Հիպնոսը քնել է:
Իսկ երբ նա քնեց, էլ ոչ ոք չի քնի:
Արդեն քանի դար նա աչք չէր փակել:
Քունը հոգնել էր եւ իր պատրաստած հեղուկը
հանկարծ փորձել ցանկացավ:
Ասփոդելներից ծորող հյութը ծանրացավ նրա կոպերին:
Եւ Քունը քնեց:
Որտե՞ղ է հիմա, ո՞ր քարանձավում:
Իրենց աչքերը տեղի-անտեղի փակելը նույնիսկ
ներել են նրան դիցերը բոլոր:
Քուն, դադար չունեն. նրան են փնտրում:
Ներել է նրան հայրն աստվածների հելլեների
հաղթանակն Իլիոնի պարիսպների տակ:
Միայն Դեմետրան չի փնտրում նրան:
Հիմա ձմեռ է:
Իսկ Աքերոնից ու Ստիքսից այն կողմ ասփոդելներ են ծաղկում…
Քնաբեր հեղուկ պատրաստող չկա:
Հիպնոսը քնել է:
Իսկ երբ նա քնեց, էլ ոչ ոք չի քնի:
***
Գեղեցիկ է Թանատոսը:
Ուսերին իջնող սեւ վարսերով, մահաբույր թեւերով…
Նա իր խոշոր, օպսիդիանի պես փայլող աչքերը
հառում է Ընտրյալին ու մի փունջ մազ է կտրում
նրա գլխից. մահվան համբույր:
Եւ ամեն ինչ մոռացվում է:
Եւ հիշվում է ամենն ինչ մոռացված էր
մինչեւ հիշելը՝ մինչեւ մոռանալը:
Եւ ձգվում է հիշելու եւ մոռանալու այդ շարքը
մինչեւ Աքերոն, մինչեւ նավակը Քարոնի:
Եւ շարքն այդ նոր կերպարանք է ստանում, դառնում արթնացում:
Եւ արդեն էլ չես հիշում-մոռանում, այլ արթնանում ես:
Եւ դու էլ դու չես, եւ ոչ էլ ընտրյալ:
Ընտրյալն ուներ մարմին, եւ աչքեր ուներ. մահվան աչքերին
հանդիպող աչքեր, եւ մազեր ուներ, որոնք նվիրեց մահ-Թանատոսին:
Ո՞վ ես ուրեմն: Ստվե՞ր… Ասփոդելակիր: