Մտածում եմ հիվանդասենյակների պատերի, գրատախտակի մոտ դրված կավճի, Անտարկտիդայում ապրող արջերի նմանության մասին: Հայելին օգտագործում եմ միայն սանրվելիս, չեմ շպարվում, գրեթե երբեք ախորժակ չունեմ, շատ եմ ջուր խմում` չհագեցնելով ծարավս:
Առավոտյան, երբ զարթուցիչը զանգում է, ճմլկոտում եմ անկողնու մեջ: Քանդելով սպիտակեղենի հանգույցները` սկսում եմ սողալ անկողնու ամենանեղ ու երկար արահետներով` փնտրելով ինձ ամենամութ ու լուսավոր անկյուններում: Հասնում եմ արևի լույսին, ու առօրյան սկսվում է:
Հետո լսարանի նստարանին անշարժացած լսում եմ դասախոսի ժամկետանց բառերը գույնի ու կյանքի մասին:Տուն վերադարձին նստում եմ երթուղային տաքսի,որտեղ ոչինչ չկա այն ամենից ինչ գիտեմ ու սովորել եմ: Տանը նախընտրում եմ առաջին պատահած աթոռը` պատի տակ կամ պատուհանի մոտ` ցանկալի է հենակով: Երեկոյան արդեն կլինեմ բազկաթոռին, ոտքերս կդնեմ մի բարձր տեղ` օրինակ` գրասեղանին, իսկ եթե տանը մենակ եմ` ճաշասեղանին, որպեսզի ոտքերիս արյունը ետ հոսի, ու վաղը կոշիկներս նորից կարողանամ հագնել:
Հաճախ եմ մտքերի մեջ ընկնում: Հասկացա, որ պետք է համադրեմ նստելն ու մտածելը: Սկզբում նստած հորանջում էի ու հալվում սեղանին, իսկ մտածելու ընթացքում ետ ու առաջ էի քայլում` ինքս ինձ հետ խոսելով: Մեկը մյուսից չի տուժել, բայց երբեմն տարօրինակություններով է լցվում գլուխս. թատրոնում ներկայացումը խաղում են անմարմին դերասաններ: Անմարմին հանդիսատես, ու ես առանց մարմնի, նրանց արանքում որպես խելագար: Այսքանը: Մտքերը սպառվեցին: ՈՒ ես տանը մենակ եմ: Լսվեց դռան թակոց:
— Խոշորացո՞ւյցով ես ինձ հյուր եկել,- անկեղծորեն զարմացա, երբ տեսա նրան: -Դե՛, սկսիր ոտնաթաթերից: Այս անգամ կաթնագույն մանիկյուրով եմ ներկել եղունգներս: Մի՛ ժպտա: Կարծում ես հե՞շտ է տասը տարբեր մեծության եղունգներ ներկելը: Ժպտում ես, որովհետև երբեք չես փորձել:
— Այսօր ոտքերդ այնքան էլ ուռած չեն,- ասաց նա: — Ուրախ եմ, որ հետևել ես խորհրդիս: Ահա ևս մի քանի հաբեր ու ամեն ինչ կկարգավորվի:
— Բայց դու բժիշկ չես:
— Այո՛,բայց բժշկությունից մի քիչ հասկանում եմ:
Նա սկսեց զննել ոտնաթաթերը, չմոռացավ ծնկները, ձեռքերն ու ուսերը:
-Հաջորդ անգամ երբ գամ, այստե՞ղ կլինես,-խոշորացույցը մոտեցրել էր աչքիս, կոպերը լայն բացել: Մինչև հատակը տեսնում էր:
-Արյունս կարմի՞ր է:
-Իհարկե՛: Ոչ մի տեղ արյան շրջանառությունը չի ընդհատվել: Հանգիստ եղիր, լրիվ ստուգել եմ:- Հետո ասաց,- Դու վախենում ես: Ես տեսնում եմ քո աչքերի միջով անցնող ստվերը:
Խոշորացույցը թողեց ինձ մոտ, որ ստուգեմ նրա աշխատանքը: Ոչ մի փոփոխություն չկար: Կարմիր արյուն: Լեյկոցիտներ, տրոմբոցիտներ, էրիտրոցիտներ:Հիմա ես զգում եմ այս ամենի դանդաղ շարժը, պայքարի բացակայությունը, ցանկության բացակայությունը, կրքի բացակայությունը` հավատարիմ իմ բուսական ծագմանը:
Պատուհանից դուրս մի խումբ տղաներ ոտքերով, ձեռքերով, խոհանոցային ու որսորդական տաք ու սառը գործիքներով հաշվեհարդար են տեսնում թոքախտով չտառապող թոքերի ու ապագայում ճաղատացող գլխի հետ: Լսվում է հարևանների ճիչը: Զանգ` շտապօգնություն, ոստիկանություն ու պատասխան չկա:
Ներսում լոգարանի տաք հոսող ջուրը ծուլորեն գոլորշիանում է: Տաքացնելով կարմիր ծորակը` մինչև ականջներս ընկղմվում եմ ջրի մեջ: Պատերից այն կողմ կրակոցներ են կամ հրավառություն: Մեկն ընկել է ասֆալտին կամ բացականչում է հրճվանքից: Իսկ ես նույնանում եմ գոլորշացող ջրի հետ ու բարձրանում դեպի ցածր առաստաղը: Սրտիս` վայրկյան առ վայրկյան ծանրացող զարկերը չեն կարող ստիպել ինձ դուրս գալ: Չեմ հիշում ինչպես, հայտնվում եմ հայելու դիմաց ու զարմանում իմ անգունությունից: Զգում եմ արյան կուտակումները, ծնկներիս ծանրությունը, դիմադրության պարտությունը: Անկում: Փափուկ բազկաթոռ:
Լոգանքից հետո մարմինս հաճելիորեն թմրեց, ցաքուցրիվ մտքերի մեջ ննջեցի:
Ճանապարհը անվերջ էր: Արագընթաց ավտոբուսը լցվել էր երգով ու կոկա-կոլայի շշերով: Շարժման ընթացքը մի պահ դանդաղեց: Ոչխարի հոտը մի քանի նիհար այծերի հետ փակել էր ճանապարհը: Ոչխարների միջից տղամարդու կապույտ կոստյումով աղջիկ դուրս եկավ ու հայացքը հառեց վրաս: Հետո պատկերները դարձան տձև, հետո ձյուն եկավ ու դեղահաբերը լուծվեցին ջրի մեջ: Հիմա միայն այդքանն եմ հիշում: Երևի արդեն արթնության պահն էր, որովհետև պատկերները կադր-կադր կրկնվում էին: Աղջկա աչքերը, գզգզված մազերը, խանձված դեմքը: Ի՞նչ է ոչխարը, այծը, բուրդը, կաթը:
-Բարև,-աչքերս բացեցի:
Ժպտաց: Նա հաճախ էր ժպտում:
-Սկսե՞նք:
-Վերևից, թե՞ ներքևից:
Գլխիս տակից մազերս բարձրացրեց վեր ու օպտիկական ակնոցներով սկսեց զննել:
-Տարօրինակ է… Ընդունե՞լ ես դեղահաբերը:
Կցկտուր ինչ-որ բաներ էր ասում, ձայնը մի պահ նույնիսկ վախից դողաց.
-Ես տեսնում եմ մատներիդ կապույտ երակների դողը, բայց ոտքերդ չեմ տեսնում:
Սարսափելի է անընդհատ զգալ կոպերի ու ծնկների ծանրությունը, շնչառական խնդիրների գոյությունը և բոլոր զուր ջանքերը ազատվելու դրանցից:
Հեռախոսը զանգեց: Երկմտանքի մեջ էի:Ես վաղուց ոչ մեկին չէի հետաքրքրում:Միգո՞ւցե սխալ էին հավաքել համարը: Լսափողից մի խուլ ձայն (հին ծանոթներիցս էր` նախկին հեծանվորդ) հարցրեց որպիսությունս: «Դե՛, այնպես ոչինչ»,- պատասխանեցի: Հետո խոսեց հեծանիվից, մրցույթներից, մարզակոշիկներից: Նույն միատոն ձայնով` առանց որևէ ելևէջի փոփոխման պատմեց, որ փտախտով է տառապում: «Ոտնաթաթս կտրեցին, որ վեր չբարձրանա, բայց հիվանդությունը շարունակվում է»:
Լացակումած ձայնով տղայի մայրը գոռաց ուղիղ լսափողի մեջ,-«Փրկե՛ք երեխայիս հյուսվածքները»:
Ես հաշմանդամ չեմ, բայց գամված եմ բազկաթոռին, պատերին, ուտելիքին, հագուստին, հայացքներին, կարծիքներին, մտքերին:
Խորշում եմ սննդից: Լոլիկով ձվածեղի գունային համադրությունը (կարմիրը դեղինի ու սպիտակի հետ) անճաշակ է: Դրան գումարվում է թզի մուրաբան ու ստամոքսում խայտաբղետ խառնուրդ է ստացվում: Հագուստները կաշկանդում են` խանգարելով մաշկի ծակոտիների շնչառությունը, ընդգծում են մարմինս (իսկ ես ուզում եմ ազատվել),ծնում տարաբնույթ կարծիքներ: Հայացքները կպչուն են, գոնե լուռ են, ի տարբերություն կարծիքների: Ստիպում են շրջապատել մարմինը պատերով: Պատերը ճնշող են: Մտքեր: Մտածում եմ «հովիվ» աղջկա մասին: Իմ մարմինը կարող եմ տալ նրան. միևնույն է մարմինս չեմ օգտագործում, այն ինձ գրեթե պետք չէ: Ես աղջկա փոխարեն ոչխարները կարածեցնեմ դաշտերում, անտառներում (անտառներում ոչխար արածեցնո՞ւմ են), իսկ նա կվերցնի գունավոր մատիտները ու նկարչական ալբոմի մեջ` աշխատանքի ուսուցման ժամին, գառնուկ կնկարի:
Հասանք բազկաթոռին: Ես նստած` ուշիուշով հետևում եմ արյանս շրջանառությանը: Սիրտս ավելի ու ավելի թույլ է բախում, ավելի ու ավելի` դանդաղ: Ես անէանում եմ կամ թափանցիկանում ու ինձ հետ գունաթափվում է շուրջս եղած ամեն ինչ: Շարժումն ամենուր է` ինձ ճանաչող մի քանի այգեպանների, կռունկավարների, ծերացող տղամարդկանց ու ժամանակից շուտ սեռահասուն դարձած աղջիկների մեջ:Նրանք վախենում են խցանումներից ու հաճախակի փոխում ճանապարհը: Վերջնակետը հանրահավաքն է կամ հուղարկավորությունը, գուցե երկուսը միասին: Շարժումը փտախտով տառապող տղայի ու իմ մեջ է: Տղան փտում է, ես` թափանցիկանում:
Անձրևի տակ բնամթերքով ծանրաբեռնված կանայք սպասում են երթուղայինին: Թփերի մեջ գալարվող զույգերը ցեխոտվել են ու թրջվել մինչև ոսկորները: Բեռնակիրները սայլերով տեղափոխում են արկղերը: Ես ապակու ետևից նայում եմ դուրս: Դուրսն ինձ կանչում է: Ամբողջ մարմնով զգում եմ նրա անժխտելի գոյությունն ու վախենում: Անկարողության զգացումից, հպարտությունից կամ փառասիրությունից որոշում եմ ամբողջովին թափանցիկանալ:
Առավոտյան` փորի վրա պառկած կզգամ, ինչպես է մարմինս խրվել փափուկ անկողնու մեջ, ու կհետևեմ արյանս շրջանառությանը` նորից էրիտրոցիտներ և այլն: Պատահաբար նայում եմ ինձ ու չեմ տեսնում: Ես թա…Այո: Բայց հավատում եմ սավանի ու մարմնիս հատման կետին, դա իրականի ու երազի հատույթն է:
Ես դուրս եմ գալիս փողոց` անաղմուկ անցնելով մարդկանց, թափառական շների ու կատուների կողքով: Մարդիկ ինձ չեն նկատում, կառչում, քմծիծաղ են տալիս, կենդանիները տարօրինակորեն ու մի քիչ զարմացած գռմռում են; Դեռ երբեք նման թեթևության զգացում չեմ ունեցել. չկա ծնկներիս ցավը, ողնաշարիս տնքոցը, կոպերիս ծանրությունը:
Շուրջս արագընթաց մեքենաները, տեղ-տեղ ենթարկվելով կարմիր լույսին, ճանապարհ են տալիս ամենասովորական հետիոտներին: Ինձ ինչ-որ բան հուշում է, որ հենակներով տղամարդը չի հասնի մայթին ու երկրորդ շարքի մոխրագույն մեքենան կհարվածի նրան: Նա ինձ հիշեցնում է փտախտով տառապող տղային: Ես իմ թափանցիկությամբ չեմ կարող նրան մի կողմ հրել.նա չափազանց ծանր է ինձ համար: Հետևանքների համար պատասխանատու չեմ: Նրանից մի քիչ առաջ անցնելով`փակեցի մեքենայի ճանապարհը:
Ես տեսնում եմ դեպի ինձ սլացող մեքենան, ես վախենում եմ, իսկ դա նշանակում է իմ աչքերի միջով ստվեր է անցնում, բայց ոչ-ոք չի կարող տեսնել թափանցիկ ստվերը:
Մեքենան տապալելով ինձ` կորցնում է արագությունը: Չեմ պնդում, որ փրկել եմ տղամարդու կյանքը (վստահ չեմ, որ կմահանար), պարզապես նրա փոխարեն ընկել էի մեքենայի տակ: Ես ասֆալտին եմ, բայց չկա կարմիր արյուն, արյունակույտ, արյունազեղում, արյունահոսություն. արյունածծուկներ էլ չկան:Չկա Արյունոտ օրենսդրություն ու Արյունոտ կիրակի:
Կիրակի էր:
Սենյակում թափանցիկ դեղատուփի մեջ ինձ սպասում էին Նո-շպայի հատիկները:
— Ի՞նչ ես զգում:
— …
Արագ իրար ետևից կուլ տվեցի հաբերը: Աստիճանաբար ցավը մեղմացավ, կծկումները թուլացան:
Նայում եմ հայելուն ու որոնում ջղաձգված արտացոլանքս: Իմ միջով հայելին քեզ է անդրադարձնում: Դու սենյակում ես: Արևային ակնոցդ հանի՛ր, կիսամութ է: Ինձ ես փնտրում, այնպես չ՞է:
— Որտեղ ե՞ս:
Ես աջ ոտքով մտնում եմ հայելու մեջ, որ չճչամ` տեղավորվելով ապակու ու փայլի արանքում: Ես չեմ ուզում, որ միայնակ մնաս: Ես գլխացավ ունեմ: Ես ցավ եմ ձգում, ու հայելին ճաքում է: Հիմա ո՛չ բազկաթոռին եմ, ո՛չ դրսում, ո՛չ ներսում: Ես անհետացել եմ, թափանցիկացել կամ չկամ ու գուցե չեմ եղել: Տխուր ես: Չէիր սպասում, որ կլքեմ քեզ: Հուսահատ ես, բայց մի՛ խմիր: Հաջորդ անգամ, երբ գաս, մտի՛ր այս նույն սենյակը: Մի կողմում Նո-շպայի հատիկներն են դեղատուփի մեջ, մյուս կողմում արդուկված սավաններ են, իմ մարմինը թողել եմ այդտեղ`փաթաթած: Իսկ ինձ կմնա այն ինչ անկախ է մարմնից, հավերժ է կամ գոյություն չունի: Միայն քեզ եմ ասում տեղը, բայց եթե դեմ չես, մյուսներին էլ հայտնիր: Կապույտ կոստյումով աղջկան ու փտախտով տառապող տղային` հատկապես: Հետդ կողմնացույց ու խոշորացույց կվերցնես,որ տեսնես ու չմոլորվես:
Իմ մարմինն այստեղ է:
Փնտրի՛ր:

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն