ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

Թվում է՝ ամեն ինչ ունի վերջ, և մի օր էլ Երկիր մոլորակն է դուրս թռչելու իր ուղեծրից ու գլորվելու տիեզերքի անհատակ անդունդը: Սակայն Վաչագան Մանուկյանը ջնջեց վերջի ու ավարտի մասին բոլոր փիլիսոփայությունները, քանզի նրա ընթացքը հավերժինն է: Հաղթող էր, աներեր, քրիստոնեական հավատով հզորացած, քանզի Ամենազորի խոսքը հոր շուրթերից լսել էր:

 

ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄԱՐԴԸ

Եղել են պահեր, որ անիմաստ եմ համարել մարդկային ողջ գոյությունը, նմանվել Սիզիփոսին, ու արդեն իսկ այլայլվում էի, երբ գրասենյակի դուռը բացվել է, ու անսահման ժպիտով ներս է մտել Վաչագան Մանուկյանը, մի հայացքով որսացել հոգեվիճակս ու ուսս թփթփացնելով՝ պոկել ինձ աշխատասեղանից, և քիչ անց զբոսնում էինք Երևանի պուրակներից մեկում: Սիրում էր պուրակներն ու այգիները, այդ այգիներում ու պուրակներում զբոսնող մարդկանց ժպիտն ու հոգևոր լուսեղեն թրթիռներն էր սիրում:
Իբրև այր՝ ամուր կանգնած էր ոչ միայն ընկերների, հարազատների ու մտերիմների կողքին, այլև լրիվ անծանոթ մարդկանց պատրաստ էր օգնել և լավ էր զգում, իրեն հարստացած էր զգում:
Մանուկների համար խենթանում էր: Նրանց աշխարհի մաքրությունը հարազատ էր իրեն: Հետներն այնպես անմիջական ու մտերմիկ էր շփվում, որ երեխան ակամա սիրում ու վստահում էր Վաչագանին:
Մարմինն էլ ուժեղ էր. ձեռք սեղմելիս իր ներսի հզոր լիցքն էր փոխանցում: Անսահման բարի էր, կամեցող ու գիտեր արժեքները գնահատել: Համեստ էր՝ բարձր արժեքի գիտակցությամբ, և անհանդուրժող, երբ կեղծիք էր տեսնում:
Վաչագանի մարդկային որակներով պիտի դաստիարակել վաղվա սերնդին:

 

ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄՏԱԾՈՂԸ

Մեր առաջին հանդիպումը գրքի լույսընծայման նախօրեին էր: Ժպիտով, մի քիչ էլ ամոթխած՝ ինձ հանձնեց իր գրվածքները: Վերնագրել էր՝ «Երբ խզբզում եմ»: Կարդացի ու միանգամից անակնկալի եկա: Հասուն գիր, ոչ մի կապ չուներ խզբզոցի հետ:
Հանդիպեցինք, ասացի՝ լուրջ արձակագիր ես, եղբայր… Քմծիծաղ տվեց, թե՝ «ձեռքի հետ գրել եմ, իմը հրապարակախոսությունն է ու խոհագրությունը»:
Իրոք խոհեմ էր, ճանաչում էր մշակութային արժեքներն ու անմնացորդ ընդառաջ գնում դրանց: Ակնածանք ուներ բոլոր մեծերի նկատմամբ և անընդհատ տալիս էր Թումանյանի, Կոմիտասի, Սարյանի, Չարենցի, Մաթևոսյանի և այլոց անունները: Վաչագանն այդ մտավոր աղբյուրից էր սնվում և հոգով էր արձագանքում արվեստի լավագույն նմուշներին: Հատուկ վերաբերմունք ուներ ազգային մտածողության գիգանտների նկատմամբ. Նժդեհի, Հայկ Ասատրյանի տեքստերից հաճախ մեջբերումներ էր կատարում:
Հրապարակագրության և խոհագրության մեջ ևս լայնատես էր, խրոխտ հրապարակումներ արեց, հուշեց, մատնանշեց առկա խնդիրները:
Հավատում էր, որ մտքի ուժով կօգնի մոլորյալին գտնելու դեպի տուն ճանապարհը:

 

ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՄԱՐՏԻԿԸ

Դեռևս բանակային տարիներից աչքի է ընկել մարտավարական խորիմացությամբ: Արժանիորեն պարգևատրվել է մեդալներով:
Եվ ահա, արցախյան պատերազմի բռնկումը պիտի Վաչագանի աչքերից տաներ քունը:
Կամավորագրվեց. չէին կանչում, ընթացակարգ կար, գնաց զինկոմ ու պնդեց:
Ռազմաճակատում տղերքին հավաքեց շուրջը, ոգևորեց, օգնեց, կյանքեր փրկեց: Մարտը վարում էր գրագետ: Նա մահապարտ չէր, չէր գնացել զոհվելու: Վաչագանը գնացել էր հաղթելու ու… հաղթեց: Այլևս նա հավերժի ճամփորդն է:
Այն, որ Վաչագան Մանուկյանը ազգային հերոս է, ինձ համար ու շատերի համար աքսեոմատիկ ճշմարտություն է: Նա չէր գնացել հերոսանալու, իրեն պետք չէր, ինչպիսին կար՝ այդպիսին էր: Բայց մեր հանրությանը, մատաղ սերնդին և ի վերջո մեր պետական այրերին պետք է, որ ճանաչեն ազգային հերոս ՎԱՉԱԳԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն