Ջոջո Մոյեսի զգայացունց այս վեպը հասցրել է սիրվել բազում սիրահարների կողմից և նույնիսկ դարձել է վալենտինյան խորհրդանիշ: Գրքի գլխավոր ուղերձներից մեկն այն է, որ մենք մարդկանց չենք կարող փոխել, և միակ բանը, որ կարող ենք անել նրանց սիրելն է:
Վեպի գլխավոր հերոսները Ուիլն ու Լուիզան են, որոնք տարբեր աշխարհներից են: Ուիլը ֆինանսապես ամեն ինչ կարող է թույլ տալ իրեն, հաջողակ է, պատրաստվում է ամուսնանալ սիրելի աղջկա հետ, բայց ճակատագիրը դաժան կատակ է խաղում նրա հետ: Լուիզա Քլարքը ստիպված է աշխատել ու հոգալ ընտանիքի ծախսերը և ընդունում է անվասայլակին գամված երիտասարդին խնամելու առաջարկը:
Լուն լուսավոր կետ է դառնում Ուիլի կյանքում: Ինչպես հենց ինքն է ասում Լուն միակ պատճառն է որի շնորհիվ ինքն արթնանում է առավոտյան: Սակայն Ուիլի համար շատ բարդ է շարունակել կյանքը և նա որոշում է վերջ տալ իր տանջանքներին: Լուն սկզբում չի համակերպվում Ուիլի որոշման հետ, սակայն հարգում է նրա որոշումը:
Սիրային այս վեպում սերը չի հաղթում: Թվում է Քլարքի սերը պիտի օգնի Ուիլին վերգտնել կյանքի իմաստը, վայելել յուրաքանչյուր վայրկյանն ու անել ամեն ինչ ինչ հնարավոր է կյանքը շարունակելու համար, սակայն Ուիլն արդեն կայացրել է իր որոշումը:
Հետաքրքրականն այն է, որ ոչ միայն Լուն է փոխում Ուիլի կյանքը, այլ հակառակը: Լուն 7 տարի ընկերություն է անում Փեթրիքի հետ, սակայն միայն Ուիլին հանդիպելուց հետո է հասկանում, որ չի սիրում նրան: Ուիլը նույնիսկ մահից հետո է օգնում Լուին ըմբռնել կյանքի իմաստը: Նա որոշակի գումար է թողնում Լուին, ինչն օգնում է նրան զգալ ազատությունը:
Վեպն ավարտվում է շատ գեղեցիկ տեսարանով: Լուն քայլում է Փարիզի փողոցներով, օծանելիք գնում, սուրճ խմում, կրուասան ուտում ու կարդում Ուիլի նամակը:
«Դու հավերժ դրոշմվել ես իմ սրտում, Քլա՛րք. հենց առաջին օրվանից, երբ դռնից ներս մտար՝ քո անհեթեթ հագուստներով ու անհամ կատակներով և զգացածդ ինչ-որ բանը թաքցնելու կատարյալ անկարողությամբ….»: