ՕՎԿԻԱՆՈՍ
…եթե քո հոգեկերտվածքի մեջ որևէ ընդհանուր բան ունես
առագաստանավերի զիգզագաձև,
խորանցիկ և փքուն ուրվագծերի հետ,
բայց, ավա՜ղ, հեռանում ես օվկիանոսից,
…եթե երբևէ փորձել ես բիբերիդ կարծրությունը
ու մատնաթմբերիդ արյունը
հորիզոնների շրջակտուր սայրերին,
բայց, ավա՜ղ, հեռանում ես օվկիանոսից,

ապա որտեղ էլ լինես,
որքան էլ հեռու լինես կապույտների անփշուր հայելիներից,
ինչ ապառաժի կամ քարանձավի ծոցում էլ լինես,
ինչ տափաստանի կամ անապատի խորքում էլ լինես,
անպայման, մի հեքիաթային օր,
անսպասելի մակընթացության մի տարօրինակ ժամի

քեզ կթվա,
թե անցնում ես աշխարհի բոլո՜ր օվկիանոսների միջով.
տեսնում ես բոլոր անակնկալ խորությունների կապույտը՝
առանց մենակության ու անօգնականության սարսափի…
կթվա, թե զրույցի ես բռնվել
բոլոր անհետացող ձկնատեսակների հետ,
ու պաղել ես այրվող ճակատդ սառցալեռան սահուն հատակին…
իսկ հետո,
անխուսափելի տեղատվության այն տարօրինակ ժամին,
թրջված մինչև վերջի՜ն մանրաթելը հյուսվածքներիդ՝
խրվել ես մոտակա խութերի մոտ՝
զսպելու կաթլաթափ առագաստներիդ շնչառությունը
ու նայու՜մ ես օվկիանոսին…
և…
…ինչպես անսպասելի հայտնված մի վտանգավոր գիսավոր,
զարդանկար ծոծրակով ու
ձյունաթույր վարսերով գեղեցկուհու նման
անցնում է երկրագնդին մոտիկ ուղեծրով,
իսկ հետո կործանելու անզորությունից`
շաղ տալիս աստղաթափի երազանքը նրա վրա,
…ինչպես աշնան սրսուռ քամին քաշում է
դեղձենու հրաշեկ սաղարթը,
իսկ հետո տեղահան անելու անզորությունից`
բերանն առնում գույնզգույն տերևներ՝
բաժին առ բաժին զրկելով նրան իր հարստությունից,

այնպես էլ հիմա՝
հանկարծահաս տեղատվության այս չարաբաստիկ ժամին,
երբ թրջված,
կանգնել ես խութերի մոտ՝ շունչ առնելու
ու նայում ես օվկիանոսին,
այնպես էլ հիմա թվում է, թե մտքերդ
խուճապահար դեղձանիկների փոքրիկ երամի պես
քաշում են, որ պոկեն քեզ բոլոր հենարաններից.
«եթե դուրս թռչես հիմա ուղեծրից ու սլանաս թաց հետքերով,
դեռ ուշ չէ,
դեռ կհասցնես մեկ անգամ էլ տեսնել անիրական երազը
յոթ սարի հետևն անցնելուց առաջ…»

ՓՈԹՈՐԻԿ ԾՈՎԻ ՀԱՏԱԿԻՆ
Նստած օվկիանոսի հատակին հոգուս խորքերի,
ես թվապատված կլոր տախտակով ջուր էի մաղում՝
անձրևանոցը պահած անցնող դարձող ձկների գլխավերևում,
երբ հանկարծահաս փոթորիկը խցեց իմ մաղն ու
զինաթափ արեց ինձ՝ ջրապարիկ սարքելով անձրևանոցս…

Երեսնիվեր պառկել եմ հիմա օվկիանոսի հատակին,
ու աչքավախ սպասում եմ խորտակված նավի անձրևին…
Մինչդեռ վերևում ծովը խաղաղ է ու երկնքով լի,
իսկ մակերևույթին մեղմիկ լողում է
հիմնովին պատռված անձրևանոցս…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն