կպել»:
«Չէ՛, շնորհակալ եմ, իսկականից»:
«Թենիսից ես գալիս, Աստծու սիրուն: Սոված չե՞ս»:
«Չէ՛, էդ չի հարցը»,- ասաց Ջինին` խաչելով ոտքերը. «Պարզապես մայրս միշտ լանչը սարքած ա լինում, երբ տուն եմ հասնում: Նկատի ունեմ` եթե սոված չեմ լինում, կատաղում ա»:
Սելենայի եղբայրը, կարծես, ընդունեց այս բացատրությունը: Ամեն դեպքում, նա գլխով արեց ու հայացքը թեքեց: Բայց հանկարծակի հետ շրջվեց. «Մի բաժակ կաթի մասին ի՞նչ կասես»,- ասաց:
«Չէ՛, շնորհակալ եմ… Ամեն դեպքում` շնորհակալություն»:
Նա ցրված կռացավ ու քորեց մերկ ոտնաթաթը. «Էդ տղայի անունն ի՞նչ ա, ում հետ ամուսնանում ա»,- հարցրեց:
«Ջոա՞նը, նկատի ունես»,- ասաց Ջինին. «Դիք Հեֆներ»:
Սելենայի եղբայրը շարունակեց քորել ոտնաթաթը:
«Ծովային զորքերի լեյտենանտ-կապիտան ա»,- ասաց Ջինին:
«Մեծ բան»:
Ջինին փռթկաց: Նա հետևում էր ոտնաթաթը քորելուն մինչև այն կարմրեց: Երբ սկսեց եղունգով պոկել սրնքամսի վրայի աննշան մաշկային ցանը, Ջինին դադարեց նայել:
«Որտեղի՞ց գիտես Ջոանին»,- հարցրեց նա. «Քեզ երբեք չեմ տեսել տանը կամ ինչ-որ տեղ»:
«Ձեր անիծված տանը չեմ եղել»:
Ջինին սպասեց, բայց այս պնդմանը ոչինչ չհետևեց. «Բա որտե՞ղ ես իրան հանդիպել»,- հարցրեց:
«Քեֆ»,- ասաց նա:
«Քեֆի ժամանա՞կ: Ե՞րբ»:
«Չգիտեմ: 42-ի Սուրբ Ծնունդին»: Իր ննջազգեստի կրծքի գրպանից նա երկու մատով ծխախոտ դուրս քաշեց, որի վրա ասես քնել էին. «Մի հատ լուցկին կգցե՞ս»,- ասաց: Ջինին կողքի սեղանից լուցկու տուփը մեկնեց նրան: Նա վառեց ծխախոտն առանց ուղղելու դրա ծռվածությունը, օգտագործված լուցկին դարձյալ դրեց տուփի մեջ: Գլուխը հետ գցելով` նա բերանից դանդաղորեն ծխի ահագին քանակություն արձակեց ու ռունգերով հետ քաշեց: Նա շարունակում էր ծխել այդ «ֆրանսիական քաշում» ոճով:
«Հավանաբար՝ դա ոչ թե կրկեսային ներկայացման նման բան էր, այլ ավելի շուտ մի երիտասարդի անհատական հաջողությունը, ով ժամանակ առ ժամանակ փորձում է ձախով սափրվել»:
«Ինչի՞ ա Ջոանը սնոբ»,- հարցրեց Ջինին:
«Ինչի՞, որովհետև տենց ա, ի՞նչ իմանամ` ինչի»:
«Հա՛, բայց ուզում եմ ասել` ինչի՞ ես տենց ասում»:
Նա ձանձրացած շրջվեց դեպի Ջինին. «Լսի՛ր: Ես իրան ութ անիծված նամակ եմ գրել: Ու՛թ: Ինքը ոչ մեկին չի պատասխանել»:
Ջինին վարանեց. «Դե, կարող ա զբաղված էր»:
«Հա: Զբաղված էր: Զբաղված էր` անիծված պուճուր կուղբի նման»:
«Անպայմա՞ն ա էդքան հայհոյել»,- հարցրեց:
«Լավ եմ անում, գրողը տանի»:
