Հրաժեշտ
Ամեն քայլ
հեռացնում է մեզ,
և որովհետև
կանայք սիրում են
արցունքները.
ես կատեմ…
և կհագնեմ
քեզ ամեն օր,
մինչև մաշվես…
***
Աստված սիրում էր,
այն արցունքները,
որոնք ես էի
քարանձավում կարմիր,
ուր գիշերը
առասպել էր հևում,
որովհետև կես կանգառ
այն կողմ՝ ձմեռ էր անշոր
և մի ստվեր
լիզում էր ինքն իրեն…
***
Դու վերջին
ձուկն ես ցամաքում,
և թռչունը՝
ջրերում դեղին,
ում մեջ փշրվեց
սեփական հայելին…
***
Տեղավորվի՛ր
բառերի արանքում,
և որովհետև
վերջին հուդան իսկ
վաճառվեց…
չկա արքայություն
երկրի և երկնի միջև,
երբ մատնաչափ է
մարդը,
ով գողգոթայում
չի արնահոսել…
***
Մանուշակագույն կին,
ասեղնագործի՛ր քեզ
բարձին երանության,
բայց չքնե՛ս փշալարի վրա,
ուր Աստված իր շորերը կախեց…
***
Բանաստեղծությունը
ձյուն է,
ցեխոտ ոտքերի տակ,
ուր մեկը թաքնվում է,
որ իրեն գտնեն…
***
Ճերմակ է ժամանակը,
երբ հոսում է
հայելիների մեջ,
ուր մարդիկ բառակույտ են…..
Երևան
Իմ սրտի
կարմիր ժապավենին,
արնահոսում էր ձմեռը՝
ոտաբոբիկ փաթիլներով,
և հուշերի մետրոյում
սառում էր մի քաղաք,
որի գնացքն էի ես…
***
Մենք տողադարձում ենք
մեր հոգին
և մոռանում մարմինը,
բայց չգիտենք
քանի՞ կաթիլ էր երջանկությունը,
երբ ջրափոսում կարոտ էր հոսել…
***
Կանայք չվում են
առանց երկտողի,
երբ հիշողության
դռան տակ
չարդուկված սիրտ
և համբույրների
վերնաշապիկ են թողել…
***
Կինը հագնում է
մենության զուգագուլպան,
երբ ունի ոտքեր
և ոչ՝ հեծանիվ
երջանկության…
***
Մի ծեծե՛ք այն կուրծքը,
ուր ես եմ…
և ուր դուք եք,
չէ՞ որ Աստված
տեղավորեց բոլորիս
իր մաշկի տակ
և արդուկեց…
***
Երբ կորավ անձրևանոցս,
հասկացա՝ ամենաթաց
կարոտն եմ գտել,
որից մի արցունք կավելանա
հոգուս կախիչին
և ամեն կորածով
ես կպակասեմ…
***
Երազանքների անվասայլակը
կարող է թռչել,
երբ նրա վրա
թիթեռ է նստած…
***
Հրեշտակները լալիս են
հիշողության առաստաղի մոտ…
երջանկության ծաղկամանը
դատարկ է…
ես ուզում եմ թաքնվել
ժամացույցի ետևում….
ինչու՞ է չվում ժամանակը,
երբ դեռ աշունը չի եկել…