Մինիդրամա` 1 գործողությամբ

Գործող անձինք
Տղա — 14 տարեկան
Մայր — 37 տարեկան։

Սենյակ, որը բաժանված է դռնով։ Դռան մի կողմում ննջարան է, գորգին երկաթե գործիքներով 14-15 տարեկան տղա է, ուղիղ գծով դասավորում է գործիքները, անկյունում դատարկ զամբյուղ է։ Դռան մյուս կողմում խոհանոցն է, պահարանի վրա ձվեր են դրված։
Կին — (խոսում է հեռախոսով)։ Չէ, դեռ բան չեմ ասել, վաղը կգնամ հետազոտության, վերջնական անալիզները կիմանամ։ Սենյակ մտավ, չի խոսում։ Դու չգիտե՞ս, որ միանգամից չեն ասում ըտենց բաները։ (Դուռը թակելով) Արամ, կարո՞ղ եմ ներս գալ։
(Լռություն, ձայն չկա)
Տղա — (շարում է երկաթե գործիքները)։ Արամ չի սիրում Հարութին, Հարութը` վատ տղա։ (Գործիքներից մեկը դնում է այնպես, կարծես մեկը հարձակվում է մյուսի վրա)։
Կին — Արա՞մ, ո՞նց ես։ Ուսուցչուհիդ ասեց` տնային աշխատանքներդ չես արել։ Բայց երեկ միասին ենք արել, ինչի՞ ցույց չես տվել։
Տղա — (Շարունակում է խաղալ)։ Ուսուցչուհին չհասկացավ, ես պատմեցի` չհասկացավ, ինքը նայեց, բայց չտեսավ։
Կին — Ի՞նչը պիտի տեսներ, Արամ։ Դու ախր սովորականից ավելի բարձր IQ ունես, ինչի՞ ես ըտենց պահել քեզ։
Տղա — Դու էլ ես նայում, չես տեսնում, մամ։ Ոչ ոք չի տեսնում։ Մեծահասակները շատ բառեր են ասում, բայց չեն տեսնում։
Կին — (կանգնած) Ի՞նչը չե՞մ տեսնում, տղես։ Դու պատմի, ես կհասկանամ։
Տղա — (Գործիքները իրար վրա է դնում)։ Դու չես հասկանա, դու սխալ ես նայում։
Կին — (հուսահատ)։ Դու դեռ նեղացա՞ծ ես ինձնից։ Ախր քեզ շատ եմ ասել` իմ ու քո հոր բաժանումը քո հետ կապ չունի, մենք սիրում ենք քեզ։
Տղա — (Մի գործիքը դնում է մյուսի վրա, ասես կին ու տղամարդ լինեն)։ Ի՞նչ ես տենում, մամ։
Կին — Գործիքներ, հորդ արհեստանոցից ես բերել։ Ախր ինչքա՞ն կարելի ա էս երկաթներով խաղալ։
Տղա — Մեծերը երկաթներով են խաղում, մեծ ինքնաթիռներով, մեծ, տգեղ սարքերով։ Ու՜, թռնում են, մեկ էլ` դըխկ, քանդվում ա, մամ։ Մեծերի երկաթները քանդում են, մամ։ Երբ մեծ գործիքները թռչում են, մարդիկ մեռնում են, մարդկանց ձեռքերն էլ գործիքներ են, սպանում են։
Կին — (իջնում, գրկում է որդուն)։ Արա՜մ…
Տղա — Հիմա կտեսնես, վերևից նայում ես, բայց չես տեսնում, դուք նույն բաներն եք ասում, կրկնվող բաներ եք ասում, ոչ ոք չգիտի ճիշտ բառերը աշխարհը պատմելու, իսկ երկաթները գիտեն։ (Իրար վրա է շարում)։
Կին — Ես քեզ բան ունեմ ասելու, տղես։ Դու խոստացիր, որ կհասկանաս ինձ։
Տղա — (զամբյուղ է բերում, սկսում ձվերը ջարդել գործիքներով)։ Հարութը վատ տղա, Հարութը սիրել ջարդել, բայց Արամը` լավը, Արամը պիտի պաշտպանի իրեն, պապան էլ վատ մարդ ա, պապայի ձեռքերն էլ գործիքներ են, մամ, բայց ես մեծացել եմ, ես գործիքներ ունեմ։
Կին — Քեզ նեղացնո՞ւմ են, Արամ, կուզե՞ս խոսեմ ուսուցչուհուդ հետ։
Արամ — Ուսուցչուհիները չեն կարող տեսնել, մամ, նրանք վերևից են նայում։ Երբ վերևից ես նայում, աշխարհը պստիկ, պստիկ ա, մարդիկ էլ պստիկ, պստիկ են, բայց երեխաները մեծ են։ Արամը մեծ ա։
Կին — (Զանգ է գալիս, գնում է խոհանոց և միաժամանակ գործ անում)։ Ես չեմ կարող երեխային սթրեսի ենթարկել, իմ հղիությունը կբարդացնի Արամի վիճակը, նա ագրեսիվ կդառնա։
Տղան լսում է խոսակցությունը, փակվում է սենյակում, սկսում գործիքներով ձու ջարդել։
Տղա — Գործիքները կհաղթեն կյանքին, կհաղթեն։ Երեխաները չպիտի ծնվեն, ոչ ոք իրավունք չունի նրա տեղը որոշելու, ես կսպանեմ, կսպանեմ։
Մայր — Ի՞նչ ես խոսում, ի՞նչ սպանություն, Արամ, չի կարելի ըտենց։
Տղա — Պիտի սպանել երեխային, որ չտառապի, եթե ծնվի, գործիքները կսպանեն նրան, ինքը կտանջվի, դու լաց կլինես (գրկում է մորը), ես չեմ ուզում դու լաց լինես, մամ։
Մայր — Ես միշտ կսիրեմ քեզ, Արամ։ Քո քույրը կամ եղբայրն էլ քեզ կսիրեն։ Բարի կլինեն քո հանդեպ։ Քեզ նման սիրուն աչքեր կունենան։
Տղա — Ես չեմ ուզում իմ նման, ես չեմ ուզում, թո՛ղ ուժեղ լինի, երկաթի պես։ Ուժեղ Հարութի պես ու ….
Մայր — Ո՞ւ։
Տղա — Ու չար։
Մայր — Չէ, տղես, աշխարհում չար ու բարի չկա։ Դու ես որոշում՝ էս գործիքով ձվերը ջարդել, թե՞ էս զամբյուղը սարքես, որ տեղավորենք։ Վերցրու գործիքները և ինքդ ընտրիր։
(Թողնում է մենակ)։
Տղան լաց է լինում, սկսում շուռումուռ տալ գործիքները, հետո կամաց-կամաց զամբյուղը վերանորոգել։
(Գալիս է խոհանոց)։
Տղա — Մամ, այ մամ։
Մայր — Հա, տղես։
Տղա — Ինքը իմ նմա՞ն ա լինելու։
Մայր — Ինքն ո՞վ ա, Արամ։
Տղա — Դե, ինքը, էլի, էն, որ ուզում ես ծնվի։
Մայր — Հա՜, քույրիկդ կամ եղբա՞յրդ։
Տղա — Ըհըմ։
Մայր — Չգիտեմ, կարող է իր հայրիկին նման լինել, կարող է՝ քեզ։
Տղա — Չէ, դե իմ նման, էլի, հիվանդ։
Մայր — Դա հիվանդություն չէ, Արամ, զարգացման առանձնահատկություն է։
Տղա — Բայց ինքը իմ պես կլինի՞։
Մայր — Չէ, իր գեները այլ են։
Տղա — Ուրեմն՝ ինքը կհաղթի գործիքներին, ուրեմն՝ ինքը կծնվի, ու ես չեմ թողնի՝ գործիքները հաղթեն։
(Զամբյուղի մեջ ձվեր է դնում և գործիքները շարում Հակոբ Հակոբյանի կտավի պես)։
Վարագույր

Կիսվել նյութով

One Comment

  1. Տաթև Միքայելյան 01.11.2024 at 23:34 - Reply

    Ասել որ հիացած եմ նշանակում է ոչինչ չասել🥹❤️Անսահման հետաքրքրությամբ ընթերցել եմ

Թողնել մեկնաբանություն