Ջինին փռթկաց. «Ինչքա՞ն ժամանակ գիտես իրան»,- հարցրեց Ջինին:
«Ինչքան պետք ա»:
«Դե, նկատի ունեմ` իրան երբևէ զանգե՞լ ես կամ տենց մի բան: Նկատի ունեմ` երբևէ չես զանգե՞լ իրան կամ տենց մի բան»:
«Չէ՛»:
«Դե, Աստված, եթե իրան երբևէ չես զանգել կամ…»:
«Չէի կարող, Աստծու սիրուն»:
«Ինչի՞ չէ»,- ասաց Ջինին:
«Նյու Յորքում չէի»:
«Ա՛հ, ու՞ր էիր»:
«Ե՞ս, Օհայո»:
«Ահ, քոլեջու՞մ էիր»:
«Չէ՛, դուրս եմ եկել»:
«Ահ, բանակու՞մ էիր»:
«Չէ՛»,- Սելենայի եղբայրը ծխախոտը բռնած ձեռքով կրծքի ձախ մասին թփթփացրեց. «Շարժիչը»:
«Նկատի ունես` սի՞րտդ»,- ասաց Ջինին. «Ի՞նչ ա եղել դրան»:
«Չգիտեմ` ինչ ա եղել դրան, գրողը տանի: Ռևմատիզմ ունեի փոքր ժամանակ: Անիծված ցավ էր…»:
«Դե, չպե՞տք ա, ուրեմն, թարգես ծխելը: Նկատի ունեմ` չպե՞տք ա չծխես ու տենց բաներ: Բժիշկն ասել էր իմ…»:
«Աահ, շատ բան են ասում»:
Ջինիի խոսքը բերանում մնաց. «Ի՞նչ էիր անում Օհայոյում»,- հարցրեց նա:
«Ե՞ս: Աշխատում էի ինքնաթիռների անիծված գործարանում»:
«Լու՞րջ»,- ասաց Ջինին. «Դուրդ գալի՞ս էր»:
«Դուրդ գալի՞ս էր»,- նմանակեց նա. «Խելքս գնում էր: Գժվում եմ ինքնաթիռների համար: Շատ լավն են»:
Ջինին այժմ չափից դուրս հետաքրքրված էր նեղանալու համար. «Ինչքա՞ն ես աշխատել էնտեղ` ինքնաթիռների գործարանում»:
«Չգիտեմ, Աստծու սիրուն: Երեսունյոթ ամիս»,- նա կանգնեց և մոտեցավ պատուհանին: Նայեց փողոցին` բութ մատով քորելով ողնաշարը. «Սրանց տես»,- ասաց նա. «Անիծված հիմարներ»:
«Ովքե՞ր»:
«Չգիտեմ, յուրաքանչյուրը»:
«Մատդ ավելի ուժեղ կարնահոսի, եթե տենց ներքև պահես»,- ասաց Ջինին:
Նա լսեց Ջինիին: Ձախ ոտքը բարձրացրեց պատուհանագոգին և վնասված ձեռքը դրեց հորիզոնական ազդրի վրա: Նա շարունակում էր նայել ներքև` փողոցին. «Նրանք բոլորն անիծված զորակոչային հանձնաժողով են գնում»,- ասաց. «Էսկիմոսների հետ ենք հեսա կռվելու, գիտե՞ս»:
«Ու՞մ հետ»:
«Էսկիմոսների… Ականջներդ մաքրի, Աստծու սիրուն»:
«Ինչի՞ էսկիմոսների»:
«Չգիտեմ` ինչի: Ինչ իմանամ` ինչի, գրողը տանի: էս անգամ բոլոր տարիքովներն են գնալու: Վաթսունին մոտ տղեքը: Եթե վաթսուն չկաս, չես կարա գնաս»,- ասաց նա. «Դրանց կարճ աշխատաժամ տուր ու վերջ… Մեծ բան ա»:
«Դու ստիպված չէիր լինի գնալ, ամեն դեպքում»,- ասաց Ջինին առանց հետին մտքի` մինչև խոսքն ավարտելը հասկանալով, որ սխալ բան է ասում:
«Գիտեմ»,- վրա բերեց նա և ոտքն իջեցրեց պատուհանից, բարձրացրեց պատուհանը և ծխախոտը կտտացրեց փողոց: Վերջացնելով` շրջվեց. «Լսի՛ր, լավություն արա, որ էդ տղան գա, կասես` մի երկու վայրկյանից պատրաստ կլինեմ: Պիտի սափրվեմ, լա՞վ»:
Ջինին գլխով արեց:
«Կուզե՞ս Սելենային վռազացնեմ կամ տենց մի բան: Գիտի՞, որ ստեղ ես»:
«Ահ, ինքը գիտի, որ ստեղ եմ»,- ասաց Ջինին. «Չեմ շտապում, շնորհակալություն»:
Սելենայի եղբայրը գլխով արեց: Հետո երկար նայեց վնասված մատին, ասես տեսնելու համար` ի վիճակի՞ է այդ մատով հետ ուղևորվել սենյակ:
«Ինչի՞ «բենդ-էյդ»2 չես կպցնում վրան: Չունե՞ս մի հատ «բենդ-էյդ» կամ տենց մի բան»:
«Չէ՛»,- ասաց նա. «Լավ, մի մտածի»: Նա դուրս եկավ սենյակից:
Մի քանի վայրկյանից վերադարձավ` բերելով կես կտոր սենդվիչը:
«Կե՛ր սա»,- ասաց նա. «Լավն ա»:
«Իսկականից, ես ընդհանրապես… »:
«Վերցրու՛, Աստծու սիրուն: Չեմ թունավորել կամ տենց մի բան»:
Ջինին վերցրեց սենդվիչի կտորը. «Լավ, շատ շնորհակալ եմ»,- ասաց:
«Հավ ա»,- ասաց նա` գլխին կանգնած վերև նայելով: «Երեկ երեկոյան եմ առել անիծված գաստրոնոմից»:
«Տեսքից շատ լավն ա»:
«Դե, կե՛ր, ուրեմն»:
Ջինին մի կտոր կծեց:
«Լավն ա, չէ՞»:
Ջինին դժվարությամբ կուլ տվեց. «Շատ»,- ասաց նա:
Սելենայի եղբայրը գլխով արեց: Նա մտացիր հայացքով զննեց սենյակը` քորելով կրծքավանդակի փոսը. «Լավ, ես, երևի, հագնվեմ… Աստված, զանգն ա: Դե, լավ մնա»:
Մնալով մենակ` Ջինին առանց վեր կենալու շուրջը նայեց` սենդվիչը նետելու կամ թաքցնելու հարմար տեղ փնտրելով: Մոտեցող ոտնաձայներ լսեց նախասրահից: Սենդվիչը դրեց պոլո վերարկուի գրպանը:
Ոչ ցածրահասակ, ոչ բարձրահասակ, երեսունն անց երիտասարդ մտավ սենյակ: Նրա սովորական դիմագծերը, մազերի կարճ խուզվածքը, կոստյումի բացվածքը, ֆուլյարե փողկապի նախշազարդը ամբողջական տեղեկություն չէին տալիս: Գուցե նորությունների ամսագրի աշխատակազմից էր կամ փորձում էր մտնել աշխատակազմ: Գուցե Ֆիլադելֆիայում քիչ առաջ փակված ներկայացման մեջ էր խաղում: Գուցե, իրավաբանական գրասենյակից էր:
«Ողջու՛յն»,- բարեկամաբար ասաց նա Ջինիին. «Ողջու՛յն»:
«Ֆրանկլինին տեսե՞լ եք»,- հարցրեց:
«Սափրվում ա: Ասաց` ձեզ ասեմ, որ սպասեք իրան»:
«Սափրվում է: Աստված»: Երիտասարդը նայեց ձեռքի ժամացույցին: Հետո նստեց կարմիր դամասկյան աթոռին, խաչեց ոտքերը և ափերով ծածկեց երեսը: Բաց մատների ծայրերով նա տրորում էր փակ աչքերը, ասես հոգնած լիներ կամ աչքերի գերհոգնածության նման բան ունենար: «Ամբողջ կյանքիս ամենաահավոր առավոտն էր»,- ասաց նա` ձեռքերը դեմքից հեռացնելով: Նրա ձայնը կոկորդային էր, ասես չափից դուրս հոգնած էր շնչելու համար:
«Ի՞նչ ա եղել»,- հարցրեց Ջինին` նայելով նրան:
«Ահ, չափից դուրս երկար պատմություն է: Ես երբեք չեմ ձանձրացնում մարդկանց, որոնց առնվազն հազար տարի չգիտեմ»: Նա անորոշ ու դժգոհ հայացք գցեց պատուհանների կողմ:
«Բայց ես էլ երբեք չպետք է ինձ համարեմ մարդկային բնությունից նույնիսկ մի փոքր գլուխ հանող մեկը: Կարող եք ասածս ամեն տեղ մեջբերել»:
«Ի՞նչ ա եղել»,- կրկնեց Ջինին:
«Ահ, Աստված: Այդ մարդը, ում հետ կիսում էի բնակարանս ամիսներով, ամիսներով, ամիսներով. նույնիսկ չեմ ուզում իր մասին խոսել… Այդ գրողը»,- բավականությամբ ավելացրեց նա, հավանաբար` հիշելով սիրած բանադրանքը Հեմինգուեյի վեպից:
«Ի՞նչ ա արել»:
«Անկեղծ ասած, ես չէի էլ ուզենա մանրամասնել»,- ասաց երիտասարդը: Նա գրպանից ծխախոտ հանեց` արհամարհելով սեղանին դրված սիգարների թափանցիկ տուփը, և վառեց այն իր սեփական կրակայրիչով: Խոշոր ձեռքեր ուներ: Դրանք ոչ ուժեղ էին, ոչ` նուրբ: Չնայած` նա օգտագործում էր դրանք, ասես` ինչ-որ դժվար կառավարելի գեղագիտական հմայք ունենային: «Ես հաստատ չեմ էլ պատրաստվում մտածել դրա մասին, բայց այնքան կատաղած եմ»,- ասաց: «Նկատի ունեմ` ահա, այդ ահավոր մարդուկը Ալտունայից, Փենսիլվանիա կամ նման մի տեղից: Ըստ երևույթին սովամահ լինող: Ես բավական բարի ու ազնիվ եմ, ես իսկական Բարի Սամարացին եմ` որպեսզի նրան իմ բնակարան տանեի, այդ միանգամայն միկրոսկոպիկ, պուճուր բնակարանը, որտեղ ես ինքս դժվարությամբ եմ տեղաշարժվում: Ես նրան բոլոր ընկերներիս հետ եմ ծանոթացնում: Թույլ եմ տալիս սենյակով մեկ թափթփել իր սարսափելի ձեռագրերը ու ծխախոտի մնացուկները, բողկերը ու տենց բաներ: Ծանոթացնում եմ Նյու Յորքի բոլոր թատրոնների պրոդյուսերների հետ: Իր կեղտոտ շապիկները քարշ եմ տալիս լվացքատուն ու հետ տանում: Ու ամենավերջում»,- երիտասարդը հանկարծակի լռեց. «Ու իմ ամբողջ բարության ու պարկեշտւթյան արդյունքն այն է»,- շարունակեց նա. «Որ ինքն առավոտյան հինգին կամ վեցին թողնում, գնում է` առանց նույնիսկ երկտող թողնելու, տանելով իր հետ ամեն-ամենը, ինչին կեղտոտ ձեռքերը հասնում են»: Նա դադար առավ ծխելու համար ու բերանից բարակ, սուլող շիթով ծուխ արձակեց: «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, իսկականից, չեմ ուզում»,- նա ուշադիր նայեց Ջինիին. «Շատ հավանեցի ձեր վերարկուն»,- ասաց, երբ արդեն աթոռից բարձրացել էր: Նա մոտեցավ ու երկու մատով բռնեց Ջինիի պոլո վերարկուի դարձածալը. «Հիանալի է, պատերազմից հետո տեսածս առաջին իսկականից լավ ուղտի մորթին է: Կարելի՞ է իմանալ` որտեղից եք ձեռք բերել»:
«Մայրս Նասսաուից3 ա բերել»:
Երիտասարդը մտազբաղ գլխով արեց ու հետ գնաց դեպի աթոռը. «Դա մեկն է այն քիչ տեղերից, որտեղ կարող ես իսկականից լավ ուղտի մորթի ձեռք բերել»,- նա նստեց. «Երկա՞ր է մնացել այնտեղ»:
«Ի՞նչ»,- հարցրեց Ջինին:
«Երկա՞ր է ձեր մայրն այնտեղ մնացել: Ինչու՞ եմ հարցնում, որովհետև իմ մայրն էլ էր այդտեղ դեկտեմբերի վերջում: Հունվարին` մասամբ: Սովորաբար ես էլ եմ իր հետ գնում, բայց այս տարի շատ խառն էի, պարզապես չկարողացա պոկվել»:
«Մինչև փետրվարի վերջն էնտեղ էր»,- ասաց Ջինին:
«Ընտիր է: Որտե՞ղ է մնացել, գիտե՞ք»:
«Մորքուրիս մոտ»:
Նա գլխով արեց. «Կարելի՞ ա ձեր անունն իմանալ: Դուք Ֆրանկլինի քրոջ ընկերուհին եք, ճի՞շտ եմ»:
«Մենք նույն դասարանից ենք»,- ասաց Ջինին` պատասխանելով միայն նրա երկրորդ հարցին:
«Դուք հայտնի Մաքսինը չեք, չէ՞, ում մասին Սելենան պատմում է»:
«Չէ՛»,- ասաց Ջինին:
Երիտասարդը հանկարծակի սկսեց ափով թափ տալ տաբատի ծալվածքները. «Ոտքից գլուխ շան մազ եմ»,- ասաց նա. «Մայրս մեկնել է Վաշինգտոն ուիքենդի ու իր գազանին տեղավորել է իմ բնակարանում: Դա, իրոք, շատ հաճելի է: Բայց տհաճ սովորությունները… Դուք շուն ունե՞ք»:
«Չէ՛»:
«Իրականում, ինձ թվում է` նրանց քաղաքում պահելը դաժան բան է»,- նա դադարեց թափ տալ, նստեց ու նորից նայեց ձեռքի ժամացույցին. «Երբեք ժամանակին չի լինում: Գնում ենք Կոկտոյի «Գեղեցիկն ու գազանը» նայելու, ու դա մի ֆիլմ է, որին իսկականից պետք է ժամանակին հասնել: Նկատի ունեմ` եթե ժամանակին չհասնես, դրա ամբողջ հմայքը կկորի: Տեսե՞լ եք»:
«Չէ՛»:
«Ահ, պետք է նայեք: Ես ութ անգամ նայել եմ: Միանգամայն հանճարեղ է»,- ասաց նա. «Ես ամիսներով փորձում էի Ֆրանկլինին տանել նայելու»,- նա հուսահատ կերպով թափ տվեց գլուխը. «Իր ճաշակը: Պատերազմի ժամանակ աշխատում էինք նույն ահավոր տեղում ու այդ տղան ինձ զոռով տանում էր աշխարհի ամենաանհավանական կինոներին: Մենք գանգստերական կինոներ ենք նայել, վեստեռններ, մյուզիքլներ… »:
«Դու՞ք էլ եք ինքնաթիռների գործարանում աշխատել»,- հարցրեց Ջինին:
«Աստված, այո՛, տարիներով, տարիներով, տարիներով… Եկեք դրա մասին չխոսենք, խնդրում եմ»:
«Դու՞ք էլ սրտի արատ ունեք»:
«Աստված, չէ՛, թու, թու, թու»,- նա երկու անգամ թխթխկացրեց աթոռի արմնկակալին. «Իմ կազմվածքը… »:
Երբ Սելենան մտավ սենյակ, Ջինին կանգնեց ու դիմավորեց նրան կեսճանապարհին: Սելենան կիսատաբատի փոխարեն զգեստ էր հագել, մի բան, ինչը սովորաբար կնյարդայնացներ Ջինիին:
«Կներես, որ սպասացրի»,- կեղծավորաբար ասաց Սելենան. «Բայց ստիպված էի սպասել, որ մայրս արթնանա… Ողջո՛ւյն Էրիկ»:
«Ողջու՛յն, ողջու՛յն»:
«Ամեն դեպքում փողն ինձ պետք չի»,- ասաց Ջինին` այնքան ցածր, որ միայն Սելենային լսելի լինի:
«Ի՞նչ»:
«Մտածում էի: Նկատի ունեմ` դու ամեն անգամ թենիսի գնդակներ ես բերում ու տենց: Մոռացել էի դրա մասին»:
«Բայց դու ասեցիր, որ ես դրանց համար չեմ վճարում…»:
«Մինչև դուռն ինձ ճանապարհիր»,- ասաց Ջինին` առաջ ընկնելով, առանց Էրիկին հաջող ասելու:
«Կարծեմ` ասեցիր, որ երեկոյան կինո ես գնում ու քեզ գումար է պետք ու տենց»,- ասաց Սելենան նախասրահում:
«Ես շատ հոգնած եմ»,- ասաց Ջինին: Նա կռացավ ու վերցրեց թենիսի իր պարագաները:
«Լսի՛ր, ես քեզ ընթրիքից հետո կզանգեմ: Կարևոր բան ունե՞ս անելու երեկոյան: Կարո՞ղ ա քո մոտ երևամ»:
Սելենան հայացքը սևեռեց ու ասաց. «Լավ»:
Ջինին բացեց շքամուտքի դուռը ու քայլեց դեպի վերելակը: Նա սեղմեց զանգի կոճակը. «Եղբորդ տեսա»,- ասաց:
«Լու՞րջ, տիպն ա, չէ՞»:
«Ի՞նչ ա անում բայց»,- հարցրեց Ջինին իմիջիայլոց. «Աշխատու՞մ ա կամ տենց մի բան»:
«Դուրս ա եկել: Պապան ուզում ա, որ հետ գնա համալսարան, բայց ինքը չի գնա»:
«Ինչի՞ չի գնա»:
«Չգիտեմ: Ասում ա, որ շատ մեծ ա ու տենց»:
«Քանի՞ տարեկան ա»:
«Չգիտեմ: Քսանչորս»:
Վերելակի դուռը բացվեց. «Ես քեզ ավելի ուշ կզանգեմ»,- ասաց Ջինին:
Դուրս գալով` նա քայլեց դեպի արևմուտք` Լեքսինգտոնի ուղղությամբ, որ ավտոբուս նստի: Երրորդի և Լեքսինգտոնի միջև նա ձեռքը տարավ վերարկուի գրպանը դրամապանակի հետևից ու գտավ սենդվիչի կեսը, դուրս հանեց այն ու ձեռքն իջեցրեց ներքև, որ գցի փողոցում, բայց հետ դրեց գրպանը: Մի քանի տարի առաջ նա երեք օր շարունակ չէր կարողանում ազատվել Զատիկի ճուտից, որին գտել էր սատկած աղբամանի հատակին` թեփերի վրա:
1948 թ.
—————
1. Հակաբակտերիալ քսուկի ամերիկյան ապրանքանիշ
2. Սպեղանու ամերիկյան ապրանքանիշ (Band-Aid)
3. Բահամյան Կղզիներ հանրապետության մայրաքաղաքը