***
դու չես ուզում սկսվել
իմ՝
ամեն օր վերջացող մարմնում,
որովհետև
ես քեզ դատարկում եմ
սպիտակ թղթերի վրա
ու օրերով աչքերիդ մեջ
չեմ նայում,
որովհետև
ես քեզ մի տեղ սխալվել եմ
ու ուղղել չեմ կարող:
դու մենակ ես
իմ նեղ,
նեղ տողերում:
մեզ միասին տեսնելիս
ես ինձ
ռետինով ջնջում եմ,
որ կարողանաս իմ մեջ գտնել քեզ,
ու քո լինելը
արդարացումը դառնա
իմ բոլոր «որովհետև»-ների:
իմ մեջ
քեզ հեքիաթի նման
պարզ են հորինել,
բայց դու ունես
ամենախառը վերջաբանը
ու չունես ամենացանկալի շարունակությունը
լինելուդ:
ես քեզ
կուլ տալ չեմ կարող:
դու վերջանում ես
ամենացանկալի գինու բաժակում
ու հաջորդ կենացի համար
դու չես սկսվելու
ու մնալու ես
լացի ու
ծիծաղի արանքում:
դու վերջացել ես,
ու սկսվել են երազանքներդ
ու կատարվում են
ամեն հաջորդ բառումս:
ժպտում են երազանքներդ
ու որպես շնորհակալություն՝
ապտակում այս բառերին,
ցույց տալիս,
որ դու
չսկսված ուղղագրություն ես,
որտեղ քո ամեն երազանքը
տառասխալ ունի
ու վախ ունի՝
չկատարվելու:
դու երազում ես
մի օր կատարվել
ու որպես սեր՝
սկսվել սրտումս,
ու փորձել
երազել սկզբից
ունենալ վերջաբան,
որտեղ հետո,
թեկուզ մտքումս,
կսկսվես նորից…

***
Երբ հասկանում ես,
որ ինքդ քո մեջ
դու բաց տարածություն ես,
որ կանաչի ու դեղինի արանքում ես
ու գունազուրկ ես,
ու վրձին չես,
ու կողքերդ յուղաներկեր չկան,
որ ինքդ քեզ փորձես,
թաթախվես,
կեղտոտվես
ու ջուր ուզես,
որ մաքրվես:
գնալով հասկանում ես,
որ ինքդ քեզնից պակասում ես,
որ ամեն օրվա մեջ
ավելի քիչ ես սկսվում,
որ ամեն հաջորդ օր
փրկություն է երեկվանից,
բայց ամեն հաջորդ օրից վախենում ես,
որ կվերջանաս,
որ կանաչն ու դեղինը մի օր իրար կխառնվեն,
ու միգուցե ծնվես դու
կամ ես,
հայելու մեջ տեսնես,
որ դու-ն
նման է ես-ին,
ու ջուր ուզես,
որ մաքրվես:
հասկանաս,
որ քեզ աղ ու բիբարը չի օգնի,
որ դու շաքարի պակաս ունես
ու ջրին խառնվելով՝
դու չես մաքրվի,
բայց կլուծվես,
առանց դիմադրելու
հեղուկ կդառնաս
ու կկաթաս մեկի աչքերից,
քեզ այտից կմաքրեն
ու կժպտան,
որովհետև դու
շաքար-արցունք ես,
որից հետո թեյը դառն են խմում:
գնալով հասկանում ես,
որ տետրում բաց թողնված էջերից ես,
ու քո վրա ոչ մի խնդիր չի լուծվելու,
որովհետև դու
մայրենիի տետրում
վանդակավոր էջ ես
ու բանի պետք չես:
հասկանում ես,
որ մոլորակ ես,
որտեղ ոչ մի բան կենդանի չէ,
որ քեզ հայտնաբերել են
ու մոռացել վրադ կյանք փնտրել,
մոռացել,
որ քեզ ջուրն է պակասում,
որ լինես:
երբ հասկանում ես,
որ ինքդ քո մեջ
դու բաց տարածություն ես…

Կիսվել նյութով

Թողնել մեկնաբանություն