Հոգեբույժի մոտ

Երկաթե դռներից ներս անօգնական տաղավար է,
միջանցքի ամբոխը նոր անձրև էր փնտրում,
վերևում մոխրանում է երկինքը
ու վերջին պատի տակ դողում է նրա մարմինը,
ես չհասցրեցի.
ես էլ երբեք չեմ գտնի նոր տարածություն…

սպիտակ միջանցքում սուզվող մարդիկ են,
նրանք բոլորն էլ բացել են երկաթե դուռը
ու փոշիացել են նույն բազկաթոռին նստած,
դիմացը նոր սկսվող տենդից սևացող աչքերն են,
որտեղ բոլորը կմեռնեն,
որովհետև բոլորը հիվանդ են,
բայց ոչ ոք մինչև վերջ չի հասցնի հազալ իր ցավը…

պատի ճեղքերից մեկում էլ ոչնչացնում են տագնապը.
նա ընդամենը երեխա էր,
նա ընդամենը զգացել էր ասֆալտի սառնությունը
ու սարսափել` դիակները էլ ջերմություն չունեն…

Ձեր գրպաններում չօգտագործված նյարդեր կան,
Դուք երբևէ չեք հասկանա,
որ կորուստը սահմանափակ ցավ է,
երբ շուրջդ բոլորը կարեկցանքի ձայն ունեն…

մի ուրիշ անգամ
ես էլի կպատռեմ խավարն ու.

-անուն, ազգանուն ունես,
-Բոլոր մեռածները մահվան
վկայական են ստանում, որ ետ վերադառնան`
Ինձ դրանից չտվեցին…

***
Ես գիտեմ ամենաերկար բանաձևը, ես պարծենում եմ…

Մոխրագույն մառախուղը տնքում էր,
բառերի մի ամբողջ շղթա կտցահարում էր մարմինս,
ես ծախսեցի իմ բոլոր գողացված կյանքերը,
ամբողջ մարմնով հպվեցի տիեզերքի շուրթերին,
փնտրեցի վերջը ազդարարող հնչյունը.
իմ պատմության դիմագիծը ավելի հեռու էր, քան սկիզբը…

Հա՛, դու գիտես իմ պատմության գաղտնիքը…
Վան Գոգի արևածաղիկը հիվանդ է, հիվանդ է,
նա կծկվել է վերմակի ծալքերում,
ու լիալուսնին ոռնում է իր ցավը,
ու հետո ինչ, որ նա, ավելի քան երբեք վախենում է,
ու կյանքը իր սարդոստայնն է հյուսում
նրա երակներում,
ուրվականի ձայնով մեկը,անվերջ հետևում է
նրա եղեցական վարքին,
առավոտյան սուրճ մատուցում ու հեռանում կարմրած աչքերով.
հետո ինչ, որ ամեն բան սարսափելի վատ է,
կարևորը ես գիտեմ ամենաերկար բանաձևը…

Ծափահարել գտնված ժամանակի
ու ողբալ գնացող օրվա հետևից…

Կրակը իր մատնահետքերն է մաքրում
ճակատագրի անիվից,
ու թափառող մահը թերթերի տակ թաղում է
քո մարմինը
որքան տաղանդավոր էր քո թունոտ համբույրը,
և ինչքան տենդ կար քո թերի գոյության մեջ…

Ես գիտեմ ամենակատարյալ բանաձև….
Ես պարծենում եմ,
Հա՛, ինչ օգուտ…

***
Մի՛ լացիր, դու արդեն մեծ աղջիկ ես
ու երևի ավելի մեծ քան պետք է…

Պա՛պ, սա լիրիկական բանաստեղծություն է
քո աղջկա մասին,
նրա, ով ցերեկ որոնեց, բայց հիվանդ գիշեր գտավ,
ով իրեն անդունդը գլորեց` առանց դժոխքի փոխելու,
վիրակապեց իր սաղավարտը,
բայց մեռավ առաջին փամփուշտից,
նրա, ում մասին մենք դեռ երկար կխոսենք,
բայց` ոչ հիմա…

Ես երբեք չզգացի կոպերիս զանգվածը,
ինչպես դատարկություն չստացա,
երբ ինձ բաժանեցի զրոյի,
եվ արդեն մայրամուտ է, մայրամուտ է, պա՛պ,
իսկ ես չեմ հասկանում արևածագի իմաստը…

Մի՛ կեր, շատ դառն է.
մենք տառապում ենք շաքարախտով,
իսկ մեռնելը երկնային լեզուն սովորելու
միակ տարբերակն է,
մենք ուրիշ մեկին կփոխանցենք մեր ձեռքերը…

Այս չժանգոտվող բառերի մեջ ես էլի մենակ եմ
ու առաջին անգամ չեմ փնտրում ցավազրկողներ,
որովհետև սա բանաստեղծություն է
քո առողջ աղջկա մասին,
նրա, ով երազանքներ չկառուցեց միայն մեկ
կյանք ապրելու համար…

Մի՛ տխրիր, սրանք հեռացումի խոսքեր չեն.
ես արդեն թափահարում եմ թևերս
ու նույնիսկ զգում եմ կոպերիս ծանրությունը,
սրանք ուղղակի նախադասություն
չդարձած բառեր են,
որտեղ ես չեմ կարողանում ժպտալ,
որտեղ իրականությունը մոխրագույն երանգ ունի,
իսկ ես կանաչ էի սրում…

Պատռված լեզվով աղջիկ

Չնայած մայրդ չտեսավ տեսիլներ,
բայց ընտրեց ամենագեղեցիկ հայրիկը քեզ համար.
այդպես էլ չօծեց քո ամենաթերի երազը,
հատակից մաքրեց տագնապի փոշին,
շրջազգեստի տակից դուրս շպրտեց քեզ,
գիշերը սպասեց քո մանկական լացին,
բայց դու կարողացար միայն շարժել շուրթերդ,
ու արցունքներդ հավաքեցիր բիբերիդ մեջ` մինչև մահ…

Աշունը քո բոլոր բառերը հավաքեց իր ուսապարկի մեջ,
ու առավոտյան վրաերթի ենթարկվեց
անծանոթ մեկի հայացքից,
ձայնդ թանձրացավ կոկորդումդ,
ու ես չկարողացա քեզ համար ձայն նկարել,
չնայած որ հավատում էի, թե արվեստը կատարյալ է…

Պատռված լեզվով աղջիկ,
դու քո ձեռքերով թիավարում ես նավակդ,
հայելուն պատմում, որ դու հաղթահարել ես Բերմուդյան եռանկյունին,
ու տիեզերքն իրականում սկիզբ չունի.
Էյնշտեյնը սխալվել էր,
ու քո կյանքը ավելին է, քան ուղղակի ներկայություն…

Արևին սպասող աղջիկ,
ինչքան գեղեցիկ է աշունը
քո նյարդային շարժումներում,
ու ինչքան հմուտ քանդակագործ էր մայրդ, որ կարողացավ արարել քեզ…

Իմ պատռված լեզվով աղջիկ,
ես չկարողացա քեզ համար ձայն նկարել,
մեղքերից փախչելով` ես կորցրեցի իմ բոլոր վրձինները
ու հիմա չստացված կտավի պես եմ նայում տիեզերքին,
ու շուտով էլ ինչ-որ կենասաբանական ցնցումից
իմ մարմինը կմեռնի,
ու ես չգիտեմ` քեզ արդյոք պետք է
տագնապի ցավից դողդղացող իմ ձայնը…

գրողը տանի, եթե ես կարողանայի ձայն նկարել….

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն