Մահվան կոլաժ

1
Մայրս չի տեսնում ինձ, այլ լսում է:
Ես թաքնվում եմ հայելիների ետևում լռությամբ:
Ոչ մի օր չեմ ծնվել ես ու ոչ մի օր չեմ մեռել:
Երեկ մի գեր տղամարդ ծանր կապոց նետեց վրաս:
Նեխած ձմերուկի հոտ առա, ու աչքերս ավելի մթագնեցին:
Իմ սենյակը նկուղում էր, կոկորդս սեղմվում էր լացից:
Հեքիաթներ չեմ լսել երբևէ,
«Կար-չկար», «Լինում է ու չի լինում» չի լինում ու լինում է, սա ես եմ` նեխած թափոնների մեջ նետված:
Երկնքից հող էր թափվում, շատ հող:
Մայրս քարշ տալով` ինձ գցեց աղբարկղ:
Սակայն չազատվեց ինձնից` ջինսե տաբատում մոռանալով կապույտ մազակալս:
Նա չի սիրում ջուր, ու ես կհոսեմ ծորակից, երբ նա մոտենա դրան:
Նա կոտրում է ափսեներ, ու ես կշխկշխկացնեմ դրանք, երբ քնի:
Նա վախենում է լույսից, ու ես կլինեմ այն մութը, որը շոշափում են միայն խելագարները:
Մի քանի ամպ այն կողմ մեղուներ են բզզում:
Մարմինս ճաքում է` վերածվելով ծաղկաթերթերի:
— Ջազ չլսե՛ք, դրա մեջ լաց կա,- անցնող մեքենայից գոռում է մի կին:
Աչքերս փակվում են բացված:
Հետո անձրև է ու ես:
Ոտքերս ցեխակոլոլ` վազում եմ ջրափոսերում Աստծո:
Մի տեղ ինձ կտնեսնեն մարդիկ մեղուներով խաղալիս:
Չգիտեմ` ուր են ապրում անանուն աղջնակները, որոնք դառնում են հայելիներ` ծածկված ճերմակ արյունով:
— Չմոտենա՛լ և ոչ մի ցավի, որը արթուն է,- գրել է մեկը մորս կանաչ տետրին:

2
Սենյակը լցվել է ծխով: Երիկամներիս ցավից գալարվում եմ:
Պատի մեջ լիքը ճեղքեր կան:
Ես արձանագրում եմ իմ մահը ոչ մոտալուտ մի ամսաթվի:
Սա է լավագույն երջանկությունը, երբ ոչ տալիս ես և ոչ էլ ստանում:
Միշտ ատել եմ առուծախը հատկապես հոգու:
Կշեռքին հայրս մի քանի կիլոգրամ կարտոֆիլ է դրել:
Շունչը պահած սպասում է, որ իրեն չխաբեմ:
Հռհռում եմ` նայելով հորս հիմարացած դեմքին, հետո կարտոֆիլին մի քանի սոխ եմ ավելացնում:
Կշեռքը չի աշխատում, հորս մարմինը ծանրանում է կարտոֆիլի պարկի նման:
Հանում եմ սոխերը ու կլպում:
Լիքը-լիքը արցունքներ են թափվում թե՛ իմ, թե՛ հորս աչքերից:
— Ալկաշ,- ճչում է մայրս ու անշարժանում` կոտրելով հորս օղու շիշը:
Մորս մարմինը սկսում է անէանալ:
Գարուն է: Ժամանակը քչքչում է:
Այստեղ կադրը ավարտվում է, որ մայրս հանդարտ քնի մի քանի երկինք այն կողմ իմ պատուհանից առանց հեքիաթներ պատմելու:
Քո ձեռքերում մորս լուսանկարն է:
Չքնե՛ս:

3
Բոբը շարժեց պոչը` թաթերը փռելով հատակի երկայնքով, արևի բարակ շողերը ընկել էին աչքերի մեջ:
Միջանցքում միջօրեի լռություն էր:
Հանկարծ դուռը բացվեց, և մի գեր տղամարդ ներս մտավ` ձեռքին մի քանի լրագիր և գնումների տոպրակ: Հոգնությունից մեջքը կորացել էր, երևում էր` անքուն գիշերներ է անցկացրել, առօրյա կյանքի բեռն է արտացոլում իր դեմքին:
Շունը ոգևորվեց, երբ տեսավ իր տիրոջը, մի մեծ խինդ զգալով` վազեց ոտքերի առաջ:
— Կարոտել էիր,- ասաց տերը` շոյելով շան գլուխը:
Բոբի բիբերը մեծացան, հյութեղ մսի համը հասավ քթին:
— Կե՛ր, Բոբ, խելացի իմ շուն,- ասաց տղամարդը` նետվելով բազմոցին:
Բոբն ու Սալիմը ապրում են միասին:
Սալիմի արտագաղթը արևի երկիր եղել է շատ վաղուց, երբ ընդամենը երիտասարդ տղամարդ էր, ու աշխարհի մասին պատկերացումը սահմանափակվում էր երկրագնդի մի կիսագնդով:
Ինչքա՜ն երազանքներ ուներ նա իր քաղաքի հին տանը, որի պատերը մզկիթաձև ամպերն էին` Ալլահի ոտնահետքերի հետևից գնացող:
Սալիմի հայրը մեռել էր բանվորական աշխատանքներ կատարելիս, ու դին չէին գտել:
Ասում էին` մնացել է քանդվող շենքի փլատակների տակ ու գուցե նեխել մարդկանց անտարբերությունից:
Սալիմը երազներում հանդիպում էր հորը, որի մարմինը ծածկված էր տիղմով:
Ոչ մի հարց չէր տալիս նրան, և ոչ մի բառ չէր ընդհատում նրանց ցավը:
Սալիմը գիտեր` երբ աչքերը բացվեն, հայրը գնալու էր` դառնալով անապատային ավազ:
Մի գիշեր ծանր մրրիկ եղավ: Ծովի ալիքները դուրս ելան ափից: Սալիմը կողպեց պատուհան և դուռ` վախենալով ջրի ներհոսքից:
Առաստաղը սկսեց քանդվել:
Երկինքը լցվել էր ձկներով:
Սալիմը ժպտաց, երբեք Ալլահի լույսը այսքան մոտ չէր զգացել իր սրտում:
Հետո Ղուրանից վերջին մեջբերումներ գրի առավ:
«Սա աշխարհի վերջն է: Մեղքերի մասին մտածելու ժամանակ չկա:
Մարդկությունը կմեռնի, կմեռնի հաստատ, իսկ շո՞ւնս»,- մտածեց Սալիմը` փրկության ելքեր որոնելով:
Ուժեղ դղրդոց լսվեց, զանգերը միացան:
Մարդիկ խելագարի պես սկսեցին վազել:
Սալիմը պատկերացրեց բուրգերի ստեղծումը հազարամյակներ առաջ, երբ փարավոնների առաջ կյանքը խոնարհվում էր` զոհեր պահանջելով:
— Ոչնչի համար հոգիդ մի տո՛ւր, արթնացի՛ր,- ճչաց մի կին Նեֆերտիտի թագուհու խորհրդավոր ձայնով:
Տարօրինակ է` ինչպես էր կենդանացել:
Հետո մեռած լեզվով քրմերի շշուկները ավելացան:
Սալիմը բացեց աչքերը: Ամեն ինչ ճերմակ էր:
— Սա լավագույն հիվանդասենյակն է, ուր կարողացանք Ձեզ տեղավորել,- ասաց հնդկուհի բուժքույրը` աչքերը կկոցելով:
Իսկ Բոբը, Եգիպտոսն ու հայրը մնացին հեռվում կամ գուցե հրդեհվող տանը, ով գիտե:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն