Մաշկ ունեցող ամեն մարդ կարող է գրել:
Գիրը, առաջին հերթին, արտահայտվում է մարդու մաշկի, նրա հատկանիշների միջոցով: Քանի որ մաշկը ամփոփում է մտքի և զգացողությունների բոլոր տարրերը: Մաշկը արվեստի թիվ մեկ զգայարանն է:
Իմ վթարի պատմությունը երկու տարվա վաղեմություն ունի: Բայց մինչ այդ ուզում եմ պատմել ուրվականներիս մասին, որոնց գոյությունը հետագայում հանգեցրեց մի տարօրինակ հիվանդության, որը, թերևս, կարելի է Մաշկացավ անվանել:
Ֆանտոմները իմ ներսում պտտվում էին վաղ մանկությունից: Ես այդ մասին ոչ ոքի չէի պատմում: Մինչև քսանութ տարեկան դառնալս` մաշկիս մեջ բավականաչափ պատմություններ էին կուտակվել: Այդ ֆանտոմներն այնքան հաճախ ու երկար ժամանակով էին ինձ այցելում, որ սովորական, նույնիսկ առօրեական էին դարձել: Եվ հանկարծ մի տարօրինակ միջադեպ տեղի ունեցավ: Քանի որ ես համոզված էի, որ կյանքիս առաքելությունը չտեսնված մի բան անելն է, որոշեցի գրել: Այն ֆանտոմը, որն առավել շատ էր ինձ այցելում, վերածվեց պատմվածքի: Ինձ թվում էր գրածը ոչ մեկին չի հետաքրքրի, քանի որ ակնհայտ փաստ է, բոլորն էլ գիտեն այդ մասին: Բայց արի ու տես, որ պատմվածքը մեծ աղմուկ բարձրացրեց` ինձ հավաստիացնելով, որ իմ ֆանտոմները մարդկանց ոչ միայն ծանոթ չեն, այլ որոշակիորեն ազդում են նրանց զգայարանների վրա: Այդ պահից սկսած մոտ չորս տասնյակ ֆանտոմներ մեկը մյուսին հրմշտելով` լույս աշխարհ եկան: Պատահում էր, որ ես ինքս էի «կարճաժամկետ» ֆանտոմներ հորինում, բայց արդյունքում առավել հետաքրքիր ու հաջողված էին դառնում այն երկերը, որոնց աղբյուր հանդիսացող ուրվականատիպ զգացողություններն առավել երկար էին չարտահայտված մնում:
Գրականությունը դարձել էր իմ կյանքի իմաստը. ես ապրում էի գրելու համար և գրում էի, որ ապրեմ, քանի որ առանձին երևույթների բացահայտումը և այդ երևույթների ինձ համար պարզաբանումը իրագործվում էիր միմիայն գրի միջոցով:
Մի խոսքով` իմ ֆանտոմները շուրջ տաս տարի, բավականին հաջող, այսպես ասենք, ինքնաարտահայտվում էին:
Բայց երեք տարի առաջ ամեն ինչ փոխվեց: Մեր երկրում չիրականացած հեղափոխության պատճառով, հատկապես մտավորականության շրջանում, խորը ջրբաժան առաջացավ:
Եթե հեղափոխություն ինձ վախեցնում է հետագա «վհուկների որսով», ապա` չիրականացած հեղափոխությունը առավելապես արտահայտվում է Հոգևոր վթարի աննախադեպ հետևանքներով:
Ցավոք, մեր երկրում մտավորականների բևեռացումը սարսափելի չափերի հասավ: Մի մասը` շահից կամ պարզապես փողոց նետվելու վախից` դարձավ խավարամետ, մյուս մասը` ծայրահեղ մաքսիմալիստ` հետևաբար, որոշ իմաստով, ընչազուրկ: Նման իրավիճակում կարծում եմ ավելորդ է խոսել մթնոլորտի մասին, քանի որ ստեղծագործական կյանքը հյուսվում է տվյալ ժամանակահատվածում, օդում սավառնող զգացողությունների ամենանուրբ թելերից: Արվեստում, առուծախի միջոցով արտահայտվող ցանկացած արտանետում, խաթարում է մի ընդհանուր, աննյութական պատկեր, որը հոգևոր կյանք ենք համարում:
Մեր երկրում Հոգևոր վթարը հիմնականում իրագործվեց հեռուստատեսություն անվանյալ զուգարանակոնքատիպ արկղի միջոցով: Չիրագործված հեղափոխության արդյունքում` պանդորային հեռուտատուտուփից, ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մարդկանց բնակարաններ սկսեց ներխուժել ճենճոտ-ճռճռան թևերով «լղրճուկ դինոզավրերի» մի սահմռկեցուցիչ երամ: Բոլոր իշխանային ժամանակների ու բոլոր վարչակարգերի ծառա այդ արվեստագետիկները Հոգևոր վթարի իրեղեն ապացույցներն են:
Փաստ է, որ ներսից ծնված քիչ թե շատ որակյալ ստեղծագործությունը մի քանի քայլ բարձր է այն գործիքից, տվյալ դեպքում` անձից, ով, մաշկի միջոցով, լույս աշխարհ է բերում իր ֆանտոմները: Եթե այդ ֆանտոմների բացահայտմամբ կարևորված անձը ծախվում է հացը հաստաշերտ կարագով ուտելու, սեփական արձանախումբը կանգնեցնելու, փողոցում մատնացույց լինելու, դասագրքային պերսոնաժ դառնալու ու նյութական փալաս-փուլուսներին տիրանալու մոլուցքին` Հոգևոր վթարը դառնում է անխուսափելի: Այսօրինակ առուծախը արվեստագետին միանգամից դարձնում է անձայն, անհոգի ու անշնորք դինոզավր, որի գոյությունը թեև անժխտելի է, սակայն այլևս կենդանի կամ հետագայում կենդանանալու ընդունակ չէ: Արդյունքում` ստեղծվում է բրածոներով հասարակությունը վարժեցնելու մի անխափան մեխանիզմ: Իսկ մեռելները, ինչ խոսք, ավելի ուժեղ են, քանի որ հետևողականորեն քամում են ողջերի կյանքը` նրանց դարձնելով «Հոգևոր ձեռնասուն»…
Բայց իմ Վթարը փոքր-ինչ այլ պատմություն ունի, թեև ուղղակիորեն կապվում է «լղրճուկ դինոզավրերի» գործունեության հետ:
Ցավոք, հեռուտատեսային պանդորայատուփը բացվում է ոչ միայն անսպասելի, այլև` աննկատ: Հասարակության զոմբիացումը իրականանում է նաև արվեստի մարդկանց փոխհարաբերություններում հայտնված ճաքերի միջոցով: Այն ինչ շողշողուն է, արվեստ չէ: Բայց գալիս է մի պահ, երբ փայլատ, չլաքած զգացողությունները հոգնեցնում են արվեստագետին և նա սկսում է փոռիկավոր «տրուսիկի» մասին երազել: Արդյունքում` մտերիմների հետ հարաբերությունները ևս դառնում են ներքին իմաստով տրուսիկային և հաճախակի փոփոխման ենթակա: Իսկ անժխտելի է այն, որ սերիալային ներքնաշորը ժխտում է ցանկացած տեսակի հարազատություն:
Ինչ ուզում ես արա` ստեղծագործությունն ինտիմ ինքնաարտահայտում է: Ինձ հետ կատարված վթարը ևս առավել անձնական բնույթ էր կրում: Ցավը ֆանտոմների ծնունդն արագացնում է: Ես սկսեցի գրել իմ ցավի մասին` ենթագիտակցաբար ընկալելով մի պարզ ճշմարտություն. եթե գեղարվեստը ինքնակոծկում է` սեփական դիրքորոշումն ու ներքին կյանքը թաքցնելու միջոց, միանգամից բրածո հատկանիշներ է ձեռք բերում: Այսօրվա արվեստում ժամանակակից բառի հոմանիշը վավերագրությունն է:
Մաշկ ունեցող ամեն մարդ կարող է գրել: Բայց Գիրը գրամոլությունից տարբերվում է մաշկազերծությամբ: Իրական Գիրը ստեղծվում է ոչ թե մաշկի, այլ` մաշկացավի միջոցով: Ես գրում էի, որ ցույց տամ իմ բաց երակները, մի բան, որ, բնականաբար, դուր չէր գալիս այդ երկում հայտնված կերպարներին և նրանց նախատիպերին: Իսկ գրելիս վերջում անպայմանորեն մնում ես մենակ: Գրային անկեղծությունը կրոնական գաղտնի արարողություն է հիշեցնում, որի բացահայտումը ոչ միայն վտանգավոր, այլև, ինչ-որ իմաստով անբարոյական է: Գործս կիսատ մնաց, քանի որ ինձ շրջապատող «մարդկային ցենզուրան» հազար խութ ու խոչընդոտ առաջացրեց: Մարդկանցից (նաև պաշտելի ու հարազատ) գրեթե բոլորը, ստեղծագործությունը հատվածաբար կարդալով, սարսափած վանում էին ինձ: Իսկ կեղծել ես չէի կարող: Որոշ ժամանակ անց Գիրը ևս վանեց ինձ: Ես հասկացա, որ եթե շարունակեմ գրել, իմ անձն ավելի կկարևորեմ, քան Գրականությունը: Այդպես հազար տարի էլ կարող էի գրել, բայց արդյունքում թղթի վրա կստեղծվեր բրածո-սերիալային իրականություն: Գրի դռները հավիտյան փակ կլինեին ինձ համար: Եվ ես որոշեցի հրաժեշտ տալ գեղարվեստական արձակին:
Մոտ կես տարի ֆանտոմները լռում էին: Բայց քանի որ ինձ հետ կատարվածն անձնական բնույթ էր կրում և հեռու էր նույնիսկ մեկ կոնֆետ կաշառք վերցնելու միտումից, որոշ ժամանակ անց Գիրը վերադաձավ, բայց բոլորովին ուրիշ տեսակով:
Այժմ ուզում եմ մեկ-երկու խոսք ասել թատրոնի հոգևոր վթարի մասին: Հեռուստատեսային չիրականությունը բազում գայթակղիչ խայծեր ունի: Թատրոնի արարողակարգը ժխտում է ցանկացած ձևի մակերես: Էկրանային մատնացույցի ու աչք խոթոցիի զգացողությունը դերասանի ներսում որոշակի ինքնավստահություն է առաջացնում: Այսպես կոչված «ճանաչողությունը» նրան օգնում է հավատալ, որ ինքը պաշտպանված է, որ որևէ թատրոնային կոնֆլիկտ հասարակությունը կլուծի իր օգտին: Իսկ այս վիճակին իր հետ ինքանաբավություն է բերում: Սերիալային «ռեժիսորների» ամենագովեստները դերասանին տանում են խորքը մեռցնելու ամենակարճ ճանապարհով: Մասնագիտական նրբությունները վերափոխվում են` կորցնելով իրենց նշանակությունը: Օրինակ` դադարը դառնում է տեքստ հիշելու, ատամները կրճտացնելը` զայրույթ արտահայտելու միջոց: Զոմբիացված հեռուստադիտողի վրա փորձարկված և ճանաչողություն ու սեր վիժած մեթոդները, դերասանը երբեմն գիտակցորեն, երբեմն` ենթագիտակցորեն բերում է բեմ: Արդյունքում ստեղծվում են դինոզավրային ներկայացումներ, որտեղ սերիալա-տրուսիկային զգացողությամբ դերասանները վազվզում, հանդիսատեսին զուգարանակոնքային ճշամարտությունների մասին են հավաստիացնում: Հանդիսատեսը քրքջում ու յուրաքանչյուր տեսարանից հետո ծափահարում է: Ինչո՞ւ: Մի՞թե քաջատեղյակ է օպերային արվեստի արարողակարգի նրբությունների մասին, որտեղ գործողությունը ավարտվելուն պես երգիչները գլուխ են տալիս: Կասկածում եմ… Պարզապես հանդիսատեսը տեսնում է ներկայացում, որի բեմական մեկ մետր բարձրությունը ունի էկրանային տափակությունը և իրեն սիրաշահելու, քծնելու միտում է պարունակում…
Կան թեմաներ, որոնք վերջաբան չունեն:
Անկեղծ ասած` երկար մտածեցի, բայց էսսեի համար տասնոցին խփող, ջարդուբուրդ անող ֆինալ այդպես էլ չկարողացա գտնել: Իսկ ամառը, իր ռաբիս-լահմաջոային հոտով, համառորեն ներխուժում էր իմ սենյակ և ստիպվում մերկանալ. դեն նետել շորերս, դուրս գալ, միաժամանակ` մնալով ներսում, չմտածել արվեստի դարակազմիկ խնդիրների ու բարձրագոչ զգացմունքների մասին:
Ես դուրս եկա. Ամերիկյան համալսարանի մոտով իջա Բաղրամյան պողոտա: Նայեցի միայն վաղ մանկություն ու հիվանդ ծերություն ունեցող իմ «վթարային» քաղաքին: Ամեն ինչ նույնն էր` հաշմանդամության աստիճան խեղճ ու ճանաչելի: Բայց ուրախալի մի փաստ, այնուամենայնիվ, գտա: Փաստորեն, ես ապրում եմ մի քաղաքում, որտեղ տարվա բոլոր եղանակները ոչ միայն գույն ունեն, այլ` շարունակում են այցելել… Դեռ…