Շուշեցի Մարիամ բաբոն լուռումունջ նստած է. շրթունքները դողդղալով շարժվում են, բայց ձայն դուրս չի գալիս։ Շուշեցի Մարիամ բաբոյի՝ 10 օրից ավել կամավոր գնացած ու անհետ կորած թոռանը գտել են։ Ճիշտ է, առանց երկու ոտքերի, բայց ընտանիքը գոհ է։ Շուշեցի Մարիամ բաբոն նոր է լսել՝ թոռանը գտել են, բայց նոր էլ լուրերով ասացին՝ Շուշին գրավել են… Շուշեցի Մարիամ բաբոն իր կյանքում ամեն ինչ տեսել է՝ ամուսինն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ է զոհվել, երկու տղաներին մենակ է մեծացրել, մեծ տղայի՝ հաշմանդամություն ունենալու հետ հարմարվել, նրան աղջիկ գտել և ամուսնացրել, տուն-տեղ տվել, թոռան քաղցրությունը զգացել։ Ու հիմա կյանքում առաջին անգամ անելիքը չգիտի։
Շուշեցի Մարիամ բաբոն բոլոր լուրերով առաջին հերթին ամուսնու հետ էր կիսվում՝ վազում էր գերեզմանոց, ծոցում պահած օղին հանում, ամուսնու սիրած բաժակը լցնում ու սկսում պատմել։ Մարիամ տատու ամուսնու գերեզմանը մնացել է էն կողմում՝ լուրերով ասացին։
Շուշեցի Մարիամ բաբոյի Շուշան թոռը, որի անունը Շուշիի ազատագրմանը մասնակցած պապու հոգու հանգստության համար են դրել, նոր-նոր է խոսում ու մամա ասելուց հետո երկրորդ բառը տատա֊ն է։ «Տա-տա՜»,- ծոր տալով ասում է Շուշանիկը, բայց Մարիամ բաբոն լուռ է, չնայած շրթունքներն անդադար շարժվում են։
Շուշեցի Մարիամ բաբոյի Արտակ թոռը ողջ է, ճիշտ է, առանց ոտքերի, բայց ընտանիքը գոհ է։ Մարիամ բաբոն նոր է լսել՝ Շուշին գրավել են, ամուսնու գերեզմանն էլ էն կողմում է մնացել։ Շուշիի ազատագրմանը մասնակցած Մարիամ բաբոյի ամուսնու հոգու հանգստության համար Շուշան անունը դրած թոռը նոր֊նոր է խոսում՝ «տատա֊տատա՜» ծոր տալով ասում։ Կյանքում ամեն ինչ տեսած Մարիամ բաբոն առաջին անգամ իր անելիքը չգիտի…