***
ես մի օր կվազեմ գրադարանների աստիճաններն ի վար
կարևոր գործից ուշացողի նման
բազրիքներից կառչելով ու ընկնելով
գրքերի հոտից խեղդվելով
մի օր
աստիճաններով
կիջնեմ ու
կփորձեմ փրկվել չար վհուկ-գրականությունից
դռների մոտ ինձ կսպասեն ագռավները
ագռավները` սև, մեծ ճանկերով,
կտցահարելու պատրաստ սրված կտուցներով
ագռավները
որոնց երբեք չեն սիրում
բայց ես կասեմ`
ագռավներ, ուշադրություն
ես չեմ ատում ձեզ
ավելին, սիրում եմ
որովհետև, ուշադրություն,
ես ագռավ եմ` սև, մեծ եղունգներով,
կտցահարելու պատրաստ լեզու-բերան-ատամներով
և, ահավասիկ, իմ պոեզիան`
ամենաիսկական թռչող ավել,
բաց արեք դռներն այս, հարազատներս,
որ միայն կակազել գիտեն դրսի աշխարհի մասին
ու եկեք միասին թռչենք
փողոցները բաժանող շենքերի վրայով
արևից խեղդվող սրճարանների պարապության միջով
դեպի տաք, տաք, տաք երկրներ
ուր մենք ջազ կլսենք
ուր արևի մեջ ձիերի վարգ կլինի
ձիեր…
ռունգերում` կիրք ու անապատի տաք փոշի
աչքերում` կրակ ու անապատ, անապատ ու կրակ
տաք, տաք, տաք երկրներում
փողոցային շները կկռվեն
ու մենք մեր անթերի կռռռռոցով
խղճուկ մարդկանց սրտերը կլցնենք վախով,
պոեզիայով ու սարսափով…

ագռավներ
ես  վազել եմ գրադարանների աստիճաններն ի վար
բազրիքներից կառչելով ու ընկնելով
գրքերի հոտից խեղդվելով
երկար
շատ երկար ժամանակ վազել եմ
խնդրում եմ
փրկեք ինձ այս չար վհուկ-գրականությունից
բաց արեք դռներն ու պատուհանները
որ միայն կակազում են դրսի աշխարհի մասին
և ոչինչ չգիտեն տաք, տաք, տաք երկրներից
ագռավներ եկեք իմ ետևից ու կռռռռացեք
որովհետև, ուշադրություն,
ես աղջիկ եմ ու պոետ…
ագռավ եմ
բզկտենք միասին
մարդկանց սրտերը
պոեզիայի չարագուշակ կռռռռոցով…

գրադարան, ես քեզ չեմ մոռանա
և նաև քեզ, երկիր մոլորակ
և ներեք իմ սխալները, որովհետև ես ներել եմ ձերը
և սիրեք ինձ, ես ձեզ էլ չեմ ատում
ագռավներ, դե բացեք դռները…

Պոեզիան…

…և այնտեղ, որտեղ սովորաբար սկսվում է պոեզիան
և որը հենց այս բանաստեղծությունն է
մայրս սեղանին
երեքի փոխարեն մի թաս լվացած խնձոր է դնում
փողոցներում սպիտակ սքեյթով ասպետներ են
հայտնվում
և վերջապես
«Ավանգարդ»ի հերթական փարթիներից մեկը լքելիս
ես կոշիկս մոռանում եմ աստիճանին
և քանի որ մինչև կեսգիշեր դեռ մի քանի ժամ կա
անհույս սպասում եմ դեղին
գրեթե ղափամայի հոտով հրաշքների.
այն է` դեղին տաքսուց դեղին դդում
մետամորֆոզների

քիչ ավելի ուշ ջինսով
ոչ այնքան իմ, բայց արքայազնը
նկատում է կոշիկս ու զարմանում
որովհետև իմ 38 ու
մոխրոտիկյան դոգմայացած 35 համարի միջև
տարբերությունն իրոք զարմանալի է
և մինչ նրա զարմանքը երկարում է փողոցի լայնությամբ
ես հասնում եմ տուն
թեթևացած շունչ քաշում
և իմ լոգարանում անձրևներ են սկսվում
հետո ջրհեղեղներ են լինում
ես գլխաբաց ու մերկ ընդունում եմ
ցնցուղից իջնող իմ մոլորակի ձայնը հոտը գույնը
…Աստծուն
ես կանգնում եմ զուգարանակոնքին
և ձեռքերս ձգվում են առաստաղից անդին
գրեթե հպվում եմ իմ մոլորակին
մայրս թակում է դուռը և խնդրում արագացնել

ոչ ոք չի  հասկանում ինձ

կեսգիշերից անց է
ես պառկում եմ լոգասենյակի սառը հատակին
ու մատով շոյում մոլորակիս
որը հիմա մեն-մենակ է
ու որտեղ հիմա ոչ ոք չկա…
ես այստեղ սովորաբար սկսում եմ լացել
վերջում աղոթել
իսկ պոեզիան կանգնում է դռան ետևում
և խնդրում արագացնել

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն