Փակվելուն հինգ էր պակաս, երբ քստքստացնելով ու փորս քորելով մտա մեր թաղի խանութը: Սերժիկը մենակ էր խանութում: Մի հայացքով ընդունեց բարիկունս ու էլի անցավ օրվա հասույթը հաշվելու` հավանաբար գերհաճելի գործին: Բայց Սերժիկին մի հայացքն էլ հերիք էր, որ հաստատ գիտակցի նիսյայի տետրի իմ բաժնում նոր տողի ավելանալու անխուսափելիությունը, ուստի բարձր արտասանվող թվերի միջից այնքան արագ, որ հաշիվը հանկարծ չկորցնի, ասեց` տետրը դախլի տակ ա: Մինչև ես կողմնորոշվում էի` քանի շիշ գարեջուր վերցնեմ, էլի լսվեց Սերժիկի ձայնը. համենայն դեպս ինձ ոչինչ չասող թվերից կոնկրետ մտքի անցումն այնքան արագ եղավ, որ սկզբում ինձ թվաց, թե Սերժիկն ինքն իրեն է խոսում, իսկ Սերժիկն էլ հավանաբար մտածեց, թե չլսելու եմ տալիս, ու մի անգամ էլ ավելի բարձր կրկնեց.

— Քո էջին տեղ չկա, վերջում նոր էջ եմ բացել…

Չորս շիշ գարեջուրը ցուցադրաբար դրեցի ցուցափեղկին, հանեցի տետրն ու թերթելով գտա նոր էջը, որտեղ իմ մի ամսվա պարտքը վերջնահաշվարկ էր արված, իհարկե դեպի վերև կոկիկ կլորացված, իսկ անվանս դիմաց` փակագծերի մեջ, գրված էր` «ուսանող, 30 տարեկան», փակագծերից դուրս էլ` «դաժե ավելի մեծ»: Մտածեցի` այ դու սրիկա, ուզում ես ասել, որ անհույս, անհեռանկար մե՞կն եմ, ու լուռ վերցնելով գարեջրի շշերը` քայլեցի տուն: Ուր-որ է գալու էր Շուռը:

Արդեն ութ ամիս էր` իմ ընկեր Շուռը ինստիտուտից տարկետում էր վերցրել: Մի քանի կոպեկ փող աշխատելու հույսով Տաշքենդում էր` քեռու կասկածելի տղու մոտ, ու քանի որ իմ ընկերներից մենակ Շուռն էր կարողանում ինձ հանել խրոնիկական դարձաձ դեպրեսիայից, լավ օրերի սպասումով մխիթարություն էի փնտրում ֆեյսբուք կոչվող ճահճում: Ամբողջ օրը բանուգործիս անունն էն էր, որ շփվում էի համացանցում տուն-տեղ դրած քաղաքականապես ակտիվ հասարակության հետ, առանց բացառության կարդում էի բոլոր հոդվածներն ու լուրերը, որոնք ինչ-որ կերպ առնչվում էին երկրիս անցյալին, ներկային ու մանավանդ ապագային, բանավիճում կամ կողքից` այսպես ասած` օֆլայն հետևում էի վեճերին, հատկապես, երբ ինչ-որ հանրահայտ քաղաքական գործիք հերթական անգամ ժեշտի անդուր ձեն էր հանում. ասենք մասը զիջենք ամբողջը պահելու համար, եվրաթուրքերի հետ ամեն գնով հարաբերվենք, կամ էլ թե քսանմեկերորդ դարում մարդս մարդ լինի… Քաղաքականությունը կարգին կտցրել էր ինձ: Բանը հասել էր այնտեղ, որ քաղաքական երազներ էի տեսնում… Հետս խոսել չէր լինում: Նույնիսկ տնեցիների, ծանոթ-բարեկամների հետ վիճում էի քաղաքագիտական եզրույթներով. ասենք` մերս հորքուրիս հետ վիճում էր, ասում էի` չեք զգում, որ հարս ու տալ ձեր հարցերը պիտի կարգավորեք փոխզիջումների միջոցով` հնարավորինս խուսափելով մեկդ մյուսի կենսական շահերի ոլորտ ներթափանցելուց: Կամ հարևանիս ջահել թուլին փողոտ պաշտոն էին տվել, ու էս սրիկան մի այլ կերպ ոգևորվել էր… Տղերքը խնդալով պատմում են, որ գոնե արագ հարցերը լուծեմ, ասել եմ` հանկարծ չփորձես խախտել ստատուս-քվոն, թե չէ չեմ նայի ոչ բիլակներիդ, ոչ էլ ֆինանսական հնարավորություններիդ, ոտքերդ կջարդեմ…

Մի խոսքով, ծանր էր վրճակս, երբ իմ ընկեր Շուռի ձայնը հեռախոսից ասեց` պինդ բռնվի, գալիս եմ: Տնեցիներն արդեն քնած էին, հեռուստացույցը զառանցում էր վերջին լուրերը, և չնայած չէի լսում, բայց ժամանակ առ ժամանակ ականջիս հասնող սահմանային միջադեպ, ադրբեջանական դիվերսիա, համարժեք գործողություններ ու նմանատիպ ուրիշ արտահայտություններ ենթադրել էին տալիս, որ էլի մի քանի մոր հեռախոսազանգով կանչելու են զինկոմիսարիատ ու հայտնելու այն, ինչը հայտնելու համար արժեր, որ պապանձվեր յուրաքանչյուրի լեզուն: Մտածեցի` փառքդ շատ, տեր Աստված, եկանք-հասանք տուն, ու անջատեցի հեռուստացույցը: Հենց էդ պահին էլ երգեց բջջայինս: Կանաչ կոճակը սեղմելու հետ նայեցի պատուհանից: Շուռը կանգնած էր պատուհանիս տակ` հեռախոսն ականջին.

— Հը՞, ախպերս, չես իջնու՞մ…

— Շուռ ջան, բարձրացի վերև, մինչև մի հատ կոֆե, մի հատ պիվա անես, ես արագ կփոխվեմ, դուրս կգանք…

— Լավ էլի, այ ախպեր, դու էլի փոխված չե՞ս… Լավ, դուռը բաց, գալիս եմ…

Կարոտախեղդ գրկախառնվեցինք, հետո արագ փոխվեցի, Շուռի հետ շնչեցինք գարեջուրն ու սուրճը և դուրս եկանք մայրուղի, որն անցնում էր ուղիղ մեր շենքի տակով: Ուշ ժամ էր, մի-մի սիգարետ վառեցինք ու սկսեցինք տաքսի որսալ, բայց մինչ տաքսի կբռնեինք, Շուռը արագ ներկայացրեց լոկշության դեմ պայքարի իր ծրագիրը, որն այնքան էլ օրիգինալ չէր, բայց էդ պահին միակ հնարավորն էր: Հենց հարցրեցի, թե էսօր ի՞նչ կայֆ ենք ուռելու, Շուռի դեմքին ժպիտ խաղաց: Դա նշանակում էր` դու տենց կայֆ կյանքում չես քաշել ու երևի էս գիշեր սատկես: Միայն ասեց, որ պլան չի, զառի չափ կոշտ ա ու Ֆերգանայից ա հետը բերել: Մի վայրկյան իսկ չկասկածեցի Շուռի իմաստալից ժպիտին ու մտածեցի` եթե մի գիշեր սենց թե նենց պիտի սատկեմ, թող էդ գիշերն էս լինի, ու չգիտես ինչու, հիշեցի տարիներ առաջ Մոսկվայի կուտուզկեքից մեկում ինձ հանդիպած մի տաջիկի, որն ասում էր` բռատ, ռուսների մաման լացացնելու համար մեզ զենք պետք չի, մեր զենքը դաշտերում ա աճում, սաղին հագցնելու ենք գեռաինի ու վերջ: Էն ժամանակ ծիծաղեցի, բայց էս անգամ մի տեսակ հավատացի տաջիկին:

Շուռը չգիտես ոնց, տաքսու հետևի նստատեղին նստած, հասցրեց նախապատրաստվել, ու երբ մենք, տաքսուց իջնելով, հայտնվեցինք կենտրոնի այգիներից մեկում, մեզ ոչինչ չէր մնում, քան վայելել հեռավոր, արևոտ Ֆերգանայի հովտից մեզ հասած բարիքը: Շուռը կես բերան ասեց` էս նենց բոմբ ա, որ կես ծուխն էլ ա սատկացնում, իսկ երբ արդեն մարդա երկուական ծուխ քաշել էինք, Շուռն էլի ինչ-որ բան էր ուզում ավելացնել, բայց այդպես էլ ոչինչ չասեց: Հազիվ հասցրել էինք մեկական սիգարետ վառել, երբ սկսվեց քաոսը. սկզբում թվաց` այգու ծառերն ավելի մեծացան, հետո անտանելի քամի բարձրացավ: Հսկայական ծառերն սկսեցին ճոճվել դես ու դեն, բայց միաժամանակ այնպիսի զգացողություն առաջացավ, կարծես մեզ շրջապատող օդն անշարժ է, և քամին այդ չորս-հինգ խորանարդ մետր տարածքի վրա ոչ մի ազդեցություն չունի: Բերանս չորացավ, լեզուս անշարժացավ, իսկ հոտառությունս հիմնավոր կերպով գերի ընկավ պլանի հոտին: Հիշեցի, որ կոշտ սարքելու համար ձիերին վազեցնում են պլանի դաշտում, իսկ հետո  քրտնած ձիերի վրայից քերում են քրտինքին միախառնված պլանի շիրեն… Ծառուղիներում չգիտես որտեղից հայտնվեցին սելջուկ ձիավորներ ու անասելի արագությամբ եկան-անցան աչքերիս առջևով: Ձիերի քրտնահոտը միախառնվեց պլանի հոտին… Որձկացի, քիչ մնաց հետ տամ, բայց մի կերպ զսպեցի… Հետո միանգամից շուրջս ամեն ինչ դանդաղեց, սկսեցի զգալ արյունս, որը գնալով ծանրացավ ու թանձրացավ… Վախեցա: Լռությունը դարձավ անտանելի և կարծես հրահանգով, ծայրահեղ դանդաղ, բայց հնարավորինս սինքրոն ես ու Շուռը նայեցինք իրար… Վախ, մամա ջան, էս ի՞՜նչ էր… Կարծես միտքս կարդալով` ասում էր Շուռի վախեցած հայացքը: Այնպիսի տեսք ուներ, ասես անսահման խորը անդունդի եզրին կանգնած, միամտաբար նայել էր ներքև, և սահմռկեցուցիչ անսահմանությունը քիչ էր մնացել  կուլ տար նրա ծանրացած գլուխը, իսկ ձգողության ուժն էլ կայծակնային արագությամբ սահել էր դեմքի վրայով` էլ ավելի լոշտելով առանց այն էլ լոշտ ականջները… Ֆեր­գա­նա­աա­աա՜… Միաժամանակ մտածեցինք ես ու Շուռը ու չգիտեմ` մանդրաժից, թե զգացողությունների անս­պասելի առատությունից` ժպտացինք, հետո այնքան դանդաղ, որքան դեպի միմյանց էինք շրջվել, հետ շրջվեցինք և լուռ, որպես նպատակակետ վերցնելով այգու մուտքի մոտ անվերջ թարթող գիշերային լույսը, քայլեցինք առաջ…. կարծես փափուկ գորգի վրայով: Ինձ թվաց` ծնկներս անհարկի շատ եմ վեր բարձրացնում և զինվորականի նման տեղում եմ քայլում: Մինչև այգու մուտքը հազիվ մի երկու  հարյուր մետր լիներ, սակայն ես ու Շուռը ոչ մի կերպ չէինք կարողանում հաղթահարել այդ մետրերը: Գետնին` հեռվից թափանցող լույսի ճառագայթների տակ, փայլփլում էին ապակու կտորտանքներ. երբեմն դրանց փայլն այնքան ուժեղ էր, որ աչք էր ծակում… Գիշերով մայրուղու վրա հեռվից երևացող մեքենայի լույսերի պես փայլերն անշտապ մոտենում էին մեզ, սակայն այնքան դանդաղ, որ անհամբերությունից քիչ էր մնում շունչս կտրվեր…

Հիշողության մասնակի կորուստով ինձ հայտնաբերեցի փափուկ բազմոցին հարմարավետ վեր ընկած, կիսամութի մեջ բարձր երաժշտության ներքո սառը գարեջուր վայելելիս: Չգիտեմ` որքան ժամանակ էի անգիտակից վիճակում, և որ պահից սկսեցի ինչ-որ բան հասկանալ, բայց առաջին բանը, որ անցավ մտքովս` էս իիի՞՜նչ վատ եմ ես, բա էս իիի՞՜նչ սիրուն տուտուզ ա… Քիչ այն կողմ` փոքրիկ բեմահարթակին,  մի կիսամերկ գեղեցկուհի արևելյան տակտերի տակ ռիթմիկ շարժում էր հետույքը: Նրա կոնքերը զնգում էին ականջներիս մեջ, լիքը կուրծքն ու ձիգ ազդրերը դողում էին կրքից, իսկ թմբլիկ փորը տաք ու սահուն ալիքվում-գալարվում էր աչքերիս մեջ` ստիպելով ուղեղիս ծալքերին հետևել իր օրինակին… Պորտն այնքան խորն էր, որ հայացքս կորչում էր այդ մութ խոռոչում… Գիտակցությանս միակ փշուրը, Սամարղանդի ծուռումուռ փողոցներն ընկած անտեր շան նման հաստատ կանհետանար` ինչ-որ անհասկանալի հետք հոտոտելով, եթե…. չընդհատվեր երաժշտությունը:

Շրջվեցի դեպի Շուռն ու գտա նրան սառած ժպիտով ուշադիր ինձ հետևելիս, մի տեսակ գորովալից հայացքով` իբր փոքր ախպերս վերջապես էն աշխարհից հետ եկավ…

— Արա, Շուռ, դու հլը պորտապարի հավես էլ ունե՞ս…- ձեռքս բեմահարթակի կողմը պարզելով` մի կերպ խոսեցի ես:

— Ախպեր, նախ հեչ էլ պորտապար չէր, նորմալ եվրոպական ժողովրդական մերկապար էր, ուղղակի մի քիչ արևելյան տակտերով… Երկրորդն էլ, չգիտե՞ս` սենց հարցերում Շուռը միշտ պիոներ ա…- ավելի լայն ժպտալով` պատասխանեց Շուռն ու անմիջապես էլ ավելացրեց,- Համ էլ մոռացե՞լ ես, ախպերս, որ որոշել էինք ֆսսալուց հետո գալ ստեղ… Չնայած դու կարգիիի՜ն վատ էիր… Շվեցարն ա օգնել, որ աստիճաններն իջնես…

Հայացքս փախցնելով կում արեցի բաժակիցս: Նայեցի դատարկ բեմահարթակին, և մինչ փորձում էի հասկանալ, թե ինչպես կարող էի մերկապարի փոխարեն պորտապար տեսնել, լսվեց երաժշտությունը, խաղացին ակումբի լույսերը, ու բեմահարթակին հայտնվեց հերթական գեղեցկուհին: Նա, առանց ժամանակ կորցնելու, սկսեց ոլորվել ձողի վրա: Լավն էր մեռածը: Հաճույքով կկծեի ձախ պտուկը… Եթե իհարկե չալարեի…

— Փող տվե՞լ ես սրան… Հլը մի քիչ փող տուր…

— Կարաս արխային կայֆավատ լինես, ախպերս…- դիմացը դրված կանաչ թղթադրամների մի մասն իմ կողմը հրելով` ասեց Շուռը և ինքնագոհ, խորը նստեց բազկաթոռի մեջ:

Վառեցի կրակայրիչն ու, մինչև հարևան սեղաններից իր վաստակը հավաքող պարուհին կմոտենար, մտածեցի, որ մի տեսակ թեստի պես բան եմ անում` մերկ գեղեցկուհուն ինձ մոտ կանչելով, այսինքն` փորձում եմ հասկանալ, թե դեռ ինչ ազդեցություն ունի Ֆերգանան ինձ վրա. եթե պարուհին իր թեթև հպումներով գայթակղեց այնքան, որ ցանկություն առաջացավ նրա ձիգ տուտուզին անձամբ ֆրանկլինի դիմանկարը նկարելու, ուրեմն կարելի է համարել, որ Միջին Ասիան` իր բոլոր հետևանքներով, այլևս ոչ մի ազդեցություն չունի ինձ վրա, իսկ եթե նույնիսկ սրա նման գեղեցկուհին չկարողացավ հանել իմ միջից արևելյան ալարն ու անշտապությունը…. ուրեմն ամեն ինչ կորած է:

Պարուհին շատ չուշացավ: Մինչ ես դուրս կգայի իմ մտորումներից, նրա հետույքն արդեն պտույտներ էր գործում արևելքի ու արևմուտքի ազդեցությունները ճշգրիտ չափող իմ գործիքից ընդամենը միլիմետր հեռավորության վրա` երբեմն-երբեմն իբր միամիտ հպվելով դրան, իսկ նրա գեղեցիկ մռութը ժպտում էր ինձ հյուսիսային կտրող քամու պես դեմքս քերծող մազերի միջից, կարծես ասելով` հիմա արդեն լա՞վ ես… Դե եթե լավ ես, տեսնենք` ինչի՞ ես ընդունակ…

Ի վերջո, հավանաբար իր գերզգայուն հետույքով զգալով, որ անհույս եմ` ստացավ կանաչ թղթադրամներն ու մի նախատող հայացք նետելով` հեռացավ դեպի ձողը, որը, համենայն դեպս խաղացող ու թարթող գույնզգույն լույսերի տակ ծռմռվելով ու ալիքվելով, թվում էր` ավելի հեշտությամբ է տրվում նրա հմայքներին:

Ամեն ինչ պարզ էր. արևելյան ամենազոր ալարն էր տիրում ինձ: Պետք էր որոշել` կամ ձեռք եմ քաշում ֆերգանայից` այդպես թոթափելով լուծը, կամ ինքնամոռաց տրվում եմ նրան, կամ էլ ընտրում եմ ամենադժվարը` ֆերգանայի ազդեցության տակ գտնվելով` փորձում եմ հնարավորինս պահել ինքնատիրապետումս…

Ես ընտրեցի վերջինը, որովհետև… Որովհետև հիմար բնավորություն ունեմ` միշտ գնալ դժվար ճանապարհով… Բայց փոխարենը միշտ ավելի հետաքրքիր է ճանապարհը, քան այն, ինչ մեզ սպասում է վերջում… Վերջը միշտ էլ հայտնի է, իսկ այ ճանապարհը… Ճանապարհ անցնելն իմ արյան մեջ է, ճակատագրի հետ խաղալն իմ առանձնահատկությունն է… Խաղալն իմ առանձնահատկությունն է, և ոչինչ չի կարող ինձ հետ պահելել խաղալուց… Ոչ մի հաշվարկ, ոչ մի տրամաբանություն, ոչ մի վիճակագրություն… Առաջ ախպերս… Խաղալ, խաղալ մինչև վերջ… Մինչև այլևս խաղալու բան չի լինի, բայց կլինի արկածներով հարուստ կենսագրություն, իսկ մնացած բոլորին միշտ էլ կհասցնեմ միանալ… Ու՞ր պիտի հասնեն` առանց ազարտի հմայքը զգալու… Էլի նույն, վաղուց հայտնի վերջի՞ն… Է, սենց թե նենց, բոլորս էլ նույն տեղում ենք հանդիպելու…

Զգացի, որ շատ եմ խորացել, ու մի տեսակ ամաչելով` Շուռին հարցրեցի.

— Ախպեր, Շուռ ջան, մի բան հարցնեմ… Ինչքա՞ն Ժամանակ ա պետք էս ֆերգանայի կայֆը քաշել, որ կարողանաս էդ կայֆի տակ քեզ տիրապետել ու ամեն ինչ կանտրոլի տակ պահել… Խոսքի չանջատվես կամ վախից քեզ չկորցնես… Ու ինչքան էլ վախենալու լինի, կայֆ բռնես…

— Եսի՞մ, ախպեր, նայած մարդ… Ես արդեն մի քսան անգամ արել եմ էս կայֆից, բայց էլի մոմենտ ա գալիս` անջատում ա… Ախպեր, էս կայֆի հետաքրքիրը գիտե՞ս որն ա… Որ ինչքան էլ քաշում ես, չես սովորում: Ամեն անգամ քեզ թվում ա, որ վերջ, արդեն հազար անգամ արել եմ, գիտեմ, արդեն հազար անգամ սատկացրել ա, ճանաչում եմ էս կայֆը, բայց ամեն անգամ ինքը լրիվ նոր ձևի, ավելի թափով ա բացում, ավելի դաժան ու անսպասելի ա մորթում քեզ… Մի խոսքով, էս Լենկ Թեմուրի կայֆերից ա, ախպեր, սրա մասշտաբներն ուրիշ են, սրա հետ պիտի զգույշ լինես…

— Հա, բայց ասու՞մ ես` նայած մարդ… Նշանակում ա, մարդ կա, որ կարա կանտրոլ անի էս կայֆը, չէ՞…

— Հա, ախպեր, մարդ կա, բայց էդ մարդը ես ու դու չենք… Էդ մարդը ուզբեկն ա…

— Ինչի՞…

— Որովհետև էդ իրա կայֆն ա…

— Հա ի՞նչ անենք…

— Ո՞նց ինչ անենք… Ախպեր, ինքը վռազելու տեղ չունի, հասկանու՞մ ես… Մեր նման` ամեն ինչ հիմա ու շատ… Ինքն իրան կարա թույլ տա մի հատ յուրտում կոշտը մշրի օջախի մլմլացող պեծերի վրա ու պատդիմ, կայֆի տակ լռվի օրերով, դու կարա՞ս… Չես կարա, որովհետև հազար գործ ունես, անընդհատ վռազում ես, անընդհատ ժամանակդ չի հերիքում… Իրան մաքսիմում կողքի հարևանի ապրածն ա հետաքրքրում, իսկ դու, հերիք չի` գիտես Լազուրնի բերեգ մարդիկ ոնց են ապրում, հլը մի բան էլ ուզում ես դմփցնել ընդեղի բոլոր ծտերին, քանի ջահել ես… Ինքը կարա տասը երեխա ունենանա ու տասը վայրկյան չմտածի, թե էդ երեխեքն ի՞նչ են լինելու, մենակ վերջում ասի` Ալլահը մեծ ա, իսկ դու ասում ես` Աստված մեծ ա, բայց մտածում ես` արժե՞ մի երեխա ունենալ, եթե էդ մի երեխեն Օքսֆորդ չի սովորելու, ավարտելուց հետո էլ Էյջ-Էս-Բի-Սի բանկի կառավարիչը չի դառնալու… Մի խոսքով, ախպերս, որպես ապագա պատմաբան եմ ասում. էս պատմականորեն իրա կայֆն ա, ու սրա հետ պետք ա զգույշ լինել…

— Դե լավ, հա, այ պատմաբան, հիմա ի՞նչ ես ասում, չքաշե՞նք էդ կայֆից…

— Քաշի, ախպեր, ո՞վ ա քեզ բան ասում… Դու էս խորացել, ուզում ես ինքնատիրապետումդ չկորցնել… Գիտե՞ս քո նման քանի հոգի են մնացել էս կայֆի տակ… Դու ինձանից լավ գիտես, որ ամեն կայֆ էլ կարելի ա անել, եթե էդ կայֆին համապատասխան ոռ ունես, ու եթե էդ կայֆի տակ արժանապատվությունդ չես կորցնելու… Ես մենակ էդ եմ ասում, ուրիշ բան չեմ ասում… Ու մեկ էլ, որ չարժե հույս ունենալ, թե չուժոյ կայֆը կարելի ա մինչև վերջ կանտրոլ անել, էդքան բան… Տես, էս կայֆը ես եմ բերել, չէ՞, բայց իմ ախպերական խորհուրդը լսի. եթե ուզում ես մինչև վերջ տրեզվի մնալ, ավելի լավ ա ընդհանրապես մի արա, որովհետև էս սուպերմարկետից առած եվրաստանդարտ մթերք չի, որ վրեն կալորիաները կարդաս ու հաշվես, էս վայրենի կայֆ ա… Թե չէ խորացել ես, համ ուզում ես կայֆավատ լինել, համ էլ ուզում ես կույս մնալ, տենց չի լինում, ախպեր, էս էն կայֆերից ա, որ էսքան ցույց ա տալիս, բայց աաա՜յ էսքան կոխում ա…- սկզբում մատի ծայրը, այնուհետև մինչև արմունկը ցույց տվեց Շուռը, հետո կարծես իրեն մեղավոր զգալով` ավելացրեց,- Ներող, ախպերս, մի քիչ կոպիտ եմ ասում, բայց դե էլ ուրիշ ձև չկա… Իմ արև, կայֆս էլ լրիվ թողեց, էնքան խոսացի… Ավելի լավ ա, արի հելնենք, մի հատ էլ ֆսսանք, մեկ ա աչքիս էս ծտերը քեզ բան չեն ասում…- վերջին բառերը Շուռն ասեց մի տեսակ ծաղրով, ու առանց պատասխանի սպասելու` ելավ տեղից:

— Շուռ, հավատա` ոչ մի ծիտ աչքիս չի երևում, էս ֆերգանայի տակ նենց եմ ալարում, իմ արև… Համ էլ, գիտես, ես սիրում եմ տարբեր կայֆերի ազդեցություններն ուսումնասիրել…

— Կայֆերը կայֆավատ լինելու համար են, ոչ թե ուսումնասիրելու, իմ հետաքրքրասեր ախպեր… Հել, արի…

Չեմ կարող ասել, թե ակումբի զուգարանից մինչև մեր սեղանը վերադառնալն այս անգամ որքան տևեց, որովհետև, անկեղծ ասած, չգիտեմ, բայց դեռ նոր էինք նստել փափուկ բազմոցներին, երբ մոտեցան ու ասեցին, որ ակումբը փակվում է: Շուռը մի տեսակ կասկածանքով նայեց մատուցողին, իսկ հետո, խորը ափսոսանք արտահայտող հայացքով հարցրեց` բա մարդիկ նստա՞ծ են, բայց նրան պատասխանեցին, թե իբր բոլորն էլ զգուշացված են: Մի խոսքով քիչ անց ես ու Շուռը հայտնվեցինք գիշերային դատարկությունից զրնգացող փողոցում ու մինչ կգիտակցեինք` ուր ենք ու ինչ պիտի անենք, տոնածառի պես լուսավորված վիլիսատիպ մի փլատակ աղմուկով կայանեց ուղիղ մեր դիմաց: Ես, չգիտես ինչու, իսկույն մտածեցի, որ վերջ, ֆերգանաաա՜… Իսկ Շուռը նույնիսկ բարձրաձայն պատասխանեց` ֆերգանա ասիր ու պրծա՞ր, ախպեր… Համազգեստավորներից մեկն ուշադիր իմ ու Շուռի դեմքերին նայելով ասեց` էս աչքիս լավ էլ կայֆ եք, հը՞…էդ ո՞վ ա ձեզ տենց սատկացրել… Ես էլ ոչ էս կողմ, ոչ էն կողմ, թե` ուզբեկ էլեկտրիկ ա, չես ճանաչի… Շուռը փռթկաց, ես հետևեցի նրան, ու երկուսով սկսեցինք անզուսպ կչկչալ: Կատաղած համազգեստավորն էլ թե` դու հլը մեր մոջախեդ օպեռներին չես ճանաչում, հեսա հասնենք տեղ, տես սատկացնելը որն ա, ու մյուս ընկերոջ հետ մեզ հրեցին մեքենայի հետնամասը: Մեքենան շարժվեց: Մաքուր օդի փոքրիկ չափաբաժինը, որ ես ու Շուռը հասցրեցինք շնչել փողոցում, հետո էլ իմ սևեռվելու հակվածությունը միշտ խթանող խավարը, որ տիրում էր խցիկում, կարծես նպաստեցին, որ հեռավոր, զգացական շերտերում, մի անդուր, ոչ այն է միտք, ոչ այն է կիսամիտք-կիսակասկած-կիսազգացողություն ծնվի… «Էս պաստավկա արի՞ն…» հարցը այն է այն է ուզում էր սպրդել գիտակցական շերտ, և ես նույնիսկ շրջվեցի իմ ընկեր Շուռի կողմը, որպեսզի հարցնեմ, թե ինքն էլ զգա՞ց, որ մի տեսակ շատ արագ հայտնվեցին էս… Բայց մեր կայֆը ֆերգանա չէր լինի, եթե բոլոր շերտերը վայրկյանների ընթացքում իր հսկողության տակ չառներ: Մի քանի անհույս փորձ արեցի` բռնելու մտքիս ծայրը, բայց ավելի խճճվեցի, իսկ վայրկյան անց գիտակցությունս խաղաղվեց, ևս մի ակնթարթ հետո արդեն բոլորովին նոր միտք էր զբաղեցնում բորբոքված ուղեղս: Երևի այն պատճառով, որ ուշադրությունս հիմա էլ սևեռվել էր հատակի վրա` գարեջրի խցանի չափ մի կետի: Տարօրինակ կետի մեջ մեծ արագությամբ ինչ-որ բան էր շարժվում: Երկար, կենտրոնացած սկսեցի նայել անհասկանալի կետին: Հոսող զանգվածը գնալով ավելի ու ավելի էր արագանում, իսկ երբ ժամանակ առ ժամանակ փողոցից լույս էր ընկնում մեքենայի մեջ, պարզ երևում էր, որ հոսող զանգվածը միատարր չէ և կազմված է անհամար առանձին մասնիկներից: Ավելի լարեցի ուշադրությունս: Առանձին մասնիկներն սկսեցին որոշակիանալ ու մի գիշերվա մեջ արդեն երկրորդ անգամ կարծես ուղղաթիռից տեսա նրանց…  Սելջուկ ձիավորներին, որոնց անվերջանալի հորդաները խիտ շարքերով, սրերը մերկացրած գետի պես հոսում էին մեր ընթացքին հակառակ… Ձիերի քրտնահոտից էլի որձկացի… Ո՞վքեր էին… Ու՞ր էին շտապում այդպես ռազմատենչ… Փակեցի աչքերս, բայց ձիավորները շարունակում էին վարգել կոպերիս տակ: Հազարավոր սմբակների ձայները` միախառնված վայրենի աղաղակներին, շարունակում էին հնչել ականջներիս մեջ, և այդ ամենից գլուխս անտանելի պտտվում էր… Կարծես օդում լինեի: Փակ աչքերով ձեռքերս տարածեցի աջ ու ձախ` փորձելով բռնվելու տեղ գտնել, և անկախ իմ կամքից` բռնեցի Շուռի թևը… Շուռը, որ մինչ այդ լուռ էր, հանկարծ ասեց` վերջ ախպեր, կռիվը սկսվեց… Ոչ մի կերպ չցանկանալով կտրվել ինձ այնքան գերած տեսարանից, բայց կարծես պարտականություն զգալով Շուռի նկատմամբ, դժվարությամբ բացեցի աչքերս և կիսամութի մեջ համարյա բան չտեսնելով, որքան հնարավոր էր արագ նայեցի Շուռին ու կրկին հետ շրջվեցի: Երկար փնտրեցի արտասովոր անցքը: Երբ վերջապես գտա, պարզվեց` մի սովորական անցք է հատակին: Սակայն չէի էլ հասցրել ափսոսալ, երբ նկատեցի, որ անցքի մեջ երևացող ճանապարհը ոչ թե ասֆալտապատ է, ինչպես պիտի լիներ քաղաքում, այլ քարքարոտ է մեր դիրքեր տանող ճանապարհի նման… Հիշեցի Շուռի բառերը… Կռիվը սկսվեց, ախպեր, կրկնեցի ես ու վստահ, որ դիրքերի ճանապարհին ենք, ձեռքս տարա գրպանս, որպեսզի սիգարետ հանեմ… Հանկարծ մտքովս անցավ, որ մեքենան լիքն է պայթյուցիկ-մայթուցիկներով… Փոշմանած ձեռքս հանեցի գրպանիցս ու առաջին անգամ դիրքեր բարձրացող նորակոչիկի նման, հուզմունքս թաքցնելու համար ուրիշ հարմար բան չգտնելով, երգեցի.

— Անօրեն թուրքն է տիրել մայր հողին… Ի՞նչ սրտով պիտի մտնենք անկողին… Մամ ջան, չտխրես, շատ չմտածես… Կռիվ ենք գնում ախպերս ու ես…

Շուռը զարմացած նայեց ինձ… Հետո միասին երգեցինք.

— Մռայլ գիշերն է, նստած ենք փոսում… Այստեղ հայ քաջի արյունն է հոսում… Եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես… Խփում ենք թուրքին ախպերս ու ես…

Երբ դադարեցինք, առաջին անգամ մտածեցի, որ տնեցիներին հրաժեշտ չեմ տվել…

— Հորս խանչալն իզուր չվերցրեցի…

— Լավ ա չասիր` պապուս կարաբինը… Էս ո՞ր թիվն ա, այ ախպեր…

— Չէ, Շուռ, հորս խանչալը ափսոս չվերցրեցի… Հորս հին, հազար տարվա խանչալը…

— Ինչի՞դ ա պետք հորդ խանչալը… Կարո՞ղ ա լավ չես, ախպերս…

— Լավ եմ Շուռ… Ուղղակի… Կարող ա, մեկ էլ տեսար… Էլ…- փաթաթվեցի իմ ընկեր Շուռին ու սկսեցի հեկեկալ:

— Ախպեր, դու ո՞ր կինոյից ես… Ի՞նչ եղավ քեզ…- ապշած իմ վերջին արարքից հարցրեց Շուռը:

— Բա ո՞նց եղավ, Շուռ… Ո՞նց եղավ, որ դրանք էդքան մոտիկացան…

Շուռը, կարծես չըմբռնելով հարցս, ի պատասխան հարցրեց.

— Ո՞վ, ախպեր, ի՞նչին մոտիկացան…

— Թուրքերը, ախպեր, ո՞նց հասան Էրևանի մոտ…

Շուռը լռեց` երևի փորձելով մարսել լսածը, բայց ես մի տեսակ խեղճացած շարունակեցի` առանց Շուռին ուշադրություն դարձնելու.

— Շուռ, ամեն դեպքում կասկեդ դիր, ախպերս… Մենք հլը Լազուրնի բերեգ կայֆավատ չենք եղել…

— Հա՞ որ… Դե դու էլ դիր, ախպերս… Մեր երեխեքը հլը Օքսֆորդ չեն սովորել…

Հետո լռեցինք… Կրկին երևացին սելջուկ ձիավորները… Հետո երևացին թուրքերը, հետո թուրք-սելջուկները… Անտանելի աղմուկ-աղաղակ բարձրացավ, վայնասուն… Կույս աղջիկները սկսեցին նետվել Մաշտոցի պողոտայի վրա կախված իրենց պատշգամբներից… Տենդագին հայացքով խառնաշփոթի մեջ սկսեցի փնտրել որևէ մեկին, ով կխելագարվեր աչքերիս առաջ, բայց չգտա… Մի քանի հանրաճանաչ դեմքեր, թիկնապահներով շրջապատված, հին բարեկամի ինքնավստահ կեցվածքով փորձեցին կանգնեցնել հորդաների ընթացքը, բայց ջարդուփշուր եղան սմբակների տակ… Քրտնահոտին միախառնված արյան հոտը տարածվեց ամենուր… Հետո ինձ ու իմ ընկեր Շուռին ուրիշ բան չէր մնում, քան լիցքավորել մեր զենքերը… Հետո Աստծուց խնդրեցի, որ ինձ օգնի չվախենալ, ու երբ բացվեց մեքենայի դուռը, հավաքեցի ողջ համար­ձա­կութ­յունս, անջատեցի հոգնած ուղեղս ու նետ­վեցի դուրս, գոչելով.

— Առաաա՜ջ, մարտի… Հանուն…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն