***
Օրը դատարկվում է, դրամապանակի պես…
Ոտնահետքերի քաոս է,
մեքենաները վազում են,
բայց ամայություն է շուրջս:
Ես ու դու ենք քաղաքի տերերը և դատարկությունը:
Կներես, ես գիտեմ, որ սիրում էիր ինձ,
ու ես չսրբեցի քո արցունքը:
Հիմա ինձ արդեն ատում ես, սպանել ես ուզում…
Հասկանում եմ…
Դատարկվում է օրը, սուրճի բաժակի դառնությամբ:
Շարժվում են կոշիկները, վազում են մեքենաները մայրուղու.
Մնում ենք ես, դու ու քաղաքի դատարկությունը…

***
Մենք բաժանվեցինք
մարտին,
ապրիլին,
մայիսին…
Չէ՞ որ առանց հրաժեշտի
բաժանումը հաղթանակ է…
Հիմա դրսում մառախուղ է,
չորացած տերևները
հավանաբար վազում են
ոտնահետքերիդ վրայով
թռչունների նման…
Ես հիմա քեզ հազվադեպ եմ հիշում,
Ես հիմա հազվադեպ եմ գրում քո մասին…
Հիշողության կանգ է….
Մենք բաժանվեցինք առանց
հրաժեշտի…
Ասում են, որ ես հիմա շատ եմ փոխվել,
դու էլ առաջվանը չես…
Հիմա մենք տարբեր
մոլորակներ ենք,
մեր տխրությունը նույնը չէ…
Մենք հաղթեցինք ցավին:

***
Ձմեռը հոգնեց սպասելուց.
Ճերմակեց…
Ցուրտը շոյում է ոտքերս, անծանոթ շան պես:
Ես շտապում եմ Ջազզվե կանաչ թեյ խմելու,
զրոն սկիզբ համարելու…
Փառահեղ խելագար է ժամանակը.
Իմ ու քո միակ ժամադրավայրը հիմա նրանն է:
Մի օր սլաքների պտույտներն ինձ ասացին,
որ առանց ինձ մեկ օր անգամ չեն ապրի:
Ես նրանց հավատացի,
Նրանք սրտի զարկերով են պտտվում…
Ձմեռը հալվեց սպասելուց…
Սարյան փողոցում կանգնած երիտասարդն,
ով իմ վերարկուն էր հագել նստեց երթուղային,
գնաց նոր կյանք սկսելու:

***
Դու անբուժելի հիվանդ ես…
Փողոցն ամուսնալուծվում է քեզանից…
Ոտնահետքերիդ փոշին անձրևը ծածկեց…
Հիասթափությունը
Կոկո Շանելի օծանելիքի պես խառնվում է մարմնիդ
ու խոսում անձկալի տաք մատնահետքերիդ հետ…
Որքան ստոր է հիշողությունը, որ կապույտ մազերով
հռհռում է քեզ վրա ու գոռում.
I hate you
I hate you
I hate you…
Ես խորտակվում եմ սառուցյալ օվկիանոսի տակ,
որպես երազի խխունջ:
Ես հիմա լուռ եմ, մոռացել եմ խոսել քո մասին,
գրել անունդ,
ինչպես մոռանում են արթնանալ
խելագարության հասնող հաճելի գիշերից հետո…
Երեկ գրքերից մեկում կարդացի, որ անձրևը
սիրահարների արցունքներն է երկնքի կոպերի տակ
չտեղավորվող…
Գիտե՞ս
Մարսն ու Յուպիտերը քեզնից
խռովեցին ու լռության ճիչով
ճանապարհում են քեզ,
դեպի նոր սկիզբ
և կրկնում
քամու շուրթերով`
Be happy…but I hate you….
***
Այսօր անծանոթ մեկը
բարևեց ինձ…
Քո աչքերից ուներ…
Շոգ է, ամառային հանդարտ երեկո.
Անքնությունը մտել է ամռան կոպերի տակ…
Օրը չի մթնում
Աբովյան փողոցում, կոշիկները փախչում են ասֆալտից,
Աբովյան փողոցը քրտնել է մարդկանցից…
Քրտնել են բոլոր հայացքները…
Կրպակները լուռ են, որտեղ պարբերաբար թերթ են վաճառում,
եղևնիները լուռ են,
ամռան մեջ թաքցնում են իրենց ավելորդությունը…
Փողոցում կանգնած մարդը ծիծաղում էր,
որ սպանի իր տխրությունը:
Աշխարհն ուրիշ գլխարկ է կրում այսօր, լայնեզր, ծղոտե…
Անծանոթ մեկը շփոթեցրեց ինձ…
Նա քո աչքերից ուներ…

***
Ձյունը թափվում է ուսերիդ վրա, իսկ հեքիաթները
գուցե մեծահասակների համար են գրվում:
Ես տանը փակված… ինձ հեռացող գնացքը տանում է.
Գնացքները բնավ վերադարձի համար չեն լինում:
Ձյունը թափվում է ուսերիդ վրա
դեմքս, թարթիչներս շնչում են հեքիաթը…
Միգուցե ձյունն ինձ նման երջանիկ մեկն է.
Օ՜, Երջանկություն, երբ գլուխդ
սիրեցյալի ուսին հենած ձյունը շնչում ես,
իսկ լուսաբացն իր գավաթը փողոցների գլխին է
ջարդում… Քեզ խանդում են,
դու նրանց էլ չես նկատում:
Ձյունը դանդաղ լիզում է ուսերդ.
Այսօր աշխարհը սիրուն է մի տեսակ:

***
Նորից, երբ ամիսները հագան ցնցոտիներն ու օրվա արմատները քայլեցին առաջ,
ես քո բացակայությանը թևանցուկ արած բարձրանում եմ կասկադի աստիճաններով,
մենության ու հարստության
մեջտեղում, մեքենայի անիվներից
ճզմված ու սպիտակ արյունը գլխին խխունջի նման:
Ես տեսել եմ քեզ կասկադի
ֆոնին. կասկադը հարազատ է ինձ արդեն…
Ես խոսում եմ քեզ հետ, թեև դու չկաս.
Ու շոշափում անցյալների տաքությունը,
երբ առաջ կասկադի աստիճաններով բարձրանալիս
բացակայությունդ ինձ չէր ուղեկցում.
— Բացակադ ինչպե՞ս եմ ծամել,
— Ո՞նց ես, սիրելիս:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն