* * *

երկու րոպե հետո աշունը կվերջանա
աշունը կլքի քաղաքը
դռների մոտ կանգնած տղամարդիկ կօրորեն գլուխները
ու կանայք ավելի տաք կհագնվեն

ես շուռումուռ կգամ անկողնում
անձրևից փայլող փողոցում ետ ու առաջ կանեմ
կարթնանամ ու կքնեմ
ջրափոսի մեջ կլվանամ կոշիկներս
մեռելների հետ սեր կանեմ
կծխեմ գերեզմանաթմբին գլխահակ ու տխուր

իսկ երկու րոպե հետո աշունը կվերջանա
ու դռանս մոտ կանգած տղամարդը կօրորի գլուխը
ու ես ավելի տաք հագնված
չեմ իմանա ինչպես ապրել այլևս
այս ծերացող քաղաքում
ում վաղուց լքել են հեթանոս աստվածները

* * *

և հեթանոս աստվածները զգուշացրեցին`
կգան օրեր
թռչունները կթռչեն հեռվում
ծառերը կանաչ կլինեն
երեխաներ կպառկեն հողի վրա և մատներով կճզմեն
ցանկությունները ծնողների
և ծնողները ուշացած կողբան օրերի հեռվում
և օրերի հեռվում աշուն կլինի

* * *

ես չգիտեմ ինչպես ապրել, աղջիկ
այս քաղաքում ուր մոլեգնում է նոյեմբերի թախիծը
պատուհանիս տակ հարբած ուրվականները թափառում են ձմռանը
և մեռելներն ինձ ուղեկցում են մինչև շենքի բակ
աղջիկ ես, կին ես, ինչ ես, լսում ես,
ես մենակ եմ հիմա…

ես միայն մի առասպել գիտեմ
պատուհաններից կթռչեն մարդիկ` թարգմանելու քաղաքը
խոնավ փողոցներով կվազեն գժանոցից փախած հիվանդները
և դեղահաբերի հոտից թմրած ծառերը կքայլեն

ես միայն մի առասպել գիտեմ
այս քաղաքում մոլեգնում է սխալ բանաստեղծությունը
ու ես գիտեմ, որ մարդիկ թռչում են բայց չեմ հիշում ոնց

գժերը թավալվում են ձյուների մեջ
ես ոտքերով դոփում են գետնին
նոյեմբեր է
թախիծ է ու տոն
ու ես չգիտեմ ինչպես ճիշտ ապրել

աղջիկ
ասաց չար ձայնով
ուրիշ քաղաքի մի հին ուրվական
քո խելքի բանը չի պոեզիան
էսօր տոն է, արի գինի խմենք
ու մեռցնենք ևս մի օր

այս քաղաքում
այս քաղաքի սեղանների տակ շարվում են դատարկ շշերը
իմ սիրած մեռելը պառկեց մերկ աղջկա կողքին
ու ես հեծկլտում եմ մինչև շենքի բակ
ու սեղմում բռունցքներս ճակատիս
մենակությունս` գինեհոտ ու կեղտոտ
ու՞մ գլխին ջարդեմ ես հիմա…

քաղաքում մոլեգնում է իմ սիրտը` դատարկ շիշ,
ուր որ է կբացեմ պատուհանը
և նոյեմբերյան անձրևը կներծծվի ոտքերիս մեջ
ուժեղ, շատ ուժեղ կթափահարեմ թևերս
և հինգերորդ հարկից քաղաքը ավելի հին կթվա
քաղաքին թարգմանելը` դժվար
բայց ես ուժեղ, շատ ուժեղ կթափահարեմ թևերս
որովհետև գիտեմ որ թևեր ունեմ
և մարդիկ թռչում են
հետո ի՞նչ, որ չեմ հիշում ոնց

նոյեմբեր է, թախիծ է ու…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն